Читать книгу Կենսաճոպան - იაკობ ცურტაველი - Страница 1

Оглавление

Վեպը ներկայացնում է մի տղայի կյանքի ճանապարհը՝ վաղ մանկությունից մինչ որոշակի տարիք։ Այդ ընթացքում գլխավոր հերոսն անցնում է մի շարք դժվարությունների միջով, առնչվում հասարակության և մարդկանց հետ՝ մինչև հասկանում է, որ ձերբազատվել է իրեն տանջող խավարներից…


«ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ»

(գրախոսական)


Վարուժանի վեպը բոլորիս մասին է. մեր ցուրտ ու մութ, տխուր ու պայծառ օրերի մասին: Կյանք, որը մեզ չսպանեց, բայց դեռ չի սովորեցրել չմոլորվել դեպի Արարատյան Մարդու ճանապարհը տանող ուղիներում: Մեծ հաշվով՝ 90-ականներն ու մինչ օրս, լյուստրացիոն տարիներ են, որոնք ծնեցին լուսավոր անհատներ և ավաղ՝ հրեշներ:

Վեպը, ամեն տնից մի դրվագ պոկված ու մի գրքում զետեղված, ազգի պատմություն է: Եվ ամենակարևորն այն է, որ գլխավոր հերոսի կերպարը, որը մանկուց արդեն դրամատիկ է՝ մեծերի սխալների պատճառով, որոնք իրենց հերթին անմեղ մեղավորներ են, լրջագույն դաստիարակչական կերպար է և ուղեցույց, թե ինչպիսին չպետք է լինեն մեծերը:

Գրողն՝ իր վեպում, խորքային լրջությամբ անդրադարձել է այդ տարիների բոլոր կառույցների (ընտանիք, դպրոց, բանակ) մութ ու լուսավոր էջերին, որտեղ ոչ մի անհատ ապահովագրված չէ այն խոցելի եզրից, որտեղից դուրս են գալիս կամ Մարդ, կամ՝ հրեշ:

Հաղթում է ԼՈՒՅՍԸ:


Բանասեր, թարգմանիչ՝

ԼԻԼԻԹ ՌԱՖԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


~ 1 ~


Երևանյան բնակարանի ննջասենյակում նորածնի օրորոցը սկսեց իրար գալ։ Հյուրասենյակում ցնցվում էր լայն սովետական սերվանտը։ Նրա ներսում դասավորված սպասքը, կարծես ձեռք ձեռքի տված, մի քանի վայրկյան յուրատեսակ պար բռնեց։ Ճոճվող մեծ սեղանի վրա կար մի ապակե երկարավիզ ծաղկաման։ Այն շրջվեց ու գլորվելով հասավ սեղանի ծայրին, ընկավ հատակին՝ ապակու կտորները ցրիվ տալով սենյակում։ Այդ պահին մայրը բնազդաբար վազեց ննջասենյակ ու ինքնամոռաց նայեց օրորոցի մեջ։ Մեկ տարեկան տղա երեխան, կծկված իր փափուկ վերմակի մեջ, անուշ քնած էր։ Նրա քունը ոչինչ չէր կարող խանգարել։ Փոքրիկ Վարդանը միշտ շատ խորը ու երկար էր քնում իր օրորոցում։ Նրա քնի մշտական ուղեկիցն էր 1980 թվականի օլիմպիական խաղերի խորհրդանիշ փափուկ խաղալիք արջուկը՝ նրա սիրելին, որը քնելուց առաջ մշտապես գրկում էր։ Երբ Վարդանը խորը քուն էր մտնում, արջուկն ազատվում էր նրա ձեռքերից ու տեղավորվում կողքին՝ մինչ առավոտ։

Ցնցումների դադարից հետո, օրորոցը սեփական մարմնով ծածկած մայրը՝ Լիլիթը, այն բաց թողեց։ Սա երկրաշարժ էր։ Ուրիշ ոչինչ չէր կարող այսպես ցնցել տան իրերը։ Ու եթե Երևանում այն համեմատաբար այդպես թեթև զգացվեց, ապա մի ինչ-որ տեղ՝ իր էպիկենտրոնում, պետք է որ ուժգին ցնցում լիներ։

Տարված այս մտքերով՝ Լիլիթը վերջապես նայեց ժամացույցին։ Պատի ժամացույցը՝ կախ տրված պատի մեջ խփված միակ հաստ մեխից, այդ նույն մեխից առաջ էր եկել և ճոճ էր տալիս, կարծես հուշելով, որ ուր որ է՝ ինքն էլ է հատակին ընկնելու։

Այն ցույց էր տալիս արդեն տասնմեկն անց քառասուներեք րոպե։ Դրսում 1988-ի ցրտաշունչ դեկտեմբերի յոթերորդ օրն էր։ Սովորաբար աղմկոտ բակում քար լռություն էր տիրել։ Կարծես շենքի հարևանությունն էլ տարված էր իր ունեցած մտքերի պես խոհերով ու ձայն չէր հանում։

Լիլիթը, համոզվելով, որ Վարդանի մոտ ու շուրջն ամեն ինչ ապահով է՝ շրջայց կատարեց բնակարանով։ Միջանցքի պատին կախված մարդահասակ հայելին թեթև կորությամբ թեքվել էր, բայց մնացել էր անվնաս։ Կոշիկների դարակի վրայից հատակին էին ընկել իր կիսաճտքավոր կոշիկները։ Նայելով դրանց՝ Լիլիթը մտաբերեց ամուսնուն՝ Արտեմին։ Նրա կոշիկները, որ նույնպես միշտ այդտեղ էին դրվում, հիմա հագին էին։ Տեսնես ո՞ւր է ամուսինը, տեսնես՝ զգացե՞լ է։ Հետը բան պատահած չլինի։ Կրկին տարված մտքերով՝ Լիլիթն անցավ հյուրասենյակ։ Կարծես ամենը տեղում էր, բացի սեղանի վրայի ծաղկամանից։ Սերվանտի մեջ՝ մի քանի սուրճի բաժակ, ուժով դեմ էին առել դրա ապակուն, և այն թեթև ճաք էր տվել։ Երկու քայլ անց՝ Լիլիթը ոտքի տակն առավ ցրիվ եղած ծաղկամանի ապակե բեկորներից։ Լավ է, որ հաստ գուլպաներով էր։ Խոհանոցում, ճաշով տարված, հանել ու այնտեղ էր թողել հողաթափերը։ Նա հաճախ էր այդպես անում ու այդ վիճակում էլ վազել էր Վարդանի մոտ։ Ճա՛շը։ Գա՛զը։ Լիլիթը նորից ինքնամոռաց վազեց՝ այս անգամ դեպի խոհանոց։ Գազի վրա դրված կաթսան շրջվել ու ընկել էր հատակին։ Մեջը եփվող ամբողջ ապուրը թափվել էր դուրս ու հոսել խոհանոցի խորքը։ Կաթսայի կափարիչն ընկած էր պատուհանի ուղղությամբ՝ պատի տակ։ Գազը շարունակում էր վառվել։

Լիլիթը անհանգիստ հոգոց հանեց ու անջատեց այն։ Պետք է, որ արդեն կեսօր լիներ։

Լիլիթը հիշեց, որ Սովետական Հայաստանի ռադիոյով՝ ամեն կլոր ժամի, լրատվական թողարկումներ էին լինում, որոնք նա պարբերաբար լսում էր խոհանոցում ճաշ եփելիս՝ զրկված լինելով որևէ այլ հետաքրքիր բան անելու հնարավորությունից։

Նա մոտեցավ խոհանոցի պատին ամրացված սովետական ռադիոընդունիչին ու պտտելով վրայի կլորը՝ բարձրացրեց ձայնը։ Դասական երաժշտություն էր հնչում։ Անսովոր էր։ Լուրերը չկային։ Երևի եթեր չեն մտել, որ տեղի ունեցածի մասին ավելի հագեցած, հանգամանալից թողարկում պատրաստեն։ Հեռուստացույցի զույգ մոսկովյան և մեկ տեղական ալիքներով էլ այս ժամին եթեր չկա։ Վարդանի սիրելի պատկերն է՝ պրոֆիլակտիկայի աղյուսակը։

Ննջասենյակից շրխկոց լսվեց։ Լիլիթը, վերջին կես ժամվա ընթացքում, արդեն երրորդ անգամ՝ ինքն իրեն կորցրած, նետվեց առաջ։ Այս անգամ նորից դեպի ննջարան։

Հազիվհազ ճոճվող պատի ժամացույցն ընկել էր՝ ընկել ու ճաք տվել վրայի ապակին։

Վարդանը քնած էր։ Այս փոքրիկը, իրոք, շատ հանգիստ երեխա էր, ոնց դնես՝ կմնա։ Ինչի՞ մասին էր խոսքը, Լիլիթն իր այս միտքը բազմիցս ի կատար էր ածել։

Այն օրերին, երբ փոքրիկ Վարդանը համառում էր ու ցերեկը չէր քնում կամ էլ ուշ էր քուն մտնում, Լիլիթը նրան բառացիորեն դնում էր իր գլխավերևում՝ գազօջախի կողքին, պատի վրա, սպասքի համար ամրացված, սպիտակ ներկով ներկված փայտե դարակի մեջ։ Վարդանը հանգիստ տեղավորվում էր ու քարացած նստում։ Սկզբում Լիլիթը, ժամանակ առ ժամանակ, նրան ազատ ձեռքով պահում էր, որ ցած չընկնի։ Հետո համոզվեց, որ Վարդանը անգամ այդ տարիքում իր կաշվի արժեքը շատ լավ գիտի ու քարացած է մնում՝ հաստատ չի ընկնի։ Լիլիթի մտքով չէր էլ անցնում, որ որդու մոտ ինքնաբերաբար զարգացնում էր վախն՝ առ բարձրություն։

Հատակին ընկած, ճաք տված ժամացույցը շարունակում էր աշխատել ու ցույց էր տալիս արդեն կեսօրից վեց րոպե անց։ Վարդանը հանգիստ ննջում էր իր օրորոցում։ Նրա կողքին՝ օրորոցի անկյուններից մեկի տակ, պառկած էր օլիմպիական արջուկը։


~ 2 ~


Վարդանն իրոք հանգիստ երեխա էր։ Մանկապարտեզի տարիներին նրա դայակն ու դաստիարակչուհին միաբերան Լիլիթին ասում էին, որ նրա որդին խմբակում ամենահանդարտն է։ Ուտելու ժամին ուտում է, քնելու ժամին՝ քնում, խաղալու ժամին՝ խաղում։ Եվ այդ ամենն առանց լացուկոծի ու իրենց նյարդայնացնելու։ Նրանից շատ գոհ էին։ Լիլիթն ինքն էլ իրեն լավ էր զգում, երբ որդուն գովում էին։

Դաժան, վատ տարիներ էին, որոնք կարծես վերջ չունեին։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքներն անգամ՝ դույզն-ինչ, վերացված չէին։ «Աղետի գոտի» անվանումը ստացած այդ տարածաշրջանը սովետական կենտրոնական իշխանությունը չէր շտապում կրկին աղետից կյանքի գոտու վերածել։ Մոսկվան այլ խնդիրներ էր լուծում։ Յոթանասունամյա սովետական իշխանությունը՝ հստակ քայլերով, շարժվում էր դեպի անդունդ, ինչից ելնելով միութենական հանրապետություններում ակտիվացել էին անկախության կողմնակիցները ու ազատագրական պայքար ծավալել դրան հասնելու համար։ Սովետական Հայաստանից դեպի արևելք՝ հարևան Ադրբեջանում, ավելի ստույգ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, տեղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ազերիների ակտիվացած ռեպրեսիաները մայր Հայաստանում այլ ելք չէին թողնում, քան ինքնաբուխ ակցիաների իրականացումը՝ ի պաշտպանություն ղարաբաղահայության և երկրամասի՝ Հայաստանին միանալու պահանջով։ Հազարավոր մարդիկ օրերով տուն չէին գալիս՝ գիշերելով կենտրոնական Երևանի փողոցներում ու վանկարկելով հույս ներշնչող «ՄԻԱՑՈՒՄ»-ը։ Ղարաբաղ Կոմիտեն արդեն կազմավորվել էր, որի անդամները պարբերաբար ձերբակալվում և ազատ էին արձակվում՝ Մոսկվայի կենտրոնական վարչակազմի կողմից։ Հասունացող, վրա հասնող պատերազմը յոթանասունամյա հարևանի՝ Առնո Բաբաջանյանի մոտ ընկեր ու կոլեգա Մուսլիմ Մագոմաևի հայրենակիցների հետ, իրոք արդեն սարերի հետևում չէր։ 1991-ի օգոստոսին Երևանում ընթերցեցին Հայաստանի անկախության հռչակագիրը։ Սեպտեմբերին, նախ Սովետական Միությունից ու մասնավորապես Ադրբեջանից, ինքնակամ առանձնացավ Ղարաբաղը, հետո արդեն մայր Հայաստանը պոկվեց ԽՍՀՄ-ից՝ որոշելով ինքնուրույն տնօրինել սեփական բախտը։ ԽՍՀՄ-ն, որպես պետություն, արդեն


փաստացի գոյություն չուներ։

Նման պայմաններում Լիլիթը փորձում էր հնարավորինս լավ պահել, մեծացնել Վարդանին։

Արտեմն արգելել էր տիկնոջն աշխատել՝ բարձրագոչ հայտարարելով, որ «Արտեմի կինը չպիտի


աշխատի, պիտի նստի տանը, ճաշ եփի և երեխային մեծացնի»։ Ինքն էլ կաշխատի ու նրանց կպահի։

Լիլիթը, հլու-հնազանդ, այդպես էլ անում էր։ Դե՛, ինչպե՞ս կարող էր հանդիմանել ամուսնուն։ Եվ


անկեղծ ասած՝ նա Արտեմի բոլոր ասածների հետ լուռ կհամաձայներ, և բոլոր այդ հրահանգներին անձայն կհետևեր, եթե միայն վերջինս ինքն աշխատեր։ Սակայն ժամանակները բարդ էին ու դաժան,


աշխատանքը՝ քիչ, եղածից էլ դժվար էին հրաժարվում։ Արտեմի ու Լիլիթի ընտանիքը, Սովետական


Միության փլուզման հետ մեկտեղ, կարծես գոյատևում էր մաթեմատիկական հաշվարկներով։ Երբ դեռ


ամենը հանգիստ էր, Արտեմը, որ այն ժամանակ էլ հիմնական աշխատանք չուներ, իրապես


հնարավորինս լավ ապահովում էր նրանց։ Ինչ-որ գործեր էր անում՝ միայն իրեն հայտնի՝ խանութ


բացում, խանութ փակում, միութենական տարբեր երկրներից ապրանքներ էր բերում և տալիս


տոնավաճառներին՝ վաճառելու։

Ինչ-ինչ, բայց ապրում էին ու կարիք չէին զգում։ Հիմա դա չկար։ Արտեմի բոլոր տարբերակները հoդս էին ցնդել, ու շուրջբոլորը տեղի ունեցող համատարած այդ քաոսի մեջ, ժամանակ առ ժամանակ, տեղի էին տալիս նաև երիտասարդի նյարդերը։

Նա դարձել էր դյուրագրգիռ, շուտ բռնկվող տղամարդ։ Նոր ամուսնացած ժամանակ էլ Արտեմն


այդպիսին էր, սակայն հիմա այդ դյուրագրգիռ, բռնկուն տղան դարձել էր լրիվ անգործ, էլ ավելի


դյուրագրգիռ ու բռնկուն։

Բացի իրեն այստեղ-այնտեղ նետելուց ու գլխի ճարը տեսնելու ունակությունից, դեռ քսանյոթ


տարեկան այդ տղան, ականատեսների ու որն ամենակարևորն է՝ գործից հասկացող


մասնագետների (որոնց, ըստ երևույթին, ինքն էլ հենց այդպես կնքել էր) կողմից, գնահատվում էր


որպես նկարչության հանդեպ տաղանդ ունեցող անձնավորություն։ Նա ուներ նկարած մի քանի նատյուրմորտ՝ մեխակներով ծաղկաման, պռնկեպռունկ լցված ճաշասեղան և այլն։ Սիրում էր ու կարողանում էր նկարել նաև կենդանիներ։ Սակայն նրա գլխավոր գլուխգործոցը՝ ըստ նրա,


Ավարայրի ճակատամարտը պատկերող, չափսերով նրա ամենամեծ նկարն էր։ Արտեմի իսկ


խոսքով՝ դա Գրիգոր Խանջյանի հայտնի «Վարդանանք» գոբելենի՝ իր ստեղծած հակակշիռ


տարբերակն էր։

Ամենայն անկեղծությամբ՝ Արտեմի այդ նկարն ինչ-որ մեծություն, վեհություն էր կրում իր մեջ։ Կենտրոնում ձին հեծած սպարապետ Վարդան Մամիկոնյանն էր՝ սուրը ձեռքին, պարսից զորքի վրա հարձակվելուն անվերապահորեն պատրաստ, խրոխտ կեցվածքով։ Նրա շուրջբոլորն արդեն իսկական քաոս էր։ Ամենուրեք սրերով իրար զարնված հայ և պարսիկ զինվորականներ, դիեր, հարբած փղեր ու նրանց ոտքերի տակ գալարվող նույն հայերի կամ պարսիկների կտրած, գցած գլուխներ…

Նկարն իրոք տպավորիչ էր, Արտեմի լավագույն գործը, որը նա ներդրել էր շրջանակի մեջ և


կախել հյուրասենյակի պատից՝ լավ երևացող մի տեղում։


~ 3 ~


Արտեմը նաև շատ բանիմաց էր։ Շատ էր գրքեր կարդում։ Չորս տարեկան Վարդանը իր


ննջասենյակի, որը տան երկու ննջասենյակներից մեծն էր, գրասեղանին, ինչպես նաև տան տարբեր անկյուններում պատերին ամրացված սովետական գրադարակների մեջ նկատել էր բազմաթիվ գրքեր։ Հետո՝ մեծանալով, պիտի հայտաբերեր հոր կողմից իրեն թողնված գրական ժառանգությունը՝


Դերենիկ Դեմիրճյանի հայտնի «Վարդանանքը», հայ մատենագիրների՝ Խորենացու, Եղիշեի,


Ագաթանգեղոսի և այլոց երկերը, Դոստոևսկու, Տոլստոյի գրքերից, Ջեք Լոնդոն, Շեքսպիր, Պուշկին,


Սևակ, Չարենց, հույն պատմիչների և դիցաբանության մասին գործեր և այլն, և այլն…

Ամենից շատ հոր գրքերից Վարդանին տպավորել էին մուգ կապույտ, հաստ, կոշտ կազմով մի քանի գիրք։ Հետո նա պիտի պարզեր, որ դրանք հույն պատմիչ Պլուտարքոսի երկերն են։ Վարդանը նկատել էր, որ հայրը ամենաշատը դրանք է ձեռքը վերցնում։

Մի անգամ ինքն էլ նայեց այդ գրքերից ներս։ Մի օր՝ հոր բացակայության ժամանակ, երբ Լիլիթը խոհանոցում զբաղված էր եփելով, իր փոքրիկ ձեռքերով՝ իրեն համահասակ, մի աթոռ քարշ տվեց բարձր կախված գրադարակի տակ, բարձրացավ վրան։ Կանգնելով ոտքերի մատների վրա՝ հասավ այդ գրադարակին։ Իր բախտից՝ գրադարակի ապակին քաշված էր, այն կիսաբաց էր, ու իր ուզած այդ հաստ, կապույտ գրքերից մեկն էլ դրված էր ծայրին։ Մի քանի վայրկյան այդ դիրքում ճոճվելով՝ Վարդանն ի վերջո խուսափեց հնարավոր անկումից և իր թաթիկների մեջ առավ գիրքը։ Իջավ, տեղավորվեց բազմոցին և բացեց այն։ Նա անդադար թերթում էր այն, բայց այդ գրքում ոչ մի նկար չկար։ Միայն բազմաթիվ, անվերջանալի էջերում ինչ-որ նշաններով բաներ էին գրված։ Երկա՜ր, երկա՜ր։ Հայրն իրեն ասել էր, որ այդ նշաններին տառեր են անվանում, և մարդիկ այդ տառերով գրում են՝ ճիշտ


այնպես, ինչպես այս գրքի մեջ։ Սակայն այդ տառերն էլ նման չէին այն տառերին, որոնք նա մինչ այդ տեսել էր։ Փռի դիմաց՝ մոր հետ հացի հերթ կանգնած, փռի դռան վրա ամրացված թղթին նա տեսել էր՝ կարծես դողացող ձեռքով գրված, բոլորովին այլ տառեր։ Մայրն իրեն ասել էր, որ դրանք մեր հայոց


լեզվի տառերն են։ Իսկ Վարդանի այն հարցին, թե ի՞նչ է գրված այդ թղթի վրա, Լիլիթը պատասխանել էր․ «Օրական մեկ տալոն, մեկ բուխանկա»։ Երևի այդ պատճառով էր իրենց տանը օրական միայն մեկ հաց լինում։ Այն շատ փոքր էր, բայց հայրն ու մայրը դրա մեծ մասը, մեկ է, իրեն էին տալիս։ Այս գրքի միջի տառերը լրիվ այլ տառեր էին՝ իրեն անծանոթ։

Ինչո՞ւ են մեծերի գրքերում միայն այսքան շատ տառեր ու չկա գոնե մեկ նկար։ Վարդանը թերթում էր գիրքն ու չէր գտնում մտքում ծագած այդ հարցի պատասխանը։ Ի վերջո՝ իր համար հետաքրքիր ոչինչ չգտնելով, նա փակեց գիրքն ու թողեց սեղանին։ Գիրքը վերցնելիս, ոտքի մատների վրա կանգնած


ճոճվելուց, վախեցել էր և նույն գործողությունները չուզեց կրկնել։ Առանց այդ էլ աթոռի վրա կանգնելն իր համար արդեն բավական մեծ բարձրություն էր, ինչից սարսափելի վախենում էր դեռ փոքրուց։

Մեծ հասակում, երբ արդեն ճանաչեր այդ տառերը և վարժ տիրապետեր նաև այդ լեզվին,


փորձելու էր այդ գրքերն ու հասկանալու էր, որ չի ստացվում, քանի որ այդ հաստ, կապույտ գրքերը բարդ են լինելու անգամ իր համար։

Բայց Արտեմը դրանք կարդում էր՝ հիմնականում գիշերները, երբ մայր ու որդի քնում էին։


Հյուրասենյակի ճրագը մնում էր վառ, սակայն տանը քար լռություն էր տիրում։ Դա նշանակում էր, որ Արտեմը տան ամենամեծ սենյակում մի տեղ թիկնել և ընկղմվել է իր գրքերի մեջ։

Մի անգամ հոր ընկերներից մեկը, որ հյուր էր եկել և հոր հետ նստած խմում էր, Վարդանին ասաց, որ նրա հայրը շատ խելացի է ու կարող է զրույցում հաղթել անգամ ուժեղ պրոֆեսորներին։ Վարդանը չհասկացավ պրոֆեսորն ինչ է, սակայն մտապահեց այդ բառը։ Ժամանակ առ ժամանակ նրանց տանը հյուրընկալվում էին նաև լրիվ անծանոթ մարդիկ, որոնք, որպես կանոն, մեկ անգամից ավել իրենց տուն չէին գալիս։

Ահա թե ինչպես էր դա լինում։ Հայրը՝ Արտեմը, տուն էր գալիս մեկ կամ երկու անծանոթի հետ՝ ինչ-որ ակադեմիաներից (Վարդանը այդ երկար ու բարդ բառն էլ էր մտապահել): Նրանք նստում էին,


Լիլիթին պատվիրում թեյ ու մի կտոր ուտելու բան բերել ու ժամերով խոսո՜ւմ, խոսո՜ւմ, խոսո՜ւմ։


Ինչից էին նրանք այդքան երկար խոսում՝ Վարդանը ոչ մի պատկերացում չուներ։ Միայն, երբ իր


փոքրիկ, կապույտ, ձեռքի խաղալիք ավտոմեքենան իր ննջասենյակից քշելով բերում, հասցնում էր


հյուրասենյակ՝ նա տեսնում էր, թե ինչպես է հայրը բանավիճում այդ մարդկանց հետ։ Նրանք խոսում էին բարձրաձայն, անհասկանալի ու ինչը ամենից շատն էր զվարճացնում Վարդանին՝ ձեռքերով։ Մի անգամ, հոր հերթական մեկանգամյա բանավեճի հյուրերից մեկը՝ մի հաստափոր ու մորուքավոր մարդ, վեճի ամենաթեժ պահին վեր կացավ, զույգ ձեռքը բարձրացրեց օդ ու այդպես ձեռքերը օդում


թափահարելով՝ տեղում՝ հանց երեխա, ցածր թռչկոտելով բղավում էր․

– Այդ ի՞նչ ես ասում, Արտե՛մ, ինչպե՞ս կարող է դա պատահել։ Ո՜չ, ո՜չ։ Ասում եմ՝ ո՛չ։

Դրան ի պատասխան՝ Արտեմը մի գիրք բացեց և մատը դրեց բացված էջի վրա, ըստ երևույթին, այդ ծերուկին ինչ-որ բան մատնանշելով ու ապացուցելով։

Վարդանը ծիծաղում էր այդ ծերուկի վրա։ Տեսնելով որդու ժպիտը՝ Արտեմը ինքը նրան ժպտաց,


որդուն աչքով տվեց ու միայն Վարդանի համար նկատելի, ցուցամատով այդ մորուքավորին ցույց


տալով, սկսեց ծիծաղել։

Այդ միջոցին հայր ու որդի այնքան երջանիկ էին։ Եվ անգամ խնդիր չէր, որ հացն արդեն սկսել էր դժվար ճարվել։ Վարդանի համար կարևորն այն էր, որ հայրը տանն էր՝ իր հետ, իսկ Արտեմի համար էլ կարևոր էր հերթական խելացիի պորտը տեղը դնելը։

– Այդքան խելացի ես, լավ նկարում ես, այդքան գրքեր ես կարդում,– ասում էր Արտեմին Լիլիթը,– մի օր գլխիդ միջի եղածը չշարժեցիր, չէ՞, տանես, նկարներդ դնես վաճառքի։ Կարող է և ծախվեն։

– Էլի սկսեց խոսել այս կինը,– չլսելու տալով՝ հանդիմանում էր Արտեմը։

– Հա բա, էլ ո՞վ խոսի,– շարունակում էր Լիլիթը,– պատերազմն արդեն անխուսափելի է։ Ե՛վ չես թողնում աշխատեմ, չնայած նրան, որ մի երևելի աշխատանք էլ չկա, և՛ ինքդ չես աշխատում։ Ո՞ւմ են պետք այդ քո բանավեճերն այդ խելոքների հետ, դրանց մեջ փող կա՞։ Դրանով կշտանո՞ւմ ենք։ Շուտով, որ


պատերազմը սկսվեց՝ գնացիր, ո՞վ է մեզ պահելու։

Արտեմը, որ չնայած սովետական անաստված պետական կարգին, բավականին աստվածավախ մարդ էր, լուռ լսում էր այս մեղադրանքները, քթի տակ փնթփնթում․ «Աստված, լռեցրու այս կնոջը» և


անցնում իր սովորական գործերին՝ կարծես Լիլիթն այդքան բանը չէր ասել, նա էլ չէր լսել։

Մի անգամ Արտեմը, որն ուզում էր, որ նաև Վարդանը սեր ունենա իր սիրելի իրերի և երևույթների հանդեպ, վերջինիս տվեց «Մանկական Աստվածաշունչ» կոչվող նկարազարդ գիրքը, որ Վարդանը նայի։

– Նկարներով գիրք էի՞ր ուզում, տղա՛,– ասաց հայրը,– ահա, սա բա՛ց ու նայի՛ր։ Այստեղ էլ կան գրված շատ բաներ, բայց նաև շատ նկարներ էլ կան։

Վարդանը բացեց մի պատահական էջ ու նայեց նկարին։ Պատկերված էին երկու քեռի, երկուսն էլ


մորեմերկ։ Մեկի ձեռքին, ում դեմքը մինչ այժմ Վարդանի տեսած ամենասարսափելի և


ամենավախենալու դեմքն էր, կա՛մ դանակի, կա՛մ փոքրիկ կացնի նմանվող ինչ-որ հարմարանք էր, որով նա հարվածում էր, իր հերթին, Վարդանի համար մինչև այդ պահը տեսած,


ամենասարսափած ու ամենավախեցած դեմքով մյուս մերկ քեռուն։

«Սա ի՞նչ է։ Այս Ի՞նչ է ուզում անել այս մի քեռին մյուսի հետ»,– մտածեց՝ գիրքը գրկում,


սարսափից անկողնու վրա կուչ եկած Վարդանն ու բարձրաձայն լաց եղավ։

Լացի վրա, հյուրասենյակից վազելով, եկան մինչ այդ կրկին կենցաղային հարցերով իրար հետ վիճող Արտեմն ու Լիլիթը։

– Ի՞նչ է եղել, տղա՛ս,– շնչակտուր բղավեց Լիլիթը։

– Մա՜մ, մա՜մ,– երկար ձգելով՝ արձակեց սարսափահար փոքրիկ Վարդանը,– սա ի՞նչ է։

Նա ցույց տվեց ծնողներին նշված նկարի վրա բաց մնացած գիրքը։

– Ամա՜ն, երեխան վախեցել է,– հոգոցով բացականչեց մայրն ու գիրկն առավ որդուն,– ի՞նչ Կայեն, ի՞նչ Աբել, ա՛յ տղա։ Բա չորս տարեկան երեխային նման բաներ ցույց կտա՞ն։

– Բայց դա ընդամենը մանկական Աստվածաշունչն է, ախր,– արդարանում էր ակներև խուճապահար եղած Արտեմը։

– Ընդամե՞նը։ Մարդկության պատմության առաջին սպանության նկարո՞վ, Արտե՛մ, հա՞,– Լիլիթին կարծես կատաղած շան պես բաց թողած լինեին ամուսնու ուղղությամբ,– որն էլ հենց թարսի պես


երեխադ բացեց ու տեսավ։ Դա կոչվում է ընդամե՞նը։ Հավես կունենա՞ս չորս տարեկան որդուդ


բացատրել՝ մարդիկ ինչու են իրար սպանում։ Կամ դու՝ ինքդ, գիտե՞ս դրա պատասխանը, ես՝ անկեղծ, ոչ։ «Մանկակա՜ն Աստվածաշունչ»։ Բա որ Աբրահամի ու Իսահակի էջը բացեր, ո՞նց էիր իրեն ընկալելի դարձնելու՝ հանուն ո՞ւմ է հայրը պատրաստ սպանել սեփական որդուն։ Գրքերդ քեզ տարել են։ Ի դեպ, ես էլ լեզվաբանականն եմ ավարտել, բայց չեմ ծանրաբեռնում, չէ՞, նրան լեզուների իմ ունեցած


դասագրքերով։ Փոքր է, չէ՞։ Ու էլի՝ ի դեպ, եթե թողնեիր աշխատեի՝ իմ այս գիտելիքներով, գուցե մեր վիճակը մի քիչ ավելի լավ լիներ։

Մոր այս երկարաշունչ տիրադից փոքրիկ Վարդանը հասկացել էր, որ այդ վախենալու գրքի մի էջն է տեսել միայն, և որ էլի՝ շատ ու շատ վախենալու էջեր կան նրանում։ Փոքրիկը մտքում երդվեց՝ այլևս երբեք այդ գիրքը չբացել ու չվախենալ, ինչում չարաչար սխալվում էր, քանի որ ավելի հասուն


տարիքում նա բացելու ու ծայրից ծայր ուսումնասիրելու էր մարդկության պատմության ամենամեծ խորհրդավորության այդ հաստ մատյանը։

Լիլիթն ինչ-որ խոսքեր էր անդադար շշնջում Վարդանի ականջին ու շոյում փոքրիկի գլուխը։


Արտեմից խնդրեց՝ Վարդանի համար մի բաժակ ջուր բերել։ Արտեմը բերեց, Վարդանը խմեց, ու


կարծես, ի վերջո, հանգստացավ։

Կնոջ այդ նույն ճառից, իր սխալն ու իրավիճակում պարտությունը հասկանալով, Արտեմը


պատրաստվում էր հետևել Լիլիթին և նրա հետ դուրս գալ սենյակից, որ Վարդանը քնի, երբ հանկարծ ամուսիններով լսեցին փոքրիկ Վարդանի ձայնը․

– Հայրի՛կ, այս գիշեր ինձ հետ կքնե՞ս։ Դեռ վախենում եմ։

– Իհարկե, տղաս,– հոգոց հանելով՝ ասաց գլուխը կախած Արտեմը,– միայն համբերի՛ր, հիմա գիրք վերցնեմ ու գամ։

Լիլիթը գնաց քնելու մյուս սենյակում, իսկ Արտեմը, վայրկյաններ անց, վերադարձավ Վարդանի


ննջասենյակ ու պառկեց անկողնում՝ նրա կողքին։ Հայրը հարմար տեղավորվեց ու բացեց բերած


գիրքը։ Դա Պլուտարքոսի այդ կապույտ, հաստ հատորներից մեկն էր։

Վարդանը, համոզվելով, որ հայրը կողքին է, զգաց, որ այլևս շատ չի վախենում, փակեց աչքերը, որ փորձի քնել։

Նա այդ օրը՝ չորս տարեկան հասակում, ապրեց իր կյանքի առաջին սթրեսը։ Սա առաջինն էր նրա ապագա բազմաթիվ սթրեսային իրավիճակներից, որոնք Վարդանը դեռ պետք է վերապրեր։ Ու սա՝ դեռ ընդամենը նկար էր գրքի մեջ…


~ 4 ~


1992-ի՝ հենց հունվարից, Լեռնային Ղարաբաղում սկսվեցին ակտիվ մարտական


գործողությունները՝ մարտնչող երկու կողմերից։ Ադրբեջանական զորամիավորումները


հարձակվում էին որևէ տեղանքի կամ գյուղի վրա, հայկական ինքնաբուխ հավաքված զորքերը,


որոնց այդ պահին շատ դժվար էր անվանել կանոնավոր զինված ուժեր, փորձում էին պաշտպանվել և կամ, հնարավորության դեպքում, հակահարված հասցնել ու առաջընթաց գրանցել։

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի իր կողմից՝ արևելքից, արգելափակեց դեպի Հայաստան Ռուսաստանից մտնող բնական գազի, այլ ապրանքների, մթերքների, առհասարակ պարենի մուտքը։ Ադրբեջանի մեծ եղբայրը, իր հերթին, փակեց սահմանն արևմուտքից։ Խժդժությունները Աբխազիայում և


Օսեթիայում գրեթե անհնարին էին դարձնում տարատեսակ ապրանքների մուտքը երկիր հյուսիսից՝


Վրաստանից։ Միակ ճանապարհը, որով Հայաստան դեռ կարողանում էր ինչ-որ բան մտնել և փրկել


ժողովրդին սովից, երկրի հարավային դարպասն էր։ Հայաստան-Իրան պետական սահմանը, հիրավի, այդ տարիներին դարձավ հայ ժողովրդի գոյի, կյանքի ճանապարհը։ Շուկան, եթե այն կարելի էր այդ տարիներին այդպես անվանել, ողողված էր պարսկական ապրանքներով՝ այլընտրանք չկար։ Բայց


բնակչությունը, բնականաբար, ուրախ էր գոնե դա ունենալ։ Ալյուրի սակավության պատճառով հացի փռերի մոտ սկսեցին առաջանալ մեծաթիվ հերթեր։ Հացը սկսեցին բաժանել հատուկ թղթերով՝


տալոններով։

Սակայն այս ամենին և Ղարաբաղում ընթացող պատերազմին զուգահեռ, Հայաստանյան


խնդիրներին, 92-ի հունվարից, ավելացավ, երևի, կյանքի համար ամենասարսափելին՝ հետագա մի


քանի տարիները կնքելով «մութ տարիներ» անվամբ։ Սկզբից հաճախակի տեղի ունեցող, այսպես կոչված, էլեկտրոէներգիայի «հովհարային անջատումները» որոշ ժամանակ հետո դարձան


համակարգված ու գրեթե մշտական։ Մարդկանց տները լույս սկսեց մտնել օրական մի քանի կամ՝


անգամ մեկ ժամ։ Դրա ընթացքում մարդիկ հասցնում էին անել ու ավարտել իրենց բոլոր գործերը, և կարծես անգամ դա չէր կարող կոտրել հայ ժողովրդի ապրելու մեծ ցանկությունը։

Այն երիտասարդների կողքին, որոնք իրենց ազատ կամքով հավաքագրվում ու մեկնում էին ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու, գտնվում էին այնպիսիները, որոնք խուսափում էին


զորակոչից։

Ոչ ոք, համենայն դեպս, մահանալու ցանկություն չուներ։

Արտեմենց հարևանների ընտանիքում հայրը՝ Մհեր Կիրակոսյանը, այդ տարիներին ազդեցիկ բժիշկ էր։ Սեփական որդուն ռազմաճակատ մեկնող ավտոբուսից բառացիորեն իջեցնելով՝ նա


կարողացավ այնպես անել, որ որդու հանդեպ որևէ հետապնդում հետագայում չլինի։ Նրա որդին, ում անունը նույնպես Մհեր էր, պատերազմ մեկնելու փոխարեն՝ մի քանի տարով դուրս եկավ


երկրից և, ի վերջո, այդպես էլ հաստատվեց արտերկրում՝ այլևս հայրենիք չվերադառնալով։ Մհեր-ավագը, շատ չանցած, պիտի օգներ նաև Արտեմին ու նպաստեր նաև նրա պատերազմ չմեկնելուն։ Արտեմն, իրոք, ուներ առողջական խնդիրներ՝ կապված ողնաշարի հետ, բայց եթե չլինեին բժիշկ-հարևանի ազդեցությունն ու կապերը, ըստ որում՝ նաև զինվորական կոմիսարիատում, Արտեմն, այդ առողջական խնդիրները մոռանալով, պիտի մեկներ ռազմաճակատ։

Վարդանը շատ էր սիրում լինել նրանց տանը։ Այն օրերին, երբ իրենց բնակարանում իր


ծնողները, հերթական անգամ, վիճում էին կենցաղային հարցերի շուրջ, չորսամյա փոքրիկ


Վարդանը ինքնուրույն բացում էր տան դուռը (այդ տարիներին շատ քչերն էին դուռ կողպում) և փոքրիկ ոտքերով, արագ-արագ բարձրանալով աստիճաններով, հայտնվում վերևի հարկում գտնվող հայր և որդի Մհերների բնակարանի դռան առջև կանգնած։ Բան չէր մնում անելու․ դուռը թակում էր իր փոքրիկ ձեռքով ու սպասում։ Այն սովորաբար նրա առաջ բացում էր տանտիկինը՝ Ջեմման, որը նրան տեսնելով, ասում էր․ «էլի եկա՞ր, պուճուր ջան»։ Ապա ձեռքից բռնելով՝ տանում էր ներս։

Շուտով Վարդանը սովորություն դարձրեց, ժամանակ առ ժամանակ, բարձրանալ նրանց տուն նաև այն օրերին, երբ իր ծնողների միջև լիակատար խաղաղություն էր։ Կիրակոսյանների տանը կային իրեն սիրող ու իր վրա միշտ իրենց ուշադրությունը սևեռող բարի մարդիկ։ Բացի այդ,


չնայած Արտեմն ու Լիլիթը դրանից ամաչում էին և պարբերաբար հասկացնում, որ այդպես չանեն, Կիրակոսյանների ընտանիքում Վարդանին միշտ լավ կերակրում էին համեղ ուտեստներով։


Կիրակոսյաններն ունեին նաև այդ տարիների համար մի շքեղ իր՝ տեսամագնիտոֆոն ու մի քանի


տեսաերիզ՝ տարբեր ֆիլմերով, և որն ամենակարևորն էր Վարդանի համար, գունեղ և ծիծաղաշարժ, չճարվող մուտֆիլմերով, որոնք արտադրվում էին Ատլանտյան Օվկիանոսի այն ափին, և որոնք էլ Վարդանը հնարավորություն ուներ դիտելու այն սակավ ժամերին, երբ լույսը տներում միանում էր։

Այն օրերին, երբ երեկոյան վեցին էր լույս լինում, միանում էր հայկական հեռուստաալիքը, ու եթերը սովորաբար սկսվում էր նորանկախ Հայաստանի օրհներգի հնչեցմամբ։

Արտեմը որդուն սովորեցրել էր օրհներգի բառերը, ինչպես նաև՝ ամեն անգամ այն հնչելուց, կանգնել


հեռուստացույցի առաջ, ձեռքը դնել սրտին ու երգել այն։


«Մեր հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Յուր որդիքը արդ կանչում են

Ազատ, անկախ Հայաստան»։


Երգում էր Վարդանը և սակայն լսում, որ հետևից, չգիտես ինչու, Ջեմմա տատիկը «ազատ,


անկախ» բառերի փոխարեն երգում էր «թշվառ, անտեր» ու հետն էլ արտասվում։

Փոքրիկ Վարդանը չէր հասկանում այդ փոփոխության պատճառը։ Ժամանակի հետ սովորեց դրան՝ մտածելով, որ մեծերի մոտ երևի երգի բառերն այդպիսին են։ Մի օր էլ հետաքրքրությունը հաղթեց իրեն և Ջեմմային հարցրեց, թե ինչու է փոխում բառերը։

– Է՜, բալես,– հոգոց հանեց տիկին Ջեմման և ապա քմծիծաղ տալով՝ շարունակեց,– իրականում ոչ էլ փոխում եմ, գիտե՞ս։ Օրիգինալում՝ այն ոտանավորի մեջ, Վարդան ջան, որտեղից վերցված են բառերը, դրանք հենց այսպիսին են։

Ջեմման մի պահ դադար տվեց, կարծես մտածելով՝ ասի իր հետագա ասելիքն այս փոքրիկին, թե՝ ոչ, ու, ի վերջո, ավելացրեց․

– Ու որ նայում ես էս օրերին մեր շուրջը, մեր էս անլույս ու առանց գազ վիճակին, բալե՛ս, էս


բառերը լա՜վ էլ համապատասխանում են։

Ասաց ու գլուխը կախեց։

Այդ աշնանային օրը, սովորականի պես, երեկոյան յոթի կողմերը՝ դուրս գալով Մհեր պապիկենց տնից, Վարդանը կրկին իր փոքրիկ ոտքերով արագ-արագ աստիճաններով իջավ իրենց հարկ ու բացեց իրենց բնակարանի դուռը։

Սովորաբար, նրա բացակայության ընթացքում, իր ծնողների միջև վեճային կրքերը բռնկվում,


զարգանում, հասնում էին գագաթնակետին ու հանգուցալուծվում էին այդ օրվա սահմաններում՝ շատ մոտ ապագայում, ասենք՝ վաղը նորից ծագելու անթաքույց ակնկալիքով։ Բայց այս անգամ


Վարդանի բախտը չբերեց։

Արտեմն ու Լիլիթը դեռ վիճում էին ու չէին նկատել Վարդանին։

– Հերիք է, էլի, թո՛ղ գոնե ես աշխատեմ։ Լեզուներ գիտեմ՝ գոնե դպրոց մտնեմ, դաս տամ, երկու կոպեկ գա։ Քո այստեղից, այնտեղից ճարած փողերը լուծում չեն, Արտե՛մ։ Ով գիտի՝ ինչքան ես պարտք


կուտակել արդեն։ Պարտատերերդ մի օր քեզ սպանելու են։ Ռազմաճակատ էլ չմեկնեցիր, քո


միջոցներով խուսափեցիր, գոնե կփախնեիր նրանցից։

Մոր այդ խոսքերից հետո Վարդանի կյանքում առաջին անգամ տեղի ունեցավ մի բան, որը փոխելու էր նրա պատկերացումները ծնողի, ընտանիքի մոդելի, բարու ու չարի դերաբաժանման և առհասարակ մարդկանց սիրելու հարցերում։

– Իսկականից որ հերի՛ք է, էլի, պոռնիկ,– բղավեց Արտեմն ու, թե՛ Լիլիթի, և թե՛ հատկապես


Վարդանի համար անսպասելի, չափազանց ուժեղ ապտակեց կնոջը։

Լիլիթը տնքաց, ցավից երկու ձեռքի ափերով բռնեց շիկացած այտն ու հետ-հետ գնալով՝ ընկավ


աթոռի վրա։ Աթոռը շուռ եկավ և Լիլիթը փռվեց գետնին։ Աթոռն էլ վրան։

– Վարդանը,– հազիվ լսելի, աչքերից հորդող արցունքների միջից, արտաբերեց Լիլիթն ու ձեռքով ցույց տվեց Արտեմի հետևի հատվածը։

Հայրը շրջվեց ու տեսավ քարացած, աչքերը լցրած փոքրիկ որդուն։ Հայրն առհասարակ առաջին անգամ՝ թե՛ նրա բացակայության ժամանակ, և թե՛ նրա ներկայությամբ, հարվածեց մորը։

Հոր բղաված բառն էլ էր անծանոթ։ Հետո, իրավիճակը վերլուծելիս, փոքրիկ Վարդանը պիտի իր մեջ ենթադրի ու ենթադրությունն ամրագրի, որ այդ խորհրդավոր «պոռնիկ» կոչվածն ինչ-որ վատ հոտով ձուկ է երևի, որով մեկին դիմելով՝ կարելի է նրան վիրավորել։


Վարդանը դեռ մի քանի վայրկյան էլ անշարժ կանգնած մնաց հոր ու հատակին ընկած մոր դիմաց՝ այտերին աչքերից թափվող լացի կաթիլներով։ Ապա, հանկարծակի կարծես ուշքի գալով, լուռ, առանց որևէ բառ ասելու, շրջվեց ու վազեց ննջասենյակ՝ իր հետևից կյանքում առաջին անգամ ինքնակամ


փակելով դուռը։

Դա արդեն, վերջին մի քանի ամսվա ընթացքում, փոքրիկ Վարդանի ապրած, վերապրած ու հոգու դարակում դարսած երկրորդ սթրեսն էր։

Բայց սա դեռ նոր ծիլ տված ծաղիկներն էին…


~ 5 ~


Վերջին դեպքը շոկի մեջ գցեց ոչ միայն փոքրիկ Վարդանին։ Ինքը` Արտեմը, սրտնեղել էր այն


փաստից, որ որդին տեսել էր, թե ինչպես է նա կնոջը հարվածում։ Արտեմի` հնգամյա որդու հետ


խոսելու հետագա մի քանի փորձը պսակվել էր անհաջողությամբ։ Վարդանը չէր ուզում խոսել հետը։ Ոչ էլ ուզում էր տեսնել։ Ծնողների վեճերին քիչ ներկա գտնվելու և Կիրակոսյանների բնակարան


այցելությունները քչացնելու համար, որոնք այդ դեպքից հետո Վարդանի կողմից ավելի էին


հաճախակիացել, և որոնցից փոքրիկն ինքն էր արդեն ամաչում, նա սկսեց իջնել և խաղալ բակում։ Մի բան, որն այդ փոքրիկ «տնասերը» մինչ այդ գրեթե չէր անում։ Նա չուներ ընկերներ և ոչ էլ ձգտում էր ծանոթանալ հասակակիցների հետ՝ մտածելով, որ մանկապարտեզում նրանց հետ շփումն իրեն


արդեն բավարար է։ Հենց այս պատճառով՝ բակում նա հիմնականում միայնակ էլ խաղում էր։

Բայց, միևնույն է, այցելությունները հարևան Կիրակոսյանների բնակարան նույնպես շարունակվում էին։ Վարդանի համար կարևոր չէր, որ տանը օրվա ընթացքում գրեթե երբեք լույս չկար, որ հազիվ էր ճարվում սնունդը։ Նա չէր հասկանում ամեն տեղ լսվող այն խոսակցությունները, որ «Ղարաբաղից


երկար ժամանակ է լուր չկա, իսկ վերջին տեղեկություններով՝ տարածքի մեծ մասը հայերը կորցրել են»։ Նա այդ ամենը չէր հասկանում, և միակ բանը, որ ուզում էր՝ առանց ընտանեկան վեճերի հանգիստ մանկություն անելն էր։ Նա փոքր երեխա էր, որը արդեն սկսել էր շուրջը տեսնել իր տարիքին


անհամապատասխան երևույթներ։

Կիրակոսյանների տանը իրեն լավ էին նայում, չէին վիճում, իր մոտ քիչ էին խոսում պատերազմից և միշտ կշտացնում էին նրան։ Մհեր-ավագը լավ բժիշկ էր, իր հիվանդներն ուներ, որոնց մեջ, նույնիսկ երկրի համար այդ ծանր ժամանահատվածում, գումարից չնեղվող մարդիկ կային, որոնք այսպես թե այնպես պետք է հաճախեին բժշկի ու բուժում ստանային։ Դե, բժիշկն էլ, բնականաբար, նրանց անվճար չէր բուժում՝ լավ հասկանալով, որ նրանք ունակ են իրենց առողջության համար վճարել՝ անգամ այդ ճգնաժամի մեջ։

Ոչ հաճախ, սակայն պատահում էին և այնպիսի օրեր, երբ Վարդանը նրանց տանը մնում էր գրեթե մինչև իր քնելու ժամը, երբ Լիլիթը գալիս էր և ամաչելով խնդրում՝ երեխային տանել տուն քնելու։ Լիլիթը նույնիսկ մի անգամ այդ մասին խոսք էր բացել Արտեմի մոտ։

– Գիտես, ես չե՞մ նկատել։ Երբ էլ տուն եմ գալիս, Վարդանը տանը չէ՝ կա՛մ բակում է, կա՛մ նրանց տանը, գնում բերում ես,– ասաց Արտեմը,– ի՞նչ կարող ես անել, մեր փոքրիկին երևի այնտեղ ավելի հարմար է։ Ի վերջո, նա ի՞նչ է տեսնում այստեղ։ Ինչպես է մայրը անդադար վիճում հոր հետ, այդպես չէ՞։ Դե, նա էլ դրա փոխարեն իրեն նետում է այնտեղ, որտեղ վեճեր կամ վեճերի առաջացման


օջախներ չկան։

Արտեմի սրամիտ, բայց և լուրջ նկատառմանը Լիլիթը պատասխանեց հոգոցով ու ասաց, որ նորից վիճելու, և, առավել ևս, նոր ապտակ ստանալու ցանկություն չունի։

– Նորի՞ց ես դա հիշեցնում։ Ինչքա՞ն կարող ես դա երեսով տալ։ Լեզվիդ քիչ տուր՝ ափս երեսիդ չես զգա։

Այս խոսակցությունից հետո ամուսինների միջև իրենց որդու՝ տանը քիչ ժամանակ անցկացնելու հանգամանքը այլևս չէր քննարկվում՝ թողնված ինքնահոսի։ Ընդհանրապես, սա էլ նրանց միջև քիչ թե շատ երկար առանձնազրույցի եզակի օրինակ էր։ Հիմնականում, երբ նրանք միասին էին լինում, քիչ էին շփվում իրար հետ, եթե բանը կրկին կենցաղային վեճի չէր հասնում։

Վերոնշյալ միջադեպից որոշ ժամանակ անց, Արտեմը բժիշկ հարևանի՝ Մհեր-ավագի խորհրդով,


դիմեց նյարդաբանի՝ ապագայի հանդեպ եղած անորոշությունից, անդադար տարբեր միջոցներով


ապրուստ հայթայթելուց ու ընտանեկան անսպառ վեճերից մոտը նկատվող նյարդային բռնկումները գիտակցելով ու դրանք սահմանափակելու մղումով։ Արտեմն անկեղծորեն ընդունում էր բժշկի


նշանակած դեղորայքը, բայց լիակատար բուժման կամ գոնե հանգիստ լինելու համար իրեն պետք էր հնարավորինս քիչ նյարդայնանալ։ Սակայն որոշ ժամանակ անց կատարվելիք դեպքերի


զարգացման դեմ, որոնք բերելու էին նոր՝ ավելի մեծ ու խորը ընտանեկան ճգնաժամի, երևի չգտնվեր որևէ զսպող դեղամիջոց։

Մի օր, երբ դրսում արդեն 1993-ի գարունն էր, և Վարդանն էլ ծնողների հետ տանն էր, մշտական զրույցներից մեկի ժամանակ, Արտեմի գլխում, ըստ նրա, մի «հանճարեղ միտք» ծագեց։

– Լիլիթ,– ասաց ամուսինը,– ես վերջնական որոշել եմ սա ի կատար ածել։ Դրամը անդադար


շարունակում է ընկնել, և քանի դեռ այն լրիվ չի արժեզրկվել, ես որոշել եմ գրավադրել մեր


բնակարանը բանկում։ Ստացած փողը կդնեմ գործի մեջ, մնացած գումարով ու եկած եկամտով էլ այդ վարկը կփակենք։

– Ինչպիսի՜ հիանալի գաղափար,– հեգնեց Լիլիթը,– սպասիր, Արտե՛մ, դու հիմա լո՞ւրջ ես խոսում։

– Իսկ ինչո՞ւ ոչ։

– Ասեմ, Արտե՛մ։ Պատուհանից դուրս նայե՞լ ես։ Տեսե՞լ ես՝ ինչ է կատարվում մեր երկրում։ Լույս


ունենում ենք, լավագույն դեպքում, օրը երկու ժամ։ Հանապազոր հացը խնդիր է դարձել։ Երևանից մի քանի ժամ մեքենայով որ երթևեկես դեպի արևելք՝ պատերազմ է, Արտե՛մ, իսկական պատերազմ։ Պատերազմ, որի ավարտը կարծես թե չի երևում։ Պատերազմ, որտեղ մեր երեխաներն են մահանում։ Վաղվա ապագայի վերաբերյալ ընդհանրապես ոչինչ պարզ չէ, Արտե՛մ, մշուշոտ է մեր դիմաց,


հասկանո՞ւմ ես։ Այս ամեն ինչի մեջ միակ բանը, որ հստակ ունենք այս պահին, այս բնակարանն է։ Ու դու ուզում ես այն ռիսկի տակ դնե՞լ։ Բա որ գործդ չստացվի ու չկարողանաս բանկին վարկի


գումարը վերադարձնել։ Ի՞նչ ենք անելու, Արտե՛մ։ Տունը կորցնելու ենք, սոված վիճակներիս նաև անօթևանի կարգավիճակը ավելանա՞։ Իսկ Վարդա՞նը։ Մտածե՞լ ես նրա մասին։ Քո հետ անիմաստ է վիճելը, մանավանդ, որ կարող է ձեռքերիդ ազատություն տաս։

Այս բառերի վրա նրան լուռ ունկնդրող Արտեմը կուլ տվեց թուքը։ Սա Լիլիթի երկարաշունչ,


բոցավառ, ոգևորված ճառերից հերթականն էր։ Նման պահերին Արտեմը գլուխը կախում և լսում էր կնոջը։ Չէր ընդհատում։ Ինքը՝ Լիլիթը, վերջին խոսքերից հետո կանգ առավ, հոգոց հանեց, շունչ քաշեց և ավելացրեց իր ճառի վերջին նախադասությունը․

– Մեր Վարդանը մյուս տարի դպրոց է գնալու, եթե իհարկե այդ մյուս տարին գա։

Լիլիթը վերջապես ավարտեց։ Վարդանի՝ Լիլիթին իր հարվածելուն ականատես դառնալուց հետո, Արտեմը երկար ժամանակ է, ինչ զսպում էր իրեն այս հարցում։ Առհասարակ թվում էր, թե բուժման կուրսը, առնվազն այդ պահի դրությամբ, որոշ չափով հանդարտեցրել էր նրա նյարդերը՝ ճգնաժամային


իրավիճակում, և նման պահերին նա նվազագույնը, որ անում էր՝ դա կնոջ վրա ձայն բարձրացնելն ու հակառակվելն էր։

Բայց այս անգամ նա ոչինչ ո՛չ ասաց, ո՛չ արեց։ Աջ ձեռքի ցուցամատով ու միջնամատով սկսեց


խաղալ սեփական քթի հետ, շարժել այն։ Հետո նույն մատներով՝ դրանք ծալած վիճակում, սկսեց


կամաց հարվածել իր շրթունքներին։ Դա Արտեմի՝ միայն իրեն հատուկ գործողություններն էին, որոնք վկայում էին, որ այդ երեսունին մոտ երիտասարդը խորասուզվել է սեփական մտքերի մեջ։

Նա մտածում էր։ Մտածում էր իր գլխում ծագած պլանի, դրա իրագործման ու հնարավոր ռիսկերի մասին, ինչպես նաև նրա մտքից դուրս չէին գալիս Լիլիթի խոսքերը Վարդանի մասին։ Իր համար


ակներև էր, որ նա լավագույն հայրը չէ։ Բայց իր մեկ անհաջող որոշման կյանքի կոչմամբ նա կարող էր դառնալ վատագույնը՝ վտանգի ենթարկելով ոչ միայն իր ու կնոջ, այլև մանկահասակ որդու՝ տեղից էլ արդեն իսկ մշուշոտ ապագան։

Հյուրասենյակի մեծ սեղանին դրված մոմն արդեն համարյա վերջանում էր։ Կիսախավարի մեջ նա նայեց պատի ժամացույցին, որը ցույց էր տալիս կեսգիշերից քսան պակաս։ Վարդանն իր


սենյակում քնած էր։

Արտեմը պատին կախված գրադարակից վերցրեց Պլուտարքոսի հատորն ու իր վրա ծածկոց գցելով՝ թիկնեց հյուրասենյակի բազմոցին, որ կարդա՝ մինչ մոմի հանգչելը։ Հետո հենց այնտեղ էլ քնելու էր։


Լիլիթին հարվածելու՝ այն օրվանից ի վեր, Արտեմը քնում էր հյուրասենյակում։ Նա փորձեց կարդալ, սակայն տառերը փախչում էին նրա աչքերի դիմացից։ Մտքում իր մտահղացումն էր ու Լիլիթի


ասածները։

Մոտավորապես տասը րոպե տևող ընթերցանության փորձն ընդհատեց հանգչող մոմը։


Սենյակում կատարյալ մթություն տիրեց։ Լսվեց, թե ինչպես է Արտեմը գիրքը փակում, դնում բազմոցի կողքին գտնվող փոքրիկ պահարանիկի վրա և վրան քաշելով ծածկոցը՝ պտտվում պատի կողմը։

Լիլիթը, որ Արտեմի հետ խոսակցությունից ի վեր շարունակում էր լուռ նստած մնալ


խոհանոցում, վեր կացավ ու տիրող սևամթի միջով, ամուսնական ննջարանի փոխարեն, սողոսկեց Վարդանի սենյակը՝ Արտեմի փոխարեն որդու կողքին քնելու։

Ամուսիններն իրար «բարի գիշեր» չմաղթեցին։


~ 6 ~


1993-ի հոկտեմբերն էր։ Ղարաբաղից ստացվող լուրերը միանշանակ չէին։ Ռուսաստանի


միջնորդությամբ, վերջին երկու ամիսներին, տիրում էր հրադադար, որը, սակայն, խախտվեց


ադրբեջանական զինուժի կողմից, և վերսկսված հակամարտության այդ փուլում` հայկական


զորամիավորումներին հաջողվեց առաջխաղացում գրանցել դեպի Արաքս գետի ափին


տեղակայված թշնամական դիրքերը։

Ղարաբաղյան հակամարտությունն իսկական ճոճանակ էր, մարտադաշտից էլ լուրերը Երևան


ուշացած էին հասնում։ Մինչ մեր զորքերի որևէ առաջընթացի մասին լուրը տարածվում էր


մայրաքաղաքում, և երևանցիները փորձում էին այդ օրերին գոնե մի քիչ ուրախանալ այդ լուրերով,


հայկական զորամիավորումները հետ էին քաշվում։ Լինում էր և հակառակը։

Հոկտեմբերի վերջին օրերից մեկի առավոտյան, երբ Վարդանը մանկապարտեզում էր, իսկ Արտեմը տանը չէր, և Լիլիթն էլ, ինչպես գրեթե միշտ էր լինում, տեղյակ չէր ամուսնու որտեղ լինելուց, նրանց


դուռը թակեցին։

Լիլիթը նայեց դռան դիտակի մեջ։ Աստիճանավանդակին` իրենց դռան առաջ, կանգնած էին


երեք տղամարդ։

«Սրանք ովքե՞ր են»,– մտածեց Լիլիթը,– «Արտեմը կասեր, եթե տուն մարդ գալու լիներ կամ հետը կբերեր»։

Լիլիթը որոշեց լռել ու ձևացնել, թե տանը մարդ չկա։ Սակայն այդ տղամարդիկ մարտական էին տրամադրված և շարունակում էին թակել դուռը՝ կարծես հաստատապես համոզված լինելով, որ դռան հետևում ինչ-որ մեկը կա։

Ի վերջո, Լիլիթի նյարդերը տեղի տվեցին։

– Ո՞վ է, ո՞ւմ եք ուզում,– վախվորած հարցրեց նա։

– Բանկից ենք, տիկի՛ն ջան,– լսվեց դռան այն կողմից։

«Բանկի՞ց»,– միանգամից սուրաց Լիլիթի մտքով,– «մի՞թե Արտեմն, ի վերջո, իր մտածածն արել է»։

– Ամուսինս տանը չէ,– արագ վրա բերեց նա։

– Հնարավոր է, տիկի՛ն, պարոն Հովհաննիսյանը մեզ ասել է, որ մեր մոտենալիս կարող է տանը


չլինել,– ասաց տղամարդկանցից մեկը,– սակայն նա հաստատապես գիտի մեր այցի մասին։

Տղամարդը դադար տվեց՝ կարծես պատրաստվելով վերջին գրոհ հանդիսացող խոսքերին ու


շարունակեց․

– Տիկի՛ն Լիլիթ, նա եկել է բանկ և հայտ ներկայացրել իր… կներեք, ձեր համատեղ անշարժ գույքի գրավադրման դիմաց դրամային արժույթով վարկ ձևակերպելու վերաբերյալ։

Կրկին լռություն տիրեց.

«Տես է, առանց ինձ ասելու մտքինն արել է»,– մտածեց Լիլիթը,– «լավ, հիմա ես ի՞նչ անեմ։ Դուռը բացեմ, մենակով քշե՞մ սրանց էստեղից։ Սկանդալ կլինի, հարևանները դուրս կթափվեն՝ «ֆիլմ» դիտելու։


Չբացեմ, մի բան մոգոնեմ, մեկ է, սրանք էլի են գալու, հետներն արդեն պայմանավորվել է»։

– Մի վայրկյան,– բղավեց Լիլիթն ու իր մեջ շարունակեց քննարկել իր անելիքը․

«Հիմա բացեմ, թող ներս գան, իրենց անելիքն անեն։ Ես Արտեմի հետ հետո կխոսեմ։ Մեկ է, ես էս տան համասեփականատերն եմ, առանց իմ համաձայնության չի կարող բնակարանը գրավի տակ թողնել»։

Վերջին մտքի վրա նա բացեց դռան փականն ու ետ քաշվեց։ Դուռը մնաց փակ։

Հարկում կանգնած հաղթանդամները տատատնվեցին։ Նրանք հասկացան, որ դուռը բացվեց, բայց տանտիկինն այն չէր բացում իրենց առաջ։

– Տիկի՛ն… Մարգարյան (Լիլիթն այդպես էլ չէր վերցրել ամուսնու ազգանունը),– հազալով, դադար տալով՝ ասաց այն նույն տղամարդը, որն այս ամբողջ ընթացքում դռան հետևից խոսում էր նրա հետ,– հիմա մենք ներս գա՞նք։ Դուռը չբացեցիք։

– Եկեք,– հոգոց հանեց Լիլիթը,– ի՞նչ ասեմ։

Նրա հետ բանակցողը, ի վերջո, բացեց դուռն, ու նրանք երեքով ներս մտան։

Լիլիթի առջև՝ դռան արդեն այս կողմից, կանգնած էին երեք բավական պինդ կազմվածքով, մոտ


երեսունն անց տղամարդ։ Նրանք, ինչպես կարգն է, իրենց ողջ զարդարանքով էին։ Երկուսի հագին սև կոստյում էր, սպիտակ վերնաշապիկ ու ինչ-որ անհասկանալի մուգ կապույտ ու սև զոլերով փողկապ, սև տաբատ, սև սուրքիթ կոշիկներ։ Մի խոսքով՝ սևազգեստ մարդիկ։

Ա՜խ, այդ բանկիրները։ Ժամանակաշրջանին բաժին հասած այդ անորոշության քաոսի մեջ նրանք կարծես մի առանձին, ապահովված խավ լինեին՝ «միշտ պատրաստ բոլորին օգնելու»։ Լիլիթը նրանց չէր սիրում։

– Տիկի՛ն Մարգարյան, փորձենք ներկայանալ։

Լիլիթը ձայնից ճանաչեց դռան հետևից իր հետ զրուցողին։

– Անունս Վիգեն է, ազգանունս՝ Կարապետյան։ Սա իմ կոլեգան է՝ Խաչատրյան Մարատը։ Մենք բանկից ենք։ Իսկ այս երիտասարդը Գրիգորն է, նա չափագրման կազմակերպությունից է։ Նա


հիմա՝ Ձեր թույլտվությամբ, պետք է շրջայց կատարի բնակարանով, այն գնահատելու համար,


որպեսզի, ի վերջո, հասկանանք Ձեր անշարժ գույքի դիմաց Ձեզ որքան գումար կկարողանանք տրամադրել։

– Իսկ չի՞ լինի, որ հիմա գնաք ու հետո գաք, երբ Արտեմը տանը լինի,– նրանցից ազատվելու ու իր համար տհաճ, անցանկալի, մոտալուտ այդ գործընթացին վերջ տալու մի եզրափակիչ փորձ ձեռնարկեց Լիլիթը։

– Ախր, Տիկին Մարգարյան ջա՜ն, Լիլիթ ջա՜ն,– փոքրիկ երեխային՝ մի կողմից նախատող, մյուս կողմից համոզող տոնով, սկսեց Վիգենը,– այ ցավդ տանեմ, պիտի կրկնվեմ նորից՝ պարոն Արտեմը տեղյակ է։ Մենք այստեղ ենք նրա իսկ թողտվությամբ։ Մենք մեր գործը կանենք, կգնանք։ Մի


անհանգստացեք, Ձեզ չենք խանգարի։ Համ էլ՝ այսօր ոչինչ չի որոշվում։

– Դե՛, ինչ ասեմ,– հենվելով միջանցքի մարդահասակ հայելուն, հոգոց հանելով՝ հանձնվեց Լիլիթը,– լավ, անցեք ձեր գործին։

«Լավ, թող սրանք հիմա ինչ անում են, անեն, գնան։ Իրենք էլ ասացին, որ հիմա ոչինչ չի որոշվում,


ոչինչ դեմ չեն տալիս ստորագրելու։ Դու մի տուն արի, Արտեմ տղա։ Սպասի՛ր, տես ես քո գլխին ինչ


կբերեմ»,– մտքում փոթորկվում էր Լիլիթը։

Բանկիրները՝ Վիգենն ու Մարատը, Լիլիթից խնդրեցին նստել մի տեղ։ Տանտիրուհին ուղեկցեց նրանց հյուրասենյակ և առաջարկեց զբաղեցնել կա՛մ զույգ բազկաթոռը, կա՛մ բազմոցը։ Երբ


վերջիններս տեղավորվեցին բազմոցին, Լիլիթը բավական սառը տոնայնությամբ ու կիսաձայն


հավելեց, որ նրանց ոչինչ չի կարող հյուրասիրել՝ անգամ սուրճ։

– Խնդիր չկա,– կարկամելով հայտնեց, առաջին անգամ այս ամբողջ ընթացքում բերանը բացող, Մարատը։

Իսկ Գրիգորը՝ չափագրման ընկերության ներկայացուցիչը, շարունակելով լուռ մնալ, անցել էր իր գործին։ Նրա ձեռքին մի թղթապանակ կար, որի միջից էլ հանեց մեկ կտորե մետրաչափ ու մի զույգ


էժանագին, պլաստիկ քանոն։ Սկզբում անցավ երկու ննջարանները, ոտքից գլուխ տնտղեց ու չափեց դրանք, ապա թռուցիկ հայացք նետելով ու չափելով նաև միջանցքը, մտավ զուգարան։


Զարմանալիորեն սովորականից մի փոքր երկար մնաց այնտեղ։ Լիլիթը ենթադրեց, որ երիտասարդն առիթից օգտվել և ձեռքի հետ հոգացել էր նաև վրա հասած բնական կարիքը։ Ինչևէ, հարմար պահ էր՝ կարելի էր և՛ չամաչել, և՛ ոչ էլ թույլտվություն հարցնել։

Հետո Գրիգորն անցավ հյուրասենյակ։ Թղթապանակում նաև նոթատետր ու հասարակ,


խանութից գնվող ամենաէժան մի գրիչ կար։ Ժամանակ առ ժամանակ սա դրանով նշումներ էր անում իր այդ նոթատետրում, ըստ երևույթին, տան տարբեր իրերի կամ առհասարակ՝ ընդհանուր վիճակի ու չափերի մասին։

Երբ Գրիգորն ավարտեց իր գործերը նաև խոհանոցում ու փոքրիկ փակ պատշգամբում,


վերջապես բառեր լսվեցին նաև նրանից․

– Վերջ, տղե՛րք, ես իմ գործը վերջացրի։ Էս պահի դրությամբ կարող ենք գնալ։

Վիգենն ու Մարատը, որ այդ ամբողջ ընթացքում լուռ նստած էին բազմոցին ու Լիլիթի հետ


միասին հետևում էին Գրիգորի՝ բնակարանով մեկ իրականացվող ոդիսականին, վեր կացան, շնորհակալություն, ապա և ցտեսություն հայտնեցին Լիլիթին և Գրիգորի հետ միասին դուրս եկան բնակարանից ու այդպես երեքով, դեռահաս երեխաների պես աստիճանները վազելով իջնելով, կորան Լիլիթի տեսադաշտից։

Լիլիթը կողպեց դուռը, պտտվեց, նայեց իրեն հայելու մեջ, ապա, կարծես մեջքով դռան վրա


սահելով, իջավ ու նստեց դռան տակ։ Նա գլուխն առավ ափերի մեջ ու սկսեց հեկեկալ։


~ 7 ~


Երբ Լիլիթը Վարդանին վերցրեց մանկապարտեզից, վերջինս խնդրեց մորը՝ իրեն զբոսնելու տանել։ Գրեթե տարուց ավելի էր արդեն, ինչ փոքրիկը ինքնակամ ու գիտակցաբար ձգտում էր քիչ ժամանակ անցկացնել հոգսերից միայն ավելի ծանրաբեռնվող ու դրանց պատճառով, էլի ու էլի,


իրար հետ լեզվակռիվ տվող ծնողների ու մանավանդ հոր հետ, և զբոսնելու սպոնտան որոշումը կարևոր էր նրա համար։ Որդու զբոսանքի գնալու առաջարկին շատ հավան էր նաև ինքը՝ Լիլիթը։

Մի նոր ծանր երկխոսությունն ամուսինների միջև անխուսափելի էր, և նախքան դա, փոքրիկ որդու հետ զբոսնելը իսկապես կարող էր լիցքաթափել նրան։

Մայրը որդուն տարավ նրա սիրելի այգին։ Աշունն արդեն մուտք էր գործում իր վերջնական փուլ, և այգու բոլոր ծառերը մերկացել էին։ Տերևաթափն այգում առատ էր, իսկ դեղին տերևների մեջ «սուզվելու», «լող տալու» իմիտացիան ու դրանք հավաքելով իր վրա լցնելը, շուտով վեցամյակը


բոլորել պատրաստվող, Վարդանի սիրելի զբաղմունքներից էին։ Երբ դրանից հոգնեց, այգում իր տարեկից մի տղայի գտավ և արեց իր համար ոչ սովորական մի բան․ այդ երեխային առաջարկեց


միասին պահմտոցի խաղալ։ Նորահայտ ընկերը համաձայնեց, բայց նրանց խաղացած պահմտոցին միանգամից տարօրինակ թվաց Լիլիթին։

Կա՛մ խաղի կանոնները չիմանալու պատճառով, կա՛մ էլ գիտակցաբար և դիտավորյալ՝ Վարդանի փոքրիկ խաղընկերն ամեն անգամ նրան թաքստոցից հայտնաբերելուց հետո ոչ թե վազում և խաղի մեկնարկի վայրում «թքում» էր նրան, այլ, բառի բուն իմաստով թքում էր Վարդանի վրա։ Վերջինս մեկ անգամ փորձեց ընկերոջը բացատրել, որ նա սխալ է անում՝ ցույց տալով անգամ


սեփական օրինակով, երբ «փակելու» և փնտրելու հերթն իրենն էր, բայց դա կրկնվեց։ Երբ փոքրիկ


խաղընկերը Վարդանի վրա թքեց երկրորդ անգամ՝ նա բռունցքով հարվածեց նրան։ Խաղընկերը փախավ ծնողների մոտ և սկսեց լացակումած բողոքել։ Սրանք, որ այդ ամբողջ ընթացքում՝


նստարանին նստած, այդ ամենին լուռ հետևում և խորամանկաբար ժպտում էին, իրենց ժառանգի «հնարամիտ խուլիգանությանն» ի պատասխան, վրդովված մոտեցան Լիլիթին։

Լիլիթը, որն իր հերթին մի անգամ արդեն սաստել էր որդու խաղընկերոջն՝ արածի համար,


միանգամից նախահարձակ եղավ։ Դա գուցե անսպասելի էր այդ երեխայի ծնողների, բայց ոչ Վարդանի համար։ Հետևեց Լիլիթի բոցաշունչ, խրատական ճառերից` հերթականը։ Դրանք այնքան ծանոթ էին հայր և որդի Հովհաննիսյաններին։ Վարդանն իրենն արդեն արել էր՝ ինքն իրեն պաշտպանել էր, և հիմա արտաքուստ լուրջ դեմքով, իսկ ներսից ցնծությամբ հետևում էր, թե ինչպես է մայրը


դաստիարակչական զրույց տանում այդ ամուսնական զույգի հետ՝ իրենց որդու պահվածքի


վերաբերյալ։ Ի վերջո՝ սրանք ներողություն խնդրեցին, վերցրին իրենց երեխային ու հեռացան։


Լիլիթը ներքին բավարարվածություն զգաց և եկավ համոզման, որ պատրաստ է ամուսնու հետ


խոսակցությանն ու չի վախենում նրա հնարավոր նյարդային պահվածքից կամ նոր հարվածից։ Մայր ու որդի մի քիչ էլ մնացին այգում և հեռացան տուն։


~ 8 ~


Արտեմն այդ գիշեր շատ ուշ եկավ տուն, երբ Լիլիթն ու Վարդանն արդեն քնած էին իրենց


սենյակում: Ինչպես, գրեթե անձայն, բացել էր տան դուռն ու ներս մտել, նույն կերպ էլ՝ շատ


զգուշորեն, դուռը փակեց ու կողպեց: Բնակարանում կատարյալ մթություն էր: Դանդաղ հանեց


կոշիկներն ու վերարկուն հագին թողնելով՝ գրեթե թաթերի վրա, զոհին որսալ ցանկացող գիշատչի անձայն քայլվացքով, կամացուկ սողոսկեց հյուրասենյակ: Տուն մտնելուց ի վեր՝ Արտեմը չվառեց թե՛


միջանցքում և թե՛ հյուրասենյակում դրված մոմերից ոչ մեկը: Շոշափելով հասավ բազմոցին ու նստեց: Գլուխն առավ ափերի մեջ ու սկսեց մտածել: Դժվար չէր հասկանալ, որ Արտեմը դիտավորյալ էր այդքան ուշ եկել տուն: Պատճառը հասկանալի էր: Նա գիտեր, որ բանկից գալու էին, հիշում էր


Լիլիթի արտահայտած կարծիքն իր մտահղացման մասին և չցանկանալով այդ թեմայով տհաճ զրույց ունենալ կնոջ հետ, որը հաստատ անխուսափելի էր լինելու՝ կանխավ որոշել էր շատ ուշ գալ տուն, երբ կինն ու որդին հաստատ քնած կլինեին: Նա հաշվարկել էր նաև, որ իր ըմբոստ կինը կարող է և չքնել ու սպասել իր վերադարձին, բայց իր բախտից՝ Լիլիթը խորը քնած էր: Արտեմը


պատրաստվում էր լուսացնել այդ գիշերն ու առավոտյան, եթե հաջողվի, նույն կերպ «փախչել» տնից՝ մինչև Լիլիթի ու Վարդանի արթնանալը: Նա գիտեր, որ այդ անխուսափելի խոսակցությունից


փախչել հավերժ չի կարող, որ դա խնդրի լուծում չէ, որ հակառակը, անգամ կարող է սրանով


Լիլիթին էլ ավելի վատ տրամադրել իր և իր որոշման դեմ, բայց ի՞նչ արած: Համենայն դեպս, այս


պահին, նրա մտքով որևէ այլ բան չէր անցնում, բացի մեկ բանից․ նա հաստատապես չէր ուզում կնոջ հետ հիմա խոսել այդ թեմայով:

Հիմա Արտեմը մտածում էր միայն այն մասին, թե ինչպես շատ վաղ դուրս գա տնից, բայց նաև


կարողանա մի փոքր աչք կպցնել: Նա չէր կարող զարթուցիչ լարել ու միանգամից` երկու պատճառով. նախ, որովհետև առավոտյան դրա ձայնից կարթնանային նաև սենյակում քնած այն երկուսը, և


երկրորդը՝ զարթուցիչը առհասարակ նրա ձեռքի տակ չէր: Լիլիթն այն տարել էր իր հետ ննջասենյակ և Արտեմը հստակորեն չէր պատրաստվում դրա հետևից մտնել այնտեղ: Հանկարծ կնոջն էլ


կարթնացնի ու այս ամենը կգցի ջուրը:

Առհասարակ, Արտեմի այս բոլոր գործողություններին` կողքից նայողին արդարացիորեն


կարող էր, և հաստատապես, կթվար էլ, որ այս մեծահասակ տղամարդը երեխայությամբ է


զբաղված: Նա ինքն էլ էր դա զգում, ընկալում ու ընդունում: Բայց, ինչպես արդեն ասվեց, առնվազն այս պահի դրությամբ նա այլ բան անել ո՛չ կարող էր, և ո՛չ էլ ուզում էր:

Հաշտվելով զարթուցիչի տարբերակի անհնարինության հետ՝ Արտեմը, լավ հասկանալով, որ


ինքնուրույն իր շատ վաղ արթնանալու վրա հույս դնել չի կարող, որոշեց ընդհանրապես չքնել: Նա այդ վիճակում ոչինչ անել չէր կարող։ Փորձեր սուրճ պատրաստել՝ ձայներից Լիլիթին կարթնացներ, գիրք կարդալու համար էլ պետք էր մոմ վառել՝ ճրագից Լիլիթը նորից կարող էր արթնանալ:

– Էս ի՜նչ ապուշ վիճակ է,– ինքն իրեն շշուկով ասաց Արտեմը՝ հոգոց հանելով և լավ ձգելով «ինչ» բառը, և պարզ չէր՝ նա իրեն սա որպես հա՞րց էր տալիս, թե արտահայտվում էր որպես կայացած մի


եղելություն:

Արտեմը գրպանից հանեց տան բանալին, որը տուն մտնելուց մեքենայաբար հետ էր խցկել գրպանն ու սկսեց դա ձեռքից ձեռք փոխանցել։

– Լա՜վ էլ թզբեխ է,– ինքն իրեն հեգնեց Արտեմը, դադար տվեց այդ «խաղին» և գլուխը հենելով


բազմոցի «մեջքին»՝ աչքերով կառչեց առաստաղից, որը, միևնույն է, հազիվ էր նշմարվում մթության մեջ: Նա զգում էր, որ նահանջում է, հանձնվում և դեռ հանդիմանում էր աչքերը փակելուն, բայց մի պահ այլևս չկարողացավ: Հաջորդիվ, նա իրեն հայտնաբերեց մեկ այլ՝ լրիվ անծանոթ մի վայրում: Ինչ-որ


սենյակ էր, որն ուներ մեկ պատուհան: Նա արագ նետվեց դեպի այդ պատուհանն ու ագահաբար նայեց դրանից դուրս: Երկար ժամանակ կատարյալ մթության մեջ գտնվելու պատճառով, միանգամից


աչքերին ընկած արևը` կարծես այրեց դրանք: Արտեմն արագ հետ քաշվեց ու նորից նայեց: Ինչ-որ անհասկանալի, անհավատալի պատկեր էր այդ պատուհանից դուրս: Հեռվում երևում էին Վասիլի Երանելու տաճարն ու Սպասկայա աշտարակը: Արտեմը միանգամից հասկացավ, որ իր առջև մոսկովյան Կարմիր Հրապարակն է:

«Ինչպե՞ս հայտնվեցի այստեղ»,– բարձրաձայն ինքն իրեն հարցրեց Արտեմը, քանզի այդ


սենյակում իրենից զատ ոչ ոք չկար:

Այդ միջոցին ինչ-որ թրխկոց լսվեց: Բանալին ընկավ ցած քնով անցած Արտեմի ձեռքից:


Բանալու՝ հատակին ընկնելու ձայնից, Արտեմը վեր թռավ ու վախվորած նայեց մթության մեջ չորս կողմը՝ հուսալով, որ Լիլիթն այդ թրխկոցից չի արթնացել: Հյուրասենյակում, ամբողջ տանը նույն քար լռությունն էր:

Արտեմը հոգոց հանեց և սկսեց վերլուծել տեսած երազը: Ըստ իրեն՝ դա հստակ նշան էր, որ բնակարանը գրավադրելուց հետո ձեռնադրվող «գործը» արվի ոչ թե այստեղ՝ Հայաստանում, այլ երկրից դուրս: Դե, տրամաբանորեն, այդպես նաև ավելի եկամտաբեր կլինի, եթե ստացվի, թե չէ, ի՞նչ փնտրել այս երկրում ու հիմա։

Արտեմը մյուս գրպանից լուցկու տուփ հանեց ու կամաց վառելով՝ լուցկին դեմ տվեց բազմոցի վերևում՝ պատից կախված ժամացույցին, որ ժամը ճշտի: Լույսը դեռ չէր բացվել, սենյակում կրկին մութ էր, իսկ ժամացույցը ցույց տվեց՝ յոթին քսանհինգ պակաս:

«Տես է, բախտս ոնց բերեց»,– մտածեց Արտեմը,– «հա՛մ քնով անցա, հա՛մ հասցրի էս նշանը տեսնել, հերիք չէ, լավ ճիշտ ժամանակին էլ արթնացել եմ»։

Նա այլևս երկար-բարակ չմտածեց իր հետագա անելիքների մասին: Հատակից վերցրեց ձեռքից ընկած տան բանալին, տեղից վեր կացավ, կրկին ոտնաթաթերի վրա կամացուկ անցավ միջանցք, հագավ կոշիկներն ու հնարավորինս ցածրաձայն բացելով դուռը՝ դուրս եկավ տնից՝ նույն կերպ, շատ զգույշ իր հետևից դուռը կողպելով:

Լուցկու տուփն ու վառած մեկ հատիկ լուցկին մնացին հյուրասենյակի սեղանին։


~ 9 ~


Արտեմի տնից դուրս գալուց շատ չանցած՝ զարթուցիչն արթնացրեց Լիլիթին ու Վարդանին:


Լիլիթը, նկատելով հյուրասենյակի սեղանին մնացած լուցկու տուփն ու հանգած լուցկու հատիկը,


հասկացավ, որ Արտեմը գիշերն եղել է տանը և շուտ հեռացել, որ հետը չառերեսվի: Իր հետ


հանդիպումից` Արտեմի խուսափելու փաստից, Լիլիթն արդեն գրեթե հունից դուրս գալու եզրին էր և ուզում էր բաց թողնել իր հերթական ճառերից մեկը, որի հանդիսատեսն այս անգամ միայն


Վարդանն էր լինելու: Սակայն, նույն Վարդանի վրա հայացք գցելով ու իրենց հյուրասենյակի


սեղանին դրված լուցկու տուփին քարացած կանգնած վիճակում նայելիս` հայտնաբերելով,


Լիլիթը կարծես մի ակնթարթ սթափվեց ու բավարարվեց միայն հոգոց արձակելով: Վարդանին պետք էր նախապատրաստել ու տանել մանկապարտեզ, իսկ Արտեմը, միևնույն է, չէր փախչի:

Որդուն մանկապարտեզում թողնելուց հետո Լիլիթը որոշեց՝ տուն վերադառնալու փոխարեն, քիչ զբոսնել ու մտորել ամուսնու արարքի մասին։Նա գնաց մեզ արդեն ծանոթ այգին, մի փոքր այս ու այն կողմ քայլեց, ապա, ի վերջո, նստեց նստարաններից մեկին ու սկսեց մտորել։ Նա, որքան էլ չէր ուզում ընդունել, բայց կռահում ու հասկանում էր ամուսնու նման պահվածքի հիմնական, գլխավոր պատճառը: Ըստ նրա՝ Արտեմը լարված զրույցի ընթացքում կարող էր կրկին չտիրապետել իրեն և նորից ազատություն տալ ձեռքերին:

«Թեկուզ դա էլ, ինչ ուզում է լինի»,– նստարանից քիչ հեռու վեր խոյացող երկարամյա ծառին


հայացքը հառելով՝ ինքն իրեն տրամադրում էր Լիլիթը,– «ես պետք է ցանկացած գնով նրան


կարողանամ համոզել ու հետ պահել մտածածն իրագործելուց»։

Նա լավ էր հասկանում, որ այդ օրերի Հայաստանում խելացի ու կշռադատված մարդը բանկի հետ գործ չէր ձեռնարկի: Սրանք միայն իրենց իսկ հրամցրած պայմանագրի տերն էին և դրանում ոչ մի տառ անգամ չէին էլ փոփոխելու, եթե հանկարծ ինչ-որ խնդիրներ առաջանային տրամադրված վարկի վճարումների հետ: Տունն էլ ձեռքիցդ կառնեն, քեզ էլ կգլորեն անդունդը։

Լիլիթը մի պահ նայեց ժամացույցին՝ դեռ մոտ մեկ ժամ էլ կար մինչև Վարդանին մանկապարտեզից վերցնելը։ Նա որոշեց մի քիչ էլ քայլել ու գնալ որդու հետևից։

Վարդանի հետ՝ տուն մտնելուց հետո, մայր ու որդի նկատեցին հյուրասենյակի բազմոցին նստած ընտանիքի գլխին։ Սա, նրանց տեսնելով, անգամ չշարժվեց էլ, միայն հայացքը մի կողմ թեքեց։ Միայն փոքր դադար անց՝ Արտեմը, կարծես շարունակելով չնկատել Լիլիթին, որդուց հետաքրքրվեց


վերջինիս որպիսությունից և թե ի՞նչ կար մանկապարտեզում։

– Բան էլ չկար, պա՛պ,– իմիջայլոց ասաց Վարդանն ու լռեց՝ կարծես ինքն իրեն մատնելով, որ հորը ուրիշ ոչինչ չունի ասելու։ Ապա հոր պես փոքր դադար տալուց հետո, մի կարևոր բանի կամ


անելիքի մասին հիշած մարդու ինտոնացիայով ավելացրեց, որ ուզում է բարձրանալ


Կիրակոսյանների բնակարան՝ նրանց տեսնելու։

– Չէ, մնա՛, ինչո՞ւ ես գնում, տղա՛ս։ Երեսդ գրեթե չեմ տեսնում, հապա մի արի գիրկս,– առաջին նախադասությունն ատամների արանքով, իսկ վերջինն արդեն ժպիտով արտաբերեց Արտեմն ու պարզեց ձեռքերը։

Վարդանը մոտեցավ ու նստեց հոր գիրկը։

– Ամեն դեպքում, թող գնա,– վրա բերեց Լիլիթը։

Նա լավ գիտեր, որ Վարդանի տանը մնալը կզսպի Արտեմին, և դրանով իսկ չի կրկնվի նախորդ անգամ պատահածը։ Սակայն, մյուս կողմից էլ, մայրը չէր ցանկանում, որ որդին ներկա լինի


սպասվող, մեղմ ասած՝ ոչ հաճելի զրույցին, սեփական ծնողների միջև։

– Մենք շատ բան ունենք խոսելու,– ավելացրեց նա։

Լիլիթի «թող գնա» ասածի վրա՝ որդուն գրկած Արտեմը, ցուցադրաբար օդում պարզեց ձեռքերը՝ կարծես հասկացնելով, որ չի ստիպում Վարդանին մնալ։ Այդ ժեստի վրա Լիլիթը հոգոց հանեց, իսկ Արտեմն էլ՝ իր հերթին, այդ հոգոցին պատասխանեց խոժոռված դեմքի մի արտահայտություն կնոջ ուղղությամբ ուղարկելով։ Վարդանն իջավ հոր գրկից։

– Բարձրացի Մհեր քեռիենց, կխաղաս, բայց կսպասես մինչև ես կգամ քո հետևից, ինքդ չիջնե՛ս, լա՞վ,– որդուն համբուրելով՝ նրան հանձնարարեց Լիլիթը, ըստ երևույթին, փորձելով կանխել սպասվող վեճ-զրույցի թեժ միջոցին Վարդանի հնարավոր մուտքն իրենց բնակարան։

– Լավ, մամ,– ասաց Վարդանն ու անցնելով միջանցք՝ դուրս եկավ տնից։

Մեկ րոպե չանցած՝ նա արդեն Կիրակոսյանների տանն էր։ Մհերը ներկա չէր, միայն Ջեմմա տատիկն էր տանը։ Այսպես էր գրեթե ամեն օր, քանի որ ավագ Կիրակոսյանն աշխատում էր, իսկ ինքը՝ տիկին Ջեմման՝ ոչ։ Վերջինս զբաղվում էր տան գործերով և շատ էր ուրախանում իր «թոռան» նմանատիպ այցերից, որոնց ժամանակ կարող էր նստել հետն ու մի բանով զբաղվելով՝ ցրվել ու մի փոքր կտրվել տնից։

– Հեքիաթ կարդա՞մ քեզ համար, Վարդա՛ն ջան,– ուրախ-ուրախ հարցրեց Վարդանին նա։

Դրական պատասխան ստանալով՝ նա Վարդանին նստեցրեց բազմոցին, ինքն էլ, պատի


գրադարակից մի հաստ հեքիաթների գիրք վերցնելով, եկավ նստեց կողքին։

– Տեսնենք, տեսնենք էս ինչ հեքիաթներ են, տղա՛ս,– ակնոցը քթի հատվածում միջնամատով ուղղելով՝ արտաբերեց տիկին Ջեմման՝ դեմքը խորասուզելով գրքի մեջ,– տես է, սովետական


ժողովուրդների հեքիաթներ են։ Ահա՛, տաջիկական, էստոնական, ադրբեջանական…

Կանգ առավ ու նայելով Վարդանին՝ զարմանքով շարունակեց․

– Պատկերացնո՞մ ես, տղա՛ս, նրանք հեքիաթներ էլ ունեն, բայց ամենալավ հեքիաթը մեր գլխին, մի երկու հարյուր կիլոմետր այն կողմ են պատմում ու հենց հիմա։

Տիկին Ջեմմային մնար, նա միայն ավելի էր տաքանալու, սակայն նայելով Վարդանի դեմքին ու զգալով, որ փոքրիկը ոչինչ չհասկացավ՝ դադար տվեց ու գրքի էջերը թերթելով՝ վրա բերեց․

– Ահա, հենց այս մեկն էլ կկարդանք հիմա,– մի պատահական հեքիաթի վրա կանգնելով՝ ասաց տիկին Ջեմման ու սկսեց կարդալ։

Վարդանը լսում էր միայն Ջեմմա տատիկի ձայնը, բայց ոչ կարդացածը։ Նրա միտքը այլ բան էր զբաղեցրել։ Նա էլի էր լսել, այլ տեղերից ու այլ մարդկանցից, ադրբեջանցիների մասին ու զգացել, որ այստեղ նրանց չեն սիրում։ Փոքրիկը դեռ չգիտեր ու չէր պատկերացնում, թե ինչ է պատերազմը, և մի անգամ, երբ հորը հարցրել էր դրա մասին, Արտեմը պատասխանել էր, որ դա այն է, երբ երկու ազգ կռվում են իրար դեմ՝ հողի համար։ Ստացվում է, որ Ջեմմա տատիկի ասած հեքիաթը հենց այդ կռիվն է։ Վարդանը հասկանում էր, որ դա սովորական կռիվ չէ, որովհետև երբ դրա մասին խոսք էր գնում, այդ մասին բոլորը միշտ վախեցած աչքերով ու գրեթե լացակումած էին խոսում։ Արտեմը նրան բացատրել էր, որ դա առաջանում է, երբ մի ազգը հարձակվում է մյուսի վրա, որ հողը նրանից վերցնի։ Փոքրիկ Վարդանն այնքան էլ չէր հասկանում, թե ինչու է մեծահասակ քեռիների մի խմբին պետք մյուս խմբից հող խլել, եթե բոլորը կարող են կա՛մ հանգիստ ապրել՝


յուրաքանչյուրն իր հողի վրա, կա՛մ էլ՝ բոլորով հաշտ ու խաղաղ ապրել նույն տեղում։ «Եթե մյուս կողմը հանգիստ իր համար ապրում է, սրանք ինչո՞ւ են հարձակվում»-, մտածում էր Վարդանը,– «եթե հարձակվում են, ուրեմն կարող են նաև վնասել։ Բայց էդ դեպքում ո՞րն է ավելի կարևոր։ Այն, որ ոչ


ոքի ոչինչ չլինի, ու բոլորը լա՞վ լինեն, թե որ մեկը մյուսից հող խլի ու ասի՝ իմն է։ Ի՜նչ հիմար են այս մեծերը։ Ինչե՜ր են անում։ Երանի չէր, որ ոչ ոք չմեծանար, մեծ չդառնար, մնայինք բոլորս փոքր,


խաղայինք իրար հետ, բոլորս իրար սիրեինք։ Այլապես՝ ի՞նչ իմաստ ունի արագիլի երեխաներին


բերելը, եթե նա մի օր պիտի մեծանա ու հարձակվի իր նման՝ ժամանակին փոքր եղած մեկի վրա, որին նույնպես արագիլն էր բերել, որ իր ծնողներն ուրախանան»։

– Եվ նրանք, Վարդա՛ն ջան, ապրեցին ուրախ ու երջանիկ,– հեքիաթն ավարտեց տիկին Ջեմման։

Վարդանն իր մտքերից ուշքի եկավ միայն այս խոսքերի վրա՝ բաց թողնելով ամբողջ հեքիաթը։

«Երանի չէ՞ր լինի՝ բոլորն իսկապես ապրեին ուրախ ու երջանիկ»,– կրկին մտածեց Վարդանը։

– Հեքիաթը դուրդ եկա՞վ, փոքրի՛կ,– հարցրեց Ջեմմա տատիկը։

– Շատ,– ստեց Վարդանը, որն այդ հեքիաթը չէր էլ հասցրել լսել ու ավելացրեց,– Ջեմմա՛


տատիկ, ես երևի արդեն իջնեմ տուն։

– Արդեն գնո՞ւմ ես,– զարմացած հարցրեց տիկին Ջեմման,– իսկ միգուցե մի բան պատրաստեմ, ուտես, նո՞ր։

–Չէ, չէ, պետք չի,– աչքերը տանտիկնոջից փախցնելով՝ կմկմաց առաջարկից նեղված


Վարդանը,– տանը կուտեմ, Ջեմմա՛ տատ։

Վերջին խոսքերը Վարդանը կարծես հատուկ ասաց ու ցտեսություն ասելով՝ դուրս եկավ


շքամուտք։

Արագ իջնելով իրենց դռան դիմաց՝ նա տան ներսից աղմուկի, բղավոցի ձայներ լսեց։ Հայրն էր կրկին գոռում։ Վարդանը միայն այդ պահին հիշեց, որ մայրն իրեն պատվիրել էր ինքնակամ


չվերադառնալ տուն ու սպասել, երբ նա ինքը կգա նրա հետևից։ Բայց տղան արդեն իջել էր, չէր կարող նորից գնալ Ջեմմայենց տուն, տգեղ բան կստացվեր։ Ի վերջո, փոքրիկն իրեն հավաքեց ու բացեց դուռը, որը գնալիս իր հետևից չէին կողպել։

Լիլիթը կուչ էր եկել հյուրասենյակի մի անկյունում և ձեռքերով մերթ մարմինն ու մերթ դեմքն էր պահում ամուսնու հարվածներից։ Արտեմը կարծես ինքն իրեն լրիվ կորցրել էր։ Նա Վարդանին բոլորովին անծանոթ, բայց ենթադրաբար շատ վատ բառերի ու բառակապակցությունների շարան էր դուրս նետում բերանից ու զուգահեռ անկանոն հարվածում էր կնոջը։ Մերթ դեմքին, մերթ մարմնի տարբեր հատվածներին։ Որտեղ պատահեր, առանց նայելու։ Ժամանակ առ ժամանակ Արտեմը գործի էր դնում աջ ոտքն ու խփում կնոջ ոտքերին։ Լիլիթը լալիս էր, խնդրում վերջ տալ, բայց գրեթե ամեն բառի հետ նոր հարված էր ստանում։ Ոտքերին կատարած ամուսնու


աքացիներից հերթականը նրան վերջնականապես կիսականգնած, կուչ եկած դիրքից տապալեց հատակին՝ պատի տակ։ Մինչ Լիլիթը հասցրեց սա գիտակցել՝ ևս մեկ ուժգին ապտակ ստացավ այտին ու ամբողջ մարմնով փռվեց։

– Վարդա՜նը,– միայն դրանից հետո միջանցքին հայացք նետելով ու որդուն նկատելով՝


արցունքների միջից ձգեց Լիլիթը,– դա նորից, նորից կրկնվեց, հիմա՜ր։

Արտեմը դեժավյու ունեցավ՝ շրջվելով ու կրկին տեսնելով որդու արցունքակալած, անօգնական դեմքն իր հետևում։

– Հայրի՜կ,– բղավեց վեցամյա փոքրիկը,– ես ուզում եմ, որ դու մահանաս։

Շպրտելով այս խոսքերը՝ Վարդանը ոչնչի չսպասելով, ողբալով փախավ իր սենյակ ու ինչպես անցյալ անգամվա նույն տեսարանից հետո, այս անգամ ևս կողպեց դուռը։


~ 10 ~


Վարդանը, ամբողջ հաջորդ օրը, խուսափում էր ծնողների հետ առերեսվելուց՝ գրեթե դուրս


չգալով իր սենյակից։ Արտեմը, որին նախորդ օրվա տեսարանին որդու ականատես դառնալն


իսկապես ցնցել էր, անկեղծորեն փորձում էր հայցել Վարդանի ներողամտությունը: Խնդրում էր դուրս գալ սենյակից, խոստանում տանել մի որևէ լավ տեղ՝ խաղալու կամ ժամանակ անցկացնելու, խոսք էր տալիս համեղ բաներ գնել որդու համար: Այդ ամենն ապարդյուն: Սեփական սենյակի


ներսում ծվարած՝ Վարդանն անդրդվելի էր և անգամ մի ծպտուն չէր հանում: Կատարվածի շոկից դեռ դուրս չեկած, մարմնի ցավերը, դրա տարբեր հատվածներում ու դեմքին գոյացած


կապտուկները և վերջապես ամուսնուն արհամարհելով՝ Լիլիթը նույնպես փորձում էր որդուն դուրս հանել այդ «ինքնակամ կալանքից»: Բայց Վարդանը մորն էլ չէր լսում: Լիլիթն ու Արտեմը թեև պատկերացնում էին, թե ինչ կարող է զգալ սենյակում փակված իրենց զավակը հիմա, բայց չէին էլ համարձակվում միմյանց բարձրաձայնել դրա մասին:

Ընդհանրապես, եթե որդու արարքին Արտեմը որևէ կերպ անդրադառնում էր, ապա Լիլիթի


հանդեպ իր կատարած սեփական գործողություններից, կարծես, ոչ էլ ամաչում էր, կարելի է ասել՝ չէր էլ ափսոսում: Հետևաբար՝ շատ սառն ու արհամարհական էր կնոջ հանդեպ:

Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ Վարդանին սենյակից դուրս բերել չի հաջողվի, Արտեմը, ինչ-որ կարևոր անելիք հիշած մարդու հայացքով, նայեց ժամացույցին: Բանկի աշխատանքային


օրը մոտենում էր ավարտին: Արտեմն, իր հերթին, անդրդվելի էր իր որոշման մեջ և ուզում էր


ամեն գնով գործը գլուխ բերել: Բանկիրների՝ իրենց տուն այցից հետո, իրեն բանկից հայտնել էին, որ երկու օր անց որոշում կկայացնեն։ Այսօր արդեն երկրորդ օրն էր, ըստ այդմ՝ նա պետք է մոտենար


մասնաճյուղ։ Վարդանի՝ սենյակում փակված մնալը, անհնարին էր դարձնում Լիլիթին բանկ «քարշ տալը» (ինչպես ինքը՝ Արտեմը, արտահայտվեց մտքում): Այդ դեպքում պետք էր մոտենալ բանկ ու, չմերժվելու պարագայում, բանկիրներին նորից բերել իրենց տուն՝ գործարքը հենց այստեղ


կնքելու: Հենց սա իրագործելու հստակ մտադրությամբ Արտեմը դուրս եկավ տնից:

– Տղա՛ս, հայրդ գնաց, կարող ես սենյակիցդ դուրս գալ,– դռան հետևը կուչ եկած, հեկեկալով ու խնդրական տոնով, սակայն կիսաձայն ասաց Լիլիթն ու վերջում փոքր դադար տալով, համարյա անլսելի՝ հավելեց,– եթե ուզում ես:

Վարդանը կրկին ներսից ձայն չհանեց: Հասկանալով, որ Վարդանին սենյակից հանելու նոր փորձերն այլևս անիմաստ են՝ Լիլիթը դռան տակից վեր կացավ և սրբելով արցունքները, որոշեց պատրաստվել անխուսափելիին:

Նրա համար պարզ էր, որ ամուսնու մտածածը չիրականացնելու համար, վերջինիս վրա


ներազդելու որևէ հոգեբանական հնարքի նոր տարբերակ նա այլևս չունի: Դա հանդիպում էր և կրկին կհանդիպեր ամուսնու կողմից ֆիզիկական ուժի կիրառմանը: Հոգոց հանելով՝ Լիլիթը հանձնվածի հայացքով նայեց հայելու մեջ:

«Պետք է էս կապտուկները ծածկել մինչև դրանց գալը»,– մտածեց նա և գործի դրեց ձեռքի տակ


ունեցած աղքատիկ, ոչ մեծ քանակի ամբողջ շպարը:

Հազիվ էր ավարտել, երբ դուռը թակեցին: Չհարցնելով թակողների ով լինելն ու առանց որևէ բան ասելու՝ Լիլիթն ուղղակի բացեց դուռն ու կանգնեց մի կողմ։

Դռան ետևում կանգնած էին Արտեմը մեզ արդեն ծանոթ բանկիրների այն զույգի՝ Վիգենի ու


Մարատի հետ։ Չափագրման ծառայության աշխատակիցը՝ Գրիգորը, այս անգամ հետները չէր։

Բոլորով ներս մտան։ Վիգենն ու Մարատը, որոնք անցյալ անգամվա պես լրիվ նույն՝ իրենց


պաշտոնական հագուկապով էին, քաղաքավարի բարևեցին տանտիկնոջը։ Լիլիթը, սակայն, սրանց որևէ ձևով պատասխան ողջույնի չարժանացրեց։ Երկու բանկիր, որոնք, ըստ երևույթին,


բնակիչների տներն այցելելիս նման իրավիճակներում շատ էին լինում, ուղղակի մոռացության մատնեցին դիպվածն ու շարժվեցին հյուրասենյակ։ Նրանց հետևից քայլող Արտեմը մի ակնթարթ ջղային հայացք նետեց կնոջ վրա։

– Որտե՞ղ է փոքրիկը, անցած անգամ էլ պարտեզում էր, էդպես էլ չտեսանք նրան՝


ծանոթանայինք,– հանկարծ, լրիվ անսպասելի, ժպտալով ու հստակորեն իրավիճակը մեղմելու


ցանկությամբ, բազմոցին հարմար տեղավորվելով, հարցրեց Վիգենը։

Ամուսիններով շփոթահար նայեցին իրար։ Դա չվրիպեց Վիգենի աչքից, ու սա, իրենց այստեղ գալուն նախորդած ընտանեկան վեճը գուշակելով, որոշեց այլևս չձգել ու անցնել գործի։

– Ինչևէ,– ասաց նա,– սկսե՞նք, պարո՛ն Հովհաննիսյան։

– Սկսենք,– պատասխանեց Արտեմն ու փոքր դադար տալուց հետո, վերջին բառի


վերջնավանկը հատուկ շեշտադրելով, հավելեց,– ու ավարտե՛նք։

– Շատ լավ,– ասաց Վիգենն ու դիմացը նախօրոք դարսած փաստաթղթերի կույտից մի քանիսն


առանձնացնելով՝ շարունակեց,– տեսե՛ք, պարո՛ն Հովհաննիսյան, բնակարանի վերաբերյալ մեր


գործընկեր Գրիգորի փոխանցած տվյալների հիման վրա բանկն այն գրավադրելու որոշում է


կայացրել՝ դրա դիմաց Ձեզ տրամադրելով հինգ հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որը պետք է վերադարձնեք մոտակա հինգ տարվա ընթացքում՝ մարումները սկսելով հաջորդ


ամսվանից։

– Բայց…,– ասաց ու կանգ առավ անակնկալի եկած Արտեմը։

– Առարկություն կա՞, պարո՛ն Հովհաննիսյան,– վերջապես խոսեց և հիմնականում լուռ մյուս բանկիրը՝ Մարատը, որը որոշել էր մնալ ոտքի վրա։

Երկու բանկիր հարցական հայացքով նայեցին տանտիրոջը՝ սպասելով պատասխանի։

– Խնդիրն առարկելը չէ,– վերջապես շարունակեց Արտեմը,– ամենասկզբում մենք


պայմանավորվել էինք՝ ինձ չմերժելու դեպքում, բանկը յոթից ութ հազար է տալու, ոչ՝ հինգ։

– Դե՜,– հասկանալով իրավիճակն՝ իրեն չկորցրեց, իր գործում հմուտ, աղվեսի տպավորություն թողնող Վիգենը,– դա նախնական էր, պարո՛ն Հովհաննիսյան ջան։ Դուք եկաք, ասացիք՝ տուն կա, էսքան սենյակ, էսքան-էսքան քառակուսի մետր և այլն, և այլն։ Մենք էլ, Ձեր տրամադրած


նախնական տեղեկության հիման վրա, Ձեզ հայտնեցինք, որ հաջողելու դեպքում մոտավորապես կտրամադրվի Ձեր նշած թիվը։ Սակայն Գրիգորի՝ բնակարանը չափագրելուց և տվյալները


ամփոփելուց հետո, բանկը որոշել է, որ տվյալ անշարժ գույքի դիմաց Ձեզ ուղիղ հինգ հազար է հասնում։

– Եթե դեմ եք և եթե ուզում եք, ապա կարող եք հրաժարվել գործարքը կնքելուց,– որպես մի ստուգիչ, վերջին կրակոց՝ հավելեց Մարատը։

Լիլիթը, որ մինչ այդ տանն իր գտնվելու մասին նշաններ ցույց չէր տալիս, հազաց։ Բանկիրները, որոնք, բնակարան մուտք գործելուց ի վեր, արագորեն ըմբռնել էին ամուսինների՝ այս հարցում


հակասական տրամադրությունները, միանգամից հասկացան այդ հազի իմաստը ևս։

Արտեմը մե՛րթ նայեց կնոջը, մե՛րթ այդ սևազգեստներին և մի պահ գլուխը կախելով ու ձեռքերն


իրար մեջ առնելով՝ ի վերջո ասաց.

– Թող լինի հինգ հազար։ Եկեք շարունակենք, պարոնա՛յք։

Այդ պահից Լիլիթը, իրեն ուղեկցող երեք հայացքի ներքո, դուրս եկավ հյուրասենյակից՝ կարծես հասկացնելով, որ այլևս իրեն հետաքրքիր չէ։

Եվս մեկ անգամ որդուն ձայն տալով ու սենյակից կրկին պատասխան չստանալով՝ Լիլիթն ուզում էր մտնել իր և ամուսնու ննջասենյակ, սակայն կանգ առավ։ Դեռևս առաջին ապտակի դրվագից հետո ամուսիններն առանձին էին քնում։ Լիլիթը որդու հետ նույն սենյակում, իսկ Արտեմն իրենց ննջարանում կամ հյուրասենյակում։ Այդ պատճառով, չուզենալով պառկել կամ նստել իրենց


ամուսնական մահճակալին, Լիլիթը իրենց ննջասենյակ մտնելու փոխարեն մտավ լոգարան ու


փակվեց այնտեղ։

Այդ պահին՝ այդ տանը, կարծես արդեն երկու «ինքնակամ բանտարկված» լիներ։

Լիլիթի մոտ ժամացույց չկար, և նա չիմացավ, թե հյուրասենյակից իր դուրս գալուց հետո


որքան տևեց ամուսնու ու բանկիրների հետագա զրույցը։ Սակայն, որոշ ժամանակ անց,


միջանցքում լսված ոտնաձայներից հասկացավ, որ տանը գտնվող երեք տղամարդիկ այդ պահին զուգարանի դռան առջև են։

«Արտեմին ստորագրությունս է պետք, քանի որ առանց դրա գործարքը չի լինի։ Ու հիմա


անինքնասերի պես սրանց էլ բերել ու կանգնեցրել է էս դռան առաջ, որ ամոթից դուրս գամ


ստորագրելու»,– մտածեց Լիլիթն ու բացարձակ չսխալվեց իր ենթադրություններում։

– Լիլի՛թ, երկար մնացիր, դուրս արի՛, ստորագրի՛ր, էս մարդիկ գնան,– միջանցքից լսվեց


Արտեմի ձայնը։

«Ի՞նչ անեմ, ախր»,– մտորումների մեջ տանջվում էր Լիլիթը,– «դուրս չգամ, այստեղից հրաժարվեմ, սկանդալ սարքեմ, սրանց մոտ կխայտառակվենք։ Սրանք էլ հեչ՝ շենքում կխայտառակվենք։ Ինչե՜ր կխոսեն՝ ճիշտ ու սխալ։ Սա էլ էս գիշեր ևս ձեռք կբարձրացնի վրաս, ու եթե գործարքը չկայանա,


կարող է և ծեծել մահու աստիճան»։

Չէր հասցրել մտքում ավարտել վերջին համոզումը, երբ դռան հակառակ կողմից կրկին լսվեց


ամուսնու ձայնը․

– Սիրելի՛ս, դուրս արի՛, ասում եմ։

«Անինքնասեր»,– կրկնեց Լիլիթն՝ ամուսնու ձայնում ակնհայտ նյարդային ջղաձգումները զգալով։

Նա դուրս եկավ և առանց զուգարանի դուռը հետևից փակելու ու ամուսնուն նայելու՝ Վիգենից խնդրեց ստորագրվող փաստաթղթերը։ Շվարած բանկիրը դրանք՝ մի գրիչի հետ միասին, մեկնեց նրան։ Լիլիթը ստորագրեց որտեղ պետք էր ու փաստաթղթերը բանկիրներին հետ մեկնելով՝ կրկին անցավ զուգարան՝ ցուցադրաբար շրխկացնելով դուռը։

Շատ չանցած, միջանցքում այդ երեքի հրաժեշտի խոսակցության հանգիստ տոնայնությունից ու միմյանց շռայլած «շնորհակալություններից», Լիլիթին պարզ դարձավ, որ այդ գործարքն այսուհետ կայացած է։

Բանկիրները դուրս եկան, Արտեմը նրանց հետևից փակեց դուռն ու կնոջ և որդու


«ինքնակալանքն» անգամ չհիշելով, առանց վերջիններիս ձայն տալու, քթի տակ «սա էլ էսպես»


ասելով՝ ինքնագոհ սուզվեց հյուրասենյակ ու դեմքով դեպի պատը պառկեց բազմոցին՝ հույժ կարևոր գործ կատարելուց հետո հանգստանալ ցանկացող մեկի տրամադրվածությամբ ու ննջելու


նպատակով։

Իսկ լոգարանում Լիլիթը սկսում էր կամաց-կամաց ընկալել, որ իրենց ընտանիքը, կարելի է


ասել, այլևս տուն չունի։


~ 11 ~


Այդ օրը՝ երեկոյան, Վարդանն, ի վերջո, դուրս եկավ սենյակից: Նրանից մի քիչ վաղ, հոգեպես մի փոքր հանդարտվելով, իր «բանտախցից» դուրս էր եկել նաև Լիլիթը։ Վարդանը չէր խոսում ծնողների հետ, լսում էր նրանց ասածները, անում էր այն, ինչ իրեն ասում էին կամ իրենից ուզում էին, սակայն չէր խոսում նրանց հետ: Նա չէր տեսել, չէր հասկացել տան՝ փաստացի բանկին


վաճառքի գործարքը։ Նա երեխա էր, նրա խռովությունը կապված էր լոկ երեկ տեսած բռնության ահավոր տեսարանի հետ։

Իրենք՝ Լիլիթն ու Արտեմը, նույնպես չէին շփվում միմյանց հետ: Վարդանի՝ սենյակից դուրս գալուց հետո, միայն մի պահ Արտեմը փորձեց կնոջ մոտ արդարացնել իր արարքը՝


հայտարարելով, որ իր մոտ անպայման ստացվելու է, նա գնալու է Ռուսաստան, այնտեղ «գործ դնի», հաջողի, ու իրենց մոտ ամեն ինչ լավ է լինելու: Սակայն Լիլիթն ամուսնու խոսքերն


անպատասխան թողեց: Այդպես անձայն այս ընտանիքը ապրեց ևս երկու օր: Գումարը ստանալու հաջորդ առավոտյան Արտեմը հապշտապ մյուս օրվա համար գնեց դեպի Ռուսաստանի Սարատով քաղաք ուղևորվող ավտոբուսի տոմս: Լիլիթը չգնաց ամուսնուն ճանապարհելու: Նրանց հրաժեշտը կայացավ տանը, լռության պայմաններում, երբ ոչ ոք չէր ուզում խոսել մյուսի հետ: Մեկնման ժամից ժամ ու կես շուտ, բեռնված ընդամենը մեկ ճամպրուկով, Արտեմը դուրս եկավ տնից: Լիլիթը լուռ ու անդրդվելի էր նաև այդ պահին, սակայն, դուռը դրսից փակելիս, Արտեմը հասցրեց լսել


մանկահասակ որդու չոր՝ «հաջողություն, պա՛պ»-ը…

Միայն տեսած երազով առաջնորդված Արտեմը Սարատովն ընտրել էր՝ իր ասելով, «փոքր


քաղաքում ավելի մեծ հնարավորությունների» առկայության հանգամանքով ու հասնելուն պես,


ժամանակ առ ժամանակ, զանգ էր պատվիրում տուն՝ կնոջը պատմելու իր անելիքներից: Սկզբում Լիլիթը չոր ու սառն էր ամուսնու հետ` ի տարբերություն Վարդանի: Փոքրիկը, չնայած նախկինում տեղի ունեցած ամեն ինչին, կարոտում էր հորը: Մի բան էր՝ խուսափել նրան տեսնելուց, երբ մոր հետ վիճում էր, այլ բան էր՝ նրան ամիսներով չտեսնելը։ Ի վերջո, թե՛ նրանց միջև եղած


հեռավորության պատճառով, թե՛ զանգերի հաճախակիության հետևանքով, ամուսնու հետ խոսելու տոնը փոխեց նաև Լիլիթը: Եղածը եղած էր, հիմա պետք էր հասկանալ, թե ինչ կստացվի այդ


ամենից:

Իր ուժերը բիզնեսում միշտ փորձել ցանկացող Արտեմն անծանոթ քաղաքում բավական


ճարպիկ գտնվեց։ Նա այնտեղ ծանոթացավ տեղացի մի հայի՝ Նորայր անունով մի հասակակցի հետ, որը դեռ սովետական տարիներից ընտանիքով ռուսական այս քաղաք էր տեղափոխվել։


Սկզբում՝ մի որոշակի ժամանակահատված, Արտեմը, այսպես ասած, «անժամկետ հյուրի»


կարգավիճակով բնակվում էր նրանց տանը։ Նորայրն էլ, տանեցիներն էլ ուրախ էին իրենց տանը հյուրընկալել հայաստանցի հայրենակցի, որից առաջին ձեռքից կարող էին իմանալ վերջին


լուրերն իրենց երկրից և ի վերջո, առնել պատմական հայրենիքից իրենց կարոտը։ Արտեմը, արագ կողմնորոշվելով, կրկին՝ ոչ առանց Նորայրի օգնության ու օժանդակության, կարողացավ մի


փոքրիկ շինություն ձեռք բերել և տեղափոխվելով այնտեղ՝ բնակվել դրա սենյակներից մեկում,


մնացած հատվածում էլ իր նորահայտ ռուսաստանահայ ընկերոջ հետ՝ համատեղ, հիմնեց կարի ոչ մեծ արտադրամաս: Կարճ ժամանակում արտադրամասը սկսեց արդարացնել իրեն, առնվազն


այնքան, որ Արտեմը կարողանում էր վարձատրել իր սակավաթիվ աշխատողներին, ինչպես նաև ապրել ինքը և մի փոքր գումար էլ, ամեն երկու շաբաթը մեկ, ուղարկել Երևան՝ այնտեղ թողած իր


ընտանիքին: Սովետական Միությունից նոր անջատված, պատերազմի ու ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի համար այդ՝ կարծես թե ոչ մեծ գումարները, բավական էին ընտանեկան կարիքները հոգալու և քիչ թե շատ նորմալ ապրուստ ունենալու համար:

Հետզհետե Լիլիթը սկսեց փոշմանել ամուսնու հանդեպ նախկինում ցուցաբերած իր


վերաբերմունքից: Նա սկսում էր գիտակցել, որ անկախ ամեն ինչից, Արտեմը ռիսկի գնաց միայն նրա համար, որ ի վերջո իրենց բոլորի համար լավ լինի:


* * *

Արտեմի մեկնելուց գրեթե տարի էր անցել՝ դրսում 1994-ի սեպտեմբերն էր: Եկավ մի


ժամանակահատված, երբ Արտեմը, որ Երևան էր զանգում առնվազն շաբաթը երկու անգամ՝


դադարեց զանգել: Լիլիթն, արդեն երկու օր է, ոչ մի լուր չուներ ամուսնուց: Նա ինքն Արտեմին զանգել չէր կարող։ Թեև արտադրամասում հեռախոս կար, սակայն Արտեմը հեռախոսակայանից անջատել էր տվել դրանով Երևան զանգելու գործառույթը։ Նա գերադասում էր այդ նույն


հեռախոսակայանից միջազգային զանգ պատվիրել: Այդպես իրոք ավելի մատչելի ու հարմար էր ստացվում, քան եթե նա Երևան զանգեր իրենց հեռախոսից: Բացի այդ, նա վախենում էր, որ իր աշխատողները նույնպես կօգտվեն ձեռքերն ընկած այդ «անվճար» հեռախոսից և իր գլխին


լրացուցիչ գլխացավանք կբերեն։

Լիլիթը նրան հաստատ նոր ասելիք ուներ: Վարդանն այդ օրերին առաջին անգամ դպրոց գնաց՝ դառնալով, ընթացող պատերազմում կնքված զինադադարից հետո, երկրի անդրանիկ առաջին դասարանցիներից մեկը:


~ 12 ~


Դպրոցը Վարդանին դուր եկավ։ Նա փոքրուց նման չէր իր հասակակից այլ երեխաներին և աննպատակ դրսում խաղալու փոխարեն, շատ ժամանակ, նախընտրում էր մնալ տանը և լսել, թե ինչ հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ կկարդան իր համար ծնողները կամ Ջեմմա տատը։ Արտեմն ու Լիլիթը վաղուց էին հայտնաբերել Վարդանի մեջ սերը դեպի նորն ու հետաքրքիրը,


դեպի գիտելիքը և կարծում էին, որ իրենց որդին ուսման մեջ իրեն վատ չի դրսևորի։ Ինչպես Վարդանն՝ ինքը, մի քանի օր դասերին հաճախելուց հետո, ասաց Լիլիթին, որ չի համբերում, թե երբ պիտի սովորի հայոց այբուբենը, որ կարողանա հոր պես հետաքրքիր գրքեր կարդալ։ Լիլիթը շատ ուրախ էր


որդու նման ոգևորվածության համար, փոխարենը նա, թեև արտաքուստ Վարդանի մոտ ցույց չէր տալիս, բայց շատ էր անհանգստանում Արտեմի համար, որից ոչ մի զանգ չուներ՝ արդեն գրեթե մեկ շաբաթ։ Փաստը, որ նա չէր կարող ինքը կապ հաստատել ամուսնու հետ և ճշտել վերջինիս


որպիսությունը, լրացուցիչ ցավ էր տալիս նրան։ Սարատովյան հեռախոսակայանից Արտեմը


հետադարձ հեռախոսահամարներ չէր տրամադրել, քանի որ իր կարծիքով դրա անհրաժեշտությունը չկար։ Ի վերջո Լիլիթը գլխի ընկավ՝ իրենց թաղամասի հեռախոսակայանից ճշտել Սարատովի կայանի գլխավոր հեռախոսահամարն, ու զանգ պատվիրեց այնտեղ։ Հեռախոսագծի այն կողմից մի բարակ ձայնով ռուս հեռախոսավարուհի նրանից մի փոքր ժամանակ խնդրեց և ճշտումները կատարելուց հետո հայտնեց, որ Արտեմ Հովհաննիսյան անունով անձը վերջին անգամ իրենց


մոտից դեպի Երևան զանգ է պատվիրել վեց օր առաջ, ինչը Լիլիթն՝ ինքը, լավ գիտեր։ Ըստ


հեռախոսավարուհու՝ դրանից հետո Արտեմն իրենց մոտ չի եկել։

Լիլիթի անհանգստությունն ավելի էր ուժգնանում։ Այդ չարաբաստիկ առավոտյան նա


Վարդանին տարավ դպրոց և Արտեմից զանգի սպասումով հետ եկավ տուն։ Գործողություններ և հոգեվիճակ, որոնք վերջին օրերին սովորական էին դարձել նրա համար։ Եվ ահա տան հեռախոսին զանգ եկավ։

Լիլիթը, որն այս օրերին ցանկացած զանգի ժամանակ ցատկում էր տեղից և նետվում դեպի


հեռախոսը, այս անգամ էլ հյուրասենյակից իրեն շնչակտուր գցեց միջանցք ու վերցրեց լսափողը։

– Ալո, Արտե՞մ,– դողդողացող ձայնով արտաբերեց նա։

– Эмм… Здравствуйте,– լսվեց տղամարդու խռպոտ ձայն այն կողմից։

– Вы кто? – լսելով ռուսերեն խոսք և միանգամից ենթագիտակցորեն մի վատ բան


կանխազգալով՝ էլ ավելի դողացող ձայնով նետեց Լիլիթը։

– Извините, это Ереван, так? Вас из милиции города Саратов беспокоят. Вы Лилит Маргарян? Супруга Артема Ованнисяна?

– Да, говорите,– արդեն գրեթե հեկեկալով՝ ասաց Լիլիթը։

Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա հասկանում էր, որ իրեն Արտեմի հետ կապված ինչ-որ վատ նորություն են ասելու, որն էլ պիտի բացատրեր Արտեմի՝ տուն չզանգելն ու իր մասին


տեղեկություն չհայտնելը։ Բայց, հիրավի, երիտասարդ կինը պատրաստ չէր նրան, ինչ պիտի լսեր վայրկյաններ անց…

– Я представлюсь для начала – оперуполномоченный центрального отдела милиции города Саратов, майор Морозов Дмитрий. Дело в том, госпожа Маргарян… я даже не знаю, как вам сказать это. Несколько дней назад на шоссе в Саратове произошло ДТП, наезд. Машина сбила пешехода. Водитель оставил его и скрылся с места. Того ищут. Эмм… Пешехода на скорой отвезли в больницу. При нём не было документов, что создало нам определённые трудности для установления его


личности. Это заняло несколько дней, прежде чем мы вышли на его ткацкую фабрику, где нашли его документы. Благодаря штампу в паспорте мы и нашли вас. Мы связались с ереванской милицией, но они оставили это трудное дело нам. Их понять можно. Одним словом… Блин… ну, госпожа Маргарян, ваш супруг – Артем, скончался в больнице в тот же день…


* * *

Այս դեպքերին հաջորդած ժամանակահատվածն ամենածանրն է լինում մարդկանց համար, երբ մարդիկ հարազատ են կորցնում: Այս կյանքում ոչինչ չի կարող ավելի ծանր լինել հենց դրա՝ կյանքի մարումից: Դու ինքդ չես զգում սեփական կյանքիդ ավարտը, չես իմանում, չգիտես ինչ է լինելու դրանից հետո: Արտեմի դեպքում, ելնելով երկրային կյանքում նրա բավական աստվածավախ


լինելուց, կարելի է միայն ասել, որ նա դրա ավարտից հետո հաստատ կանգնել է հետագա կյանքի ճամփաբաժանին՝ դրախտի ու դժոխքի դռների առաջ, և հրեշտակապետերն էլ ժողով են արել,


համեմատել յուր լավ գործերը կատարած մեղքերի հետ՝ հասկանալու, թե ուր պիտի ընկնի այս նորելուկ մահկանացուն:

Այլ էր նրա ընտանիքի համար, մարդկանց համար, որոնք զգացին նրա կորուստն ու դեռ զգալու էին երկար․ Լիլիթի համար, որն ի վերջո հավատաց ամուսնուն ու վերջինիս բռնած գործին, հոգու խորքում ինքն իրեն կշտամբեց ամուսնուն այդքան հակառակվելու ու դրա պատճառով առաջացած խնդիրների համար, և որն այդպես էլ չասաց, որ հիմա զղջում է։ Չասաց, թեև ուներ այդ


հնարավորությունը եկող հեռախոսազանգերի ընթացքում: Չասաց… չհասցրեց։

Այլ էր նաև Վարդանի համար, որը, միգուցե, սկզբում բնական, բնազդային լացից ու ողբից


բացի չընկալեր այդ տարիքում, թե հետագա կյանքի համար ինչ կարևոր թել կտրվեց նրա հոգուց։ Սրա ընկալումը, ի վերջո, տարիքի հետ գալու էր Վարդանին:

Գիտե՞ք, սխալ են այն մարդիկ, որոնք կարող են հիմարաբար պնդել, որ երբ նման դեպքը


պատահում է երեխային, նա ամբողջապես չի հասկանում կատարվածը, և ուրեմն դա չարյաց


փոքրագույնն է: Այդ որբացած զավակը մի օր սկսում է մեծանալ: Նա մտնում է կյանք՝ արդեն մի թևը կոտրված: Հոգեբանական տրավմաներն անհաղթելի են, պարոնա՛յք:

Այն, ինչ տեղի ունեցավ, դառնալու էր Վարդանի հետագա կյանքի, այդ նույն կյանքի մասին մտորումների կամ, եթե կուզեք, դրա վերաբերյալ ձևավորված փիլիսոփայության սկիզբը: Այն միանշանակ չէր լինելու հայրակորուստ մանկիկի համար, քանի որ հոր ֆիզիկական կորուստը իր հետևից բերելու էր մի շարք գործողություններ՝ իրենց թողած անդառնալի հետևանքներով ու


պատճառ էր դառնալու մոր և որդու կյանքի որակի անդադար տատանումների:

Հոգեբանական տատանումներից առաջինը պիտի լիներ յոթամյա երեխայի այն գիտակցումն ու հոգին կեղեքող փաստը, որ նա՝ այդ երեխան, մի ինչ-որ պահի, ելնելով դրա հոգեբանական


ազդեցությունից, ցանկացել էր սեփական հոր մահը: Ու բարձրաձայն: Ու հենց հոր մոտ:

Այն պահին, երբ այդ երեխան ներս մտավ ու ականատեսը դարձավ իր ընտանիքում ծեծի


դաժան տեսարանին, նա առանց վարանելու, առանց մտածելու բղավեց, որ կցանկա հոր մահը: Միգուցե դա այդ դրվագում հազիվ դպրոցահասակ մանուկի համար իրավիճակից միակ ելքն էր թվում, բայց հենց ինքն էլ, հաջորդ իսկ րոպեին՝ իր սենյակում փակվելուց հետո, զղջաց


բարձրաձայնածի համար:

Իսկ հիմա, փաստորեն, Վարդա՛ն, քո այդ պահին բղաված ցնորքը դարձավ իրական, ու դու, դո՛ւ, փոքրի՛կս, ողջ հետագա կյանքդ պիտի քեզ մեղադրես նրա համար, որ մի ինչ-որ վայրկյանի կամեցել ես դա: Ուրեմն, դո՛ւ ես մեղավոր կատարվածում: Հոգեբանական տրավմաներն անհաղթելի են, պարոնա՛յք…


~ 13 ~


Դպրոցից տուն հետադարձին՝ մոր սառած դեմքից, փոքրիկ Վարդանը կռահում էր, որ ինչ-որ բան այն չէ։

– Ի՞նչ է պատահել, մա՛մ,– վերջապես հարցրեց տղան։

– Ո… ոչինչ, բալե՛ս,– հնչած հարցից հետո մեքենայաբար որդուն նայելով ու բնազդաբար դեմքը փախցնելով՝ մի կերպ կմկմաց մայրը։

Վարդանը լռեց։ Հարցը չտրվեց երկրորդ անգամ։ Լուռ եկան տուն։ Լիլիթը որդու համար հաց


պատրաստեց, և մինչ փոքրիկը ճաշում էր, իր մեջ վեր ու վար էր անում, թե ինչպես հայտնի լուրը։ Նա ինքն իրեն հազիվ էր զսպում, որ որդու մոտ լաց չլինի։ Լավ էր, որ լուրն իմանալուց անմիջապես


հետո, ինչպես նաև դպրոցի ամբողջ ճանապարհին, նա կարողացավ մի կուշտ արցունք թափել, բայց թեթևանալ, միևնույն է, չէր կարողանում։ Նրա ներսում հարազատ մարդու կորստից առաջացած խեղդող վիշտը, տագնապը, գալիք հոգսերն ու անորոշությունը խառնվել էին իրար։ Դա


զգացմունքների կույտ էր, հույզերի բախում, որը կարծես հանգուցալուծում չուներ։

Վարդանը կերավ, վերջացրեց և խոհանոցի պատի հետևից ծիկրակեց հյուրասենյակի


բազմոցին կուչ եկած մորը։

Այլևս ոչ մի կասկած չկար փոքրիկի մոտ։ Նա համոզված էր, որ ինչ-որ մի վատ, շա՜տ վատ բան է պատահել։ Նա մորն այսպես տխուր ու հուսալքված երբեք չէր տեսել։ Լիլիթը միշտ ձգտում էր որդուց թաքցնել սեփական մտածմունքներն ու հոգսերը, ինչը Վարդանը շատ լավ նկատում ու հասկանում էր, բայց ինչպես ինքն էր մտքում ասում, «սա այն դեպքերից է, որ ես ինձ պետք է երեխայի տեղ դնեմ ու չասեմ, որ զգում եմ նրա մտազբաղությունը, այդպես ավելի շատ կնեղվի»։

Սակայն այս դեպքը դրանցից չէր։ Լիլիթը ակնհայտորեն չէր թաքցնում իր տխրությունը, կամ էլ չէր կարողանում, ուժ չուներ թաքցնելու։

– Մամ, կասե՞ս ինչ է եղել,– թաքստոցից դուրս գալով և մորը մոտենալով՝ հարցրեց Վարդանը։

Կարծես Լիլիթի կապանքներն արձակեին։ Նա հեծկլտաց։ Վարդանը փարվեց լացող մորը։


Դրանից Լիլիթի լացը միայն ավելի ուժեղացավ։ Որոշ ժամանակ այսպես շարունակվում էր, մինչև, ի վերջո, Վարդանը բարձրացրեց գլուխը մոր գրկից ու հարցական հայացքով, անբառ նայեց


վերջինիս։

Լիլիթը դադարեց լաց լինել, պինդ գրկեց որդուն, երկար հոգոց արձակեց, մի պահ դադար տվեց ու ասաց․

– Վարդա՛ն, դու մեծ տղա ես՝ խելացի, ուժեղ։ Մենք պիտի խոսենք, դու պիտի իմանաս


եղելությունը։

Վերջին բառի վրա Լիլիթը կրկին հեկեկաց, ինչը կարծես վիրավոր կատվի մլավոց լիներ։

– Դե ասա, մա՛մ, ինչ էլ եղած լինի, պատրաստ եմ լսել,– ասաց Վարդանն ու փոքր դադար տալուց


հետո, մի քիչ ինքն իր ասածից անվստահ հավելեց,– ու կփորձեմ օգնել, մա՛մ…

Վերջին բառերը Լիլիթի մոտ նոր երկար հոգոցի պատճառ դարձան։ Նա վերջապես խոսեց․

– Վարդա՛ն… շատ վատ բան է պատահել հայրիկին։

– Ի՞նչ։ Գործը չի՞ ստացվել։

– Ո՞ւր էր թե,– կրկին լալով, արցունքախեղդ Լիլիթը վերջապես իր ներսից դուրս նետեց այդ


բառերը,– հայրդ այնտեղ մեքենայի տակ է ընկել, տղա՛ս, նա էլ չկա…

Վարդանը ցատկեց մոր գրկից, սառած հայացքով նայեց նրան, ու երբ արցունքները սկսեցին հորդալ աչքերից, երեսն առավ ափերի մեջ ու ողբալով վազեց իր սենյակը։

Փոքրիկի համար վերապրած ցանկացած սթրեսից հետո բոլորից առանձնանալն ու մի տեղ


փակվելը դառնում էր փրկօղակ-սովորություն…


~ 14 ~


Արտեմի դին Երևան հասավ այդ չարագույժ զանգից միայն մեկ-երկու օր անց։ Լուրն ու դրա պատճառն իմանալուց հետո հարևանությունը, ծանոթները, բոլորը ցնցված էին։ Վարդանի


սիրելիները՝ Կիրակոսյանները, նույնպես շատ էին ազդվել։ Հայաստանի հեռավոր մարզերից


մեկից եկել էին Լիլիթի հայրն ու մայրը։

Երևի թե ճիշտ ժամանակն է պատմել նաև Լիլիթի ու Արտեմի հարազատներից ու բարեկամներից, որոնց մինչ այժմ չենք անդրադարձել։

Արտեմը մանկատան երեխա էր։ Նա այդպես էլ չհասցրեց գտնել իր ծնողներին և, անկեղծ


ասած, երբեք էլ առանձնակի ցանկություն չէր արտահայտում, ջանք չէր դնում դա անելու։ Նա


ընդունել էր իր հետ կատարվածը և հստակորեն որոշել շարժվել առաջ։ Լիլիթն, իհարկե, այս նուրբ թեմայով իր վարկածները երբեք ամուսնու հետ չէր քննարկում, բայց ներքուստ միշտ մտածել է, որ


Արտեմի, ժամանակ առ ժամանակ, նյարդային պահվածքն ու ինքնատիրապետումից դուրս գալը կապված են նաև այս փաստի հետ։ Դե, կրկին Նորին Մեծություն Հոգեբանությունն է այսպես աշխատում։ Ինչքան էլ դու մի որևէ բան մոռանալու, չտեսնելու, չհիշելու տաս՝ միևնույն է, դա ինչ-որ կերպ մի ինչ-որ արարքով, գործողությամբ կամ դրանց շարանով դուրս է գալու հոգուցդ ու արտահայտվի։

Չափահաս դառնալով՝ մանկատնից դուրս գրվելուց հետո, Արտեմը փոքրիկ բնակարան ստացավ, իսկ ամուսնանալուց հետո, օգտագործելով իր հիրավի ճարտար լեզուն, կարողացավ սովետական մեծ, սակայն արդեն երերող կայսրության տեղական պատկան մարմիններից պոկել ավելի մեծ բնակարան՝ քաղաքի համեմատաբար նոր թաղամասերից մեկի մի շենքում։

Լիլիթին նա տեսել էր վերջինիս համալսարան հաճախելու ժամանակ, միանգամից սիրահարվել, հետապնդել ու զրույցի բռնվել այնքան, որ, ի վերջո, երիտասարդ, գյուղից քաղաք սովորելու եկած


աղջիկը տեղի էր տվել ու սկսել հանդիպել հետը։ Ինչպես Լիլիթն էր կատակով ամուսնուն ասում․ «Այդ ժամանակ դու ոչ միայն կերար նյարդերս, այլ նաև սիրտս»։ Վարդանի ծնունդը թեև համընկավ հայաստանյան շատ դաժան ժամանակահատվածի՝ ավերիչ երկրաշարժի և շուտով


անխուսափելիորեն սպասվող պատերազմի մեկնարկն ազդարարող շարժման հետ, սակայն ավելի ամրապնդեց զույգի միությունը։ Այս երկուսն իրոք սիրում էին միմյանց։ Հետո միայն Լիլիթն ամուսնու մոտ պիտի նկատեր, իսկ վերջում, ահա, սեփական մաշկին զգար Արտեմի նյարդային


խախտումները, բայց՝ միևնույն է, սիրում էր նրան, Արտեմն էլ՝ կնոջը։

Լիլիթը, ինչպես ասացինք, տարիներ առաջ մարզից եկել էր Երևան ուսանելու։ Բնակվում էր


համալսարանին կից ուսանողական հանրակացարանում։ Նա դեռ չէր ավարտել ուսումը, երբ


Արտեմն իր ձեռքին դրեց ամուսնական մատանին։

Շենքը, թաղամասի ծանոթությունը գալիս էին նրանց տուն՝ հյուրասենյակում, վերջին անգամ, պառկած Արտեմին հրաժեշտ տալու։ Օրերով սարատովյան դիահերձարանի սառցարանում


մնալով, իր ինքնությունը ոստիկանության կողմից պարզելուն սպասող դին, չէր քայքայվել, միայն դեմքն էր այլանդակվել, որը և, սակայն, չէին ծածկել։ Ե՛վ Վարդանը, և՛ Լիլիթն արդեն ուժասպառ էին իրենց ուղեկցող լացից։ Որդին պարզապես նստած էր հոր դագաղի կողքին և չէր ուզում


հեռանալ այդտեղից։ Անգամ նրա սիրելի Ջեմմա տատը չէր կարողանում համոզել փոքրիկին այլ տեղ նստել կամ առհասարակ դուրս գալ հյուրասենյակից։ Բոլորն էլ հասկանում էին փոքրիկի


հոգեվիճակն ու, ի վերջո, որոշեցին նրան ձեռք չտալ։

Տղան, մերթընդմերթ՝ քթի տակ, խոսում էր ինքն իր հետ, բայց անընդհատ հայացքը դեպի հորն ուղղելուց կարելի էր հասկանալ, որ հոր հետ է «զրուցում»։ Շրջապատն իհարկե նրան չէր լսում, սակայն հենց այստեղ, հոր հետ այս «զրույցներից» իսկ Վարդանը սկսել էր ինքն իրեն մեղադրել նրա հետ կատարվածի մեջ՝ վերհիշելով ամիսներ առաջ բղաված իր արտահայտությունը։ Սա դեռ երկար հանգիստ չէր տալու մեծացող երեխային։

Լիլիթը հիմա էլ կուչ էր եկել խոհանոցում։ Արցունքներն աչքերից իջել ու սառել էին կնոջ


այտերին։ Ջեմման զրուցում էր հետը, փորձում, այսպես ասած, նրան «չանջատել աշխարհից»։

Համապատասխան օրն ու ժամին, թաղի մի քանի տղաներով, Արտեմին իջեցրին բակ։


Թաղամասը հավաքվել էր գերեզմանոց գնալու համար։ Ավանդույթի համաձայն՝ Արտեմի դին, բակում մի քանի անգամ օդում պտտեցին՝ մինչև գերեզմանատուն շարժվելը։

Տեսնելով դա՝ փոքրիկ Վարդանը մոտեցավ հոր դագաղը բռնողներին, ու ոտքերի մատներին կանգնելով՝ փորձեց ձգվել, բռնել դագաղը, որ ինքն էլ պտտի։ Սակայն հազիվ էր մատների ծայրով հասնում, այն էլ միայն, երբ ցատկում էր։ Մհեր Կիրակոսյանը, պահն ըմբռնելով, մոտեցավ, մի


ձեռքով գրկեց ու բարձրացրեց փոքրիկին, մյուսով ինքն էլ բռնեց դագաղից։ Վարդանը մի լուռ հայացք նետեց նրան ու իր փոքր ձեռքերով, ի վերջո, ամուր բռնեց հոր դագաղից։ Հետո Մհերը պիտի ասեր, որ «դա մեծ, հասուն տղամարդու հայացք էր արդեն»։

Տեսարանն ավելի ուժեղացրեց ներկաներից՝ կանացի հատվածի, աղիողորմ լացը։ Լիլիթը նստել էր հենց հավաքվածների մեջ՝ գետնին։ Այլևս ուժ չուներ կանգնելու։ Հարևանուհիներից մի քանիսը բռնել էին նրան…


* * *

Վարդանը, հիրավի մեծ տղամարդու պես, մասնակցեց հոր հուղարկավորությանը։ Նա


արցունքաքամ էր, այլևս չէր լալիս, սակայն ողջ ընթացքում մնաց փոսի մոտ ու մոտիկից տեսավ ողջ պրոցեսը։ Տղամարդկանցից ոմանք ասում էին, որ այսպես տղան ուզում է մի վերջին անգամ ֆիզիկապես մոտ լինել հորը։ Մհերը ստանձնել էր փոքրիկին հետևելու առաքելությունը, իսկ


Լիլիթը մնացել էր ավելի հեռվում՝ կանանց մոտ։

Այդ օրը մայր ու որդի տուն վերադարձան՝ մտածելով, թե իրենց կյանքի ամենածանր օրն են


ապրել, սակայն կյանքը հետագայում նրանց շատ ու շատ այլ վայրիվերումների միջով էր


անցկացնելու…


~ 15 ~


Արտեմն՝ ինքը, չունենալով մշտական ու կայուն աշխատանք, թույլ չէր տալիս աշխատել Լիլիթին՝ ասելով, որ մենակով կհոգա իրենց բոլորի կարիքները։ Սկզբում Լիլիթը փորձել էր ընդդիմանալ դրան, բայց առաջացած վեճերից հետո, որոնց ընթացքում կրկին նշմարվում էր ամուսնու


նյարդային վատ վիճակը, երբ սա մի քանի անգամ բղավոցների նոպա էր ունեցել, Լիլիթն, ի վերջո, հանձնվել էր և իրեն ամբողջությամբ տվել որդու խնամքին ու դաստիարակությանը։ Արտեմն էլ, ինչպես արդեն նկարագրվել էր, ապրուստի միջոցները հայթայթում էր, ինչպես կամ ումից


կարողանում էր։

Ամուսնու մահից հետո Լիլիթը, օգտագործելով իր կողմից մեկ-երկու օտար լեզվի


իմացությունը, ինչին տեր էր դարձել համալսարանում ուսանելու շնորհիվ, տեղավորվեց


աշխատելու մի փոքրիկ թարգմանչական գրասենյակում։ Աշխատավարձը բարձր չէր, սակայն


բավականացնում էր սննդի ու Վարդանի կարիքները հոգալու համար։

Սակայն, որոշ ժամանակ անց, մոր և որդու դռանը չոքեց մեկ այլ խնդիր։ Մի օր` արդեն


երեկոյան մոտ, նրանց դուռը թակեցին։

– Ո՞վ է,– մոտենալով դռանը՝ հարցրեց Լիլիթը։

– Մենք ենք, տիկի՛ն Մարգարյան…

Ձայներն այնքան ծանոթ թվացին Լիլիթին, սակայն չկարողացավ մտաբերել, թե որտեղից։ Ի


վերջո բացեց դուռը։ Նրա առջև կանգնած էին մեզ արդեն քաջածանոթ բանկիրները՝ Վիգենն ու


քչախոս Մարատը։

– Թույլ կտա՞ք ներս գալ, տիկի՛ն Մարգարյան,– այս անգամ առաջինը հենց Մարատն էլ խոսեց։

– Մտե՛ք,– հստակորեն չուզենալով, բայց ճարահատյալ՝ զույգին ներս հրավիրեց Լիլիթը։

Վարդանը նրանց նորմալ չէր էլ տեսել, բայց միևնույն է՝ այս երկուսին չէր սիրում։ Նա, իհարկե, շատ բան չէր հասկանում այդ գործարքից, բայց գիտեր, որ հենց սրանք են փող տվել իր հորը, որպեսզի վերջինս գնա Հայաստանից։ Հենց այս փաստով էլ պայմանավորված՝ Վարդանը լռելյայն չէր սիրել այս զույգին, և տեսնելով, որ նրանք են եկել, ցուցադրաբար նրանց դիմացով անցավ իր


սենյակ ու կրկին փակվեց։ Այնպես որ, այս երկուսը անգամ չհասցրեցին, ինչպես իրենք ասացին,


«սիրեն երեխային»։

Լիլիթը միանգամից հասկացավ ինչ է տեղի ունենում։ Արտեմի մահից մի քանի ամիս էր անցել, բնակարանի գրավի դիմաց կանոնավոր ու ամբողջական ամսական վճարումների ռեսուրս


Լիլիթը չուներ։ Նա իհարկե չէր մոռացել գրավի մասին և այս ամիսների ընթացքում մոտեցել բանկ ու ինչ-որ քանակի գումարներով մուծումներ կատարել էր՝ մնացած իր եկամուտը պահելով իրենց հոգսերին, սակայն այդ վճարումները կաթիլ էին ծովում։ Այդ այցելությունների ժամանակ Լիլիթին այդպես էլ չէր հաջողվել հանդիպել այս երկուսին, ինչը նա ինքնին փոքրիկ հաջողություն էր


համարում՝ այս իրավիճակում, սակայն դա միամտություն էր Լիլիթի կողմից, ով գիտեր, որ այդ չարաբաստիկ օրն անխուսափելի էր, և ահա սրանք իրենց ոտքով եկան իր տուն։

– Տիկի՛ն Մարգարյան,– հոգոց արձակելով՝ սկսեց Վիգենը,– Ձեզ հետ կատարված այդ


սարսափելի դեպքից հետո մեզ այդպես էլ չէր հաջողվել հանդիպել, խնդրում ենք, նախևառաջ


ընդունեք մեր խորին ցավակցություններն ու զորակցությունը Ձեր վշտին։

Լիլիթը լուռ հատակին էր նայում։

– Սակայն,– շարունակեց Վիգենը,– պետք է խոսենք Ձեզ հետ մի թեմայով, ինչի նյութը, մեզ թվում է՝ ինքներդ եք կռահում։

– Գիտեմ՝ ինչ պետք է ասեք։

– Դե, ավելի լավ, տիկի՛ն Լիլիթ,– գրոհը շարունակում էր Վիգենը,– ուրեմն հասկանում եք, որ պետք է ամբողջական ու կանոնավոր սկսեք կամ, ավելի ճիշտ, վերսկսեք Ձեր մարումները։

– Ձեր լուսահոգի ամուսնու, այնուհետև Ձեր իսկ մինչ այժմ կատարած վճարումների


հանրագումարը, եթե հաշվենք, կլինի մոտ 600 դոլար ձեր ստացած 5000-ից, որի մի մասն անգամ մայր գումարը չէ, տոկոսադրույքի մարումն է,– ասաց Մարատը,– հասկանում եք, չէ՞, որ մենք, և… հըմ, Դուք, հետ ենք ընկել գրաֆիկից, որին համապատասխան պետք է արդեն ավելի շատ, ես


կասեի, շա՜տ ավելի շատ գումար լիներ վերադարձված։

– Մենք ամեն ինչ հասկանում ենք, տիկի՛ն Լիլիթ,– օգտվելով անորոշությունից, լռություն պահպանող Լիլիթի դրությունից՝ խոսքը շարունակեց մյուս բանկիրը,– նորից ցավակցում ենք Ձեզ և Ձեր որդուն, բայց հասկացե՛ք, սա էլ մեր աշխատանքն է։ Երբ պարոն Հովհաննիսյանը, բնակարանը


գրավադրելով, գումարը վերցնում էր, նրան ոչ ոք դա անել չէր ստիպում։ Հիմա, եթե վճարումները նորմալ չշարունակվեն… դե, հասկանում եք, բանկը բնակարանն առգրավելու է։

Վիգենի այս վերջին ճառը մեծ ցավ պատճառեց երիտասարդ այրի կնոջը։ Եվ ավելի շատ ոչ թե այն պատճառով, որ ինքն իրենով այդ ասելիքը տհաճ էր, այլ այն հիրավի ճշմարիտ էր, որքան էլ


Լիլիթը դա ընդունել չցանկանար։

– Եղավ,– վերջապես խոսեց նա,– ես չեմ մոռացել, լավ եմ հիշում, դա մոռանալ կլինի՞։

Բանկիրները նայեցին իրար։

– Ես կփորձեմ միջոցներ ձեռք առնել,– շարունակեց Լիլիթը,– իսկ հիմա, պարոնա՛յք, խնդրում եմ ինձ ու որդուս մենակ թողնել մեր անիծյալ վշտի հետ։

Վերջին խոսքերը Լիլիթն արտաբերեց հատուկ ջղաձգվածությամբ՝ բանկի աշխատակիցների


դիմաց բացելով տան դուռը։

Սրանք շտապ դուրս եկան՝ ոչինչ չասելով, և միայն արդեն աստիճաններով իջնելիս, Վիգենը,


կիսատ-պռատ ու հազիվ լսելի, նետեց «ցտեսություն» բառը։


~ 16 ~


Բանկիրների այցը ստիպեց Լիլիթին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Նա դիմեց իր


գործատուին, որտեղ նրան հասկացրին, որ դեռ նոր են աշխատանքի ընդունել, որ իրենից գոհ են, բայց իր հերթին նա էլ պետք է գոհ լինի հայաստանյան այդ ժամանակաշրջանի պայմաններում


աշխատանք ունենալու համար և որ աշխատավարձը այսքան շուտ բարձրացնել չեն


պատրաստվում։

Այս պատասխանը շարունակություն չէր ենթադրում։ Այն ավարտուն էր ու հասկանալի։ Լիլիթը գրասենյակից հուսալքված վերադարձավ տուն և վերցրեց Վարդանին տիկին Ջեմմայի մոտից։ Նա խնդրել էր վերջինիս՝ Վարդանին վերցնել դպրոցից իր աշխատանքի ժամանակ և պահել իրենց


տանը, մինչ ինքը վերադառնա։ Ջեմման էլ, ով տարիքն առած, բարի կին էր, տնային տնտեսուհի, ով իրոք սիրում էր այդ փոքրիկին, սիրով համաձայնել էր այդ հարցում օգնել։

Մինչ Վարդանը դպրոցից հետո ճաշում էր՝ Լիլիթը մտածում էր, թե էլ ինչ կարելի է անել։ Նա


որոշեց դիմել իր հանգուցյալ ամուսնու ընկերներին։

Դե, այստեղ այս բառը իրականում ճիշտ կլիներ ներառել չակերտների մեջ, որովհետև՝ իր


բնավորության համաձայն, Արտեմը քիչ թե շատ մեկի հետ շփում հաստատելուց հետո կարող էր նրան ընկեր անվանել։ Լիլիթն ամուսնու իրերի միջից գտավ վերջինիս նոթատետրը, որտեղից


հայթայթեց Արտեմի ծանոթներից ոմանց տան հեռախոսահամարները։ Նա սկսեց հերթով


զանգահարել ու դիմել նրանց, ում հաստատ տեսել էր ամուսնու հուղարկավորության ժամանակ։ Բոլորը նրան ասացին, որ կրկին անգամ շատ են ցավում եղածի համար, բայց իրենց ընտանիքները պիտի պահեն և օգնել չեն կարող։ Ոմանք էլ հայտարարեցին, որ ժամանակին հենց Արտեմն է իրենցից գումարներ վերցրել, ինչը Լիլիթը շատ լավ էր հիշում։ Նրան ասացին, որ այդ գումարներն այդքան էլ մեծ չէին և ելնելով իրավիճակից՝ իրենից դրանք ետ չեն ուզի։

Դա փոքր-ինչ սփոփեց Լիլիթին, բայց նա կորցրեց գրավի մարման համար գումարներ գտնելու վերջին հույսը։ Նա որոշեց տանը օտար լեզուների մասնավոր պարապմունքներ անցկացնել։


Հաջորդ առավոտյան նա անգամ հայտարարություն տպել տվեց ու կախեց թաղամասի բոլոր


հնարավոր տեսանելի հատվածներում։ Բայց՝ ապարդյուն։ Հազիվ իրենց երեխաներին դպրոց տված,


սոցիալապես ոչ լավ պայմաններում բնակվող մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ մասնավոր


պարապմունքների ուղարկել իրենց երեխաներին, որքան էլ որ դա ցանկալի և անհրաժեշտ լիներ։


Եղան մի քանի զանգ, բայց այդ ծնողներն էլ Լիլիթի հետ համաձայնության չեկան՝ նրա


առաջարկած վճարի հարցում։

Հույսը կորցրած, թևաթափ Լիլիթը որոշեց երկրորդ աշխատանք գտնել, սակայն այստեղ էլ


չհաջողեց։ Բոլոր տեղերում, ուր դիմում էր՝ կա՛մ առաջարկվող աշխատանքի դիմաց աշխատավարձը չէր գոհացնում, կա՛մ էլ՝ նրանից պահանջում էին ավելի շատ աշխատաժամանակ, ինչի


պատճառով կարող էր զրկվել թարգմանչական գրասենյակում հազիվ գտած իր


զբաղվածությունից, որն, ի տարբերություն մնացածի, իրոք նրա սրտով էր և սիրով էր անում։

Այսպես մի քանի օր Լիլիթն այս ու այն կողմ վազվզեց, կատարեց մի շարք փորձեր, բայց


հաջողության չհասավ։ Գրասենյակի տված նույնիսկ ամբողջական աշխատավարձը գրավի մարման վարկի մեկ ամսվա վճարից քիչ էր, մինչդեռ ապրել էր պետք։ Ի վերջո Լիլիթը դիմեց մարզում ապրող իր ծնողներին։

Նրանք գյուղատնտեսությամբ զբաղվող, համեստ ապրող, հասարակ մարդիկ էին, որոնք սակայն


իրենց հայթայթածից՝ «սև օրվա» համար, որոշակի գումար էին թողել։ Նրանք չմերժեցին իրենց


դստերը և ամբողջ գումարը՝ Երևան եկող մի ծանոթի հետ, ուղարկեցին նրան։ Դա բավականացրեց


երեք ամսվա ամբողջական վճարման։

Լիլիթը որոշեց, որ ամաչելու ժամանակը չէ և դիմեց նաև իրենց հարևան Կիրակոսյաններին։ Վերջիններս տեսնում էին Լիլիթի վիճակը, Վարդանն էլ իրենց համար հարազատ թոռան պես էր։ Մհեր Կիրակոսյանը համաձայնեց տալ մեկ ամսվա գումարը։ Այդ մեկ ամսվա ընթացքում Լիլիթը


շարունակեց գումար գտնելու այլընտրանքային ճանապարհների փնտրտուքը, փորձեց կրկին


երկրորդ աշխատատեղ գտնել ու էլի չստացվեց։ Երկրորդ անգամ Լիլիթը Կիրակոսյաններին չդիմեց։ Արդեն ամաչեց։ Այսքանից հետո մղձավանջը նորից պիտի սկսվեր։ Ծնողներին դիմել այլևս չէր կարող, այլ գումար նրանց մոտ չկար, և բացի դա, մի բան էլ նրանց վնաս տվեց։ Լիլիթը հոգեպես և ֆիզիկապես ուժասպառ էր եղել։ Երիտասարդ կինը հանձնվեց ու դադարեց վճարել։

Երկու ամիս անց փոստատարը բանկից ծանուցագիր մեկնեց նրան։

Բանկում նա չհանդիպեց իրեն արդեն ծանոթ Վիգենին ու Մարատին։ Կառավարիչն էր կանչել ու նրա հետ շատ սառն էր խոսում։ Երկար ու բարակ, իրավաբանական տերմիններով և տարբեր այլ ձևակերպումներով ներկայացրեց այն իրավիճակը, որում Լիլիթն ու որդին հայտնվել էին և որին քաջածանոթ էին։ Կառավարիչը հայտարարեց, որ եթե վճարումները չեն շարունակվելու, ապա


այսինչ օրն ու այսինչ ժամին մայր ու որդի պետք է դուրս գան բնակարանից, ինչից հետո այն


դառնալու էր բանկի սեփականությունն ու ենթակա էր լինելու դրա կողմից տնօրինման։

– Ծանոթացեք այս ամենին նաև այստեղ ու եթե առարկություններ չունեք՝ ստորագրեք, խնդրում եմ,– երկու թղթից բաղկացած մի փաստաթուղթ Լիլիթին մեկնելով՝ իր երկար խոսքը


ավարտեց կառավարիչը։

Առարկություններ… դրանք Լիլիթի մոտ այնքա՜ն շատ էին, որ կարելի կլիներ դրանցով մի ամբողջ «բողոքի գիրք» գրել։ Բայց այդ առարկություններից բացի Լիլիթը ոչ մի այլ բան չուներ։ Փորձել էր


բոլոր հնարավոր տարբերակներն ու հիմա նրան իրապես թվում էր, որ այլևս այս չարաբաստիկ


իրավիճակի դեմ պայքարելու հնար ինքը չունի։

Լիլիթը ստորագրեց փաստաթուղթն ու հետ մեկնեց ինքնագոհ հայացքով նրան զննող


կառավարչին։

Ինչպես և փասթաթղթով համաձայնեցվել էր՝ նշված օրն ու ժամին, Լիլիթն ու Վարդանը դուրս


եկան բնակարանից։ Նրանց ժամանակ էր տրվել նոր բնակատեղի գտնելու համար, որ փողոցում չհայտնվեն։

Այստեղ էլ մորն ու որդուն օգնեցին նրանց այդքան հարազատացած Կիրակոսյանները, որոնք մեծահոգաբար ետ չուզեցին անգամ այն մեկ ամսվա վճարման գումարը, որ տվել էին Լիլիթին։

«Մեկ-մեկ, իրոք, լավ մարդիկ կարող են պատահել կյանքում»,– կարող էր փիլիսոփայորեն


մտածել Լիլիթը, եթե ժամանակ ունենար։ Նրանք տեղափոխվեցին Կիրակոսյան Մհերի՝ քաղաքի կենտրոնում գտնվող, երկրից բացակայող մի բարեկամի բնակարան, որը Հայաստան պետք է


վերադառնար դեռ մի քանի ամսից։

Հենց այդ մի քանի ամիսն ուներ Լիլիթը՝ իր և որդու համար, վարձով նոր բնակարան գտնելու


համար։


~ 17 ~


Կյանքը Երևանի կենտրոնում դուր եկավ և՛ մորը, և՛ որդուն: Այլ բան էր՝ որպես Երևանի բնակիչ ժամանակ առ ժամանակ լինել քաղաքի կենտրոնում, և բոլորովին մեկ այլ բան՝ այնտեղ թեկուզ կարճ ժամանակով, բայց հիմնական բնակվելը:

Իրենց նոր, ժամանակավոր բնակարանը նախկինի պես մեծ չէր՝ մեկ սենյակով պակաս էր, բայց դա խնդիր չհանդիսացավ մոր ու որդու համար։ Արտեմի հետ կատարված դեպքերից հետո նրանք սովորել էին միասին մեկ ննջասենյակում քնել։ Փոխարենը կար բաց պատշգամբ, ինչը բացակայում էր հին թաղամասի իրենց տանը։ Այդ պատշգամբից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Երևանի կենտրոնական փողոցները, և Վարդանը հաճույքով ժամերով նստում էր այնտեղ ու նայում դուրս։ Դա կարծես հանգստություն էր բերում նրան։

Երկիրը նոր-նոր էր թևակոխել հետպատերազմական փուլ, կենսական ցանկացած ոլորտում խնդիրները բնակչության համար շարունակվում էին, սակայն՝ մյուս կողմից, մարդկանց լավ


ապագայի հույս ու հավատ էր ներշնչում Արցախում տարած հաղթանակը: Այս ամենի ֆոնին


Երևանի կենտրոնն անգամ այն տարիներին կարծես մի փոքրիկ կղզյակ լիներ, որտեղ ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ էր, քան մնացյալ ամբողջ երկրում․ խանութներում կարելի էր ավելի շատ բան և ավելի հեշտ գտնել, քան ծայրամասերի վաճառակետերում։ Տարբերությունը զգացվում էր նույնիսկ


կենտրոնի փողոցներով երեկոյան զբոսանքներին, որոնց ամեն օր Լիլիթն իր հետ տանում էր


Վարդանին: Քաղաքի այս հատվածն անհամեմատ ավելի մարդաշատ էր։ Շատ էին պատահում նաև Վարդանի տարեկից երեխաներ, որոնք նույնպես շրջում էին իրենց ծնողների հետ։ Վարդանը նրանց հետ խաղով էր անցնում, ընկերանում, ձեռք բերում նոր ծանոթներ: Ծնողներն էլ, իրենց հերթին, զրույցի էին բռնվում Լիլիթի հետ:

Այսպես, այս երկուսը կարծես փորձում էին մոռացության մատնել ոչ վաղ անցյալում իրենց հետ պատահածը՝ հոգու խորքում շատ լավ հասկանալով, որ այս հարաբերական հանգիստը


ժամանակավոր է։ Լիլիթը որդուն շատ չէր մանրամասնում, բայց աշխատանքից ամեն օր խնդրում էր վաղաժամ դուրս գալ, ու մինչ Վարդանը երկարօրյա դասաժամերին էր մասնակցում,


շարունակում էր նոր վարձով տան փնտրտուքները: Լիլիթը բնակարան էր փնտրում քաղաքի բոլոր հատվածներում, սակայն, քանի որ նա տեղափոխվելուց հետո չէր փոխել որդու դպրոցը և իր


աշխատատեղը, որոնք գտնվում էին իրենց հին թաղամասում, Լիլիթը ստիպված էր վարձակալության հիմնական տարբերակները դիտարկել հենց այնտեղ: Կարելի է ասել, որ նրանք կենտրոնում


պարզապես արթնանում էին, ապա երեկոյան մի փոքր զբոսնում այնտեղ ու քնում, իսկ օրվա մեծ մասը, միևնույն է, անցկացնում էին իրենց հարազատ ծայրամասում: Թե՛ ֆիզիկապես, և թե՛


հատկապես՝ էմոցիոնալ առումով, քաղաքի այդ հատվածի հետ կապը, շփումը չէր դադարում անգամ կենտրոնում բնակվելով: Լիլիթը հասցրել էր բազմիցս նկատել Վարդանի էմոցիոնալ ապրումներն՝ ամեն անգամ դպրոց հասնելիս, երբ երթուղային տրանսպորտն անցնում էր իրենց նախկին շենքի


մոտով: Այդ ամենի հետ հանդերձ՝ Վարդանի ուսման վայրը չփոխելը Լիլիթը ճիշտ որոշում էր


համարում: Նա գտնում էր, որ փոքրիկն առանց այդ էլ շատ ապրումներ ու ցավեր ունեցավ վերջին ժամանակահատվածում, որ մի հատ էլ փոխեն նրա դպրոցն ու նա ստիպված լինի նորից մերվել նոր շրջապատին ու նորից ձեռք բերել նոր ծանոթներ: Վարդանը, չնայած իր փոքր տարիքին,


կարծես նույնպես հասկանում էր դա և երախտապարտ էր մորը, որ նրան ազատեց գոնե այդ մի նոր փորձությունից: Այո, հիրավի, երեխային բարդ էին տրվում ամենօրյա այցելություններն այն թաղամաս, որտեղ նա ծնվել էր։ Հատկապես, երբ ավտոբուսն անցնում էր իրենց շենքի կողքով: Ամեն անգամ փոքրիկ Վարդանին թվում էր, թե ուր որ է այդ կանգառում հայրը պիտի բարձրանա այդ ավտոբուս և շարունակի ընթացքն իրենց հետ: Այդ դեպքերը, ապրումները, մտքերը, որոնք Վարդանը


նախընտրում էր պահել իր ներսում, էլ ավելի էին պարփակել այդ փոքրիկ, փակ մարդուն…


~ 18 ~


Մի հերթական աշխատանքային օր, սովորականի պես աշխատանքից հետո մի նոր վարձով


բնակարան նայելիս և կրկին սովորականի պես՝ կա՛մ հենց բնակարանին, կա՛մ դրա


վարձակալության համար տանտիրոջ կողմից պահանջվող գումարի չափին հավան չլինելով,


Լիլիթը որոշեց օգտվել Կիրակոսյան Ջեմմայի վաղուց արած հրավերից և որդուն դպրոցից վերցնելով՝ ուղևորվեց նրանց բնակարան՝ իրենց նախկին շենք:

Ինչպես արդեն նշվել էր՝ մայր ու որդի այդ թաղամասը լքելուց հետո, վերջին երկու-երեք ամսվա


ընթացքում, գրեթե ամեն օր, անցնում էին այդ շենքի մոտով, ամեն մեկն իր ձևով և իր ներսում վերհիշում տեղի ունեցածը, կրկին վերապրում ոչ այնքան հաճելի հույզեր, ու յուրաքանչյուրը նախընտրում էր չկիսվել ու պահել իր ներսում։ Բայց կար մի «բայց», ու այդ «բայցը», հիրավի, մեծ տարբերություն էր մտցնում այս ամենի մեջ։ Նրանք կենտրոն տեղափոխվելուց հետո՝ այդ ամբողջ ընթացքում, չէին եղել


իրենց նախկին շենքում, հենց ներսում։

Երբ թակեցին Կիրակոսյանների բնակարանի դուռը` արդեն երեկոյան վեցն անց էր։ Ամուսինները երկուսն էլ տանն էին ու շատ սիրալիր, անկեղծորեն, մեծ ուրախությամբ ընդունեցին իրենց նախկին հարևաններին, մանավանդ փոքրիկ Վարդանին, որին արդեն երկար ժամանակ է, ինչ չէին տեսել։

– Դե, աղջի՛կս, պատմիր, ինչպե՞ս եք,– վերջապես ասաց տիկին Ջեմման, երբ թեյով լցված սպասքով լի սկուտեղով, միացավ ամուսնուն ու հյուրերին, որոնց հյուրասենյակում նստելուց հետո անցել էր խոհանոց՝ իրենց յուրային հյուրերին թեյն ու ջեմը բերելու։

– Դե… դեռ տուն եմ փնտրում, տիկի՛ն Ջեմմա,– թեթև շփոթահար վրա բերեց Լիլիթը։

– Մի՛ նեղվիր, Լիլի՛թ ջան, եթե պետք լինի՝ նրանց կխնդրենք, որ դուք մի քիչ էլ մնաք այդտեղ,– աղջկա շփոթության պատճառը միանգամից ըմբռնելով ու կարծես փորձելով վերջինիս սփոփել՝ իր հերթին հապշտապ արտաբերեց Մհերը, հաջորդ իսկ վայրկյանին էլ գիտակցելով, որ իր խոսքում ճշմարիտ չէ, քանզի իրենց բարեկամները Հայաստան գալուն պես՝ միանգամից զբաղեցնելու էին իրենց բնակարանն ու հաստատ չէին ցանկանա այն կիսել Լիլիթի ու Վարդանի հետ։

– Հուսով եմ, շատ մոտ ապագայում, ի վերջո, հարմար բնակարան կգտնեմ,– խոսքին զվարթ


երանգներ տալով՝ Լիլիթը փորձեց այդ անհարմար իրավիճակից, ի վերջո, դուրս գալ ու կարծես նորից աշխուժացած՝ հավելեց,– հենց այս թաղամասում էլ փնտրում եմ։

– Ինչո՞ւ,– զրույցին միացավ Մհերը,– կենտրոնում ավելի հարմար չէ՞։

– Դե, հա՜,– քիչ թեթև ու կրկին ամոթխած ձգեց Լիլիթը,– բայց դե, ավելի թանկ է վարձավճարը, քան էստեղ, էլի, Մհե՛ր քեռի։

– Էս ի՞նչ անհարմար հարցեր ես տալիս, տնաշենի մեկը,– իրավիճակը փորձեց թեթևացնել


Ջեմման, ով առանց այդ էլ երբեք առիթը բաց չէր թողնում ամուսնուն կես կատակ, կես լուրջ


«կծելու»,– պարզ չէ՞, որ դրա պատճառով էնտեղ չի նայում, մի քիչ մտածի, էլի։

– Ես ի՞նչ, ես ուղղակի հարցրեցի, վայ,– արդարացավ ամուսինը։

Փոքր դադարից հետո բոլորը ծիծաղեցին։ Հյուրասենյակն անկեղծ ծիծաղով լցվեց, ինչն օգնեց


անցնել, ավարտել հարցուփորձի այդ անհարմար պահը։

– Բա էս մեր ճստլիկը ո՞նց է, հը՞,– այդ ամբողջ ընթացքում լուռ նստած Վարդանի գլուխը


շոյելով՝ հարցրեց Մհերը։

– Լավ եմ, Մհեր պապի՛կ,– ոչ վաղ անցյալի «իր երրորդ տատուն ու պապուն» զննելով, ինչպես ինքն էր նրանց անվանում, ասաց Վարդանն ու ավելացրեց,– արդեն դպրոց եմ գնում։

– Իսկապե՞ս,– փորձելով փոքրիկի մոտ հնարավորինս իրական զարմանք արտահայտել, իբրև թե այդ փաստից տեղյակ չէր՝ հարցրեց Կիրակոսյան Մհերը։

Այդ տոնայնությունը զվարճացրեց Վարդանին։ Մհեր պապիկն այդ հարցը տվեց նույն կերպ, ինչպես հոր հետ բանավիճող, իրենց տուն այցելող գիտակներն էին հորը հարցնում, երբ Արտեմը նրանց համար ինչ-որ անհավատալի բան էր ասում։ Բայց այդ զվարճանքն իսկույն անցավ, քանի որ տղան կրկին հիշեց հորն ու նկատելի մռայլված` պատասխանեց․

– Հա, հենց մի քիչ վերև գտնվող դպրոցն է, առաջին դասարան եմ, տառերն արդեն ավարտել ենք։

Ասաց ու լռեց։ Մհերին պարզ չէր Վարդանի կտրուկ մռայլվելու պատճառը, և նա դա ընդամենը վերագրեց Վարդանի՝ ուղղակի տրամադրությունը մերթընդմերթ փոփոխող մանչուկ լինելուն, ինչպես հաճախ է լինում նրա տարեկիցների մոտ։ Մհերը տեղից վեր կացավ ու, Վարդանին կրկին


աշխուժացնելու ակնկալիքով, վրա բերեց․

– Հլա մի սպասի՛ր, գնամ թուղթ ու գրիչ բերեմ, տամ քեզ, անունդ գրիր, տեսնենք ոնց է


ստացվում։

Ասաց ու մեկ երկար հայացք նետելով կնոջը, իսկ հետո նորից նայելով Վարդանին՝ կատակեց․

– Տես, բալա՛, ես Ջեմմա տատիկին չեմ ասում` գնա բերի, դա շա՜տ վտանգավոր է։ Նման մանր


բաները պիտի տիկնոջիցդ չխնդրես` ինքդ անես, թե չէ կջղայնանա, հա՜։

Բոլորը նորից ծիծաղեցին, Վարդանն էլ նրանց հետ։

Մհերն իր արած կատակից ժպտալով ու Ջեմմային նայելով՝ գնաց ու քիչ անց թուղթ ու գրիչը


ձեռքին վերադարձավ, դրանք հանձնեց Վարդանին ու ասաց․

– Դե՛, քեզ տեսնեմ, տղա՛ս, գրի՛ր անունդ։ Եթե ստացվի, մեր բոլորինն էլ կգրես։

Վարդանը սկսեց դանդա՜ղ-դանդա՜ղ, ծուռ-մռտիկ տառերով, ավելի ճիշտ կլինի ասել, դրանց մասնիկները ծուռ-ծուռ շարելով, գրել սեփական անունը։

Բոլորը կլանված այդ գործընթացին էին հետևում։ Հետո յուրաքանչյուրը փոքրիկին խնդրեց, որ տղան նրա անունն էլ գրի։ Վարդանն ինքն էլ էր խորասուզվել այդ «առաջադրանքի» մեջ ու


տրամադրությունը կրկին բարձրացել էր։ Ակտիվ, կարելի է ասել՝ պատանեկան ժխոր էր տիրում սենյակում այդ պահին։

Ի վերջո, նա բոլոր ներկաների անունները գրեց, բոլորն իր գրածը հավանեցին, նրան գովեցին, գրկեցին, համբուրեցին ու անցան այլ, նորից միայն մեծերին հետաքրքրող թեմաներ քննարկելուն։ Ինքը՝ Վարդանն էլ, վերադարձավ իր հին «կարգավիճակին»՝ կրկին լուռ նստած նրանց էր լսում։

Մի պահ ձանձրանալով՝ նա մյուսներից թույլտվություն խնդրեց գնալ մյուս սենյակ և


ուսումնասիրել այնտեղի փոքրիկ գրադարանի սակավ քանակի մանկական գրքերը, որոնք,


սակայն, ժամանակին արդեն լավ տնտղել էր։ Այդ մասին Մհեր պապիկի դիտարկմանը փոքրիկը


պատասխանեց, որ այն ժամանակ միայն դրանց միջի նկարներին էր կարողանում նայել, հիմա կփորձի իր ուժերով կարդալ նաև գիրը։

– Մեկ է, ձեր մեծական թեմաները ձանձրալի են,– իր խոսքն այսպիսի անկեղծութամբ ավարտեց Վարդանը։

Բոլորը կրկին ծիծաղեցին, ու Վարդանը Ջեմմա տատի ուղեկցությամբ անցավ մյուս սենյակ։


Նրան նկարազարդ հեքիաթներով մի փոքրիկ գիրք տալով՝ Ջեմման վերադարձավ մնացածի մոտ։ Այս երեքը շարունակեցին զրուցել դեսից-դենից։ Բոլորն էլ իրար լա՜վ կարոտել էին ու զրույցի


ժամանակ մի հետաքրքիր թեմայից անցնում էին մյուսին։ Խոսեցին Վարդանի ապագայից,


Կիրակոսյանները նաև հմտորեն փորձ արեցին հետաքրքրվել, թե չի՞ ցանկանում արդյոք Լիլիթը կրկին իր անձնականի մասին մտածել, ինչին ի պատասխան Լիլիթը լակոնիկ պատասխանեց, որ դրա ժամանակը չունի։ Կրկին մի փոքրիկ, անհարմար դադար եղավ, հետո նորից անկեղծ ծիծաղ ու քննարկվեցին այլ թեմաներ։ Խոսեցին անգամ ավարտված պատերազմից։

Ժամանակն աննկատ անցավ, և մի ինչ-որ պահի նայելով պատի ժամացույցին՝ Լիլիթն իր


երբեմնի հարևաններին հայտնեց, որ իրենք արդեն պետք է գնան։

– Վարդա՜ն,– ձայն տվեց որդուն Լիլիթը,– Վարդա՛ն ջան, դե արի Ջեմմա տատիկին ու Մհեր


պապիկին ցտեսություն մաղթի՛ր, գնանք։ Վաղը դպրոց ես նորից, իսկ ես էլ` աշխատանքի։

Ննջասենյակից, ուր Ջեմման տարել էր փոքրիկին, պատասխան չհետևեց։

– Դրան տես է, իբրև թե չի լսում,– վրա բերեց Լիլիթը։

– Սպասի՛ր, աղջի՛կս, գնամ այդ չարաճճիին բերեմ,– ժպտալով ասաց Ջեմման ու տեղից վեր


կացավ։

Վայրկյաններ անց վերջինս իրեն գցեց հյուրասենյակ ու բացականչեց․

– Վարդանը ննջասենյակում չէ։

– Ինչպե՞ս թե ննջասենյակում չէ,– անհանգստացած բացականչելով՝ տեղից վեր թռավ Լիլիթը,– բա ո՞ւր է։

– Զուգարանում նայե՞լ ես, Ջեմմա՛,– հանգիստ ու անվրդով տոնով հարցրեց Մհերը,– երեխա է,


կարող է մեզ մոտ ամաչել է մորն ասի, որոշել է ինքնուրույն, մեծավարի անցնի այնտեղ։

– Հա էլի,– նորից բացականչեց Ջեմման ու հիմա էլ նետվեց զուգարանի դուռը բացելու։

– Այստեղ էլ չէ,– ասաց նա։

– Լավ, բա ո՞ւր է տղաս,– արդեն արցունքն աչքերին, լացակումած արտաբերեց Լիլիթը,– նա ննջարան գնալուց հետո այստեղով չի անցել, ո՞ւր կարող էր գնալ։

– Դուրս է եկել տնից, ահա, դուռը կողպված չէ, – դռան մոտից լսվեց Մհերի ձայնը։

Եռյակն իրեն նետեց շքամուտք։ Կիրակոսյանների բնակարանը, եթե հիշում եք, երկրորդ


հարկում էր, և Վարդանն այնտեղ չէր։ Բոլորը, կարծես միմյանց հրելով, սկսեցին արագ իջնել


սանդուղքներով՝ մտածելով, որ Վարդանն առհասարակ դուրս է եկել շենքից։

Հազիվ հասնելով դեպի առաջին հարկ իջնող աստիճանավանդակին ու նայելով ցած՝ բոլորը


քարացած կանգ առան։

Առաջին հարկում՝ իրենց նախկին բնակարանի դռան դիմաց, լուռ կանգնած էր փոքրիկ Վարդանն ու նայում էր դռանը։ Տղան, ըստ երևույթին, արդեն որոշ ժամանակ այդտեղ էր ու տեղից չէր շարժվում։ Նայելով վեր ու տեսնելով մյուսների՝ միաժամանակ վախեցած, զարմացած, քարացած ու շվարած հայացքները՝ Վարդանն ասաց․

– Մա՛մ, կուզե՞ս մտնեմ մեր տուն ու ծեծեմ հիմա այնտեղ ապրողներին…



~ 19 ~


Վայրկյաններ անց բոլորով կրկին Կիրակոսյանների տանն էին։ Լիլիթը որդուն գիրկն առած ու Կիրակոսյաններին հաշվի չառնելով՝ լալիս էր։

– Լա՜վ, լա՜վ, հանգստացի՛ր, աղջի՛կս, վայ,– Լիլիթին փորձում էր ուշքի բերել Ջեմման,-


կարևորը նրան ոչինչ չի եղել, հիմա հետդ է ու ամեն ինչ լավ է։

– Երևի նորից թեյենք, հը՞,– կնոջը գլխով անելով՝ ակնարկեց Մհերը։

– Հա, հա, հաստատ,– համաձայնվեց Ջեմման,– թեյենք, բոլորով մի հատ հանգստանանք։

Ասաց ու հեռացավ խոհանոց։

Երբ նա կրկին թեյով սկուտեղով, դեժավյու հիշեցնող դրվագով, ներս մտավ հյուրասենյակ,


Մհերը հանկարծ առաջարկեց․

– Փոքրիկ չարաճճի, ո՞նց ես։ Արի նորից գնանք ննջասենյակ, էս անգամ ես քեզ մի լավ հեքիաթ կարդամ։

Սա ասաց ու Վարդանի փոքրիկ ձեռքը բռնելով՝ կնոջ ականջին շշնջաց․

– Ես Վարդանիկին զբաղացնեմ, ցրեմ, դու Լիլիթի հետ խոսի՛ր, թող հանգստանա։ Հաստատ հիմա խոսելու, կիսվելու կարիք ունի։

Ջեմման գլխով ու աչքերով համաձայնության նշան արեց։

– Մհե՛ր քեռի, նրան չթողնեք մենակ,– դեռ արցունքների միջից կմկմաց Լիլիթը։

– Վա՞յ, բա եղա՞վ, այ բալա՛,– քնքշորեն պատասխանեց Մհերն ու Վարդանի հետ հեռացավ ննջասենյակ։

– Շա՞տ է հիշում էն եղած-չեղածները,– Մհերի ու Վարդանի հեռանալուց հետո` գլխով


ննջասենյակի կողմն անելով, Լիլիթին միանգամից, առանց վարանելու հարցրեց Ջեմման ու նստեց նրա դիմաց։

– Հա, Ջեմմա՛ մորաքույր,– անձեռոցիկով արցունքները սրբելով՝ հազիվհազ ասաց Լիլիթը ու, ի վերջո, ինքն իրեն հավաքելով՝ շարունակեց․

– Ինքը շա՜տ փակ երեխա է այս հարցերում։ Դե… ես էլ։ Իրեն թվում է` ես չեմ նկատում, բայց մայր եմ, չէ՞, վերջիվերջո։ Ամեն անգամ դպրոց գալիս ու երեկոյան հետ գնալիս, որ այս հատվածով անցնում ենք՝ ավտոբուսից պլշած դուրս է նայում։ Դա չնկատել կլինի՞։

Լիլիթն ավարտեց ու անսպասելի իրեն նետելով Ջեմմայի գիրկը՝ կրկին սկսեց հեկեկալ։

– Անցյալի հիշողությունները բաց չեն թողնում տղայիս,– ասաց նա,– անցյալինը ո՞րն է, մի քանի ամիս է, էլի, անցել։ Չի կարողանում մոռանալ, ու էս թաղն էլ էդ ամենն` ամեն օր, նրան նորից ու


նորից հիշեցնում է։

– Դե, հա,– հոգոց հանելով ու Լիլիթի գլուխը շոյելով՝ վերջապես խոսեց Ջեմման,– բայց էդպես չպիտի մնա, աղջի՛կս, սա պիտի վերջանա, չէ՞, ախր։ Գուցե տանե՞ս մանկական հոգեբանի մոտ, թող խոսի, զբաղվի հետը։

– Հոգեբանի՞,– կտրուկ Ջեմմայի գրկից ելնելով՝ զարմանքով բացականչեց Լիլիթը,– ի՞նչ կմտածեն մարդիկ։ Չե՞ն ասի՝ Լիլիթի երեխան գիժ է կամ գժվել է, եթե հոգեբանի մոտ է գնում։

– Լսի՜ր, այ աղջի՛կ, դու հիմա պիտի մտածես, թե մնացածն ի՞նչ կմտածեն։ Թքած ունեցիր, հա՛։ Դա էր պակաս։ Ուրեմն, եթե մարդը հոգեբանի մոտ է գնում, որ խոսի իր խնդիրներից` գի՞ժ է։ Դու մեղավո՞ր ես, որ տգետների մի մեծ զանգված հոգեբանին հոգեբույժից չի տարբերում։

Տրտմած Լիլիթը գլուխը կախ լսում էր այդ կնոջը։ Ջեմման դադար տվեց, մի քիչ շունչ քաշեց և շարունակեց․

– Իմացիր, աղջի՛կս, հասարակությունն անհատի գերեզմանն է։ Իսկ թե՛ դու, և թե՛ էդ երեխան՝


անհատներ եք։ Ու եթե դու գերի մնաս նրան, թե այս կամ այն հարցով ինչ կարծիք ունի


մեծամասնությունը, ոչինչ չես կարողանալու անել և ամեն քո ձեռնարկած գործ, որը թեկուզ մի քիչ խիզախություն է պահանջելու, դատապարտվելու է մահվան՝ քո անհատականության հետ


միասին։ Թող ամեն ոք սեփական կյանքով զբաղվի, այ քեզ բան։

Վերջին խոսքերը Ջեմման արտահայտեց երկար հոգոց հանելուց հետո՝ առանձնակի


վրդովմունքով, ինչը Լիլիթին ստիպեց հասկանալ, որ նա այդ ամենն իրոք ամբողջությամբ լուրջ է ասում։

– Լավ, Ջեմմա՛ մորաքույր,– ասաց Լիլիթը,– ասենք թե տարա հոգեբանի մոտ։ Կօգնի՞։ Կամ, որ էդպես նայենք․․․

Ասաց ու կանգ առավ։

– Հը՞,– նրան կարծես փորձեց սթափեցնել Ջեմման,– խոսի՛ր, Լիլի՛թ, մի՛ պահիր ներսումդ,


կիսվի՛ր, աղջի՛կս։

– Դե․․․ Որ էդպես նայենք,– կմկմաց Լիլիթը,– մի հոգեբան էլ ինձ է պետք գալու։

– Է հա՛,– համաձայնվեց Ջեմման,– ի՞նչ է որ։ Բնական է։ Դու էլ դիմիր։ Մհերը, դե, բժիշկ է, իր խորհրդով մի ծանոթ ու իրոք լավ մասնագետ կգտնենք։ Անպայման այցելեք։ Էս ամենը ձեր միջից հանել է պետք, կյանքը շարունակվում է, աղջի՛կս։

Այս խոսքերի վրա, կիսաքնած Վարդանը գրկին, կրկին ներս եկավ Մհերն ու շշուկով ասաց․

– Արդեն իրոք լավ ուշ է, էս ճստոն մի քիչ լսեց, լսեց, հանդարտվեց, ու հեսա-հեսա վերջնական քուն կմտնի։ Հիմա էլ տրանսպորտ հաստատ չի լինի, արի՛, Լիլի՛թ ջան, եկե՛ք, ես ձեզ իմ մեքենայով կհասցնեմ տուն։

Կենսաճոպան

Подняться наверх