Читать книгу Չհաս է - იაკობ ცურტაველი - Страница 1

Ա

Оглавление

ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՍ ՄԱՐԱԼՅԱՆԸ

Նրա տարիքը թեպետ հիսունհինգից անց էր բայց, նա դեռ ժիր և առույգ էր ինչպես մի երիտասարդ և յուր բոլոր գործերի վերա հսկում էր անձամբ: Ամեն առավոտ նա ժամը վեցին արդեն ոտքի վերա էր. նրա ստորադրյալները նույնպես հետևում էին յուր օրինակին, որովհետև Թովմասի խանութները բացվում էին շուկայի մեջ ամենից վաղ և փակվում ամենից ուշ, իսկ այդ բոլոր ժամանակը նա ոտքը խանութից դուրս չէր դնում: Նույնիսկ ճաշելու համար պարոն Թովմասը տուն չէր գնում և այդ պետքը լցուցանում էր խանութում: Հենց այս պատճառով էլ նա շատ ատում էր այն փափկասեր վաճառականներին, որոնք կեսօրին խանութը գործակատարների հույսով թողնելով, շտապում էին իրենց կանանց հետ ճաշ վայելելու: Թովմասը ուզենար էլ այդպես անել՝ չէր կարող, որովհետև յուր բոլոր հաճախորդների հետ նա ինքն էր խոսում և համոզելու վերաբերյալ աննշան գործն անգամ ուրիշին չէր վստահանում: Եվ այդ նրա համար, որ նա, խորը կերպով համոզված էր, թե իրեն նման փորձված ու խելոք դեռ մի ուրիշը չկա: Բայց թե պատահում էր այնպիսի գործ, որի օգուտը գերակշռում էր այն վնասին, որ յուր բացակայության ժամանակ կարող էին հասցնել իրեն յուր գործակատարները, այդպիսի դեպքերում, իհարկել նա կանգ չէր առնում, և փոքրը զոհում էր մեծը ձեռք բերելու համար: Իսկ ինչ խանութների փակելուն և բանալուն է վերաբերում, այդ հանդեսը, իհարկե, նրա ներկայությամբն էր տեղի ունենում, որովհետև պարոն Թովմասը այն կարծիքին էր, որ հավատալը մի թուլություն է, իսկ վստահանալը՝ երկու»:

Երեկոյան տուն վերադառնալով նա դարձյալ զբաղվում էր առևտրական գործերով: Այդտեղ, ճշմարիտ է, ոչ գնողներ կային, ոչ վաճառողներ, բայց մի համարիչ կար, որ օգնում էր նրան յուր ձանձրույթը փարատելու: Ամբողջ ժամերով նա նրա վերա հաշիվներ էր շինում, պլաններ էր սարքում և ապագա գործերի համար ծրագիրներ էր պատրաստում: Այն ժամերը, որոնց նա գործ էր դնում ոչ յուր հաշիվների համար, նա նրանց կորած էր համարում: Այս պատճառով էլ նա դրացու կամ հասարակության գործերով երբեք չէր հետաքրքրվում: Դրանց վերաբերյալ ամենահետաքրքրական նորություններն անգամ նա լսում էր կատարյալ անտարբերությամբ, մանավանդ որ այդ նորությունների մեջ փողի վերաբերյալ հաշիվներ չկային: Յուր տունը այցելող հյուրերն անգամ պարտավոր էին Թովմասի հետ առևտրի և հաշիվների վերա խոսելու, որովհետև նա սովոր չէր ժամավաճառ լինելու այնպիսի խնդիրների համար, որոնք նրան մի դրամական օգուտ չէին տալիս: Շատերը կարող են կարծել, իհարկե, որ այդ տեսակ դատարկ խոսակցություններն էլ մի դրական օգուտ չէին տալ նրան, բայց պարոն Թովմասը այդ կարծիքը չուներ յուր սովորության վերաբերմամբ: Խոսելով այս և այն գործի կամ հաշվի մասին, նա միշտ մի նպատակ ուներ յուր սրտում, այն է լսել զանազան մարդկանց կարծիքները, և այդ զանազան կարծիքներից նա համեմատական օրենքով քաղում էր այնպիսի օգուտներ, որոնք նրան հարկավորվում էին յուր ապագա ձեռնարկությունների ժամանակ: Եվ ահա հենց այս օգուտներն էին, որոնց ձեռք բերելու համար նա չէր խնայում ոչ հյուրի համբերությունը և ոչ ճաշի, ընթրիքի ժամանակը: Իսկ եթե նրա անվերջ հաշվաբանություններից ձանձրանալով էլ բարեկամ մարդիկ չէին հաճախում նրա մոտ, նա բոլորովին չէր տխրում, որովհետև, դրանով կրկին ապացուցվում էր յուր կարծիքի ճշմարտությունը, թե հաշիվներից խոսելը անօգուտ չէ անցնում: Մի քանի մարդ պակաս հյուրասիրելով՝ նույն չափով Թովմասը պակաս կորուստ էր ունենում: Նա էլ յուր տեսակում մի օգուտ էր, որ չպետք էր արհամարհել: Յուր քսանևհինգ տարեկան հասակում երիտասարդ Թովմասը հինգ հարյուր ռուբլուց ավելի դրամագլուխ չուներ: Բայց յուր անխոնջ աշխատության և տքնաջան գործունեության շնորհիվ այս օրվան օրս նա տեր էր երկու հոյակապ տների, մի քանի կրպակների, վարելահողերի և հարյուր հազարից ավելի կանխիկ դրամագլխի, որ նա շահեցնում էր յուր հաջողակ առևտրով: Սակայն չնայելով այս հարստությանը, պարոն Թովմասը չափից դուրս խնայող և մինչև անգամ ժլատ էր: Հենց այս պատճառով էլ նա մինչև յուր հիսունևհինգ տարեկան հասակը ամուրի մնաց: Ճշմարիտ է, նա ամուսնության ընդդեմ չէր և յուր երիտասարդության օրերում շատ անգամ էր մտադրվել ամուսնանալու, բայց ամեն անգամ էլ յուր հաշիվներին վերահասու լինելով՝ նա եկել էր այն եզրակացության, որ դեռ ժամանակը չէ:

– Եթե ես ամուսնանամ, – մտածում էր նա, – գիտեմ, որ շատ կսիրեմ իմ կնոջը, ես չեմ կարող անկատար թողնել նրա և ոչ մի պահանջը, մինչև անգամ եթե նա անիրավ էլ լինի: Բայց դրա համար, իհարկե, իմ կարողությունը դեռ փոքր է. լրացնեմ հիսուն հազարը և այն ժամանակ անպատճառ կամուսնանամ…: Բայց մինչև որ նա կլրացներ հիսուն հազար, վախճանվեցավ նրա եղբայր Անտոնը, որ հազիվ մի տարվա ամուսնացած էր, և թողեց նորատի ամուսնուն աղքատ և այրի, իսկ յուր փոքրիկ Պետրոսին դեռ կաթընկեր որբ:

Թովմասը սիրում էր եղբորը, որովհետև նա մի աշխատասեր մարդ էր (թեպետ մինչև վերջը նրան չներեց, որ նա վաղաժամ ամուսնանալով դժբախտացրեց իրեն), ուստի յուր հովանավորության ներքո առավ իր այրի հարսին և նրա մանկանը:

Չնայելով որ Հռիփսիմեն (այդ էր հարսի անունը) յուր ժուժկալ և խնայասեր բնավորությամբ առաջվանից ավելի չափավոր դիրքում սկսավ պահել տագեր տան ծախքերը, այսուամենայնիվ այն օրից սկսած, որ նա յուր որդու հետ միասին մուտ գործեց այդ տունը, պարոն Թովմասը այլևս անկարելի համարեց յուր ամուսնությունը, որովհետև նա հավատում էր որ տան ծախքը կրկնապատկվել էր – նա պետք է ապրեցներ յուր եղբոր կնոջը և նրա որդուն, իսկ այս վերջինին պիտի ուսում տար, երբ նա մեծանար:

Այս հոգսերը ստիպեցին Թովմասին եռապատկելու յուր ուժն nւ աշխատությունը: Բարեբախտաբար մի քանի դեպքեր նրան այնպես հաջողեցին, որ յոթ, ութ տարվա ընթացքում ոչ միայն հիսուն հազարը, այլև մի քանի ուրիշ տասնյակ հազարներ ավելացան նրա դրամագլխի վրա:

Թովմասը հիշեց յուր խոստումը ամուսնանալու մասին: Բայց այս անգամ ուրիշ արգելք կար նրա դիտավորությունը խափանող – Պետրոսն արդեն մեծացել էր, նա կարդում էր տեր-Արութի մոտ: Միկիթ-բեկը, որ դատարանի մի ծառայող էր, բայց պ. Թովմասի ամենալավ բարեկամը, խորհուրդ տվավ նրան ուղարկել Պետրոսին Թիֆլիսի գիմնազիոնը:

«Նա ուշիմ և ընդունակ երեխա է, – ասաց նրան Միկիթ-բեկը, – և քանի որ փոքր է, պետք է հոգաս նրան այդ հաստատության մեջ ընդունել տալու, մի քանի տարուց ետ դժվարությամբ գլուխ կբերվի այդ գործը և քեզ վերա ավելի ծախք կնստի: Ուղարկիր նրան գիմնազիոն հենց այժմյանից և ոչինչ մի խնայիր նրա ուսման և կրթության համար. Պետրոսի բարեհաջող զարգացումը կկրկնապատկե մի օր քո հարստությունը…

Թովմասը լսեց Միկիթ-բեկին և ոլղարկեց Պետրոսին Թիֆլիս: Հետևապես այն գումարը, որ նա կարծում էր, թե կարող է յուր ամուսնության համար գործադրել, հատկացրեց եղբոր որդուն, իբրև ուսման և ապրուստի թոշակ:

Այսպիսով կրկին անգամ խափանվեցավ պ. Թովմասի ամուսնության գործը, բայց այդ դեպքը մի անախորժ ազդեցություն չունեցավ նրա վերա: Որովհետև Թովմասը հո չէր ուզում ամուսնանալ նրա համար, որ նա մի առանձին կարիք էր զգում այդ բանի մեջ, այլ որովհետև ինքն իրեն խոստացել էր, որ հիսուն հազարատեր ժամանակը կամուսնանա, այսինքն մի որոշ գումար ավելի կծախսե և ահա նա ցանկանում էր, իբրև ազնիվ մարդ, յուր խոստումը կատարել: Բայց որովհետև որոշ գումարը արդեն Պետրոսը խլեց, հարկ չկա ասել, որ էլ ամուսնանալը անկարելի էր, նրան մնում էր նորից ոգևորվել, նորից մեծ աշխատությունների ձեռնարկել, որպեսզի պակասելիք դրամագլխի փոխարենը վերադարձնե և այս ճանապարհով երրորդ անգամ ամուսնության վերա մտածելը հնարավոր անե: Այդպես էլ արավ պ. Թովմասը: Նա ամենայն եռանդով նորանոր գործերի ետևից ընկավ, հանգիստ, ուրախություն, զվարճություն էլ նրա համար չկային: Մի քանի տարի շարունակ նա աշխատում էր և աշխատում էր չարաչար, առանց հոգնելու, իսկ բախտը նրան ժպտում էր շարունակ… Վերջապես նա հասավ այս օրվա երանելի դրության, երբ նա արդեն երկու հարյուր հազարի չափ կարողություն ունի: Նա այդ տեսնում էր հպարտությամբ. բայց դժբախտաբար տեսնում էր և այն, որ տարիները հոլովվել են անզգալի կերպով, այսօր նա հիսունևհինգ տարեկան է և երիտասարդուհիները այլևս նրանով չեն հետաքրքրվում… Թովմասը ինքն էլ զգում էր, որ էլ ավելորդ էր նվիրաբերել Աստղկան յուր գծուծ ընծան… – ինչ անել ուրեմն, – մտածում էր նա, և ապա շատ շուտով գալիս էր այն եզրակացության, որ էլի լավ է հարստանալ, անվերջ հարստանալ:

Բայց ում համար էր ժողովում Թովմասը այս հարստությունը, քանի որ նա ոչ ամուսնանում էր, ոչ յուր բարեկեցության համար էր ծախսում, ոչ կարոտյալներին էր օգնում, ոչ բարեգործության էր նվիրում…

Այդ հարցին, իհարկե, դժվար է պատասխանել, որովհետև նա ոչ ոքի չէր հայտնում յուր գաղտնիքը: Սակավաթիվ բարեկամներից ոմանք այն կարծիքն ունեին, որ իբր թե Թովմասը նախանձում է Մելքոն-աղա Խալաթյանի փառքին և աշխատում է եթե չգերազանցել գոնե հավասարվել նրան:

Ո՞վ կարող էր այս բանի մեջ մեղադրել Թովմասին: Մելքոն-աղա Խալաթյանը համարվում էր քաղաքի մեջ առաջին հարուստը. նա կես միլիոն կարողություն ուներ, նա հասարակական գործերում կշիռ ու ձայն ուներ, նա իրեն դիմող նեղյալներին ամեն ձեռնատվություն կարողանում էր անել, որովհետև նա ազդում էր նույնիսկ պաշտոնական անձանց վերա… Բայց Թովմասը զուրկ էր այս բոլոր առավելություններից և կարծես այդ բավական չէ, դեռ ժողովուրդն էլ Մելքոն Խալաթյանին աղա անունն էր տալիս, իսկ Թովմասին՝ պարոն: Եվ միթե սա վիրավորական չէր: Թովմասի չափ ինքնասիրություն ունեցող մարդը միայն կարող էր մտնել Թովմասի դրությունը և կարեկցել նրան…

Եվ այն օրից սկսած, որ պ. Թովմասը եկավ այն եզրակացության, թե անընդհատ աշխատությամբ կարող է մի օր Մելքոն-աղայի փառքը նսեմացնել, նա էլ դադար ու հանգիստ չուներ: «Թող աստված մահ չտա ինձ այնքան ժամանակ, մինչև որ Մելքոն Խալաթյանին հավասարվիմ իմ հարստությամբ, – մաղթում էր Թովմասը, – այնուհետև եթե մեռնեմ էլ չեմ ցավիլ, որովհետև ժողովուրդը կիմանա վերջապես, որ Թովմաս-աղա Մարալյանը յուր մահից ետ թողեց կես միլիոն կարողություն…»:

Մենք, իհարկե, չենք մեղադրիլ պ. Թովմասին. սա էլ մի նպատակ է, որ ահա, ինչպես տեսնում եք, ունի յուր պաշտողը: Կյանքի վերաբերությամբ մարդկանց հայացքները զանազան են: Կան մարդիկ, որոնք ստամոքսի մեջ են որոնում երջանկությունը, և մարդիկ, որոնք գրպանից դուրս փրկություն չեն ճանաչում…

Բարոյագետներին թողնենք նրանց դատելու իրավունքը, իսկ մենք դառնանք մեր պատմության:

Չհաս է

Подняться наверх