Читать книгу վիրավոր լորիկ - Egretta Garzetta - Страница 1

Оглавление

Նարեկը ոչ թե մտավ, այլ ներխուժե՛ց տուն։ Նա վազեց ոստիկանների միջով, պիտի արագ բարձրացար աստիճաններով, բայց քարացած մնաց տեղում։

_Դու՛րս հանեք դրան,_բղավեց ոստիկաններից մեկը,_ո՞վ է թողել մտնել ներս։

Բայց Նարեկը ոչինչ չէր լսում։ Հազիվ ուժ գտավ, որ չընկնի։

Հյուրասենյակի մեջտեղում ընկած էր փոքր քույրը՝ Արփիկը։ Անբնական ձևով տարածված էին նրա ձեռքերն ու ոտքերը, գլուխը արյունոտ։ Նա անզոր էր աչքերը կտրել քրոջ մարմնից։ Տե՛ր աստվա՛ծ, Արփիկին ի՞նչ է պատահել… ինչու՞ է այստեղ ընկած… վիրավո՞ր է… թե՞… Ոստիկանը մոտեցավ, որ դուրս հանի իրեն։ Նարեկը չկարողացավ ոչինչ ասել, կոկորդը քոր եկավ… հայացքը խամրեց…ի՞նչ տարօրինակ մթություն է… ո՞վ է լույսը անջատել։ Շուրջը ամեն ինչ պտտվեց։ Ինչու՞ են խոնավանում աչքերը… ի՞նչ էր խոսում այդ զանգողը… ոստիկանություն ու կողոպուտ բառերից հետո ուղեղը ոչինչ չէր ընկալում…ո՛չ, մեկ էլ հիվանդանոց բառն է լսել, բայց մա՛հ բառը չի հիշում․․․

_Քու՞րս… քու՜րս…

Լեզուն չպտտվեց խոսքը վերջացնել։ Առաջ մղվեց, բայց ոստիկանը բռնեց, պահեց չթողեց շարժվել։

_Պարոն Սիրունյա՛ն, դու՛րս եկե՛ք։ Հարկավոր չէ՛ ձեզ գտնվել այստեղ ու տեսնել այս ամենը…

Ինքը գունատ դեմքով ու դեռևս չմարող հույսով նայեց դիմացինի աչքերի մեջ. ոստիկանի տխուր հայացքը տվեց զարհուրելի պատասխան։

_Արփի՜, ո՜չ,_արցունքները ցայտեցին աչքերից, նա հրեց ոստիկանին ու մոտեցավ քրոջը, ծնկի եկավ նրա առաջ։ Դողացող ձեռքերով ետ արեց նրա երկար մազերը, որ տեսնի դեմքը։ Ձեռքերը արյունոտվեցին։ Արփիկի աչքերը փակ էին։

_Արփի՜կ,_գոռաց Նարեկը։

_Ի՞նչ է եղել աղջկա՛նս։

Երիտասարդը լսեց հոր ձայնը։ Խե՜ղճ մարդ… Նա՛ չի՛ դիմանա՛… Հայրը չպիտի տեսնի Արփիկին։ Նարեկը վազեց հորը ընդառաջ։ Ինչպե՞ս պիտի ասի… ի՞նչ պիտի ասի․․․ Դուրս նետվեց տնից։

_Ի՞նչ է եղել Արփիկին։

_Հայրի՛կ, կանգնի՛ր… մի՛ գնա՛…

Նարեկը կտրեց հորը ճանապարհը։ Կանգնեց աստիճանների վրա։ Բռնեց նրա ուսերից։

_Ու՞ր է աղջիկս,_հուզված ասաց Յոհաննեսը,_ինչու՞ էիր գոռում։ Ես ուզում եմ տեսնել…

_Հայրի՛կ չգնա՛ս։

Նարեկը գրկեց հորը։

_Պապա՛, մի՛ գնա մեջ,_որդին այլևս չէր թաքցնում հորից արցունքները։

_Բա՛ց թող… ես պիտի՛ տեսնեմ երեխուս… ի՞նչ է պատահել, որ չես թողնում մտնեմ…

Նա դիմադրում էր ու աշխատում ազատվել որդու բազուկներից։ Բայց որդին ավելի ուժեղ էր սեղմում։

_Հայրի՛կ, Արփին էլ չկա։

_Ի՞նչ ես ասում…չե՛մ հասկանում… ինչպե՞ս… ի՞նչ է պատահել… ի՞նչ ես խոսոմ… չե՛մ հավատու՛մ… զավա՛կս․․․ իմ Արփիկը՞… ո՛չ… երբե՛ք…

Յոհաննեսին թվաց, թե ոտքերի տակ հող չկա, թուլացած ընկավ որդու գիրկը։

Մոտ վազեց Նարեկի հետ խոսող ոստիկանը, նրա օգնությամբ Նարեկը տարավ նստեցրեց հորը ինչ-որ մեկի բերած աթոռին։

_Ուզում եմ տեսնել երեխուս… սուտ եք ասում… սու՛տ է,_անվերջ կրկնում էր հայրը։ Որոշ ժամանակ անց, երբ դեղեր ընդունելուց հետո, հայրը իրեն մի քիչ լավ զգաց ու արդեն տարել էին քրոջ դիակը, ոստիկանների ուղեկցությամբ շրջեց բոլոր սենյակներով։ Ոտքերը չէին հնազանդվում։ Ամեն տեղ իրարանցում էր, ջարդել էին ամեն ինչ։

_Բա որդի՞ս, _հարցրեց ուղեկցողին Նարեկը։

_Ի՞նչ որդի․․․

Նարեկը քարացավ տեղում։ Ինչպե՞ս թե ինչ որդի։ Իր Սահակը, իր երջանկությունը… Կարծես ցնդեց, կտրվեց իրականությունից, աչքերը նորից մթնեցին… ի՞նչ է խոսում այս տխմարը, էշ-էշ դուրս է տալիս…

_Ո՛չ մի՛ երեխայի՛ մասին, խոսք չի եղել, _կրկնեց նույնը ոստիկանը։

Նարեկին թվաց, թե սիրտը պոկվեց ու ընկավ ցած՝ ոտքերի տակ… կրծքում դատարակություն էր։ Սառը ջուր լցրին վրան։ Ի՞նչ է նշանակում ոչ մի երեխայի մասին խոսք չի եղել։ Մի՞թե այս հիմարները չեն ստուգել տունը ամբողջությամբ ու Սահակը մեն-մենակ օրորոցում է, անտեր անտիրական։ Հիմարնե՛ր… Շշմած իրեն է նայում… Իսկ երեխան անօգնական անցկացրել քանի՛ ժամ… Առավոտյան քանի՞սն էր երբ իրեն զանգեցին… Լսեց կողոպուտ և հիվանդանոց բառերը։ Ուրեմն բոլորը այնտեղ պիտի լինեն։ Մի քանի վայրկյանը դար դարձան, իսկ միջանցքը՝ անծայր հորիզոն, մինչև շունչը կտրած հասավ ննջարանը։

Երբ մտավ իր ննջասենյակ ու տեսավ որդու օրորոցը պարապ, քիչ մնաց ուշքը գնար։ «Ու՞ր է զավակս։ Ու՞ր է որդիս… եթե հիվանդանոցում չէ, ապա ու՞ր է… Մի՞թե այդ գազանները որդուս տարել են… կամ ավելի վա՞տ… ո՛չ, տե՛ր աստվա՛ծ, ո՛չ… գթա՛ ինձ աղաչում եմ։ Թող երեխաս կենդանի լինի, խոստանում եմ, երբե՛ք, ոչ մի սխալ չեմ անի, միայն թե Սահակս ողջ լինի»։

Նարեկը չնկատեց ինչպես իրեն մոտեցավ քննիչը, նրա հետևից էլ իրեն ուղեկցող ոստիկանը։

_Պարոն Սիրունյա՛ն, ձեզ պետք է գնալ հիվանդանոց,_խոսեց քննիչը։

Նարեկը նայեց խոսողին։ Դա մի տարեց ճաղատ հաղթանդամ մարդ էր։

_Հիվանդանո՞ց…

_Այո՛։ Իրականում, ես պիտի տանեմ ձեզ ոստիկանություն, սակայն… տվյալ դեպքում ձեզ հարկավոր է հիմա լինել այնտեղ։ Ձեր կինը Նարե՛կ… շատ ծանր վիճակում է։ Արագացրե՛ք…

Նարեկի բորբոքված ուղեղը փնտրեց նրա բառերի ու ողջ կերպարանքի մեջ թաքնված իմաստ, սակայն այդ մարդու արտաքինը ոչինչ չասաց։

_Եկե՛ք, ես կտանեմ ձեզ։ Ձեզ հիմա չի կարելի ղեկին նստել։

_Երեխա՜ս, _գոռաց նա անմարդկային ձայնով։ Ու ջղայնացած հարվածեց օրորոցին։

_Երեխան տա՞նն էր։ Ահազանգից հետո, ուղիղ հինգ րոպեից ոստիկանությունը տեղ է հասել։ Շտապ օգնության մեքենան արդեն այստեղ էր… բացի ձեր վիրավոր կնոջից ու քրոջ դիակից, ուրիշ մարդ չկար…

_Որդի՛ս ու՞ր է։ Ես ոչինչ չեմ հասկանում… չեմ հասկանում ու՛մ ի՛նչ եմ արել, որ այսպես դաժանություն է գործել… ի՞նչ է կատարվում… Ես հորս հետ երեկ երեկոյան գործով մեկնել եմ քաղաքից դուրս։ Կի՛նս, երեխա՛ս ու Արփիկը՛ տանն էին, ողջ-առողջ… հիմա՜, կինս վիրավոր, իսկ որդիս ընդհանրապես չկա… բա Արփիկը… ինչու՞ ոչ մեկը չասաց նրա մասին։

Հենվեց օրորոցին, որ չընկի։ Արցունքները կուտակվել էին կոկորդում, աշխատում էր չկորցնել իրեն։ Սակայն դժվարությամբ էր դիմանում։ Տղաս ու՞ր է։ Հինգամսական երեխան ու՞մ կարող էր խանգարել։

_Ամեն ինչ կպարզենք։ Եկեք ժամանակ չկորցնենք, _ նույն սառնությամբ ասաց քննիչը։

Նարեկը չպատասխանեց ու լուռ ենթարկվեց։ Նա ռոբոտ էր դարձել ու մտածելու ունակությունը կորցրել։ Քրոջ սառած մարմինը աչքերի առաջից չէր հեռանում։ Դեռ չէր կարողանում ընդունել, հասկանալ ու մարսել կատարվածը։ Կողոպտել են, սպանել կրտսեր քրոջը, վիրավորել կնոջը՝ Սոնային… լավ… բա ու՞ր է որդին՝ Սահակը։ Միթե այդ սրիկաները սպանել են նրան ևս։ Բա որտե՞ղ է դիակը։ Ի՞նչ անել։ Ու՞ր գնալ… ու՞մ դիմել… ինչպե՞ս է Սոնան… կարո՞ղ է այդ քաչալը խաբեց։ Գուցե Սոնան էլ չկա, բայց իրեն չեն ասում։ Իսկ հա՜յրը, ու՞ր մնաց այդ մարդը։ Նարեկը խոր շունչ քաշեց ու ետ նստեց մեքենայում։ Քննիչը շտապում էր։ Բայց դա կարևոր չէր։ Հիմա կարևոր է միայն այն որ իր հինգ ամսական տղան չկա։ Եթե նրան բան պատահի, ինքը կգժվի, ինքնասպան կլինի։ Ինքը չի կարող տանել երեխայի կորուստը։

_Ինչպե՞ս եք մտածում, ո՞վ կարող էր նման կերպ վարվել ձեր ընտանիքի հետ։

_Չգիտեմ… ես չեմ պատկերացնում… ո՞վ կարող է այսպես գազան գտնվել…

_Մտածում եք հիմա համապատասխան ժամանակ է հարցաքննելու,_լսվեց Յոհաննեսի բարկացած ձայնը։

Նարեկը ակամա նայեց ետ։ Տրված մտքերին նա նույնիսկ չէր նկատել, որ հայրը նստած է իր հետևը։ Հայրը չգիտի, որ իր որդին անհետացել է։ Թող դեռ չիմանա։ Նրա համար Արփիկն էլ բավական է․․․

_Դու՛ք, հասկանու՞մ եք, աղջի՛կս չկա՛… իմ տասնվեցամյա զավակին այդ անաստվածները սպանել են… իմ Արփի՜ն, աղջի՛կս…

Հայրը դառնությամբ հեկեկաց։ Նարեկի աչքերը լցվեցին։ Նա արագ սրբեց արցունքները։ Հիմա գոնե մեկը պիտի ամուր մնա։

_Հայրի՜կ, խնդրու՛մ եմ…

_Մի՛ խնդրի՛… չե՛մ ուզում… ես քիչ առաջ տեսել եմ իմ մեռած աղջկան… իմ երեխան արյունոտ գլխով ու փայտացած… ի՞նչ եմ անելու… ինչպե՞ս եմ ապրելու…

Յոհաննեսը դառնությամբ լացում էր ու անվերջ խոսում։ Որդին ընդհակառակը՝ սակավախոս էր։ Նարեկի գլխում պտտվում էր, թե ո՞վ կարող էր անել այս անմարդկային քայլը։ Եթե միայն թալանեին, բայց ուզեցել են և մաքրել հետքերը։ Արփին չկա՛, կինը վիրավո՛ր, Սահակը կորա՛ծ։ Երեխան ի՞նչ վնաս կարող է հասցնել։ Անխիղճնե՛ր, մի՞թե մարդկային ոչ մի հատկանիշ չկա ձեր մեջ։ Ինչպե՞ս կարելի է վնասել այդ փոքրիկին։ Գու՞ցե կնոջ հետ տարել են հիվանդանոց, ուղղակի մոռացել են զեկուցել… բայց ինչպես կարելի է մոռանալ երեխայի մասին… ինչու՞ քննիչը շտապեցրեց գալ հիվանդանոց… չլինի թե՞… միգուցե Սոնան մահացել է, այդ քաչալը չասաց… իսկ որդի՞ն… նույնիսկ մտովի չկարողացավ արտահայտել սոսկալի ենթադրությունը…

Հիվանդանոցում պարզվեց, որ կինը կենդանի է։ Բայց որդին չկար։ Սոնայի մոտ չթողին մտնել։ Վիճակը կայուն ծանր էր։ Բժիշկները ասում էին, թե գլխավորը առաջին մի քանի գիշերներն է։ Եթե այդ ընթացքում ոչինչ չլինի, ուրեմն կապրի։ Խե՜ղճ Սոնա… գուցե ամենալավ վիճակը հիմա քոնն է։ Գոնե չգիտես ի՛նչ է կատարվել։ Նարեկը նստել էր միջանցքում ու բռնել գլուխը։ Յոհաննեսը մոտից չէր հեռանում։ Անվերջ ողբում էր դստեր կորուստը։ Վերջապես կարողացան համոզել, որ իրեն պետք հանգստացնող դեղ ընդունել ու մի քիչ քնել։ Երկար հակառակեց, բայց վերջը համոզվեց, երբ որդին խոստացավ մնալ մոտը։

Յոհաննեսը պառկած էր։ Աչքերը կիսափակ, արցունքները անդադար հոսում էին այտերն ի վար։ Նարեկը ուժ չէր գտնում նայել նրա վրա։ Այո՛, քրոջ կորուստը ուժեղ հարված էր, բայց մյուս կողմից կինը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, այնտեղ մի քանի պատ այն կողմ։ Իսկ Սահա՜կը… Ինքը նույնիսկ վայրկյան չունեցավ կորուստը ողբալու… Հարվածը հարվածի հետևից…Ոտքի կանգնեց։

_Ու՞ր… մի՛ գնա… մեկ երեխաս կորցրի, չեմ դիմանա, եթե քեզ էլ մի բան պատահի։ Չգնա՛ս… Նարե՛կ, մո՛տս մնա՛…

_Հայրի՛կ, Սահակս չկա՛։ Որդիս կորե՛լ է։

Երիտասարդը փղկձաց։ Եթե մինչև այս, նա աշխատում էր հոր ներկայությամբ ուժեղ լինել, այլևս չհամբերեց ցավին ու երեխայի նման լաց եղավ։

վիրավոր լորիկ

Подняться наверх