Читать книгу Мое время, или Осенний дневник (на армянском языке) - Григор Енокович Маркосян - Страница 1

Оглавление

ԳՐԻԳՈՐ

ՄԱՐԿՈՍՅԱՆ


ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ

կամ աշնանային օրագիր


Սանկտ Պետերբուրգ

«Սվոյո իզդատելստվո» հրատարակչություն

2017


ББК 84(5Арм)

М26

УДК 821.19

Մարկոսյան Գ.Ե.

М26 Իմ ժամանակը կամ աշնանային օրագիր – ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

«Սվոյո իզդատելստվո» հրատարակչություն, 2017 – 320 էջ

ISBN – 978-5-4386-1421-0


Григор Маркосян

Мое время

или осенний дневник

(на армянском языке)


Издана в издательстве «Свое издательство»


Ստորագրված է տպագրության 01.11.2017 թ., ֆորմատը՝ 60х90/16 Շապիկը՝ կավճապատ 300 գր/մ2, միջուկը՝ օֆսեթ 80 գր/մ2.

Տպաքանակը՝ 1000

«Սվոյո իզդատելստվո» հրատարակչություն (издательство «Свое издательство»)

ՌԴ, 199004, ք. Սանկտ Պետերբուրգ, Ռեպինի փ., 41


ISBN – 978-5-4386-1421-0 © Գ.Ե. Մարկոսյան, 2017



Գիրքը հրատարակվել է Սերժիկ և Ծովինար Ադամյանների կողմից՝ ի նշան հեղինակի հանդեպ հարգանքի և սիրո:


Իբրև սկիզբ.


Այս գրվածքը կարող է անսովոր, նույնիսկ տարօրինակ թվալ իր ձևով ու բովանդակությամբ, կարող են հնացած թվալ նրա լեզուն, ոճը, մտքերը: Պատճառն այն է, որ ես՝ նրա հեղինակը, մի ծեր սկսնակ եմ:

Կարծում էի, թե կարող եմ անտեսել ժամանակի ու փորձի անխախտ օրենքը և նստել ու հեշտությամբ ինչ-որ բան գրել, բայց սխալվեցի: Գուցե այդ է պատճառը, որ այստեղ գերակշռում են ժամանակի մասին մտքերն ու խորհրդածությունները:

Ժամանակն անտեսել անկարելի է, մանավանդ մեծ ու աննախադեպ փոփոխությունների այս շրջանում և մանավանդ ինձ համար, որ հինը մերժեցի, իսկ նորը չկարողացա ընդունել, կարծես թե կանգնեցի երկու դարաշրջանների սահմանին և այն անցնել չկարողացա:

Ինչ արած, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, այդպես եղել է միշտ, այդպես էլ կլինի, ժամանակը շարժվում է և իր հետ փոփոխություններ է բերում, ոմանք ընդունում են դրանք և առաջ են գնում նրա հետ, ուրիշները ետ են ընկնում նրանից:

Մեր ժամանակը շատերին նեղություն ու վիշտ պատճառեց, ինձ էլ բաժին հասավ, բայց այստեղ դրանք որոշակիորեն չկան, այդպես գերադաս համարեցի, կան միայն նրանց արձագանքները որպես ապրումներ, ինչպես որ ժամանակն ինքը չի երևում, երևում են միայն նրա հետևանքները:

Գրվածքը կազմված է տարբեր բնույթի առանձին կտորներից՝ օրագրային գրառումներից, որոնք ներքին կապ ունեն իրար հետ և մի ամբողջություն են կազմում, մանավանդ որ բոլորն էլ ուղղված են իմ աղջկան՝ Գայանեին:

Գրվածքը, ինչ խոսք, զերծ չէ թերություններից, մասնավորապես չափազանց շատ է լրջությունը և չափազանց քիչ՝ պոեզիան: Եթե կարողանայի գրել առանց դրանց, ուրեմն իսկապես կխախտեի ժամանակի ու փորձի օրենքը:

Երբ մտածում եմ թերությունների մասին, հիշում եմ իմ լուսահոգի ընկերոջը՝ նախկին մանկավարժ, դերասան, ճանապարհորդ ու վարսավիր Թելմանին, որը խրատում էր ինձ.

– Երբեք ուրիշներին չխոստովանես թերությունդ կամ սխալդ, անմիջապես կփոխվի մարդկանց վերաբերմունքը, չունեցածներդ էլ վրադ կբարդեն: Մի անգամ մի վրացի, մեկ էլ մի ուրիշ վրացի…,– ու իր միտքը հաստատող որևէ պատմություն էր պատմում:

Բայց ես ահա խոստովանում եմ՝ հուսալով, որ ընթերցողը ամեն ինչի համար ներողամիտ կլինի, գուցե ների ինձ նաև իմ ընկերը:


* * *

Սիրելի աղջիկս.

Ես միշտ ուզում էի ինչ-որ բան գրել քեզ ուղղված նամակների ձևով, բայց չկարողացա, միշտ հետաձգեցի, և ժամանակն անցավ: Հին ճշմարտություն է՝ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Իմ մայրը և քո տատիկը, որի սիրելին էիր դու և որին այնպես հոգատարությամբ խնամում էիր, միշտ հիշեցնում էր այդ մասին: Երբ որևէ մեկը շեղվում էր այդ կանոնից, ասում էր.

– 

Անժամանակ կանչող խորոզ ես:

Այդպիսի խորոզներին սովորաբար գլխատում էին, որովհետև նրանց տարաժամ կանչերը ինչ-որ չար բան էին գուշակում: Կյանքն էլ այդպես պատժում է նրանց, ովքեր հաշվի չեն նստում ժամանակի հետ:

Ես էլ ուշացա, բայց քանի որ շատ էի ուզում ինչ-որ բան գրել քեզ համար, որոշեցի օգտագործել իմ օրագրային հին ու նոր գրառումները, խմբագրել դրանք, որոշ լրացումներ կատարել և ամբողջը դարձնել քեզ ուղղված մի նամակ: Դրանք հիշողություններ են, տպավորություններ ու զանազան խորհրդածություններ՝ գրված առավելապես Ռուսաստանում իմ թափառումների տարիներին:

Ավելի ճիշտ կլինի այդ թափառումներն անվանել կամավոր աքսոր կամ տարագրություն, որովհետև միայն տառապանք ու ցավ բերեցին:

Մեզ բաժին ընկավ մի դժվար ժամանակ ու ծանր ճակատագիր, աղջիկս: Դու ինձ հետ կիսեցիր բոլոր դառնություններն ու միակ սփոփանքս եղար, չնայած քո բացառիկ ազնվությամբ ու բարությամբ ինքդ այդպես խոցելի ես աշխարհի չարության ու կեղծիքի առաջ:

Եվ, չնայած այդ ամենին, չնայած որ ես պատճառ եմ, իսկ դու՝ հետևանք, խուսափեցի այստեղ երախտիքի կամ թողության խոսքերից՝ դրանք համարելով չնչին թատերականություն, որ կարող է միայն վրդովմունք պատճառել քեզ:

Հիշու՞մ ես, երբ մի անգամ հեռախոսով շնորհավորեցի քո ծննդյան օրը, ասացի, թե չանիծես ինձ: Հետո դրա համար էլ զղջացի, որովհետև այդ էլ ինձ թվաց շինծու և վերամբարձ մի բան, թեև չգիտեմ էլ, թե նման դեպքերում ինչ կարող է ասել հետևանքը պատճառին, երախտապա՞րտ լինել իր ակամա ծնունդի և այն մղձավանջի համար, որ կյանք են կոչում:

Գուցե ծայրահեղություն համարես ասածս կամ ցանկանաս առարկել, թե գոյություն ունի որդիական պարտք: Ես գիտեմ, որ բարոյական պարտքն առհասարակ քեզ համար ամենակարևոր բանն է, աղջիկս, բայց համոզված եմ, որ նախ գոյություն ունի ծնողական պարտք, որքանով որ ծնողական մեղք գոյություն ունի:

Այստեղ եղած կցկտուր հիշողություններս հիմնականում վերաբերում են իմ վաղ մանկությանն ու պատանեկությանը: Պատճառն այն է, որ իմ հոգին միայն այդ հեռավոր հիշողություններն են ջերմացնում, իսկ հետագա տարիներս նման են ականապատ դաշտի, ուր էլ ոտք դնես, ցավ ու աղետ է: Այդ տարիները աշխատում եմ չհիշել:

Ինչքան կարողացա, փորձեցի այս գրառումներս կարգի բերել: Աշխատեցի հատկապես ոճի կտրուկությունը մեղմացնել, սակայն տեսա, որ դա էլ ինձ չհաջողվեց: Այն ամեն տեղ ինձ համար չարիք եղավ, և՛ այստեղ, և՛ կյանքում: Բայց ցավալին այն է, որ եթե գրավոր խոսքը դեռ մի կերպ կարելի է ուղղել, ապա ի՞նչ անես արդեն ասված անհարկի խոսքը, ոչ կարող ես ջնջել, ոչ էլ սրբագրել:

Հավանաբար դու այս թղթերի միակ ընթերցողը կլինես, սիրելի աղջիկս, և կարող ես պահել քեզ մոտ: Սակայն պիտի ասեմ, որ սրանցից օգուտ չկա, կարող են և հուսահատեցնել քեզ, ուստի վարվիր նրանց հետ ինչպես ուզում ես:


* * *

Ժամանակը մարում է մանկության ձայներն ու ջնջում պատկերները, բայց որոշ բաներ Տիրոջ ողորմածությամբ մարդուն ուղեկցում են մինչև վերջ: Ահա այդպես կարծես թե հիմա էլ լսում եմ հորս երգելը:

Իմ կարծիքով լավագույն երգը ոչ թե «բաց պատուհանից հեռվից լսածն է», այլ հորս երգը, երբ անասուններին խոտ էր տալիս գոմում, նստում էր օրհնյալ մսուրի մեջ, այն հնամենի սյան տակ, որի վրա խփված էին իր սիրելի եզան եղջյուրներն ու երգում էր:

Նա այնպիսի ձայն չուներ, ոչ էլ այնպիսի հռչակ, ինչպես, ասենք, Պուտպուտենց Համայակը, Մլայենց Պոտոն կամ Խառաշոյենց Գևորը, բայց ինձ համար նա աշխարհի ամենալավ երգիչն էր: Հայրս երգելիս չէր կլկլացնում, ինչպես ուրիշները, չէր թուրքացնում երգը, ինչ-որ ներքին զգացողությամբ զանազանում էր հարազատն ու խորթը:

Աննման էին նրա «Պարզիր, աղբյուր»-ը, «Թե իմ ալևոր հերքս սևնային»-ն ու «Հասան-ղալա»-ն, բայց եթե բարեգութ Աստված երջանկության մի քանի վայրկյան պարգևեր ինձ, կցանկանայի կրկին լսել հորս «Առավոտ լուսո»-ն:

Նա արթնանում էր շատ վաղ և արթնացնում էր մորս, որ տեսած երազը պատմի: Հստակ ու հանգամանալից երազներ էր տեսնում հայրս: Կարմիր ձի էր տեսնում, որ իր հաստատ համոզմամբ մուրազ էր նշանակում և սլանում էր նրանով դեպի Ամերիկա՝ իր չիրականացած երազը, իր եզներն ու սայլն էր տեսնում, երգելով քշում էր սայլը ինչպես երիտասարդ ժամանակ ու իր ձայնից արթնանում:

Նա պատմում էր երկար, մինչև երդիկից բացվում էր լույսը և երբ գոհ էր լինում երազից ու տրամադրությունը լավ, երգում էր «Առավոտ լուսո»-ն.


Առավոտ լուսո

Արեգակն արդար

Առ իս լոյս ծագեա…


Ինչ որ զգում էի այն ժամանակ կամ ինչ որ հիմա եմ զգում այդ առավոտներն ու երգը հիշելիս, խոսքով արտահայտել անհնար է:

Այն ժամանակ ինձ թվում էր, թե աշխարհը լի է բարությամբ ու լույսով, հիմա զարմանում եմ, թե որտեղի՞ց է աշխարհի չարությունը, եթե մարդը կարող է այդպիսի երգ ստեղծել ու այդպես երգել:

Հետագայում ես շատ եմ լսել այդ աննման շարականը հայտնի ու անհայտ մարդկանց կատարմամբ, բայց հորս երգածը ուրիշ էր, երևի այն պատճառով, որ մանկությունն ու հարազատ երդիկի լույսը ուրիշ երգերում չկային: Դա մաքուր զգացմունքների բնական զեղում էր: Նա երգում էր իր պապենական օջախում հենց լույսը բացվելիս ու լույսի մասնակցությամբ, երբ շուրջը խաղաղ քնած էր մեծ գերդաստանը:

Երդիկից թափանցող կապույտ լույսն աճում էր նրա սրտաբուխ երգի հետ, հետզհետե պայծառանում էր կապույտ քառակուսին, որ կարծես թե դեպի հաշտության ու խաղաղության երկնային երանելի աշխարհը տանող մի ճանապարհ էր.


Ընկալ զիս, գթած,

Ընկալ, ողորմած,

Ընկալ, մարդասերդ…


Այդ ապրումները, այդ զգացողությունը ես մեկ էլ ունեցել եմ, երբ հետագայում Էջմիածնի Մայր տաճարում երեկոյան ժամերգություններն էի լսում:

Հետո հայրս լվացվում ու բարձրաձայն աղոթում էր: Առավոտյան քաղցր նիրհի մեջ միշտ լսում էի.

– Տեր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւն Քո, օրհնեալ, համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնդ…

Նա աղոթում էր, որ աշխարհին խաղաղություն լինի, որ ամեն իրիկուն զավակները տուն գան «առանց մեղաց ու փորձանաց» և հավաքվեն հին խոնչայի շուրջը խաղաղ ընթրիքի:

Չնայած իր տեսած անթիվ փորձություններին, հորս հավատն անխախտ ու լուսավոր էր, ինչպես իր էությունը:


* * *

Տարօրինակ ժամանակներ եկան, կարծես թե էլ ճիշտ բան չմնաց, ամեն ինչ սխալ դուրս եկավ՝ գրքեր, առաջնորդներ, կուսակցություններ ու գաղափարներ: Սխալի մասին մտածելն իսկ սխալ է, որտե՞ղ թաքնվես, որ այդ բառը չլսես:

Հին կտակարանում կա, թե հին հրեաները հատուկ քաղաքներ ունեին, ուր կարող էին ապաստան գտնել սխալվածները, սխալմամբ հանցանք գործածները, միայն այնտեղ կարելի էր փախչել:

Իսկ հիմա ինչու՞ չկան: Սխալմամբ իր տունն ու երկիրը լքածի համար ինչու՞ մի տեղ չկա, որ դադար առնի մարդ աստանդականը:

Առաջ կարծես թե ընդհանրապես ուրիշ էր սխալի ըմբռնումը: Միայն հին հրեաները չէին, նարդևանցի մեր Նուրբեկյան Թորո քեռին, օրինակ, երբ պատահում էր, որ խոսք էր բացվում, թե այսինչ բանը սխալ եղավ կամ այնինչ մարդը սխալ բան արեց, ասում էր.

– Ախպար, ճիշտն ու սխալը վե՞րն է, ասանք ա ըլլենար՝ անանք դի ըլլենար, անանք ա ըլլենար, ասանք դի ըլլենար…

Կատակում էր նա, թե լուրջ էր ասում՝ չգիտեմ, բայց համոզված եմ, որ կյանքի էությունը, եթե կարելի է այսպես ասել, կատակային է, ով շատ լուրջ է վերաբերվում նրան, ավելի շատ է սխալվում:

Հիմա բոլորը խոսում են սխալներով սովորելու մասին.

– Խելացի մարդիկ ուրիշի սխալներով են սովորում, հիմարները՝ սեփական սխալներով:

– Եթե բոլորը ցանկանան ուրիշներից սովորել, էլ ո՞վ պիտի սխալվի և ումի՞ց պիտի սովորի խելացի մարդը, – մի անգամ հարցրի դերասան Թելմանին:

– Աշխարհում միշտ կգտնվեն հիմարներ, որ կսխալվեն և խելացիներ, որոնք կսովորեն նրանց սխալներով, ցանկանալը քիչ է, – ասաց նա:

Եզովպոսը ունի այդպիսի մի առակ, ճիշտ է, այնտեղ արատների մասին է խոսքը, բայց կարելի է շրջել, տարբերությունը մեծ չէ, որտեղ արատը, այնտեղ էլ սխալը: Ահա այդ առակը.

Պրոմեթևսն ստեղծեց մարդուն և նրա վզից երկու տոպրակ կախեց, մեկը սեփական արատներով լցված, մյուսը՝ ուրիշի: Այն տոպրակը, որը լցված էր սեփական արատներով, կախեց ետևից, որ երբեք չտեսնի, իսկ մյուսը առջևից կախեց, որ միշտ տեսնի:

Շրջելը լավ, բայց այնքան էլ պարզ չէ, այդպիսով Պրոմեթևսը պատժե՞լ է, թե՞ լավություն է արել մարդուն, որ երբեք չտեսնի սեփական արատները կամ սխալները: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե դրա փոխարեն աստվածները մարդուն տային սխալն ազնվորեն ընդունելու հատկություն և մեղմացնեին սխալի հիշողության ու զղջումի ցավը:

Այս խառն օրերին ցավն էլ է շատացել ու երբեմն հուսահատ մտքեր է ծնում այն մասին, որ մարդն ինքը սխալի հետևանք է ու սխալի պատճառ, նաև այն մասին, որ մենք բոլորս ճամփորդ ենք, բայց ոչ սովորական ճամփորդ, այլ խելակորույս երթևեկության մասնակից, տեսանելի և անտես կապերով կապված մյուս մարդկանց հետ, թեկուզ ինքն էլ չսխալվի, ուրիշի սխալի զոհը կդառնա:


* * *

Հազար տարին մի անգամ աշխարհը փրկության է սպասում:

Փրկիչ գա, թե չգա, աշխարհը խառնվում, ալեկոծվում է հազար տարին մի անգամ, դարերի ու դարաշրջանների արանքում, և վա՛յ նրան, ով փոփոխությունները չի հասկանում կամ պատրաստ չի լինում դրանց:

Հին ու նոր օրինակներից, եթե ես իմը չհաշվեմ, առաջին հերթին հիշում են Սերվանտեսին ու իր Դոն Կիխոտին: Նրան համարել են Իսպանիայի Քրիստոս: Սերվանտեսը նրան նկարագրել է ըստ իր արտաքինի, հայելուն նայելով, երբ բանտ էր նստած պարտքերի պատճառով: Նոր դարաշրջանի սկիզբն էր, նա էլ իր հերոսի պես լավ չէր հասկանում նոր կյանքը:

Եվ ինչու՞ Սերվանտեսի այդ հերոսն ավելի հասկանալի ու հարազատ է մեր ժողովրդին, ինչու՞ հենց նրան են անվանել ազգերի Դոն Կիխոտ, թեև ազգերի ավագ եղբայր, բայց աշխարհին օտար ու խորթ են համարել:

Նայելով նրա կրած չարչարանքներին, կարող էին և ազգերի Քրիստոս համարել: Բայց պետք է ուրախանա՞լ, թե՞ տխրել դրա համար:

Հայտնի է, որ բոլորից առաջ Նարեկացին է ցույց տվել հայի դոնկիխոտությունը: Նա էլ իր Նարեկը գրել է նոր հազարամյակի սկզբին, երբ մարդկությունն սպասում էր Տիրոջ հայտնությանը:

Նրա հերոսը ինքն իր պատճառով տառապած հայն է, որը, սակայն, խղճահարություն չի առաջացնում, թեև անկյալ է, բայց վեհություն ունի իր մեջ, ինչպես Դոն Կիխոտը, նրան հաղթել են, բայց նա չի պարտվել, չի կորցրել հոգու լույսն ու հավատը:

Հիմա էլ ամեն տեղ է նա, աշխարհում ցրված, բայց աշխարհից տարբեր: Աշխարհը նրան վիրավորել ու խաբել է, բայց նա հավատում է աշխարհին ու մարդուն. մի՞թե դոնկիխոտություն չէ:

Իր երևակայության տեսիլներով տարված, փոխանակ իր տանը նստելու, նա թափառում է աշխարհով մեկ ինքն իրենից հալածական ու սպասում է, որ աշխարհը իր Նարեկը կարդա, իր հոգին տեսնի:

Աշխարհում էլ ուրիշ ոչ մի ժողովուրդ Նարեկ չունի՝ այդպիսի բաց ու ազնիվ խոստովանանք, այդ էլ է դոնկիխոտություն:

Մինչդեռ պետք էր Սանչո Պանսա լինել աշխարհին հարմարվելու, նրա շարժումն ու փոփոխությունները հասկանալու համար, մանավանդ որ Դոն Կիխոտը ամեն անգամ այդ փոփոխությունների հետ մեռնում ու կենդանանում է, իսկ Սանչո Պանսան երբեք չի մեռել ու չի մեռնի:


* * *

Երբ կործանվեց Լուսավոր ապագայի երկիրը, «երբ դարաշրջանն էին թաղում», ես այնտեղ էի, մեծ կայսրության մայրաքաղաքում:

Միշտ չէ, որ կայսրության կործանում կտեսնես, դրա համար անհրաժեշտ է, որ երկու ձախորդություններ համընկնեն՝ քո և կայսրության:

Փողոցները մայրաքաղաքում, չգիտես ինչու, դատարկ էին, բայց ամենուրեք շատ թուղթ կար, որ քշում ու տանում էր քամին:

Այդպիսի դեպքերում, դեռևս Ժողովողի ժամանակներից, միշտ հայտնվում են քամիները, որ փլուզումներն ուղեկցեն ու ողբան ավերակների վրա:

Կարծես թե մարդիկ ընդմիշտ լքել էին հսկայական քաղաքը, իսկ քամին տանում, պտտեցնում ու ետ էր բերում թղթերը՝ խոսքեր, ճառեր ու մեծ-մեծ մտքեր, այլևս դատարկ ու անիմաստ, քշում, տանում էր քամին ու կորցնում էր փոշիների մեջ՝ ևս մի անգամ հաստատելու համար աշխարհի ու մարդկային գործերի ունայնությունը:

Կայսրությունները մարդկանց նման հանկարծամահ չեն լինում,երևի մարդիկ էլ չեն լինում, այդպես թվում է միայն: Ինչ որ երևում է, ինչ որ կարելի է տեսնել, թաղման արարողությունն է, նրան նախորդում են տանջալի հոգեվարքն ու մահը: Իսկ թաղումից հետո սկսվում է թալանը, բոլորը թալանում են պետությանն ու իրար, ապա, դոմինոյի օրենքով, փլուզումները շարունակվում են մարդկանց հոգիներում՝ բերելով ցավ ու հիասթափություն: Դրանք ոչ չափում են, ոչ էլ կշռում, ինչպես որ ոչ ոք չի կշռում մառախուղը սարերում կամ էլ չի հաշվում հողմահալած տերևները անտառներում:

Մեծ քաղաքականությունը տեսնում է միայն մարդկային մեծ զանգվածներ և մեծ տարածություններ:

Ի՞նչ է յոթանասուն տարին հավերժության համեմատությամբ: Մոտավորապես այդքան կյանք ունեցավ մարդկությանը կոմունիստական երջանիկ ապագա խոստացող երկիրն ու կորավ: Վերացավ ու դարձավ ոմանց համար ցավագին ցնորք, ուրիշների համար՝ լուսադեմի ցանկալի երազ և կամ մղձավանջ, որ հայտնվում է, ինչպես բանաստեղծուհին է ասում, «որպես ջրահեղձի դիակ գարնանային գետում»:


* * *

Աշխարհը լիքն է գեղեցկություններով՝ անտառներ, հարթություններ, ծովեր ու անապատներ, սակայն նրանք վախ են առաջացնում իրենց անսահմանությամբ: Միայն լեռներն են բարձրացնում ու վեհացնում մարդուն:

Օրհնյալ են լեռները, նրանք շատ վաղուց պաշտվել են իբրև սրբազան տարածություն, իբրև ճանապարհ դեպի երկնային լույս ոլորտները:

Ասում են Աստված գթասրտորեն պարգև է տվել լեռները մարդուն, որպես հեռավոր նմանություն այն կորուսյալ աշխարհի, որ գոյություն ուներ նրա անկումից ու մեղքից առաջ: Ահա թե ինչու այնպես կախարդում է լեռների ոգին, ահա թե ինչու այն չքնաղ աշխարհի անքուն կարոտը լեռների տեսքով հմայում ու կանչում է միշտ մեղավոր մարդու թափառող հոգուն:

Եղել է մի կրոն Հին Պարսկաստանում, Սպիտակ լույսի կրոն է կոչվել, նրա հետևորդները լեռներն են պաշտել: Նրանք չարիք են համարել խավարն ու սուտը և նրանց հակադրել են լույսն ու լեռները:

Փակ աչքերով ես տեսնում եմ իմ լեռները, ամբողջ լեռնապարն ու պարագիծը իր գագաթներով, հորիզոնի բոլոր գծերն Աբուլից մինչև զույգ Կուրգանները, մինչև իմ պարականոն կարոտի սահմանները:

Անգամ փակ աչքերով ու մանկությունից սովոր շարժումներով ես կարող եմ ուրվագծել իմ լեռներն անսխալ կերպով:

Ոչինչ չի կարող փոխարինել նրանց իմաստուն լռությանն ու խաղաղությանը, ոչինչ չի կարող համեմատվել նրանց արևածագի ու մայրամուտի գեղեցկության հետ:

Որպես «ադաջիո գրացիոզո», դանդաղ ու հանդիսավոր բարձրանում է արդար արևը լեռներում՝ աշխարհը ողողելով լույսի բարությամբ, իսկ մայրամուտներն իրենց թախծոտ վեհությամբ հաշտություն են բերում խռովահույզ հոգուն:

Մայրամուտից առաջ լեռները տուն են կանչում, դեպի իրենց գիրկը:


* * *

Լինում են մարդիկ ժամանակի հատուկ, հիվանդագին ընկալմամբ: Դժբախտաբար, ես էլ եմ պատկանում նրանց թվին:

Այդպիսի մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ժամանակի զանազան հիվանդություններով՝ սպասում, կարոտ, ափսոսանք կամ զղջում: Նրանք ցավով տեսնում են այն, ինչ ուրիշները առօրյա կյանքում սովորաբար չեն նկատում՝ ժամանակի անդառնալի հոսքը, տեսնում են, թե ինչպես ժամանակը կողոպտում, տանում է ամեն ինչ, ինչպես անդարձ կորչում ու հեռանում է այն ամենը, ինչ թանկ ու սիրելի է: Նրանց տառապանք են պատճառում անգամ բառերը՝ հավիտյան, ընդմիշտ, երբեք…

Դա մի հիվանդություն է, որից չեն մեռնում, այլ միայն անհույս կերպով տառապում են ամբողջ կյանքում:

Ժամանակը կա ու չկա, գոյություն ունի և չունի: Երբ նշանակություն չես տալիս նրան, կարծես թե չկա, իսկ երբ ամեն առիթով զգում ես նրա հոսքն ու անդարձությունը, կարծես թե խճճվում ես ինչ-որ սատանայական որոգայթի մեջ և դեմ ես առնում անելանելի փակուղու:

Հատկապես անհասկանալի է ներկան, անվերջ հոսող, անվերջ տրոհվող նրա անորսալի վայրկյանը, վայրկյանից էլ շատ փոքր, ամենափոքրիկ ներկան, որը թվում է, թե չկա, բայց, այնուամենայնիվ, տևողություն ունի: Այդ ներկան, ինչպես Եղիշե Չարենցն է գրել, անհնար է անգամ ամփոփել ուղեղում.


Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,

Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,

Երբ չեկած՝ դու արդեն իսկ չկաս,

Բայց հար դու լինում ես, դու տևում ես:


Ներկան կա, գոյություն ունի, թեև շարունակ հոսում ու հեռանում է, կարողանում ենք օգտվել նրանից, թե չենք կարողանում, միևնույն է, նա կա:

Եթե ապրում ենք, ուրեմն օգտվում ենք, եթե օգտվում ենք, ուրեմն նա գոյություն ունի:

Ուրիշ բան է, որ մենք չգիտենք, թե ո՞րն է ժամանակի իմաստը, թե ինչու՞ է նա անվերջ հեռանում և մի՞թե հեռանում է անդարձ:

Մարդուն միշտ անիմաստ է թվացել, որ այն ամենը, ինչ հիմա կա և իրական է, ինչ-որ ժամանակ պիտի վերածվի ոչնչության և այլևս երբեք գոյություն չունենա:

Ներկան խաբուսիկ է, բայց, միաժամանակ, իրական: Դա առիթ է տվել հետևություն անելու, որ եթե մենք հիմա գոյություն ունենք, ուրեմն գոյություն ենք ունեցել անցյալում, գոյություն պիտի ունենանք և ապագայում: Այդ են քարոզում հնդկական կրոնները, մասնավորապես բուդդիզմը:

Քրիստոնեությունն էլ հույս է ներշնչում, որ Տիրոջ նոր հայտնությամբ, որ հեռու չէ, կփոխվի ժամանակը, կգա նոր ժամանակ: Նրա ներկան անցողիկ չէ, աստվածային ներկա է, նրա անցյալը նույնպես օժտված է ներկայի ուժով, մեր գիտեցած ապագայից տարբեր է նաև նրա ապագան, այն հավերժություն է: Այսինքն այդ նոր ժամանակի հետ դարձյալ կգա Նա, ով կար, որովհետև ինչ եղել է, տեղի է ունենում, ինչ տեղի է ունեցել, տեղի կունենա…

Սակայն պատկերացնելու համար նման մի երջանիկ ժամանակ, որ ունի ներկա, անցյալ և ապագա, բայց անցողիկ չէ և սարսափելի չէ իր անդարձությամբ, պետք է ճշմարիտ հավատ ունենալ: Ինձ նման սովորական մարդը այդպիսի ժամանակը ինչպե՞ս հասկանա:

Մարդ պետք է ինչ-որ կերպ պաշտպանված լինի ժամանակից՝ հիշողությամբ, մոռացությամբ, գիտությամբ, անգիտությամբ կամ հավատով, այլապես կխճճվի սեփական մտքերի մեջ, ինչպես երեք սոճիների արանքում մոլորված ճամփորդ:

Մարդ իրեն պաշտպանված է զգում ժամանակից, եթե կապված է իր մշտական տեղին, իր մշտական անփոփոխ, հարազատ անկյունին: Դա զգացնել չի տալիս ժամանակի հոսքը, նրա կորուստի ցավը: Նա այդպիսով մշտապես շրջապատված է լինում հուսալի, անշարժ իրերով, հարազատ բնությամբ՝ հայրենի լեռները, մանկության սիրելի վայրերը:Իսկ ինչ որ, այսուամենայնիվ, հոսում ու փոխվում է, ապա դա տեղի է ունենում աստիճանաբար, մարդը հասցնում է սովորել և ընտելանալ դրան:

Պետք է սիրել այն տեղը, ուր ապրում ես և այն ժամանակը, որ քեզ բաժին է ընկել կամ որին ինքդ ես բաժին դարձել, այլապես ի հայտ կգա անհամապատասխանություն և անհամաձայնություն ժամանակի հետ, իսկ դա արդեն հիվանդություն է, որից չեն մեռնում, այլ միայն անհույս կերպով տառապում են:

Աստղագուշակները դա կապում են Սատուրն մոլորակի հետ, ասում են, թե իբր նրա որոշակի դիրքի պատճառով է, որ ինչ-որ մեկը չի համապատասխանում իր ժամանակին:

Գոնե լավ է, որ պատճառն այդպես հեռու և այդպես անհասկանալի է ու կարիք էլ չկա փնտրելու ոչ իր մեջ, ոչ ուրիշների:


* * *

Ամեն տեղ են մերոնք՝ Ջավախք լեռնաշխարհի զավակները, այս անծայր երկրի բոլոր կողմերում: Մեկ էլ հանկարծ կիրակնօրյա շուկայում, օտար ամբոխի, օտարալեզու ժխորի մեջ կհնչի նրանց բարբառը՝ կոշտ ու անմշակ, իրենց լեռների պես հպարտ, բայց հարազատ տարերքից դուրս, խեղճ ու անօգնական:

Կարծես թե բոլորն են այստեղ, ողորմա՛ծ Աստված, մի՞թե բոլորը եկան, մի՞թե բոլորն են կարծում՝ որտեղ հաց, այնտեղ կաց:

Ինչու՞ չվող թռչուններից գոնե ֆիլոպատրիան չընդօրինակեցինք, ինչու՞ ծննդավայրի նկատմամբ հավատարմություն չսովորեցինք աղավնիներից, որոնք միայն ծննդավայրն են հիշում և ուր էլ թռչեն, միշտ վերադառնում են, օտար տեղի չեն վարժվում:

Իսկ մենք ինչպե՞ս ենք վարժվում:

Եթե չենք վարժվում, ուրեմն կեղծում ու խաբում ենք և ու՞մ ենք խաբում մեզանից բացի:

Դեռևս դրախտի կորուստի ժամանակներից մարդը միայն կորցնելուց հետո է հասկանում կորցրածի արժեքը ու խաբում է ինքն իրեն, թե այն մի մեծ բան չէր: Մենք էլ ենք խաբում՝ ի՞նչ կա էնտեղ, բայց թաքուն ախ ենք քաշում:

Էսկիմոսները պաղ ձյուները չեն լքում, բեդուինները անպտուղ անապատների տապերից չեն փախչում, մենք դրախտի պես անապական մեր երկիրն ինչպե՞ս լքեցինք:

Ասում են, թե Ճապոնիայում հատուկ ընտրված մի բարձր տեղ կա, երբ մարդը ցանկանում է շատ կարևոր մի բան ասել, իր կյանքի ամենակարևոր բանը և ցանկանում է, որ բոլորը լսեն իրեն, թույլատրվում է բարձրանալ այդտեղ միայն մեկ անգամ և գոռալ ամենաբարձր ձայնով:

Լիներ այդպիսի մի տեղ, բարձր գոռայի.

– Ձեր տունը երբեք մի՛ լքեք, դա երկարատև ինքնասպանություն է:


* * *

Հիշողությունը լավացնելու համար դեղեր կան, զանազան թուրմեր, խոտ ու ծաղիկ, իսկ մոռանալու համար բան չկա՞: Ի՞նչ անի մարդը, եթե ուզում է ոչ թե հիշել, այլ մոռանալ, երբ սև մտքերը գիշերային սև թռչունների պես սիրտն են քրքրում:

Չարքերի նման այդպիսի մտքերը խավար են սիրում:

Մեր տառապյալ թագավորը ցանկանում էր երկնքի աստղերը կողոպտել՝ վարձատրելու համար այն մարդուն, ով մոռացնել կտար անցյալը:

Պատ են քաշել չինացիները, անհաղթահարելի հաստ պարիսպ, որ հրոսակներ չգան հյուսիսից:

Ինչպե՞ս պատ քաշել հիշողության առաջ, ինչպե՞ս անել, որ անցյալը չներխուժի իր հորդաներով, որ թաքուն չգա անպատեհ ժամին դավադրաբար, որ չկողոպտի, որ չհրկիզի ու մոխիր թողնի:

Իսկ չէ՞ր լինի, որ էլեկտրական հոսանքի նման անջատվեր մարդու հիշողությունը ավելորդ բեռից: Ով որ հնարել է անցյալն ու հիշողությունը, չէ՞ր կարող այդքան գթասիրտ լինել:

Իսկ գուցե հիշողության կորուստը հենց ա՞յդ է նշանակում:

Երբ մարդը չի դիմանում անցյալին, ինչպես էլեկտրական սարքը՝ հոսանքի լարվածությանը, հիշողությունն անջատվում է, որ հրդեհ չընկնի ներսը, չէ՞ որ մարդն էլ մի սարք է, ներքին այրման մի շարժիչ:

Եթե այդպես է, ուրեմն իսկապես կատարյալ շինվածք է մարդը:


* * *

Գյուղիս այդ կարճ ու հասարակ անունը՝ Փոգա, հանկարծ փափագելի եղավ… Նրա բլուրներն ու սարերը մերկ, հողը քարքարոտ ու խեղճ, ինքը մշտապես ամպերի ու ձյուների մեջ, բայց Ավետյաց երկրի նման ցանկալի դարձավ նրանց համար, ովքեր բաժանվեցին, հեռացան նրանից:

Սակայն ուր էլ գնան նրանք, որտեղ էլ ապրեն փափուկ ու տաք, իրենց անտուն պիտի զգան առանց նրան:

Նա հին է, ինչպես որ հին է Ջավախքը: Հայաստանից անջատվելուց հետո Ջավախքում շատ տերեր են փոխվել, փոխվել կամ աղավաղվել են և տեղանունները: Նրա կարճ ու հասարակ այդ անվան ստուգաբանությունն էլ հայտնի չէ, ոմանք այն կապում են հռոմեական զորավար Ֆոկասի անվան հետ, բայց կարծեմ դա միայն ենթադրություն է, ապացույց չկա:

Ուզում եմ մի քանի էջ այսպես հանպատրաստից գրել մեր գյուղի անցյալի մասին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կգրի նրա պատմությունը, քանի ուշ չէ:

Մեր գյուղի պատմության մշտական ականատեսն ու վկան կիկլոպյան հնագույն ամրոցն է նրա արևմտյան կողմում, գետափի բարձունքին: Նրա ավերակների մամռոտ քարերը լեռների հայացքի առաջ անքուն հսկում են նրան՝ միշտ առաջինը դիմավորելով նրա լուսաբացները:

Շատ բան են տեսել այդ քարերը՝ Արգիշտի Առաջինի զինվորներին, որ Ջավախքը Հայաստանին միացրեց, Տիգրան Մեծին ու Պոմպեոսին, Նադիր Շահին ու Լենկ Թեմուրին իրենց հրոսակներով, տեսել են ոտաբոբիկ Նունեին հռիփսիմյան կույսերից, որ գալիս էր Քրիստոսի հավատը տարածելու:

Նրանք բոլորը եկել ու անցել են, իսկ քարերը կան և գետի անվախճան երգի ուղեկցությամբ շարունակում են որպես լուռ հանդիսատես ու վկա հետևել կյանքի այն դրամային, որ խաղացվում է հնամենի գյուղում:

Այդ ավերակների մեջ, այդ մամռոտ քարերի հետ բազմաթիվ սերունդների մանկություններ են անցել խաղերով, ճիչ ու աղմուկով: Մանկական վառվռուն երևակայությունը բազմիցս դրանք կառուցել ու ավերել է, պաշարել ու նվաճել է հնագույն ամրոցը, անթիվ բարբարոս թուրքեր ու գերմանացիներ փռել այդ քարերի տակ:

Շատ տարիներ առաջ Վլադիմիրովկայի դպրոցի միակ ուսուցիչ Բաղյանը այդ ամրոցի բարձունքից էր ուզում կոտորել բոլոր փոգացիներին… Պատճառն այն էր, որ պատմելով 1941թ.-ի մեծ պատերազմում իր կատարած «քաջագործությունների» մասին, երբեմն ոգևորվում ու չափազանցում էր, հետո էլ սկսել էր տարածել, թե Սովետական Միության հերոսի կոչում ունի: Երբ մեր գյուղացիները կասկածել էին և ապացույց պահանջել, Բաղյանն ասել էր.

– Մի լավ ավտոմատ ունենայի, էն քարերի ետևը կանգնեի, փոգացիները գային, շարքով անցնեին, դիփին կոտորեի, նոր կիմանային, թե ով է Բաղյանը:

Ամրոցի արևելյան պատի տակ կանգնած է Սուրբ Հովհաննեսի մատուռը: Մեր մայրերը դժվար պահերին դեպի այդ մատուռն էին ուղղում իրենց հայացքը սփոփանքի կամ արդար հատուցման հույսով:

Մատուռի ներսում կա մի հսկայական խաչքար, որ նախկինում վիշապաքար է եղել: Ըստ մասնագետների, դա վկայում է այն մասին, որ այդտեղ քրիստոնեությունից էլ, սուրբ Նունեից էլ առաջ հայեր են ապրել:

Մեր նախնիները 1830-32թթ. եկել են Արդահանի Գյոլա գյուղից:

Աբուլի ճանապարհով գալով, նրանք սայլերով ու անասուններով անցել են գյուղի հարավ-արևմտյան կողմից, Փարվանա լճից սկիզբ առնող գետի ծանծաղուտով, որովհետև կամուրջ չկար: Ձուկն այնքան առատ է եղել գետում, որ եզներն ու ձիերն են տրորել, սայլերի անիվների տակ են մնացել, ջրի երեսը ծածկվել է սատկած ձկներով: Հետագայում, երբ երիտասարդները դժգոհում էին, թե իրենց պապերը լավ տեղ չեն ընտրել բնակության համար, ավագները ձկների առատության այդ փաստն էին հիշեցնում, թեև այդ առատությունն արդեն գոյություն չուներ:

Մեր հին կամուրջը շինվեց տարիներ անց, այն միացնում էր լճի երկու ափերն այնտեղ, ուր սկիզբ էր առնում գետը: Թեև հասարակ քարերով էր շինված, բայց երևելի մի բան էր թվում իր չորս ակերով, որոնց մեջ գիշեր ու զոր խշշում էր ջուրը: Կանայք այդ ակերի մոտ լվացք էին անում, իսկ երիտասարդները Սև ձուկ էին բռնում քարերի տակից:

Կոլխոզի տարիներին կամուրջից այն կողմ, լճի հանդիպակաց ափին, արհեստանոցներ շինվեցին, այնտեղ էր դարբնոցը իր նշանավոր փուքսով:

Շատ տարիներ հետո, անցյալ դարի 60-ական թվականներին, եկան հիդրոէլեկտրակայան կառուցելու, ամբարտակ շինեցին, լիճը բարձրացավ, արհեստանոցները քանդվեցին, կամուրջը կորավ ջրի տակ ու մոռացվեց:

Մերոնց գալուց առաջ մեր գյուղում ապրելիս են եղել բնիկ հայեր թուրքերի հետ միասին: Հայերը սակավաթիվ են եղել, մի քանի ընտանիք, թուրքերը մշտապես նեղել են նրանց: Նրանք փորձել են ճնշել նաև մեր գյուղացիներին, սակայն չեն կարողացել: Մերոնք ոչ միայն դիմադրել են թուրքերին, այլև հալածել ու գյուղից վռնդել են նրանց: Թուրքերը փախել են Սաղամո, իրենց ցեղակիցների մոտ, այնտեղ պատմել են եղածն ու ասել.

– Ալլահը մեզ ազատեց Չախոյի ու Խնկոյի ձեռքից:

Չախոն ու Խնկոն եղբայրներ էին, Չախոյան ու Տերտերյան ազգությունների նախնիներից, նրանք էին փախուստի մատնել թուրքերին:

Թուրքերի հետ նման ընդհարումներ շատ են եղել և՛ դրանից առաջ, և՛ հետո: Առաքելենց Սաքոն ինձ պատմել է հետևյալ դեպքը իր նախապապի՝ Առաքելի մասին.

Մեր գյուղացիները Գյոլայում էլ թուրքերի հետ համատեղ են ապրել: Երբ որ սկսվում է տեղափոխությունը և առաջին խմբերը սայլերով ճանապարհ են ընկնում դեպի Ջավախք, թուրքերը ծաղրում են նրանց, կանացի վարտիքն իբրև դրոշակ ձողին կապած, ծամածռություններ անելով ուղեկցում են սայլերին: Հատկապես իրենց լկտի էին պահում երկու թուրքեր՝ Ահմեդ և Սայիդ անուններով:

Առաքելը, որ հայտնի էր իր ուժով ու խիզախությամբ, ձեռքը տանում է դեպի դաշույնը, բայց ավագ եղբայրը զսպում է նրան: Նա հարկադրված ենթարկվում է, բայց ասում է թուրքերից մեկին.

– Լավ, Ահմեդ, սպասեք ինձ, ես կգամ:

Տեղ հասնելուց երկու օր հետո նա թամբում է իր Սպիտակ ձին:

Այդ նշանավոր նժույգը նա հեծնում էր բացառիկ դեպքերում: Եկել էր ամենաբացառիկ դեպքը՝ նա պիտի գնար վրեժ լուծելու թուրքերից: Ոչ ոք չի համարձակվում նրան ետ պահել, բոլորը գործերը թողած լուռ նրան էին հետևում: Մայրը արցունքն աչքերին միայն արագ-արագ խաչակնքում էր…

Առաքելը մութն ընկնելուն պես անցնում է սահմանը և վաղ առավոտվա աղջամուղջի մեջ հայտնվում Ահմեդի տան կտուրին: Պարանով իջնում է երդիկից ու կանգնում քնած թուրքի մահճի մոտ.

– Վեր կաց, Ահմեդ, ես եկա:

Թուրքը սարսափահար վեր է թռչում, ձեռքը մեկնում է դեպի հրացանը, որ պատրաստ դրված էր կողքին, բայց նույն վայրկյանին գետին է տապալվում Առաքելի դաշույնի շեշտակի հարվածից:

Նույն սառնասրտությամբ նա հաշվեհարդար է տեսնում երկրորդ թուրքի հետ, և մինչև գյուղը կարթնանար ու կիմանար կատարվածը, Սպիտակ նժույգը լեռներով սլանում էր դեպի սահմանը: Վախկոտ թուրքերը չեն համարձակվում անգամ հետապնդել նրան:

Մեր գյուղն ունեցել է այլ քաջեր ևս, ունեցել է հետաքրքիր պատմություններ նրանց մասին, որոնք անցել են սերնդե-սերունդ:

Ուշագրավ են հատկապես երկու նշանավոր եղբայրների՝ Տալոյենց Բարսեղի ու Սարգսի մասին պատմությունները: Նրանք արտակարգ ուժի տեր էին, հատկապես Սարգիսը, որն իբր թե երկու սիրտ է ունեցել: Շատ սխրանքներ էին գործել նրանք, շատ անգամ էին կռվել թուրքերի դեմ, պաշտպանել անմեղներին ու թույլերին: Նրանց մասին հեքիաթանման գեղեցիկ զրույցներ էին պատմվում օդաներում: Հուզիչ է հատկապես Սարգսի եղերական մահվան պատմությունը:

Այդպիսի մարդկանց ու նրանց արարքների շնորհիվ Ջավախքում և նրա սահմաններից դուրս ձևավորվել է հայտնի կարծիքը մեր գյուղի մասին, ձևավորվել է փոգացու կերպարը, որ ինքնատիպ է իր խոսվածքի պես: Ինչ-որ բացառիկ բան կա նրանում, նրա խոսվածքի ու բնավորության մեջ: Այդ կերպարին բնորոշ են առանձնահատուկ հյուրասիրությունը, հոգու շռայլությունը, վեհանձնությունն ու համարձակությունը:

Թուրքերն ու վրացիները լավ էին ճանաչում մեր գյուղացիներին: Երբ նրանք զանազան գործերով սարերից, յայլաներից գալիս էին մեր գյուղը, իրենց շատ զգույշ էին պահում, չէին համարձակվում անգամ ձի հեծած գյուղ մտնել: Նրանց հայտնի էր, որ մեր գյուղացիները դա չէին հանդուրժում, մանավանդ կանանց ներկայությամբ՝ համարելով գոռոզության կամ ինչ-որ արիության ցուցադրություն: Գյուղ հասնելով, նրանք իջնում էին ձիերից և գնում սանձը բռնած:

Շատ անգամ են մեր գյուղացիները ընդհարվել շրջակա յայլաների թուրքերի ու վրացիների հետ արոտների սահմանների պատճառով, պաշտպանել են իրենց հողերը և հաճախ ստիպված զենքի են դիմել: Այդպիսի մի ընդհարման ժամանակ սպանվել է իմ քսանհինգամյա Սաքո քեռին:

Սակայն թող չթվա, թե մերոնց միայն կռվարարությունն է հատուկ կամ միայն կոպտության են ընդունակ: Նրանք ուղղամիտ են, հավատարիմ ու վստահելի են բարեկամության, ընկերության մեջ:

Իր բնավորության պես մեր գյուղի խոսվածքն էլ ինքնատիպ է: Բարբառագիտության մեջ այն թյուրիմացաբար վերագրվել է կամ Մշո, կամ Կարնո բարբառներին, մինչդեռ նա չի պատկանում նրանցից և ոչ մեկին: Այն մի միջին տեղ է բռնում մեր Արևելյան և Արևմտյան բարբառների միջև, որովհետև հոլովման համակարգով նման է կը ճյուղին, խոնարհման համակարգով և հնչյունական օրենքներով՝ ում ճյուղին: Համալսարանում սովորելիս ես մի աշխատանք գրեցի այդ մասին:

Առաջին համաշխարհային պատերազմը, հետո էլ թուրքերի հարձակումն ու գաղթը քայքայեցին մեր գյուղը:

1918 թ.-ին, գաղթից առաջ, ըստ լուրերի, անհայտ պատճառներով և անհայտ հանգամանքներում մեր գյուղացիները սպանել էին թուրքական կառավարության ինչ որ գործակալի: Այդ պատրվակով, իբր թե նրա վրեժը լուծելու համար, թուրքերի մի ջոկատ Փանյա լեռան մոտ շրջապատել էր գյուղից գաղթողների մի խմբի, մոտ քառասուն հոգու, անզեն տղամարդկանց, կանանց ու երեխաների: Նրանց առաջնորդում էր Դավազը՝ գյուղի երևելի մարդկանցից մեկը, որ հայտնի էր իր ուժով, ճարտար լեզվով ու լավ ձայնով:

Տեսնելով, որ ուրիշ կերպ չի կարողանում ազդել թուրքերի վրա, Դավազը երգել էր թուրքերեն մի երգ, փորձել էր այդպիսով շարժել նրանց գութը, սակայն անօգուտ, թուրքերը կոտորել էին բոլորին: Հրաշքով կենդանի էին մնացել երկու հոգի՝ Հովսեփն ու իր տասնամյա աղջիկը, որոնք թաքնվել էին դիակների տակ:

Դա մայիսի վերջն էր: Երկու-երեք օրվա ընթացքում մեր ամբողջ գյուղը տեղափոխվեց Ծալկա, հիմնականում Նարդևան և Այազմա:

Ավելորդ է այստեղ գրել այն, ինչ վաղուց ուսումնասիրված է ու հայտնի է բոլորին՝ թուրքերի հարձակումը, մեր գյուղի գաղթը, նաև այն, թե ինչու չհաջողվեց դիմադրություն կազմակերպել:

Մաթևոս պապս չէր գնացել գաղթողների հետ, ասել էր.

– Ես տունը անտեր չեմ թողնի, թուրքերը ինձ ձեռք չեն տա:

Թուրքական բանակին միացել էին Ղարաբուլաղից և այլ տեղերից թալանի եկած խմբեր: Պապս Ղարաբուլաղի թուրքերի մեջ շատ ծանոթներ ուներ, շատերին էր օրերով պահել տանը, օգնել, հյուրասիրել ու պատվել:

Երբ թուրքերը լցվել էին տունը, պապս նստած էր եղել օջախի առաջ, իր մշտական տեղը: Այդտեղ էլ սպանել էին նրան:

Հետագայում, երբ մերոնք ետ էին եկել, գյուղում դեռ թուրքեր էին եղել: Նրանք պատմել էին, որ պապս դիմավորել էր նրանց, իր ծանոթների անուններն էր տվել: Նա էլ էր երգել Դավազի պետ, երգել էր Ղարագյոզենց Գալուստի թուրքերեն հայտնի երգերից մեկը մարդկային վեհանձնության ու մեծահոգության մասին: Նա էլ էր կարծել, որ բավական է թուրքերին հիշեցնել բարության ու խղճի մասին, և նրանք կփոխվեն, լավ կդառնան:

Հիշեցնում են այն, ինչ գիտեցել կամ ունեցել են, իսկ թուրքերին որտեղի՞ց բարություն կամ խիղճ:

Ղարաբուլաղի թուրքերը Ծալկայում էլ սկսել էին հալածել ու կողոպտել գաղթական, անզեն ժողովրդին: Ովքեր ինչ-որ կերպ զինված էին, փորձում էին դիմադրել,զսպել նրանց, այնուամենայնիվ զոհեր լինում էին: Ոչխարի հոտն արածեցնելիս թուրքերն սպանել էին Օվեենց Նիկոլին ու ոչխարը տարել:

– Ի՞նչ կանեն ինձ թուրքերը, թեկուզ երեք-չորս հոգով գան,– ասել էր խիզախ երիտասարդն ու ոչխարը քշել հենց այն կողմը, ուր ընկերները խորհուրդ չէին տվել գնալ:

Նա կարծում էր, թե թուրքերը կգան ու կկռվեն ճակատ առ ճակատ, իսկ նրանք թաքնվել էին քարերի ետևում ու կրակել:

Շատ կյանքեր խլեցին նաև սովն ու հիվանդությունները:

Հաջորդ տարվա գարնանը, ձյունը դեռ չհալված, մեր գյուղը, ինչպես նաև ողջ Ջավախքը, ետ եկան Ծալկայից:

Մայրս առանց արցունքի չէր կարողանում հիշել այդ վերադարձը:

Սարերով անցնելիս ձյուներից նոր ազատված բացատում մի կնոջ ու մանկան դիակներ էին տեսել, իսկ նրանց մոտ՝ նորաբաց ձնծաղիկներ… Ովքե՞ր էին և ի՞նչ էր պատահել՝ ոչ ոք չգիտեր: Նա երբեք չէր մոռանում այդ սարսափելի պատկերը:

Երբ տուն էին հասել, տեսել էին, որ դուռը կրնկի վրա բաց է, թոնրի սալը մի կողմ է նետված, իսկ թոնիրը լցված է հողով: Քամի էր պտտվում տանը…

Այդ տեսարանը ցնցել էր Շողո մամիս: Նա տեսել էր որդու մահը, սով ու զրկանք և արիությամբ դիմացել էր, բայց թոնրի տեսքից ծնկները ծալվել էին, նստել ու լաց էր եղել:

Լաց էին եղել մայրս ու չորս քույրերը, որ այդքան տառապանքներից և մի ամբողջ տարվա բաժանումից հետո վերջապես տանն էին:

– Լավ, հերիք է,– վճռականորեն ասել էր մամս և սկսել էր թոնիրը մաքրել,– գնացեք կրճոն-բան բերեք՝ վառենք, քամին Գանձայեն է, մխքաշը Տեփան Տացուենց կողմը դրեք:

Մայրս գնացել էր մխքաշը դնելու, բայց այն երդիկից ցած էր նետված, չէր կարողացել բարձրացնել: Օգնության էր հասել Փիլոսենց Գալոն: Նրա հետ կռված էր դեռ գաղթից առաջ, որովհետև չար կատակով նա կտրել էր իր երկար հյուսերից մեկը: Նրանք մորս հպարտությունն էին, գյուղում ոչ մի աղջիկ այդպիսի երկար հյուսեր չուներ: Բայց այդպիսի չարություններն արդեն մոռացվել ու ներվել էին, ընդհանուր աղետը հաշտեցրել էր բոլորին:

Գյուղը վերադարձավ, թոնիրները դարձյալ վառվեցին, կյանքը շարունակվեց:

Երկու տարի հետո Ջավախք մտավ բոլշևիկյան բանակի մի հեծյալ ջոկատ, նրան ուղեկցում էր մեր համագյուղացի Ջարդուփուրթենց Գիգոլը: Ըստ լուրերի, նա դրանից առաջ մասնակցել էր Հայաստանում տեղի ունեցած Մայիսյան ապստամբությանը:

Մեր գյուղում կոլխոզ կազմակերպեցին շատ տարիներ անց, 1936թ.-ին: Երևի ավելի շուտ հնարավոր չէր, ամեն ինչ կորցրած ժողովուրդը կոլխոզին տալու բան չուներ:

Սկզբում ասում էին, որ կոլխոզ մտնելը կամավոր է և ցանկացած ժամանակ էլ կարելի է դուրս գալ: Այնուամենայնիվ, ոչ մի կերպ չհասկանալով, թե իրենցից ինչ են ուզում, գյուղացիները տատանվում էին:

Պիրաշկի Օհանը, որին այդպես էին կոչում, որովհետև Ռոդիոնովկայի Վերիգինների մոտ մշակ էր եղել ու միշտ նրանց բլիթներն էր գովել, առաջարկել էր.

– Տղաք, էսոնք շատ պիտի զահլա տանին, բերեք մեկեն մտնինք, մեկեն ելնինք:

Նա ի՞նչ իմանար, որ կոլխոզից մեկեն ելնել չի հաջողվի: Դեռ գյուղացուն հողից պիտի զրկեին, պիտի կողոպտեին հողը, կոլխոզը պիտի դառնար մի անհասկանալի բան՝ հայտնի չէ, թե ինչու և ում կողմից ստեղծված: Դեռ Լվըռենց Մքանը պիտի հորիներ նոր ժամանակների բանավոր ողբը իր արտի մասին.

– Երանի հորս և հազար երանի պապիս, որ մեռան և չտեսան, ինչ որ ես տեսա: Վա՛յ քու օրիդ, Մքան, վա՛յ:

Աշնանը գնացի քաղելու իմ նախկին արտը, որ հիմա կոլխոզինն է: Բարև տվի՝ բարևս չառավ: Ասացի՝ ի՞նչ է եղել, արտ ջան: Ասաց՝ ի՞նչ պիտի էղնի, Մքան ջան, կոլխոզին տվիր ընձի, հիմի եկել ես քաղելու, ի՞նչ պիտի քաղես, խոտ չկա: Առաջ ապրիլին էիք վարում, ցանում, հիմի ցանում են հունիսին: Սերմացուի կեսը գողանում են՝ հայհոյելով մեկ ինձ, մեկ կոլխոզին: Քարը չեն մաքրում, քաղելու ժամանակ հենց գերանդին քարին է դիպչում, նորից հայհոյում են ինձ էլ, կոլխոզին էլ: Ահա եկել ես քաղելու՝ խոտ չկա, դու էլ չպիտի՞ հայհոյես…

Ասաց արտս ու լացավ: Արտս լացավ՝ ես լացա…

Որտեղի՞ց իմանար Պիրաշկի Օհանը, որ կոլխոզից դուրս գալու կարիք այլևս չի լինի, նա ինքը կվերանա մոտ հիսուն տարի անց, բայց այնքան աղետալի կերպով, որ գյուղը մոտ մեկ դարով ետ կշպրտվի դեպի անհայտություն, կարծես դուրս կընկնի ժամանակից, համայնական կոչված սեփականությունը կթալանվի, իսկ նրանց որդիներն ու թոռները, ում ունեցվածքով ստեղծվել էր այդ սեփականությունը, անտարբեր կերպով կլքեն գյուղը, հողը անմշակ կմնա ու կդառնա խոպան:

Ի՞նչ պատահեց հին գյուղին:

Բազում ցնցումներ ու ցավեր տեսավ նա, բայց միշտ կանգուն մնաց լեռների խոհուն հայացքի առաջ, իսկ հիմա քիչ մնաց դատարկվեր:

Ամեն ինչ փոխվեց, կարծես ժամանակը շրջվել է ու դեպի ետ է գնում: Ամեն ինչ հոսում ու կորչում է, ինչպես ավազը մատների արանքից, կայուն չեն անգամ «ետն» ու «առաջը», որտե՞ղ են նրանք:

Ես կարծում էի, թե ժամանակը կոկորդիլոսի նման գնում է միայն մեկ ուղղությամբ և ամեն ինչ խժռում է իր ճանապարհին, մենք դա կոչում ենք «առաջ», իսկ այն ուղղությունը, որով նա երբեք չի գնում, անվանում ենք «ետ»:

Հիմա ինձ թվում է, թե նա սողում է օձի պես նենգ ու անհասկանալի գալարներով, երբեմն նույնիսկ կարող է առաջ գնալու համար ետ շրջվել, կարող է այնպես խառնել ճանապարհներ, գործեր ու հաշիվներ, որ հարազատ գյուղիդ սովորական անունն անգամ փափագելի կդառնա…

Աշխարհը միշտ փոխվում է և միշտ հին է ու նոր, հարկավոր է միայն դիմանալ ժամանակին:

Շատ ժամանակներ ու շատ փոփոխություններ տեսած մեր հին գյուղը այս անգամ էլ կդիմանա՞ ժամանակին ու կնորանա՞ աշխարհի հետ:


* * *

Անձրևներն անցան, ջրերը գնացին անաղմուկ, հեռացան աննկատ ու անհույզ, գարուն չեղած ամառ եկավ այս երկրում:

Իսկ մեր սարերում հիմա գարունն է ծաղկում, ամենուրեք հնչում է զնգուն կանչ ու կարկաչի համանվագը:

Ջրերը վազում են գյուղի միջով, տանում են ժամանակը, գալիս ու գնում են մանկությունները վազող ջրերի հետ, խաղաղ տխրություն են տանում ու բերում վազող ջրերը:

Անշուշտ հիմա էլ դպրոցում աշակերտները խնդրում են, որ ուսուցիչներն իրենց դաշտ տանեն՝ «էքսկուրսիա» և իրար հերթ չտալով պատմում են, թե որտեղ ինչ ծաղիկներ կան, որ ձորում դեռ սրսուռ ձյուն կա ջրերի բերած հողերի տակ:

Հիմա էլ, անշուշտ, ծաղիկներ են բերում դպրոց մեր դաշտերից, բուրումնավետ բլուրներից, հիմա էլ անարվեստ ամոթխածությամբ առաջին նստարանի աշակերտուհին մանուշակների ու զանգակածաղիկների մի փոքրիկ փունջ է դնում ուսուցչի սեղանին:

Այնտեղ հին ու բարի ժամանակներից մնացած ակնածանք կա ուսուցչի հանդեպ ու երևի միակ տեղն է բովանդակ աշխարհում, ուր ուսուցիչը դեռևս մի սովորական հողեղեն չի համարվում:

Երկնքին մոտիկ այն բարձր աշխարհում դեռևս սիրում են նախնական սիրով ու անկեղծությամբ, դեռևս հուզմունքից շփոթվում և ամոթից կարմրում են, որ հազվագյուտ բան է հիմա, ինչպես լեռների անանուն ծաղիկ:

Այն աշխարհն անսահմանորեն թանկ էր ինձ համար, գյուղական երեխաների այն պարզ միջավայրը հասկանալի ու հարազատ էր ինձ: Դա սովորական աշխատանք չէր, այլ իմ սիրած գործը, իմ հոգու գործը: Դա ծառայություն էր իմ հարազատ գյուղին ու ժողովրդին, և այդ գիտակցությունը իմաստ էր տալիս անիմաստին:

Ամեն ինչ կորավ, ամեն ինչ կիսատ մնաց, իսկ կիսատ մնացած գործի վրա միշտ ձյուն է գալիս:

Ով որ լեռները լքեց, բարձրերից իջավ ու գնաց դեպի կյանքի ճահիճները, այլևս անդարձ կորած է այդ աշխարհի համար:

Կարծում էի, թե նորից կգնամ իմ տունը, կշարունակեմ իմ գործը, սակայն «մինչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի»:

Հիմա ի՞նչ եմ անում այստեղ՝ չեմ հասկանում:

Չգիտեմ ով է ասել, թե պատերազմում ուսուցիչներն են հաղթում: Այդպես է, իհարկե: Եվ խաղաղ կյանքն էլ, վերջին հաշվով, ուսուցիչներն են կառուցում: Եվ երբ լքում ու հեռանում են, և երբ վերադառնում են զղջումով, ուսուցիչներն իրենց հատուկ մասն ու բաժինն ունեն միշտ, գուցե շատ փոքրիկ կամ առաջին հայացքից աննկատելի, բայց, անկասկած, ունեն:

Պատերազմ էլ եղավ, դարերի կորուստներից հետո մի կտոր ետ խլված հայրենիք էլ եղավ, բայց ես ամեն ինչից անմասն մնացի, ոչ զինվոր ունեցա, որ կռվեր վրեժով, ոչ էլ զղջումով դարձի եկած, տուն վերադարձած մոլորյալ:

Փոխանակ դասերից, աշխատանքից հոգնելու, հոգնեցի ճանապարհներից, օտար աշխարհներից, օտար մարդկանցից ու ինքս ինձանից:

Սակայն այլևս ի՞նչ արժեք ունեն դատարկ խոսքերը, ջրերը ետ չեն հոսում, անցած գարունները էլ ետ չեն գալիս:


* * *

Եթե դրախտը ճիշտ է, Աստված երևի այն տվել է մարդուն որպես երջանկություն, բայց մարդը այդ երջանկությունը չի հասկացել, քանի որ դեռ չգիտեր ցավը: Այնժամ Աստված զրկել է նրան դրախտից և ցավ է տվել, որ երջանկությունը հասկանա:

Բայց այդպիսով էլ մարդը երջանիկ չդարձավ:

Երջանկություն չկա այս աշխարհում, բայց բանաձևեր շատ կան նրա համար, մի բանաձև էլ ես գտա այսօր առավոտյան.

Երջանիկ է նա, ով որ ասում է՝ եթե կրկին ապրեի կյանքս, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ:

Այդպես ասողները միշտ չէ, որ ճիշտ են ասում, սովորաբար կեղծում են կամ ինչ-որ նկատառումով են ասում, իսկ ով որ չի կեղծում, իմ կարծիքով, երջանիկ է, քանի որ գոհ է իրենից ու իր ապրած կյանքից:


* * *

Մի հայտնի նկար կա՝ «Ճիչը», ես տեսել եմ Մոսկվայում։ Հեղինակը նորվեգացի է՝ Էդվարդ Մունք: Նա այլևս չկա, իսկ նկարը բացատրում են տարբեր կերպ, ենթադրություններ են անում՝ ինչ ճիչ է:

Նա շատ վիշտ ու տառապանք է տեսել, հալածանքների է ենթարկվել, դավաճանել ու լքել են նրան, կորցրել է հարազատներին, զրկվել տեսողությունից ու մեռել հոգեբուժարանում:

Ուրիշ ի՞նչ ճիչ պիտի լինի, եթե ոչ մարդու ցավի ու մենակության ճիչը, որ թվում է, թե ուղղված է դեպի երկնքի դատարկությունը: Լիությանը դիմելիս անձայն աղոթում ու արտասվում են, իսկ դա հուսահատ ճիչ է, նկարը սկզբում այդպես էլ կոչվել է՝ Վհատություն:

Մի օր այս մասին խոսք բացեցի մի ծանոթ նկարչի մոտ՝ նրա կարծիքն իմանալու համար: Նա նարդին դրեց սեղանին.

– Զարդ գլորիր, թող ճչա, քեզ ի՞նչ է խանգարում:

Նա ավելի վհատեցնող բան ասաց, իզուր հարցրի:


* * *

Մեր գերդաստանը, ինչպես հնում ասում էին, ամանից-աման թափվեց, ցրվեց երկրե-երկիր, իսկ նրա բնօրրանը դատարկվեց: Ես քեզ ի՞նչ պատմեմ նրա մասին, սիրելի աղջիկս, կամ ինչպե՞ս պատմեմ: Դու ուզում ես, որ խոսեմ ու սիրտս թեթևանա, որ հիշողության վիրավոր թռչունները թռչեն հեռանան ու չքրքրեն հոգիս:

Նրա անցյալն ինձ համար մշուշոտ է, ես քիչ բան գիտեմ, գիտեցողները մեռան գնացին՝ հայրս, Օվանես Տացուն, մեր գյուղի մյուս մեծերը: Հիմա դժվար է ինձ համար այս մասին գրելը, որովհետև ցավով տեսնում եմ այն անհոգության հետևանքները իր անցյալի ու ապագայի նկատմամբ, որ անեծքի պես հետապնդում է մեր գերդաստանին:

Թվում է, թե նրա անցյալի սահմանը մեր գետն է, որով անցել էին մեր նախնիները Արդահանից գալով և անցկացրել իրենց հարստությունը՝ ոչխարի հոտերը, նախիրներն ու երամակները, հիշողություններն ավելի հեռու չէին տանում:

Արդահանի անցյալից հայտնի էին միայն այդ հարստության հիմնադիր Օհանը և մի քահանա, կարծեմ Տեր Ավետիք անունով, որի շնորհիվ մինչև 1937 թ-ը մեր ազգանվանը կցվում էր տեր բառը: Քահանայի աղոթքները, ըստ տեղեկությունների, հրաշագործ ուժ են ունեցել: Երևի հայրս նրանից էր ժառանգել աներկբա հավատը աղոթքների հանդեպ: Նա համոզված էր, օրինակ, որ եթե երեք անգամ անսխալ կրկնես «Հավատով խոստովանիմ և երկինք պագանեմ»-ը, ամեն մի վտանգ անմիջապես կանցնի:

Մեր պապերը նոր հայրենիքում նույնպես շարունակում էին իրենց գործը՝ անասնապահությունն ու առևտուրը: Չըլդըրի թուրքերից անասուն էին առնում և մեծ շահույթով վաճառում Թիֆլիսի հրեաներին: Ամեն ինչ հաջող էր ընթանում, բազմապատկվում էր նրանց հարստությունը, տարածվում էր նրանց անունը Ջավախքում և նրա սահմաններից դուրս մինչև Շորագյալ, Կախեթ ու Թիֆլիս:

Դա նահապետական մեծ գերդաստան էր, ավանդական հայ ընտանիք՝ առաքինի ու բարեպաշտ:

Գոմերում ու կալերում, տափակ քարերով սալարկված դռանը, մեծ չարդախների առաջ միշտ մարդաշատ էր, մշակները աշխատում էին, գալիս ու գնում էին ճամփորդներ, հյուրեր:

«Օհանենց մշակ» արտահայտությունը մեր գյուղում նշանակում էր քրտնաջան աշխատանք առավոտից մինչև իրիկուն, կատակով պատմում էին անգամ, թե իբր երբ Մաթևոս աղան տեսնում էր, որ մշակները անգործ կանգնած են, հրամայում էր խուշկին դուրս կրել գոմից, հետո նորից ներս բերել…

Ձմեռային երկար գիշերներին, երբ հավաքվում էինք թոնրի շուրջը կամ օջախի կրակի մոտ, այսպիսի շատ պատմություններ էին պատմում մերոնք երբեմնի մեր մեծ գերդաստանի ու նրա հարստության մասին:

Պատմում էին, որ Բարսամ աղան խիստ է եղել, բայց բարի, անգամ զգացմունքային, նա կարող էր որևէ երգից կամ նվագից հուզվել լալու աստիճան և շռայլորեն վարձատրել դրա համար: Այդպես Թիֆլիսի իջևանատներից մեկում մի անգամ ինչ-որ աշուղի մի ձի էր նվիրել:

Նա կարող էր խստորեն պատժել, բայց գիտեր նաև մեծահոգաբար ներել ու զիջել: Որպես օրինակ միշտ հիշատակում էին, թե ինչպես է երեսուն, թե հիսուն ոչխար զիջել Առաքելենց Մելիքին, որը հետո դրա շնորհիվ ստեղծում է շատ մեծ և հարուստ տնտեսություն:

Պատմում էին Մանգլիսի ձորում Կիրակոս աղայի հետ պատահած դեպքի մասին: Նա հրեաների հետ բարեհաջող առևտրից հետո Թիֆլիսից կառքով տուն է վերադառնում խուրջինով ոսկին հետը: Մանգլիսի ձորում նկատում է ինչ-որ կասկածելի մարդկանց, որոնք մտնում էին անտառ ու կրկին դուրս գալիս ճանապարհի վրա: Համոզվելով, որ դրանք զինված ավազակներ են, Կիրակոս աղան կանգնեցնում է կառքը, կանչում է ավազակներին, տալիս է խուրջինով ոսկին ու ասում.

–Առեք ձեր ուզածը, իմ կյանքը ձեր ինչի՞ն է պետք:

Ավազակները, ինչպես միշտ, մեծահոգի են լինում, ոսկին չեն առնում ու մոտակա աղբյուրի մոտ գինի են խմում Կիրակոս աղայի հետ:

Սակայն վրա հասավ վերջը, մեծ գերդաստանը քայքայվեց, բաժան-բաժան եղավ, իսկ նրա առասպելական հարստությունից մնացին միայն հիշողություններ, որ անցնում էին սերնդե-սերունդ:

Դա խորհրդավորության մշուշով քողարկված մութ պատմություն էր:

Խոսում էին ինչ-որ վաղեմի գուշակության, ինչ-որ անեծքի կամ թուղթ ու գրի մասին, ապա գալիս էին Խոսպիայի թուրք բեկերը, որոնք մեծ գումարներ էին պարտք առել, բայց հետո ուրացել էին, որովհետև որևէ մուրհակ կամ նման մի բան գոյություն չուներ, նույն կերպ ինչ-որ մեծ գումար վճարելուց հրաժարվել էր Թիֆլիսի մի հարուստ հրեա՝ ոմն Իսակ կամ Իսահակ, ըստ երևույթին դարձյալ գրավոր ապացույց չլինելու պատճառով, հետո Գաբռուշկայի կամ Համբարձումենց Գաբրիելի անունն էր հիշատակվում, որը իբր թե գտել էր Բարսամ աղայի պահած փողերն ու հարստացել:

Բայց դրանք, ըստ էության, ոչ թե պատճառ էին, այլ հետևանք, նրանք դատապարտված էին կործանման, և դա, ժամանակակից լեզվով ասած, ծրագրավորված էր նրանց արյան բջիջներում, նրանց աղետալի անհոգությամբ սեփական անցյալի ու ապագայի հանդեպ: Եվ վերջապես, այդ ամենից բացի, ժամանակներն էին փոխվել, իսկ նրանք իրենց խաղը վարում էին մարգարեների ժամանակվա կանոններով՝ ազնիվ էին խաղում… Բարի ու առատաձեռն էին, երբեք չէին մերժում իրենց օգնությունը կարիքավորներին, նվաստացուցիչ էին համարում մարդուն չվստահելը, անգամ թուրքերին:

Կյանքը, որպես կանոն, նման բաներ չի հանդուրժում:

Աշխարհում կապիտալիզմ էր, բանկեր կային, իսկ նրանք իրենց փողերն ու գանձերը պահում էին գետնի տակ ու պատերի մեջ և ժամանակ առ ժամանակ փռում չորացնում էին, որ բորբոսը չուտի:

Այդպես առաջացավ ինչ-որ տեղ պահված, կորած ու մոռացված գանձերի լեգենդը:

Մոռացվում էին անուններն ու գործերը, իսկ պահված գանձը՝ ոչ:

Խոսում էին ինչ-որ երկաթե սնդուկի ու կորած բանալիների մասին, հանկարծամահ եղած ինչ-որ տատիկի մասին, որն իր հետ գերեզման էր տարել թաքցրած գանձի գաղտնիքը: Ավելի հաճախ հիշում էին մեծ ու տափակ քարը Ներսի գոմի այն տեղում, ուր միշտ կապում էին Կիրակոս աղայի ազնվացեղ ձին, բոլորը ենթադրում էին, որ գանձը այդ քարի տակ պիտի լինի: Բայց քարի տեղը ոչ ոք չգիտեր, գոմերը քանդված էին, քարերը՝ հողի տակ:

Կորած գանձի մասին այդ խորհրդավոր պատմություններն անսպառ սնունդ էին մեր ազգության մի քանի սերունդների երևակայության համար: Ոմանք իրարից թաքուն այս ու այնտեղ փորում էին, ոմանք էլ իրենց գիշերային ցնորքների մեջ գտնում էին և տնօրինում ամենագայթակղիչ ձևերով:

Սնանկացումն ավելի հաճախ կապում էին Վանո Տացուի անվան հետ, թեև բոլորը հասկանում էին, որ նա ընդամենը այդ տարօրինակ տրագիկոմեդիայի վերջին գործողության մասնակիցն էր միայն: Պարզապես այդպես ավելի հասկանալի ու հարմար էր իբրև հավիտենական նախատինք վկայակոչել նրա խմելն ու վատնելը և ամեն ինչ դրանցով բացատրել:

Վանո Տացուի կերպարը մանկուց հրապուրել է ինձ իր խորհրդավորությամբ, իր հակասականությամբ ու դրամայով և ընդմիշտ մնացել ինձ հետ ձմեռային այն հեռավոր երեկոների խաղաղ զրույցների, օջախի մարմրող կրակների պատկերներից անբաժան: Մեր մեջ անտեսանելի հոգևոր կապ կա, ճակատագրական մի ընդհանրություն մեր անկումների ու սխալների միջև, ես դա զգում եմ բնազդորեն, երբ որ կորած գանձի նման ապարդյուն կերպով բարոյական նեցուկ եմ փնտրում ու չեմ գտնում ոչ ինքս ինձ մոտ, ոչ էլ ուրիշի:

Նրա կյանքի մեջ շատ անհայտ էջեր կան, շատ մութ կետեր, որ երբեք չեն լուսավորվի:

Նա իմ Մարկոս պապի ավագ եղբայրն էր և Բարսամ աղայի թոռը:

Մեր գյուղի քահանա Տեր Մելքումի խորհրդով Բարսամ աղան նրան կրթության էր տվել: Ութ տարի նա սովորել էր Գորիի թեմական դպրոցում՝ ապրելով հորաքրոջ տանը: Ուսումն ավարտելուց հետո նա տուն է վերադառնում եվրոպական հագուստով և մի սայլ լիքը գրքերով, գյուղում աշխատելու և գործելու զանազան լուսավորական ծրագրերով, սակայն ճակատագիրը նրա համար այլ ապագա էր նախատեսել:

Սովոր լինելով քաղաքային կյանքին, նա սկսում է ձանձրանալ գյուղում: Շուտով նրա անվան շուրջ սկսում են զանազան հակասական, երբեմն զավեշտական պատմություններ հյուսել: Պատմում էին ամենուրեք, թե այնքան գրագետ է, որ ոտքի մատներով է գրում, այն էլ ռուսերեն… Թե Գորիում ինչ-որ հեղափոխական գաղտնի խմբակի անդամ է եղել, նույնիսկ ձերբակալվել ու Թիֆլիս է տարվել, թե Ախալքալաքի սրճարաններում աղմկոտ քեֆեր է անում, շրջում է քաղաքում՝ առանձին կառքեր վարձելով նվագախմբի, յափունջիի ու փափախի համար… Ի վերջո, ըստ լուրերի, մի քանի տարի անց նրա պարտքերի դիմաց Բարսամ աղայից մի ամբողջ հոտ ոչխար են տանում հովիվների ու շների հետ միասին…

Սնանկացումից հետո Վանո Տացուն, այնուամենայնիվ, ձեռնամուխ է լինում իր երբեմնի ծրագրի իրագործմանը և սկսում է աշխատել՝ կարդում է, երկար առանձնանում ու անվերջ գրում է, թղթակցում է «Մշակ»-ին, իսկ 1901 թվին դպրոց է բացում գյուղում, հավաքում է մոտ քսան աշակերտ ու պարապում մեր «յազլուղում», որ պատուհաններով, փայտե հատակով ու հարթ առաստաղով միակ շենքն էր գյուղում:

Ամեն առավոտ, երբ արևն ընկնում էր դասասենյակի երկու մեծ պատուհաններից ու հասնում էր գրատախտակին, Վանո Տացուն սկսում էր դասերը: Ինչպես պատմում էր հայրս, որ նրա առաջին աշակերտներից էր, ներկա-բացակա անելիս ներկա գտնվող աշակերտը պարտավոր էր ասել՝ աստ, բայց, չգիտես ինչու, բոլորն ասում էին՝ հաստ, որ ամեն անգամ Վանո Տացուի ծիծաղն էր շարժում:

Նրա դպրոցը գործում է չորս տարի, մինչև 1905 թ-ի հայոց դպրոցների փակումը ռուսական կառավարության կողմից:

Առաջին համաշխարհային պատերազմում զոհվում է նրա սիրելի որդին՝ Ավետիքը: Դա տեղի է ունենում Սարիղամիշի տակ: Այդ մասին հետո վկայում է Պիճայենց Մեսրոպը, որը կռվում էր նրա հետ միասին. այն Մեսրոպը, որը զայրույթի պահին կրակել էր մինարեթից երգող մոլլայի վրա ու վայր գցել:

Այդ վիշտը քիչ է մնում կործանի Վանո Տացուին: Նորից սկսում է խմել: Միակ ելքը նա համարում է որդու մանկության վայրերից հեռանալը և հեռանում է՝ գյուղում թողնելով իր գրադարանն ու ձեռագրերը: Մինչև կյանքի վերջը նա ուսուցչություն է անում Ծալկայի գյուղերում:

Այդ գյուղերից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը պատմվում է մինչև հիմա:

Արդեն սովետական իշխանության տարիներն էին, Վանո Տացուն պարապում էր անգրագիտության վերացման նպատակով մեծահասակների համար բացված հատուկ դպրոցում: Ինչ-որ պատճառով աշակերտները նրան խիստ զայրացնում են, և նա, հավանաբար խմած լինելով, հայհոյում է.

– Ընկեր Լենինն ասել է՝ սովորել, սովորել, սովորել: Սովորում եք՝ սովորեք, չեք սովորում՝ ձեր տիրոջ…

Մեծ աղմուկ է բարձրանում, աշակերտները բողոքում են, նրան ձերբակալում են, ընդ որում ոչ թե խմած լինելու կամ աշակերտներին հայհոյելու համար, այլ մի անմիտ մեղադրանքով՝ իբր թե նա ընկեր Լենինին էր վերագրել և՛ «սովորել, սովորել»-ը, և՛ հայհոյանքը… Ձերբակալել, բայց անմիջապես ազատ էին արձակել, որովհետև իբր ասել էր, թե անձամբ ճանաչում է Ստալինին, ընկերություն է արել հետը Գորիում և որպես ապացույց ինչ-որ համատեղ լուսանկար էր ցույց տվել:

Ի՞նչ ընկերության մասին է եղել խոսքը՝ հայտնի չէ:

1937 թ-ին Մարկոս պապիս ինչ-որ մեկը գաղտնի տեղեկացրել էր, որ Վանո Տացուին կասկածում են դաշնակցական լինելու մեջ և պիտի գան տունը խուզարկելու: Սարսափահար պապս գիշերն այրել էր նրա ձեռագրերի տետրերը, զանազան թղթեր ու նամակներ, նրանց հետ նաև ողջ գրադարանը:

Ի՞նչ էր գրել Վանո Տացուն առանձնության երկար գիշերներին, ի՞նչ կար դեղնավուն թերթերով այն տետրերի մեջ՝ մնում է անհայտ:

Եթե կարելի լիներ հավատալ, որ ձեռագրերը չեն այրվում…

… Նախքան օդան ու թոնրատունը մենք երկար սրահներ ունեինք, որ բակ էինք կոչում: Անսովոր մարդը մոլորվում էր մեր բակերում, իսկ մենք ազատորեն ելումուտ էինք անում անգամ մթան մեջ, պատերի ամեն մի քարը, ամեն մի դուռ իր բացվելու և փակվելու հատուկ ձայներով ծանոթ ու հարազատ էին: Շատ տարիներ հետո այդ դռներից մեկի վրա, որ Մենձ դուռ էինք կոչում, թափված հին ներկի տակից երևաց Վանո Տացուի ձեռքով փորագրված հետևյալ երկտողը.


                  Պահե անունդ անկորուստ՝

                  Թե աղքատ լինես, թե հարուստ…


Հիմա չկան ոչ այն երկար սրահները, ոչ էլ այդ դուռը:

Մեր գերդաստանի անցյալի սահմանը գետն էր, որով անցել էր նա հին հայրենիքից գալու ժամանակ, իսկ ապագայի սահմանը այն ցուրտ ձմեռը եղավ, երբ մեր տունը դատարկվեց:

Խավարի մեջ մենք մեր տան ճանապարհը գտնում էինք, իսկ հիմա լույս օրով մոլորվեցինք, ըստ երևույթին, դժվար թե հաջողվի անկորուստ պահել մեր անունը հայրենիքից դուրս:

Գուցե քեզ տարօրինակ թվա, բայց ուզում եմ այստեղ վերջացնել, աղջիկս: Մնացածը դու գիտես, որոշ բաներ էլ կգտնես այս օրագրի հաջորդ էջերում:


* * *

Ես միշտ սիրում էի քրքրել իմ հին օրագրերը: Մի անգամ էլ այդպես նայելով գտա ռուս գրող Միխայիլ Պրիշվինի ինչ-որ նամակից այսպիսի մի քաղվածք.

–Այն մարդը, որին դու սիրում ես իմ մեջ, ինձանից լավ է, ես այդպիսին չեմ, բայց դու սիրիր, և ես կձգտեմ ինձանից լավ լինել…

Իսկ ես կարծում էի, թե Պրիշվինը կենդանիներից ու բույսերից բացի ուրիշ բաների մասին չի գրել:

Ես այդ քաղվածքը կատարել էի շատ վաղուց, երբ հավատում էի այդպիսի բաների, իսկ հիմա ափսոսում եմ, որ ոչ ես եմ առաջվանը, ոչ էլ այս ժամանակը:

Ում որ ուղղված են այս խոսքերը, գրողը հանդիպել է շատ ուշ, արդեն քառասունն անց ամուրի լինելով, հանդիպել է սպիտակ մի տարեմուտի, երբ խոշոր-խոշոր ձյուն էր թափվում:

Շատ գեղեցիկ է և նման է հեքիաթի:

Չարժե ամեն ինչի կասկածող սկեպտիկ երևալ, դա շատ տհաճ է. ավելի լավ է այստեղ վերջացնեմ, թող անհայտ մնա, թե հեքիաթն ինչպես վերջացավ: Ինքս էլ դա կարգին չգիտեմ, իմ հին օրագիրն այդ մասին ոչինչ չի ասում:

Տխուր բան է վերջը, անգամ ամենալավ վերջը, որ հեքիաթներում է լինում երկնքից ընկնող խնձորներով, դարձյալ տխուր է: Իսկ այդպիսի հեքիաթը… Դա չափազանց մաքուր ու գեղեցիկ է, որ լավ վերջանա:

Բացի այդ, ամեն ինչ չէ, որ պետք է մինչև վերջ ասել: Ճապոնացիք, օրինակ, իրենց Իկեբանայի մեջ, իրենց բանաստեղծություններում գերադասում են անավարտությունը, կիսատ ասվածը և դրանով երբեմն ավելի շատ բան են կարողանում ասել:


* * *

Ինչքա՜ն ցավ կա կյանքի մեջ և ինչքա՜ն հիասթափություն:

Հին արաբական բաղնիքի պես է աշխարհը, նրանց մոտ հնում բաղնիք են մտել ձրի, բայց վճարել են դուրս գալու համար…

Կյանքն էլ է այդպես, ծնունդն ակամա ու ձրի, այդպիսի հրաշքը բոլորի համար այդպես մատչելի ու պատահական… Իսկ դուրս գալու համար պետք է վճարել երկար տառապանքով, հիասթափությամբ ու կորուստներով:

Կորուստն է մեր գիտությունն ու փորձը, նրանով ենք ճանաչում ու հասկանում կյանքը միայն այն ժամանակ, երբ այլևս ոչ այդ գիտությունն է պետք, ոչ էլ այդ փորձը:

Ինչքա՜ն սուտ կա աշխարհում:

– Եթե մի մարդ են սպանում, ողջ մարդկությանն են սպանում,– ասում են ու շարունակում են սպանել նոր-նոր միջոցներով, բայց նախնադարյան մոլեռանդությամբ, միջին դարերի մոտիվներով: Եվ քանի՜ անգամ է մարդկությունը մեռել մի մարդու մահով:

– Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին…

Եղե՞լ է աշխարհում մի մարդ կամ մի ժողովուրդ, որ այդպես վարվի: Նշանակում է մեր ժողովուրդը դեռ պիտի օրհնի՞ նրանց, ովքեր մորթեցին իր մայրերին ու մանուկներին, զրկեցին հայրենիքից…

Վերջապես ի՞նչ է այս կյանքը՝ մի խաղ, որտեղ ազնիվ խաղացողը տանուլ պիտի տա, անվերջ եռացող մի խարդախ շուկա, որտեղ անպայման երեսպաշտության ու կեղծիքի մանր դրամ պիտի ունենաս, թե չէ թեկուզ գանձերով մտնես, դատարկ դուրս կգաս, ինչպես որ Ստենդալն է գրել Նապոլեոնի առիթով:


* * *

Կարդացել եմ մի տեղ, թե փոքրիկ ծիծեռնակը կերը կրում, տանում է ձագերին անգամ այն դեպքում, երբ նրանք չկան այլևս, զրկվել է նրանցից: Տանում է այնքան ժամանակ, գրված էր, «մինչև բնազդական շարժումների շղթան կտրվի»:

Հետաքրքիր է ինչպե՞ս է դա կատարվում, ինչպե՞ս է կտրվում բնազդական շարժումների շղթան, և նա ինչպե՞ս է ըմբռնում բացակայությունը:

Մարդը միայն նոր կորուստով է հինը մոռանում, միայն նոր ցավն է մեղմացնում հինը, ինչպես որ սեպը սեպով են հանում:

Ինչպես բնությունը, այնպես էլ մարդու հոգին դատարկություն չի ընդունում, այն անպայման պիտի լցվի ինչ-որ բանով՝ սիրով, կարոտով կամ ցավով: Չգիտեմ որտեղ՝ ուղեղում, նյարդերում, դրոշմված է օրգանիզմն ամբողջությամբ, երբ որևէ անդամ բացակայում է, թևը կամ ոտքը կտրում են, ցավը մնում է, բացակա անդամը շարունակում է ցավել: Ինձ պատմել է մի մարդ, որը վթարի հետևանքով զրկվել էր ոտքից, ասում էր, որ հաճախ զգում է ոտքի ներկայությունը, անգամ մատների ցավն է զգում:

Ծիծեռնակի նման բնազդական շարժմամբ ես հայացքս ուղղում եմ հորիզոնին, ուր որ իմ լեռները պիտի լինեն և զգում եմ բացակա սրտիս ցավը…

Եղել է հին աշխարհում մի փիլիսոփա, որ մարդկանց մերժումին վարժվելու համար արձաններից է ողորմություն խնդրել, իսկ ի՞նչ անեմ ես, որ այս տափակ երկրում լեռների բացակայությանը վարժվեմ:


* * *

Մեր Մենձ ձորից մինչև Փարվանա լիճը փռված հովիտը իմ մանկության դաշտն էր, այսինքն ոչ թե Միջագետքում կամ Հնդկաստանում, այլ այդտեղ էր գտնվում Դրախտը…

Այդ հովտում, որ Մենձ Չայիր էինք կոչում, երկու մեծ քարակույտեր, մանր ու խոշոր քարերի երկու բուրգեր կային, որոնք վկայում էին, որ այդտեղ իրենց զինվորներին են հաշվել հռոմեացի զորավարները։ Մեր պատմության ուսուցիչն էր այդպես ասում, իսկ մենք ուզում էինք, որ Տիգրան Մեծը կամ գոնե Վարդան Մամիկոնյանը եղած լինեին:

Մենձ ձորից իջնում էր գետակը, ոլորվում էր հովտում, անցնում էր հին ճանապարհի կամրջի տակով ու ծաղիկների միջով գնում դեպի լիճը:

Կամրջի մոտ ջուրը խորն էր և պտույտ էր տալիս: Դա Անհատակն էր, այնտեղ ոչ ոք չէր լողանում: Անհատակից ոչ հեռու, ճանապարհի եզրին, իմ մանկության աղբյուրն էր, ասում են, թե նա հիմա ցամաքել է…

Երբ ավարտեցինք դպրոցը, մեր դասարանի տղաները որոշեցին ձուկ բռնել գետակից և խնջույքով նշել մեր ավարտելը:

Հունիսի կեսերին Կաչխան կոչված ձկները, որ հիմա նույնպես չկան, մեծ վտառներով գետակով բարձրանում էին դեպի ձորի տաք ջրերը ձկնկիթ դնելու և լուսադեմին ետ էին դառնում դեպի լիճը: Մեր գյուղացիներն ամեն տարի այդ օրերին       քթոցներով կամ ցանցերով փակում էին նրանց վերադարձի ճանապարհը և որսում էին մեծ քանակությամբ: Դա նշանավոր Ձկան խաղն էր:

Մենք էլ գնացինք, գինի տարանք, որ խմենք, քեֆ անենք ձուկը բռնելուց հետո: Գինին խմեցինք ձուկը բռնելուց առաջ և ամեն ինչ մոռացած քնեցինք գետափի Անմոռուկների մեջ…

Գիշերը անձրև եկավ: Հորդացած ջրերն անցան, ձկներն անցան անարգել, իսկ մենք, առաջին անգամ հարբած, քնած մնացինք մինչև առավոտ:

Երբ արթնացանք, արևն արդեն ծագել էր, թռչունները երգում էին:

Գիշերային անձրևից հետո Դրախտի հովիտը լցված էր թարմության բույրերով:

Մենձ ձորից կաթնագույն մշուշը քաշվում էր դեպի վեր, դեպի Քարախաչի կապույտ լեռները, հովիվների կանչերից թնդում էր ձորը, ձիերի մի փոքրիկ երամակ, ձորից դուրս գալով, մշուշների ետևից սլանում էր բլուրներն ի վեր:

Մենք թրջված էինք գիշերվա անձրևով ու լուսաբացի ցողով, բայց երջանիկ էինք, առջևում կյանքն էր՝ հրապուրիչ ու անվախճան:


* * *

Մեր մեծ տան տարբեր անկյուններից միշտ կարելի էր լսել զանազան ընթերցումներ և արտասանություններ, միշտ որևէ հաստ գիրք էր կարդում հայրս իր մշտական տեղը նստած, բարձրաձայն դաս էին սերտում իմ քույրերն ու եղբայրները: Նրանք կարդում ու արտասանում էին ձեն ձենի տված: Ինչու՞ էին բարձրաձայն կարդում, չգիտեմ, երևի նրա համար, որ հետո ձայներն անվերջ հնչեն ու կանչեն կենդանի մնացած վերջին մոհիկանի ծերացած ականջներում:

Ես ու Խաչիկը դեռ դպրոց չէինք գնում ու միշտ հետաքրքրությամբ լսում էինք նրանց:

Ամենից հաճախ կարելի էր լսել նոր ժամանակների բանահյուսությունը բոլշևիկ հսկաների մասին, թե ինչպես ձի են հեծնում ու հարուստների դեմ կռվի են գնում Լենին հսկան, Ստալին հսկան և մյուս հսկաները… Ապա գալիս էր գյուղացի Մխոն, որին Լենինը նոր փափախ ու կոշիկներ էր տվել նրա ծակ փափախի ու պատռած կոշիկների փոխարեն:

Ահա իմ քույր Ասլին կովերի մսուրի մեջ նստած անգիր է անում հանձնարարված հատվածը «Անուշ»-ից կամ «Լալվարի որս»-ից, իսկ տան մյուս ծայրից Աղասին արտասանում էր.


                        Հե՛յ, ձեզ մատաղ, բանվոր տղերք,

                        Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք,

                        Մի զարկ տվեք ցարի գահին,

                        Որ խորտակվի նա հիմնովին:


Նրան լսելով, ես պատկերացնում էի բարձր գահի վրա նստած ցարին, իսկ «բանվոր տղերքը» ճոճում են գահը, որ նրան վայր գցեն, միայն թե «նա հիմնովին»-ը ես լսում էի «նային-նոյին» ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե դա ինչ է, ուզում էի հարցնել, բայց վախենում էի, որ վրաս կծիծաղեն:

Սրբերի շարքն անցած հին իմաստուններից մեկը՝ Երանելի Ավգուստինը, հիշողությունները հոգու ապացույց է համարում: Նրանք հոգու մեջ են պահվում և հարկավոր պահին այնտեղից են հայտնվում, նշանակում է հոգի գոյություն ունի, հիշողություններն են նրա վկան, ասում է նա:

Այս պահին ես գիտեմ, որ ցավն է հոգու վկան… Մերոնք բոլորը հողի տակ են, իսկ մեր մեծ տան տեղում եղինջ է աճում… Անմխիթար ցավն է հոգու վկան:

Մայրս հպարտանում էր, որ մեր տանը բոլորը կարդացող են, բայց հպարտանում էր տխրությամբ ու ափսոսանքով, որ գրքերը հաց չեն տալիս: Իսկ հայրս հույսը չէր կտրում.

– Սև գիրը կարմիր օրեր կբերե, կնիկ:

Նա շատ էր սիրում կարդալ, մանավանդ ձմեռները: Ցերեկները նստում էր թախտի ծայրին, երդիկի տակ ու կարդում էր: Եթե ձյուն տեղար կամ բուք լիներ, երդիկները փակվում էին ու տունը մթնում էր: Այնժամ հայրս մեզանից մեկնումեկին ուղարկում էր երդիկները մաքրելու: Մենք աշնանից նրանց մոտ բարձր ձողեր էինք տնկում, որ ձմեռը գտնենք:

Երեկոները հայրս նստում էր սյան տակ, լամպին մոտիկ և սովորաբար կարդում էր բարձրաձայն, մանավանդ եթե լսող էր ունենում:

Բազմաթիվ ձմեռային երեկոներ ես ու Խաչիկը հափշտակված լսել ենք նրա ընթերցումները: Դրսում սուլում ու երգում էր լեռներից փչող քամին, իսկ հայրս կարդում էր նավթի լամպից տարածվող լուսավոր շրջանակի մեջ նստած: Այդպես մենք լսել ենք մեր ժողովրդական հեքիաթները, պատմավեպերը, Վախթանգ Անանյանի գրվածքները, «Ռոբինզոն Կրուզո»-ն, «Անգլուխ ձիավորը», «Տասնհինգամյա նավապետը» և այլն:

Չորս անառարկելի հեղինակություններ կային հորս համար՝ Րաֆֆին, Ջիվանին, Թումանյանն ու Ռափայել Պատկանյանը, որին միշտ Գամառ Քաթիպա էր կոչում:

Րաֆֆու գործերը, մանավանդ պատմավեպերը, նա ընկալում էր որպես ստույգ իրողություն, որպես հայ ժողովրդի կենսագրություն: Նրանք, բացի հարուստ տեղեկություններ տալուց, մինչև հոգու խորքը հուզում էին հորս: Խիստ հուզական տեսարանները նա անվանում էր «դժվար տեղեր» և կարդում էր մտքում, միայն շուտ-շուտ թաշկինակով աչքերն էր սրբում: Այդպիսի տեղերից էին պանդուխտ հոր և որդու հանդիպումը «Ղարիբ մշեցին» պատմվածքում, Մուրադի և հոր հանդիպումը «Խաչագողի հիշատակարան»-ում, Դրաստամատի այցելությունը շղթայակապ Արշակ թագավորին և այլն:

Ջիվանին սրբություն էր հորս համար: Նա փոխարինում էր ավետարաններին, Առակաց գրքին ու սաղմոսներին, որոնք անչափ սիրում էր, որոնցով կրթվել ու դաստիարակվել էր: Հորս հոգուն հարազատ էին մեծ գուսանի իմաստությունը, լավատեսությունն ու հայրենասիրությունը:

Հայրս բառացիորեն անբաժան էր նրա գրքից, գիշերը քնելիս դնում էր բարձի մոտ, անգամ հետը դաշտ էր տանում, կարդում էր թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին աղոթքի պես: Այդ գիրքը ես գնել էի Ախալքալաքի շուկայում մի ծերունուց: Այն հետաքրքիր ճակատագիր էր ունեցել, մի քանի տերեր էր փոխել Ստեփան Զորյանի կովի պես: Երկու-երեք տարի առաջ էր լույս տեսել, բայց պատկանել էր վեց հոգու: Վեցերորդ տերը՝ մի հեշտիեցի, խոշոր տառերով գրել էր շապիկին.

– Մուրազիս հասա, անջախ նաշոլ…

Թումանյանի քառյակները շատ էր սիրում հայրս, առհասարակ նրա գործերը շատ բարձր էր գնահատում, միայն թե չէր ներում նրան Գիքորի մահվան համար, կարդալիս միշտ լալիս էր ու ասում.

– Անաստվա՛ծ, էդպես կգրե՞ն, ինչու՞ մեռներ անմեղ երեխան:

Հորս սրտին առանձնապես հարազատ էին Պատկանյանի գյուղական ռոմանտիկ պատկերները, իսկ առանձին ոգեշունչ պահերի կամ գինովության ժամանակ երգում էր նրա «Թե իմ ալևոր հերքս սևնային» բանաստեղծությունը: Մի անգամ էլ քիչ էր մնացել փորձանքի մեջ ընկներ այդ պատճառով: Մի հարսանիքում, գինովցած լինելով, երգել էր, հաջորդ օրը կանչել էին կոլխոզի գրասենյակ, թե դաշնակցական երգեր ես երգում: Կատարածու Կուտուզենց Աբրահամը, որը եկել էր ետևից, ճանապարհին խորհուրդ էր տվել.

– Մեղքդ վրադ առ, ասա՝ սխալվել եմ, խմած եմ եղել, թե չէ կկորցնեն, երեխաներդ անտեր կմնան, աշխարհում ի՞նչ կփոխվի:

Հորս փրկել էին Աբրահամի խորհուրդներն ու մեկ էլ այն, որ առաքինի մարդու անբիծ անուն ուներ գյուղում, բոլորը հարգում էին նրան:

Վերջին գիրքը, որ կարդում էր նա, «Մխիթար սպարապետ»-ն էր: Հասել էր այն տեղին, ուր պատմվում էր, թե ինչպես Դավիթ բեկի հետ գժտված Մխիթար սպարապետը ճակատամարտի ամենածանր պահին իր զորքով գալիս է նրան օգնության: Հասել էր այդտեղ, բայց շարունակել չէր կարողանում, հուզմունքից լալիս էր:

Ամառը վերջացավ, բայց նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել այդ «դժվար տեղը»: Աշնանը, երբ արտերն էին հնձում, մահացավ։ Իր սիրած ամիսն էր, սեպտեմբերը:

* * *

Հիշու՞մ ես մեր վերջին ձմեռը գյուղում, աղջիկս:

Այնպես ցուրտ էր, ձյունն ու քամիները շատ:

Մայրս հիվանդ էր, դու խնամում էիր նրան այնպիսի սիրով, որին միայն քո բարի սիրտն ու զգայուն հոգին են ընդունակ:

Վառարանի վրա բարակ լավաշներ էիր թխում: Դեռևս անվարժ քո մատներն այրվում էին, արցունքոտվում էին պայծառ աչքերդ, բայց դու թաքցնում էիր արցունք ու ցավ, որ ես չտեսնեմ: Եվ ծիծաղում էիր…

Աշխարհը խառնվել էր, աշխարհի հետ խառնվել էր և մեր կյանքը: Դժվար ժամանակ էր: Դու հասնում, օգնում էիր բոլորին, կիսում, տալիս էիր ունեցածդ, սերդ ու գուրգուրանքդ էիր տալիս, միայն մոռանում էիր ինքդ քեզ: Հետո այդպես էիր վարվում ամեն անգամ, ամեն տեղ, ուր որ նետել է մեզ կյանքը: Ոչ ոք դա քեզ չի սովորեցրել, քո էությունն է այդպես՝ հրեշտակային, իմ սիրելիս:

Հակոբ քեռին ու մեր հարևան Սամվելը այն ձմեռ գալիս էին «օդա նստելու» մեր տանը: Հակոբ քեռին հետաքրքիր պատմություններ էր պատմում իր կյանքից: Նրանց մեջ շատ թուրքեր կային: Հռոմեական այն կոնսուլի նման, որը ինչի մասին էլ խոսեր, իր բոլոր ելույթները վերջացնում էր միևնույն կոչով՝ Կարթագենը պետք է կործանվի, Հակոբ քեռին էլ իր բոլոր պատմություններն այսպես էր ավարտում.

– Թուրքին հավատալ չի կարելի:

Սամվելը դիտմամբ գրգռում էր նրան, որ նոր բան պատմի:

– Ինչու՞ միայն թուրքին, հիմա ոչ ոքի հավատալ չի կարելի, այնպիսի ժամանակ ենք ապրում, որ մարդուն պետք է հազար անգամ փորձել, նոր վստահել:

Եվ Հակոբ քեռին պատմում ու պատմում էր և դարձյալ խոսքը վերջացնում էր նույն կերպ՝ թուրքին հավատալ չի կարելի:

Այդպես մենք կարճում էինք ձմռան երկար գիշերները:

Բաքարյան Կարենն էր միշտ այցելում մեզ այն ձմեռ: Գալիս էր, ինչպես ինքն էր ասում, քո աննման ծիծաղը լսելու համար ու միշտ սիրտ էր տալիս ինձ.

– Կանցնին էս օրերը, Մարկոսյան ջան, լավ օրեր կգան:

Նա մեկն էր այն քչերից, որոնց մեջ միացած էին մարմնի ուժն ու հոգու պոեզիան, այդտեղից էր նրա լավատեսությունը:

Թե գիտենայի ինչ է սպասվում մեզ, մնացած բոլոր օրերս հոժարությամբ կտայի, միայն թե այդ օրերը չանցնեին:

Հիշու՞մ ես, ինչպես հյուր գնացինք Կարենենց, երբ վերադարձել էր նրա հայրը՝ Վարոսը: Նա վարորդ էր, ավտովթարի պատճառով բանտարկվել էր: Նստել էր որոշ ժամանակ ու նոր ազատվել, վերադարձել էր տուն:

Վարոսի ավագ որդին ու աղջիկներն էին եկել հեռուներից, հոր սիրած երգերն էին երգում, արտասանում էին: Այնպես թեթև ու գեղեցիկ էր այդ երեկոն, այնպես հուզիչ ու բնական էր ամեն ինչ, որ Վարոսը կարծես մոռացել էր կրած դառնությունները:

Նա մեր գյուղի առաջին վարորդներից էր, որոնք փայտե խցիկներով «Գազիկ» էին քշում: Նրանց նախանձում էին ընկերները, իսկ աղջիկները սիրահարվում էին:

Նրա հորը՝ Ազիզենց Մադոյին, ձերբակալել էին երեսունյոթ թվին որպես «ժողովրդի թշնամու», դաշնակցական գաղտնի խմբակի անդամ լինելու մեղադրանքով: Իբր թե այդ խմբակի անդամները մի գիշեր հավաքվել էին Կուճուճայենց օդայում և նրանցից մեկը երգել էր «Ինչու՞ բոլորն եկան, իմ Զոհրան չեկավ» երգը: Դա տարածված երգ էր ինչ-որ արևելյան հին սիրավեպից, իսկ կոմունիստների կարծիքով նշանակում էր ինչու՞ դաշնակները չեկան…

Հաջորդ օրը ձերբակալել ու տարել էին յոթ հոգու:

Դա եղել էր ձմռանը: Վարոսի հայրը ոչխարին խոտ էր տվել ու յափունջին ուսերին կանգնած էր եղել ոչխարի մոտ, պատի տակ: Երբ միլիցիոներները եկել էին տանելու, յափունջին տվել էր ավագ որդուն՝ Սաքոյին.

– Առ,– ասել էր նա,– մինչև գարուն գա, դեռ շատ ցրտեր կլինեն:

– Այն ժամանակ ոմանք հավատում էին, որ շուտով գարունը պիտի գա,– ասաց Վարոսը,– այսինքն սովետական կարգերի վերջը: Ահա այդ վերջը եկավ, բայց ինչ-որ նման չէ գարնան:

Վարոսի հայրը Վանո Տացուի առաջին աշակերտներից էր եղել: Նա տանը Նարեկ էր պահել, որ հրաշքով փրկել, պահել էին: Վարոսը բերել տվեց գիրքը, ցույց տվեց հոր ծալած թերթը: Ես տեսա մատիտով հազիվ նկատելի նշված մի տող այդ էջում՝

Արդեօք լուա՞յց ընդ ձայնի գուժիս՝ աւետեաց համբաւ ինձ առաքեցեալ…

Դժվարություններ շատ էր տեսել Վարոսը: Թեև կյանքն ու մարդիկ դառնացրել էին նրան, բայց էությունը մնացել էր լուսավոր: Նրա հետ մի տեսակ թեթև ու հեշտ էր ամեն ինչ: Ամեն տեղ և ամեն ինչում իրեն այնպես էր պահում, որ կարծես ասելու լիներ.

– Կյանքը շաքար չէ, բայց ապրել կարելի է, կարևորը մարդ մնալն է:

Մինչ մենք զրուցում էինք, դուռը ծեծեցին: Վարոսը գնաց բացեց ու ներս եկավ երկու վրացիների հետ: Նրանք ներս մտան մրսած, ձյան մեջ կորած ու տիկով օղին դրեցին սեղանին: Նրանք չորացրած մրգեր էին բերել պանրի հետ փոխանակելու, ուզեցել էին հասնել Ասփարա, իրենց ծանոթի մոտ, բայց ճանապարհը մեր անտառի տակ փակ էր եղել, մեքենան թաղվել, մնացել էր ձյան մեջ: Շալակել էին տիկով օղին, եկել գյուղ: Շներից խույս տալով ու հալածվելով եկել հասել էին Վարոսենց:

Նրանք եկան և իրենց հետ մի տեսակ թարմություն բերեցին, տխրությունը ցրվեց: Տաքացան, խմեցին ու երգեցին վրացիները: Խմեցինք մենք էլ նրանց օղին, որ այդ օրերի պես պղտոր էր:

Նրանցից մեկը, որի անունը կարծեմ Դաթո էր, մի երգ երգեց: Բառերը մոռացել եմ, միայն ընդհանուր տպավորություն է մնացել, ընդհանուր ասոցիացիա, որ երբեմն ավելի հարուստ է, քան ամեն մի խոսք: Եվ եթե այդ ընդհանուր տպավորությունն էլ «թարգմանենք», կստացվի ահա այսպիսի մի երգ, որ երգեց նա.

Տարիները անցան գնացին Արագվայի ջրերի պես, անցածը էլ ետ չի գա, գինի խմիր այսօր, որ տխրությունդ քաշվի աշնան մշուշի նման: Մի՛ լինիր սարերի պես մտքերի մեջ այդպես մոլորված, մի՛ լինիր պաղ ձյուների պես, որ աշնանը իջնում են սարերին…

Այդ երգը միշտ անբաժան է մեր վերջին ձմեռվա և այն երեկոյի թախծալի վերհուշից:


* * *

Ես մի ծանոթ ունեմ, ինչի մասին ուզում ես հետը խոսիր, հենց նեղն է ընկնում թե չէ, ասում է՝ ամեն ինչ հարաբերական է: Ծերության մասին էլ է այդպես ասում, թեև ինքը վաղուց երիտասարդ չէ: Խենթանալու բան՝ ամեն ինչի մասին էլ կարելի է ասել, թե ամեն ինչ հարաբերական է:

Իմ կարծիքով, ծերության առավելության մասին միայն տխուր հումորով կամ ինչ-որ վերապահությամբ կարելի է խոսել, այդտեղ հարաբերական բան չկա:

Ի՞նչ ունի ծեր մարդը: Նա ունի անցյալ, որն ինքը անվանում է «իմ ժամանակը», նա արդեն չկա կամ այլևս չկա, բայց նա ունի…

Այդ ժամանակի մասին սովորական ձևով նստել ու պատմել հարմար չէ, կարելի է պատմել միայն այնպես, ինչպես մեռածի վրա են ողբում մեր գյուղում՝ լալիս են երգելով… Նա անպայման արցունք է պահանջում՝ ինչպիսին էլ եղած լինի ու գնալով քաղցրանում է, ինչու՞ է այդպես, չգիտեմ: Գիտնականներն էլ չգիտեն, ինչպե՞ս է, որ գինու թնդությունը կամ մետաղների ժանգոտելը բացատրում են, իսկ ժամանակի դառնությունը կամ քաղցրանալը՝ ոչ:

Ինչ որ է, հիմա արդեն ես էլ կարող եմ ասել՝ իմ ժամանակը, նշանակում է ես էլ ինչ-որ բան ունեմ, թեև նա այլևս չկա:

Իմ ժամանակը քաղցր ու դառն համերի մի խառնուրդ էր: Ես նրա մասին հիմա շատ բան պատմելու մտադրություն չունեմ, միայն ուզում եմ ասել, թե որքան տարօրինակ ու զարմանալի էր նա իր լավատեսությամբ ու երգերով:

Դրանք խրուշչովյան տարիներն էին, որ «Ձնհալ» են կոչում հիմա: Բռնություններից ու հալածանքների մղձավանջներից հետո լավատեսական հեքիաթ էր հարկավոր: Նախ տիեզերքը բացվեց մարդկանց համար, հմայիչ ու կախարդական հեռուն, իրականությունից անսահման հեռու և հրապուրիչ: Լուսավոր ու լավատեսական էր անգամ առաջին տիեզերագնաց Գագարինի ժպիտը: Պատահականությու՞ն էր դա, թե՞ այդպես ընտրել էին նրան հատուկ այդ ժպիտի համար:

Մարդը միշտ հեքիաթի կարիք ունի, ուստի հնարեցին կոմունիզմի գեղեցիկ հեքիաթը: Հասարակագիտության նոր դասագիրքը, որ հայտնվեց դպրոցներում, կոմունիզմի դասագիրք էր, ես նրա հոտն եմ հիշում…

Ոչ ոք չէր կասկածում, որ շուտով կոմունիզմ պիտի լինի: Դա Աստծո արքայության նման մի բան էր, բայց ավելի իրական ու մոտիկ, ընդամենը քսան-քսանհինգ տարի հետո: Ամեն ինչ կամավոր պիտի դառնար, փողը պիտի վերանար, գնա առ ինչ ուզում ես, ինչքան ուզում ես: Մարդը պիտի փոխվեր, պիտի դառնար միանգամայն ազնիվ ու բարի, հավասարություն և արդարություն պիտի լիներ…

Մենք կիսաքաղց էինք, բայց հույսով ու հավատով անգիր էինք անում Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը և անվերջ քննում, թե այդ ամենն ինչպես պիտի լինի:

Մեծերը գյուղամիջում նույնպես այդ մասին էին խոսում՝ մեզանից ոչ պակաս զավեշտական ենթադրություններ անելով: Սակայն կային նաև զգուշավոր ու հեռատես մարդիկ, ինչպես Թիքոյենց Գալուստը, որն ասում էր.

– Սոցիալիզմից ի՞նչ օգուտ տեսանք, որ կոմունիզմից ինչ տեսնենք: Վայթե մենք վերջը Շեյմանի օրին մնանք:

Շեյմանը կոլխոզի էշն էր, այնքան էին չարչարել, որ ոտքերը հազիվ էր քաշում: Նրան այդ անունը Դավազենց Հակոբն էր տվել, պատերազմի ժամանակ այդ ազգանունով գերմանացի հսկիչ էր ունեցել:

Ամեն ինչի մեջ լավատեսություն կար՝ գրականության, արվեստի, կինոյի: Մեր դպրոցական շարադրություններն էլ անպայման ավարտում էինք լավատեսական վերջաբանով: Ինչի մասին էլ, ում մասին էլ գրեինք, Գիքորի, թե Մարկոս աղա Ալիմյանի, պիտի վերջացնեինք դեպի լուսավոր ապագան քայլող երջանիկ կոմսոմոլների խրոխտ շարքերով…

Ամեն ինչ նշանակում էր ուղիղ ճանապարհ, աչքի էր ընկնում դեպի առաջ ու վեր ուղղված ավարտուն գծերով, ինչպես որ լենինյան ուսմունքն էր՝ սովետական ճարտարապետությունը, մեքենաների ու հագուստի ձևավորումը, ամենուրեք այդ էր խորհրդանշում Լենինի պարզած ձեռքը:

Լավատեսական էին հատկապես երգերը:

Զարմանալի բան էր՝ որտեղի՞ց էր նրանց այն մարդկային ջերմությունը, լույսն ու բարությունը, որ կյանքում չկային: Նրանք հմայում ու տանում էին մեզ կյանքից հեռու մի ուրիշ աշխարհ, համենայն դեպս, ինձ վրա այդպիսի ներգործություն էին ունենում, ես մոռանում էի կյանքը և նրանց էի հավատում:

Նրանց կատարողներն էլ, հեղինակներն էլ մեծ մասամբ հրեաներ էին: Նրանք ոչ թե երգում էին, այլ կարծես թե հարազատի պես խոսում էին մարդու հետ, պատմում էին: Ես լսում էի դրանք միայն ռադիոյով, կարծես թե իմ հոգին էր լսում, որովհետև ոչինչ չէր խանգարում, ոչ պատկեր, ոչ շարժում:

Լուսավոր ապագայի այդ երգերը հիմա էլ ջերմացնում են ծերացած սրտերը որպես լուսավոր անցյալ, որովհետև դրանցից բացի նրանք ոչինչ չունեն:

Հիմա հարցնում եմ ինքս ինձ՝ այն կեղծ լավատեսությու՞նն էր լավ, թե՞ հիմիկվա անտարբերությունն ու արհամարհանքը մարդու հանդեպ: Դժվարանում եմ ինքս ինձ պատասխանել, որովհետև զգացմունքը հիմա կխանգարի, ինչպես որ խանգարում էր այն ժամանակ, կարող եմ սխալ բաներ ասել, բայց գիտեմ, որ ներքուստ պատրաստ եմ նորից խաբվելու, եթե իմ ժամանակը, որն այլևս չկա, հանկարծ վերադառնա:


* * *

Աշունը եկավ տրտմության նվագներով:

Հրաժեշտի սոնատ, ադաջիո դոլորոզո Ոսկեհանդերձ նվագախմբի կատարմամբ՝ մոլորյալ քամու նվագակցության պայմանով:

Իմ Կարոտի սարերին հիմա մեր սեպտեմբերը իջավ առանց ինձ:

Անզարդ, անպաճույճ աշխարհ՝ պարզ գծեր, հստակ գույներ, խաղաղված, հանդարտ ջրեր՝ մաքուր ու ջինջ, հոգնած դաշտեր և իմաստուն հող՝ Թումանյանի պես լայնսիրտ ու ներող:

Սեպտեմբերյան պայծառ թախիծը կրկին եկավ առանց ինձ՝ թեթև գինովության պես, չգիտես ինչու և որտեղից:

Դուդուկի դո մինոր մենախոսություն աշնանային պոեմի համար:


* * *

Ինձ թվում էր միշտ, դեռևս մանկուց, թե ժամանակը ես եմ հնարել կամ էլ դա հիվանդության նման մի բան է, որը տրված է միայն ինձ, որովհետև ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում, միայն ես եմ մտածում նրա մասին, ես եմ զգում նրա կորուստն ու անվերջանալի հոսքը:

Հետո հասկացա՝ Աստված կամ նա, ով ստեղծել է ժամանակը, մի տեսակ բախտավոր մոռացկոտություն է տվել մարդուն, որ առօրյա կյանքում չմտածի մահվան, ժամանակի և նման բաների մասին, ինչպես որ, ասենք, շնչում ենք, բայց օդի մասին չենք մտածում։ Սակայն առանձին մարդկանց իբրև պատիժ զրկել է այդ շնորհից, և ես այդպիսիներից մեկն եմ:

Վաղ մանկությունից ամեն առիթով ու ամեն ինչի մեջ ես տեսնում էի հոսող, անհետացող ժամանակը, զգում էի անցնող վայրկյանի կորուստն իբրև անձնական ցավ: Սարսափով մտածում էի, որ մայրս պիտի ծերանա ու մեռնի, բոլորը պիտի մեռնեն, և շուրջս անխուսափելի կերպով ամեն ինչ պիտի փոխվի, և դա այն պատճառով, որ ինչ-որ աներևույթ բան անվերջ հոսելով անդարձ հեռանում է:

Ամեն ինչ այդ մասին էր հիշեցնում: Երբ գալիս էր Նոր տարին, ինձ թվում էր, թե դա հանդիպում է ժամանակի հետ, թեև դա դեռ այնքան վաղ էր, որ չկային ոչ մանդարինը, ոչ տոնածառերն ու լույսերը: Ես զարմանում էի, թե մարդիկ ինչի՞ համար են ուրախանում, չէ՞ որ ժամանակն անցնում է:

Այդ մասին էին հիշեցնում ձնհալի գարնանային ջրերը, որ կարկաչելով վազում էին գյուղի փողոցներով՝ իրենց հետ տանելով իմ մանկության ժամանակը: Աշխարհում ամեն ինչից շատ վաղ գարնան այդ օրերն էի սիրում, առուները, ջրերը, գոլորշիացումների բուրմունքն ու կրճոնի ծուխը, սակայն ժամանակի անդարձության թախիծը պղտորում էր այդ բերկրանքը:

«Պարոն Պետրոսն ու իր նախարարները» վեպի հերոսի օրինակով ես էլ սկսեցի հուշատետր պահել և առաջին տետրակիս շապիկին նկարեցի մի մեծ ժամացույց՝ շղթայով ու ծանրոցով, որպիսին տեսել էի մեր դպրոցի ուսուցչանոցում ու երեք անգամ գրեցի՝ ժամանակ… Դա նշանակում էր, որ ժամանակն ինձ համար չափազանց կարևոր մի բան է, որը տիրում է իմ մտքերին ու միաժամանակ վախ է պատճառում, որովհետև անհասկանալի է:

Այնուհետև ինձ միշտ զբաղեցնում էր լեզուն, այսպես կոչված քերականական ժամանակը, որի ներկան կարծես թե մնայունություն ունի՝ խոսելու պահը, որը բաժանում է անցյալն ու ապառնին:

Փոխանակ ապրելու և օգտվելու ներկայից, ես մտածու՛մ էի նրա մասին և այդպիսով իզուր կորցնում ժամանակս: Հետո միայն հասկացա, որ ով ավելի շատ է մտածում ժամանակի մասին, ավելի շատ է կորցնում:

Հայոց լեզվի դասերին, ներկա ժամանակը բացատրելիս, երբ գրատախտակին որևէ օրինակ էի գրում, ինձ թվում էր, թե ահա մի աշակերտ կբարձրանա ու կասի.

– Բայց Ձեր ասած խոսելու պահն արդեն անցավ, ներկան անցյալ դարձավ…

Դա հիվանդություն է, ուրիշ ի՞նչ անուն տալ:

Մտածում էի, թե նրանց ինչպե՞ս բացատրեմ լեզվի պայմանականությունն ու իրական ներկայի տևողությունը, երբ ինքս կարգին չգիտեմ, թե դրանք ինչ են:

Ինձ միշտ հետաքրքրում էր, թե լեզվի ու մտածողության ի՞նչ նոր գույներ ու երանգներ կարելի է հայտնաբերել, եթե համեմատվեն աշխարհի լեզուների բայերն ու նրանց ժամանակները: Մի տեղ կարդացել եմ, օրինակ, թե չինարենում չկա «երբեք»-ը, այսինքն անդառնալիություն նշանակող հիերոգլիֆ չկա… Ասում են, թե եբրայերենում բայի անցյալ ժամանակը միաժամանակ ապառնի է նշանակում, թե հին պարսկերենում երազներ պատմելու համար մի հատուկ բայաձև է եղել, որ նշանակել է ներկա ու միաժամանակ ոչ ներկա, իրական և ոչ իրական մի ժամանակ:

Ծանոթանալով Երանելի Ավգուստինի որոշ գործերին, ես հանդիպեցի լեզվի ու մտածողության նույն խնդրին և հասկացա, որ նրանց միջև հակասությունը միշտ էլ եղել է, թեև նա այդ հակասությունը բացատրում է յուրովի․

– Երբ ասում ենք «մեռած» կամ «մեռել է», նշանակում է անցյալ, իսկ երբ ասում ենք «մեռնող», սա ի՞նչ է նշանակում, անցյա՞լ, թե՞ ներկա,– հարցնում է նա ու ինքն էլ պատասխանում, որ «մեռնող» բայաձևը նշանակում է, թե գոյություն ունի մի պահ անցյալի ու ներկայի միջև, և դա հավերժությունն է…

Նույն կերպ նա քնի օրինակն է բերում՝ դարձյալ հարցնելով, թե երբ քնում ես, բայց քնած չես, այդ անցման ակնթարթը արթնությունից քնին անցյա՞լ է, թե՞ ներկա: Եթե ներկա է, ապա ի՞նչ տևողություն ունի: Ուրեմն, ըստ նրա, այդ էլ է հավերժություն:

Իմ սրտին մոտիկ էր Վահան Տերյանը ժամանակի իր ընկալմամբ: Ինձ թվում էր, թե դա իմ գյուտն է, իմ գաղտնիքը, որովհետև այդ մասին ոչ մի տեղ գրված չէր: Գրում էին նրա հոռետեսության, հեղափոխական ոգևորության ու վերադարձի մասին, իսկ ժամանակը մոռանում կամ անտեսում էին:

Տերյանի մոտ, ինչպես ասում են, մինորն ու մաժորը, լույսն ու խավարը հաջորդում են իրար, նա ինչպես որ հոռետես է, այնպես էլ լավատես, ինչքան որ հուսահատ է, այնքան էլ ոգևորվող ու լուսավոր: Նույնն էլ ժամանակը, նա կարծես թե խույս է տալիս ժամանակի մասին հոգեմաշ մտքերից, նրա համար գոյություն ունի մի հատուկ ժամանակ, ուր միախառնված են ներկան, անցյալն ու ապագան:

Ահա մի քանի տող նրա տարբեր բանաստեղծություններից.

Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում անցյալն ու ներկան իրար է խառնում, ինձ համար չկա ժամ ու ժամանակ, ապագա և անցյալ և ներկա խառնվել են իրար, ինձ համար չկա այսօր ու երեկ, ու թվաց հանկարծ, որ չկան, չկան անցյալն, ապագան, օրորում է անուշ մի թախիծ և գալիք, և ներկա, և անցյալ…

Տերյանական այդ ժամանակն անշարժ է, անսկիզբ ու անվախճան, նա չի հոսում, չի հեռանում ու կորչում: Դա հավերժական խաղաղության ու երանության մի ներկա է, որպիսին երազում էի ես.


                        Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,

Ոչ գալիք օրերին նետել հույս,

Հանգիստ է իմ շուրջը և գիշեր

Ու սիրտս չի տենչում արշալույս…


Երբ առաջին անգամ կարդացի Ավետիք Իսահակյանի «Հիշատակարան»-ը և այնտեղ այսպիսի գրառում գտա, զարմացա.

– Անցյալի օրագրությունն այժմ չեմ կարող գրել, քանի որ հենց ամեն մի տառը գրելիս ներկան դառնում է անդարձ անցյալ…

Ճիշտ և ճիշտ իմ մտքերը բայի ժամանակը բացատրելիս: Կարդում ու թեթևանում էի, նշանակում է միայն ես չեմ տառապում ժամանակի այդ հիվանդությամբ:

Մեծ բանաստեղծը, որ կյանքի, մահվան ու ժամանակի գաղտնիքները հասկանալու համար կրոններ, փիլիսոփայություններ էր ուսումնասիրել, կյանքի մայրամուտին ցավով հասկացավ, որ պատասխան չկա իրեն տանջող հարցերին և ուզում էր հեռանալ, փախչել ժամանակից…

Եթե հնար լիներ փախչելու… Կարելի է խուսափել բարձրությունից, ցածրությունից, լույսից ու խավարից, փախչել, ազատվել ջրհեղեղից, երկրաշարժից, անգամ մարդուց… Իսկ ու՞ր փախչես ժամանակից:

Մենք ժամանակի գերին ենք: Յուրաքանչյուր վայրկյան ներկան անցյալ է դառնում, և մենք ներկայի մեջ մնալ չենք կարողանում, փախչում ենք դեպի անցյալ կամ ապագան ենք տենչում: Երազում ենք այն, ինչը գալու է անխուսափելի կերպով, անխուսափելին ենք տենչում… Ներկան կոխկրտում ենք անարժեք ավազի պես, տրորում ենք ու անցնում, իսկ հետո ավազի ամեն մի հատիկը դառնում է մի գանձ, որ գին չունի…

Ահա այսպես, մանկությունից մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս ժամանակի մասին մտքերը, ինչպես Իոսիֆ Բրոդսկին է գրել, թվում է, թե ես ժամանակի մասին մտածել եմ ավելի շատ, քան նա, ով ստեղծել է ժամանակը…


* * *

Քանի մոտենում եմ վերջին, այնքան ավելի հաճախ եմ մտքով վերադառնում դեպի սկիզբը, որտեղից եկել ենք բոլորս՝ դեպի մանկություն, երևակայությամբ վերականգնում եմ անցքեր, պատկերներ և այնքան հաճախ ու այնպես ինքնամոռաց կերպով, որ երբեմն շփոթում եմ՝ ինքս տեսե՞լ եմ այդ բաները, թե՞ մերոնք են պատմել:

Ահա տեսնում եմ իմ վաղ մանկության կարմիր օրերից մի օր: Կարմիր են թվում անցյալի օրերը, մեկ էլ ապագան է կարմիր թվում, երբ հավատում են նրան:

Խորունկ ձմեռ էր, ձյունառատ ու խիստ: Մենք հավաքվել էինք թոնրի շուրջը: Մայրս հացի այրված կուտերը լցրել էր ուռենու ճյուղերից հյուսած սկուտեղի մեջ ու դրել մեր առջև, որ ուտենք:

Խորունկ ու դժվար ձմեռ էր, պատերազմը նոր էր վերջացել, այդ սևացած կուտերից բացի մեր տանը էլ բան չկար ուտելու:

Կոլխոզը մեր փոքր գոմը պահեստ էր դարձրել, կարտոֆիլ էր լցրել: Գոմի դուռը կնքել էին: Գոմը լիքը կարտոֆիլ էր, իսկ մեր մեծ ընտանիքը սոված էր: Հայրս ու եղբայրներս լուռ նստած նույն բանն էին մտմտում՝ ի՞նչ կլինի, եթե կարտոֆիլը հանեն: Այդպես լռությամբ էլ միևնույն որոշումը կայացրին՝ ուրիշ ելք չկա: Այնուհետև հայրս շաբաթը մի անգամ քրոջս՝ Նազերին, պարանով երդիկից իջեցնում էր գոմը, քանի որ նա փոքրամարմին ու թեթև էր, իսկ նա դռան շեմքի տակից կարտոֆիլները գլորում էր դուրս: Դա փրկություն էր, մեզ այլևս սով չէր սպառնում:

Պահեստապետը Առաքելենց Աղասիմն էր: Նա կռահել էր, թե ինչ է կատարվում իր պահեստում, բայց բան չէր ասել, միայն հորս զգուշացրել էր, թե ռևկոմի նախագահը երկու-երեք օր հետո ստուգման պիտի գա, երդիկը պիտի փակի ու նույնպես կնքի:

Երկու օրվա Նազերը այնքան կարտոֆիլ դուրս տվեց, որ մեզ բավական էր մինչև գարուն:

– Աստված մարդուն չի կորցնի,– ասաց հայրս դռները փակելով:

– Բայց մեզ Աղասիմ քեռին փրկեց,– առարկեց ինչ-որ մեկը:

– Այո՛, իսկ նրան դրդեց Աստված…

Մեր ավագ եղբայր Համբոն հիվանդ պառկած էր մի անկյունում, իսկ Գևորգը գնում-գալիս էր գոմի երկայնքով ու ոգևորված արտասանում էր.

Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստոմ Զալին՝ Ֆիրդուսին,

Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին…

Նա այդ բանաստեղծությունը երկու օր հետո պիտի արտասաներ Ստալինի ծննդյան օրվան նվիրված համերգին և լարված պատրաստվում էր: Երբ հասնում էր «ո՛վ Պողպատե Առաջնորդ»-ին, ձայնը բարձրացնում և ձեռքը թափով վեր էր պարզում, այդպես էր սովորեցրել ուսուցիչը, իսկ երբ պիտի ասեր՝ քեզ արևը պիտի լինի հաղթանակի շքանշան, երկու ձեռքն էր պարզում:

Համբոն չարացած էր և ամենից առաջ հենց Պողպատե Առաջնորդի դեմ, որովհետև նրան էր համարում վերջերս իրեն բաժին ընկած ձախորդությունների պատճառը: Նրան բռնի ֆեզո էին տարել Վալե քաղաքը, որտեղ հիվանդացել էր դողէրոցքով: Այնտեղից մի ընկերոջ հետ փախել էր և մի քանի օր ճանապարհին տանջվելուց ու զանազան արկածներից հետո գյուղ էր հասել: Թվում էր, թե ձախորդությունները վերջացան, բայց այդպես չէր: Աբուլի կոլխոզի հովիվները այդ ձմեռ խոտի պակասության պատճառով ոչխար էին պահում մեր հարևան Սմբատենց գոմում և շատ շուն ունեին: Երբ Համբոն հասել էր մեր տանը, շները հարձակվել էին նրա վրա ու քիչ էր մնացել քրքրեին: Մարդիկ հասել ազատել էին, բայց նա բազմաթիվ վերքեր էր ստացել և հիվանդ ու չարացած պառկած էր, ուստի Գևորգից պահանջեց լռել:

Հայրս հավանություն տվեց դրան, Գևորգին ուղարկեց ստուգելու, թե բոլոր դռները փա՞կ են և սկսեց հայհոյել բանաստեղծությունը գրողին էլ, Առաջնորդին էլ:

Այդ վտանգավոր տարիներին նա իրեն շատ զգույշ էր պահում, բայց երբ համոզված էր լինում, որ դռները փակ են, հայհոյում էր բոլշևիկներին: Նա այն կարծիքին էր, որ նրանք շեղվել են Լենինի ծրագրից, կոլխոզները ուրիշ տեսակ պիտի լինեին, հողն ու անասունները միանգամից չպիտի խլեին գյուղացուց:

– Տրոցկին էր մարդ, սրանք ի՞նչ են,– ասում էր նա:

Համբոն դպրոցում լավ էր սովորում, յոթնամյակն ավարտելուց հետո հայրս մտադիր էր նրան Գանձա ուղարկել ուսումը շարունակելու, ֆեզոն խանգարեց: Ֆեզո կոչվածները ֆաբրիկա-գործարանային ուսումնարաններ էին, որտեղ արհեստներ էին սովորեցնում կոմունիզմի ապագա շինարարներին: Բոլորը փախչում էին, ոչ ոք չէր ուզում գնալ, դրա համար էլ բռնի էին տանում: Տասներկու-տասներեք տարեկան երեխաներին դպրոցից հանում, տանում էին օտար քաղաքներ և շատ խիստ պայմաններում պահում էին ամիսներով: Բռնի էին տանում, բայց ասում էին կամավոր է:

Մինչդեռ նույնիսկ երգելը կամավոր չէր:

Դպրոցում սոված, մրսած երեխաները երգեր էին երգում ոչ միայն Լենինի ու Ստալինի, պարտիայի ու հզոր բանակի մասին, այլև ընկեր Թելմանի ու ընկեր Դիմիտրովի, Իսպանիայի անվախ կոմունիստների մասին, բայց ամենից շատ՝ ինչ-որ երջանիկ ապագայի մասին, որին բոլորը պարտավոր էին հավատալ:

Իմ քույրերը, հատկապես Մաքոն, դպրոցի երգչախմբի զարդն էին, բայց նրանց երգեցիկ էությունը այդ երգերով չէր բավարարվում, տանը անվերջ գեղգեղում ու երգում էին «Աման, Թելլո»-ն, «Քելե, Սաթո»-ն և «Ալմաստը շողում է»:

Կամավոր բան չկար, բռնի աշխատանքի էին քշում, մթերք էին հավաքում, ընտրությունների էին տանում ու դարձյալ անունը դնում էին կամավոր:

Պատմում էին, թե մի անգամ գյուղացիներից մեկը Ստեփան քեռուս խնդրել էր, որ դատարանում վկայություն տա, թե այսինչը քարով խփել, սատկեցրել է իր հորթին: Քեռիս համաձայնվել էր, միայն ասել էր, որ ճաշարան տանի, մի աման բորշ ուտեցնի: Բորշը ուտելուց հետո գնացել էին դատարան: Դատավորը քեռուս հարցրել էր՝ կամավո՞ր է եկել, թե՞ ստիպել կամ համոզել են:

– Հընգեր դատավոր, հիմի կամավոր բան կա՞: Էն օրը մեզնից քսան հավկիթ տարան, մեկ էլ երկու կիլո բուրդ, կամավո՞ր տվի կամ պապդ կամավո՞ր մտավ կոլխոզ: Էս մարդը մի պորցի բորշ հյուրասիրեց, ասաց՝ արի, ես էլ եկա, թե չէ՝ ի՞նչ հորթ, ի՞նչ բան, տեղեկություն չունեմ:

Դատարանից դուրս գալուց հետո, երբ հորթի տերը դժգոհել էր, քեռիս ասել էր.

– Եգան ջան, ուզում էիր, որ մի աման բորշի համար սուտ վկայություն տամ՝ մարդուն տանեն կորցնե՞ն:

Այն ժամանակ կարող էին կորցնել և՛ առանց պատճառի, և՛ սուտ վկայությունով, և՛ առանց վկայության, մի անզգույշ խոսքի կամ անմեղ կատակի համար:

Մեր հարևան Գագո քեռուն երկու տարի նստեցրել էին, որովհետև «Սովետական Վրաստան» թերթով ծխախոտ էր փաթաթել, ծխել էր:

Մի անգամ շրջանի միլիցիայի պետը սահնակով գյուղ էր եկել, գրասենյակի դռանը հավաքված գյուղացիներից պահանջել էր, որ ձիերին խոտ տան: Պիրաշկի Օհանը ասել էր.

– Կոլխողը խո չի՞ մեռել, որ մենք տանք:

Նրան անմիջապես փակել էին մի գոմում որպես վտանգավոր դասակարգային թշնամու և տրոցկիստի, վրան պահակ էին կարգել մինչև Գանձայից միլիցիոներներ գային: Նրան այդպես էլ տարել, կորցրել էին, չէին թողել, որ գոնե կնոջն ու միակ որդուն տեսնի:

Դա այն Օհանն էր, որ կոլխոզ մտնելիս ասել էր՝ մեկեն մտնինք, մեկեն ելնինք:

Երբ Պողպատե Առաջնորդը մեռավ, բոլորը պարտավոր էին լալ, լացն էլ կամավոր չէր: Մտքում անիծում ու լալիս էին կոլխոզի գրասենյակի դռանը, խանութի առաջ, բայց այնպես, որ ուրիշները տեսնեն իրենց լացը:

Երևի դեռ երբեք չէր եղել այնպես, որ մի մարդու կյանքն ու մահը այդքան մեծ նշանակություն ունենային ուրիշների բախտի համար:

Հիմա կարմիր են թվում այդ օրերը: Ժամանակի օրե՞նքն է այդ, թե՞ գույնի օրենքը, ի՞նչ իմանաս, ինչու՞ է այդպես:


* * *

Եթե աստված ինչ-որ պարգև է տվել մարդուն, ապա դա լեզուն է, լեզուն ընդհանրապես և ամեն մեկի համար՝ իր մայրենի լեզուն: Եթե քո տանն ես ու հողիդ վրա, դա սովորական հրաշք է, ինչպես խոտը կամ լույսը, իսկ եթե Աստծո անեծքով օտարության մեջ ես՝ վիրավոր հրաշք:

Այս մասին առանց սրտի ծակոցի խոսել չի լինում, մանավանդ, եթե մի փոքրիկ, զգայուն ժողովրդի լեզվով ես մտածում կամ նրանով է վերքդ ցավում:

Շատ տարիներ առաջ Հյուսիսային Կովկասի լեռնական փոքրիկ ազգերից մեկի մի բանաստեղծ իր լեզվի մասին ոգեշունչ հիացմունքով ասում էր՝ այդպիսի լեզու աշխարհում չկա: Լեռնական, անմշակ լեզու, բայց այդպես էր ասում:

Իսկ եթե Նարեկ ունենային կան Թումանյան ու Չարենց…

Սակայն ի՞նչ համեմատություն, եթե մայրենի լեզվի մասին է խոսքը, նույնն է, թե հայրենիքները համեմատես:

Լեզուն, կարդիոգրամմայի նման մի բան է, ճառագայթային ամենաբարդ սարքերի պատկերներից ու գրություններից ճարտար սրտագրություն կամ հոգեգրություն, ամեն ինչ նրա մեջ է՝ ժողովրդի հոգին, բնավորությունը, միտքը, մտքի անցած ճանապարհն էլ, ոտքերի անցածն էլ:


* * *

Մեծ երկրի և հյուսիսային այս քաղաքի միջև մի բանվորական ավան կա, երկաթուղային մի փոքրիկ կայարան, որ կոչվում է… Կոմերիտական պատանեկություն…

Մի փոքրիկ, մենավոր ավան՝ այդպիսի հնաբույր-ռոմանտիկ, այդպիսի անիրական անունով:

Երբ առաջին անգամ այդտեղ հասա, ձմեռ էր: Հանկարծ գնացքը հայտնվեց տայգայի ձյուների մեջ կանգնած ավանում: Ձմեռային միրաժ էր կարծես, տեսողական խաբկանք: Թվաց, թե կախարդված գնացքը տայգայի մշուշների վարագույրներով անցավ ու հայտնվեց ժամանակի մյուս կողմում՝ կոմերիտական ռոմանտիկ անցյալում. Վաթսունական թվերի ոճով շինված շենքեր, հանրակացարաններ, մի ակումբ, ուր կիրակի օրերը պարում էին երիտասարդ բանվորները և հարբում ու կռվում էին, թե օղի ճարվեր, մի խղճուկ դեղատուն ծուռ ցուցանակով ու մի խանութ, ուր միայն ձկան պահածոներ ու վրացական թեյի տուփեր էին շարվում:

Կայարանի շենքի վերևում խոշոր կարմիր տառերով գրված էր անունը, իսկ մուտքից աջ ամբողջ պատի վրա դեպի կոմունիզմի արևը քայլող կոմերիտականների հսկայական հարթաքանդակն էր:

Բոլորը այդտեղ, իրար մոտ, իսկ շրջակայքում, հարյուրավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր, համատարած ձյուն, անտառներ ու սառած ճահիճներ, ոչ մի շունչ-կենդանի, ոչ մի մարդ չտեսա, որ գնացք բարձրանար կամ իջներ:

Նախկին կոմերիտական ռոմանտիկայից մնացել էին միայն շենքերն ու կայարանի անունը:

Մի քանի րոպե հետո գնացքը դանդաղ շարժվեց, կարծես թաքուն հեռացավ, որ տեսիլքը չանհետանա:

Դրանից հետո ամեն անգամ այդ տեղով անցնելիս, երբ գնացքը կանգնում է, աչքերս փակում եմ, որ մարդ չտեսնեմ այդտեղ, որ ընդմիշտ մնա առաջին տպավորությունը:

Ու միշտ միևնույն տարօրինակ ցանկությունն եմ ունենում՝ ձմռան մի մշուշոտ օր իջնեի այդտեղ ու կորչեի կորած անցյալում, մոռացվեի իր անվան պես անիրական այդ ավանում: Գնացքները մոլորվեին, մոռանային նրա ճանապարհը և ժամանակն էլ մոլորվեր ու կորչեր, անցյալ ու ներկա խառնվեին իրար: Ոչ հիշողություն լիներ, ոչ կարոտ, ոչ վերադարձ լիներ, ոչ էլ անդարձության ցավ: Հավիտենական փակ ձմեռ լիներ տայգայում:


* * *

Առավոտյան տեղ էի գնում քաղաքային ավտոբուսով:

Գնալու տեղ էլ չունենամ, սիրում եմ երբեմն այդպես շրջել քաղաքում, նստել պատուհանի մոտ ու դուրս նայել, հանգստացնում է հոգնած ջղերը: Մի ժամանակ այդպես տրամվայով շրջում էի Երևանում՝ ընտրելով ամենաերկար երթուղին:

Ասում են հիմա տրամվայ չկա Երևանում: Այդպես էլ պիտի լիներ փլուզման պատկերի լրիվության համար, թե չէ՝ էլ ի՞նչ փոփոխությունների դարաշրջան:

Ավտոբուսում ինձանից մի քիչ այն կողմ մի կին էր նստած փոքրիկ տղայի հետ, մի աշխույժ, սիրուն տղա, որ շատ անհանգիստ էր, այս ու այն կողմ էր ընկնում, քաշում էր սրա-նրա շորերից, ուզում էր ամեն ինչ բռնել, տեսնել:

Մայրը երևի հոգնեց խրատելուց, մեկ էլ ասաց.

– Խելոք մնա, թե չէ կիջնեմ կգնամ ու էլ երբեք չեմ գա:

Մտածեցի, թե լավ չէ երեխային այդպիսի կտրուկ բաներ ասելը:

Մեկ էլ փոքրիկ տղան հարցրեց.

– Երբեքը ի՞նչ է, մի՞շտ…

Չեմ հիշում, թե մայրը ինչ պատասխանեց:

Զարմանալի էր, ի՞նչը դրդեց երեխային այդպիսի հարց տալու: Փաստորեն երբեք-ը նույն միշտ-ն է, միայն թե հակառակ կողմից…

Իսկապես որ զգույշ պետք է լինել երեխաներին սովորեցնելիս և մանավանդ շատ ուշադիր, երբ ուզում ենք նրանցից ինչ-որ բան սովորել:


* * *

Մորս թվում էր, թե վատ օրերը ժամանակի հետ կարող են վերադառնալ, ուստի միշտ ասում էր՝ էրթան ու չի գան էն օրերը:

Սակայն եթե ոչ օրերը, ապա նրանց հուշերն էին վերադառնում, անջնջելի պատկերներ և անպատմելի ցավ էին պատճառում նրան: Վերջին պատերազմն ու սովն էր ամենից շատ հիշում նա և ամենից հաճախ տեսնում էր գարու կանաչ արտն ու նրա պաղ ծփանքը լուսնյակ գիշերին:

Մահացու վախը սրտում, որ չբռնվի, նա կոլխոզի արտերից քաղում էր կանաչ քիստերը, բերում էր տուն, թոնրի վրա չորացնում էր մի գիշերում այդ կանաչ գարին, ապա աղում էր երկանքով մինչև լույս, փոխինձ էր անում, որ սովից փրկի երեխաներին:

Իր մասին երբեք չէր հոգում, կարծես թե ոչինչ չէր էլ ուտում, նախ երեխաներին, հորս, ուրիշներին, հետո նոր իրեն: Այդպես էր նա միշտ և ամեն ինչում:

Այդ չէ՞, որ ալտրուիզմ են կոչում: Դու կգիտենաս, աղջիկս, որովհետև ինքդ էլ ես այդպես: Եթե դա շատ բարձր է հնչում, մի ուրիշ բառ կգիտենաս: Սակայն բառերն ու անվանումները դու էլ վատ գիտես, քեզ հայտնի է միայն անհատույց բարությունը սրտի թելադրանքով, որպեսզի միշտ արթուն ու անհանգիստ խիղճդ մի քիչ հանգստանա՝ լավություն արա ու ջուրը գցիր:

Ամեն առավոտ մայրս դառնում էր դեպի Սուրբ Հովհաննեսի մատուռն ու աղոթում իր զավակների համար, բոլոր «նեղյալների» համար, իսկ աչքերից հոսում էր արցունքը: Դրանից է, երևի, որ ես աղոթք ու արցունք անբաժան եմ պատկերացնում:

… Բռնել էին մորս տուն վերադառնալիս, կանաչ քիստերը առել էին ձեռքից, իսկ իրեն կոլխոզի գրասենյակ էին տարել:

Պտտվում ու աղում է իմ հուշերի մեջ անխոնջ երկանքը ծխով լցված մեր հին տանը ու թվում է, թե այն Սուտն է աղում, որ արդար հատուցում կա և՛ բարի, և՛ չար գործերի համար:

Ներիր ինձ, աղջիկս, անշուշտ քեզ դուր չի գա, որ գրում եմ՝ Սուտը, թող լինի՝ Հույսը: Թեկուզ ջուրը տանի, անհետ ու անհիշատակ կորցնի լավությունը, միայն թե մնա Հույսը, որ արդարությունն ու բարությունը երբեք չեն կորչի մարդու մեջ, որ իսկապես արդար հատուցում կա երկնքում պահված:


* * *

Իմ երազների և իմ արթնության տեսիլների մեջ միշտ մեր հին դպրոցն եմ տեսնում, տեսնում եմ վաղուց հեռացած դեմքեր, վաղուց լռած ձայներ եմ լսում: Նա ինձ համար անսահման թանկ ու սիրելի է, որովհետև սովորել եմ, ապա աշխատել եմ այնտեղ, այնտեղ են անցել կյանքիս լուսավոր տարիները:

Մեր գյուղի դպրոցի պատմությունը համեստ է, սակայն, ինչպես ամեն մի պատմություն, նա էլ ունի իր դրամատիկ էջերը, վերելքներն ու վայրէջքները:

Արդահանից գալուց հետո առաջին դպրոցը մեր գյուղում բացել է Տեր Մելքում քահանան 1865թ-ին: Այնուհետև այն մի քանի անգամ բացվում ու փակվում է: Առաջին դպրոցը գործում է հինգ-վեց տարի: Երկրորդը բացվում է Վանո Տացուի ջանքերով, որը Տեր Մելքումի առաջին աշակերտներից էր: Այն գործում է մինչև 1905 թիվը և փակվում է ցարական կառավարության հայտնի որոշման համաձայն: Դպրոցը փակվելուց հետո գյուղի քահանան՝ Տեր Մկրտիչը, որոշ ժամանակ շարունակում է գաղտնի պարապել մի քանի երեխաների հետ:

1912թ.-ին դպրոցը դարձյալ բացվում է: Դա քառամյա դպրոց էր, ուսուցիչը Տեր-Ղուկասյան Խաչատուրն էր Ախալքալաքի Լոմատուրցխ գյուղից:

Դպրոցը դարձյալ տեղավորված էր մեր «յազլուղում», Խաչատուրն էլ իր ընտանիքով ապրում էր մեր տանը: Տեր Մկրտիչը նախանձում էր նրան ու շարունակ գժտվում հետը, բայց նա ջանասիրաբար աշխատում է մինչև 1918թ-ը, մինչև թուրքերի հարձակումն ու մեր գյուղի գաղթը:

1935թ-ին հատուկ շենք են կառուցում, և դպրոցը կրկին բացվում է՝ առաջին անգամ ընդգրկելով գյուղի բոլոր երեխաներին: Ահա այդ շենքն է, որ ես կոչում եմ Հին դպրոց:

Նրա շինարարության համար քարը սայլերով բերում էին սարերից: Մի ձորի մեջ սայլերից մեկը շրջվում է, զոհվում է սայլապանը՝ Իգիթենց Մնոն, որին Մինո էին ասում:

Հիմա չկան ոչ դպրոցը, ոչ էլ նրա քարերը, ժամանակը կջնջի նաև նրա մասին հիշողությունները, բայց կա այն ձորը, որ կոչեցին զոհված սայլապանի անունով՝ Մինոյի ձոր: Այնտեղ տաք է ու վայրի վարդի թփեր են աճում: Գարնանը նրանք ծաղկում են, բայց շատ զգայուն են պաղ քամիների նկատմամբ, որոնք փչում են սարերից ու տանում են սպիտակ թերթերը, տանում ու ցրում են սարերում, ինչպես վերջին հիշողությունները մեր հին դպրոցի մասին:

Դպրոցի շենքն իր սպիտակ պատերով, շիֆերե սպիտակ տանիքով միակն էր գյուղում: Այն շինված էր բարձրության վրա, Վերի ժամին մոտիկ, նրա պատուհաններից երևում էր համարյա ամբողջ գյուղը:

Ըստ լուրերի, իմ Վայրո քեռին դասերի ժամանակ այդ պատուհաններից միշտ նայում էր Կուճուճայենց տան դռանը, որ տեսնի Ալթունին, որին սիրահարված էր: Ընկեր Արշակի սպառնալիքներն ու զգուշացումները, թե սովետական աշակերտը պարտավոր է միայն գրատախտակին նայել կամ էլ նրա վերևում փակցրած Ստալինի նկարին, նրան այնքան էին ձանձրացրել, որ մի օր ասել էր.

– Ընկեր Արշակ, ինչ ուզում է լինի, ես Կուճուճայենց դռանը պիտի նայեմ, համաձայն չես՝ ես գնացի,– ու այդպես էլ գնացել էր դպրոցից:

Բայց դրան հավատալը դժվար է, որովհետև դպրոցի ոչ մի պատուհանից Կուճուճայենց տունը չէր կարող երևալ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը դա հնարել էր կատակի համար, ինչպես որ բազմաթիվ այլ պատմություններ էին հնարել զվարճասեր Վայրո քեռուս մասին:

Իսկ գեղեցկուհի Ալթունը ամուսնացել էր անասնաբույժ և բանաստեղծ Ենոք Շաշիկյանի հետ ու ընդմիշտ հեռացել գյուղից, որովհետև վերջինիս հալածում էին որպես տրոցկիստի: Շաշիկյանն ամբողջ կյանքը ապրեց Աբխազիայում ու երբեք հայրենի սարերը չտեսավ, դրա համար էլ գրում էր իր երգերում.


Ջավախեթցի խեղճ Ենոքիս դարդերը ծով են:


Դպրոցը յոթնամյա էր: Կարտիկամցի Ընկեր Արշակն էր նրա տնօրենը: Նա միաժամանակ կոլխոզի կոմունիստների ղեկավարն էր: Կաշվե կարճ բաճկոն էր հագնում ու երկարաճիտ կոշիկներ: Նա զանազան օպորտունիստներ ու տրոցկիստներ էր որսում կոլխոզում, դաշնակների դեմ էր պայքարում, մտրակը ձեռքին մասնակցում էր խռովարարների ծեծին գրասենյակում և նույն մտրակով դպրոց էր մտնում՝ ահ ու սարսափ տարածելով շուրջը:

Սկզբում մեր ուսուցիչները եկվորներ էին տարբեր գյուղերից, առավելապես Գանձայից: Հետո եկան առաջին ուսուցիչները մեր գյուղից, որոնք այստեղ-այնտեղ միջնակարգ կրթություն ստանալով, սովորել էին Թիֆլիսում, Բաքվում կամ Երևանում: Այդ առաջիններից էր Ալվանջյան Վաչագանը, որը մաթեմատիկա էր դասավանդում, բայց շատ շուտով հիվանդացավ ու մահացավ:

Դպրոցը փոխեց մեր կյանքը և առաջին հերթին՝ մեր լեզուն: Մեր խոսվածքը մաքրվեց բազմաթիվ օտար բառերից: Դա կատարվում էր մեր աչքի առաջ այնպես արագ ու ակնհայտորեն, ինչպես այն տարիներին փոխվում էր կյանքը: Կային նաև մեր հարևան գյուղերի օրինակները. թուրքախոս Ասփարան դպրոցի շնորհիվ հայացավ: Նրանց առաջին ուսուցիչը մեր համագյուղացի Քլոյան Համբարձումն էր, որ Գանձայի դպրոցի շրջանավարտներից էր, իսկ Խուլգումոն այդպես էլ մնաց օտարախոս, որովհետև հայկական դպրոց չունեցավ:

Մեր գյուղացիները միշտ հպարտանում էին, որ իրենց լեզուն մոտիկ է գրական հայերենին՝ ի տարբերություն Կարնո բարբառով խոսող մյուս գյուղերի, որոնց համար մշտական հոգս էր բաղաձայնների արտասանության ու գրության անհաղթահարելի խնդիրը, մասնավորապես ձայնեղների խլացումն ու խուլերի ձայնեղացումը: Մենք նման խնդիր չունենք:

Ամեն տարի օգոստոսին դպրոցը նորոգում էին: Նստարանները հանում էին դուրս ու բուրգերի պես շարում իրար վրա, դպրոցի կալի մեջ, դա նշանակում էր, որ ամառը վերջացավ:

Դպրոցը նորոգում էին հավաքարարուհիները, որոնք երբեք չէին փոխվում և ծերանում էին նրա հետ: Իսկ նորոգումն այն էր, որ հատակի լայն, չներկած տախտակները լվանում էին նավթով, պատերը սպիտակեցնում էին կրով ու ներկում յուղաներկով, և դպրոցը բուրում էր…

Ուսումնական տարին սկսում էր Կալիպսե Ներսիսյանը. դեռ սեպտեմբերի մեկը չեկած անցնում էր տնից տուն ու հավաքագրում առաջին դասարանի աշակերտներին: Երբ գյուղը փոքր էր, դա հեշտ էր՝ մեկ դասարան, մեկ ուսուցչուհի, բայց երբ գյուղը մեծացավ և դպրոցն ունենում եր երկու, երեք, անգամ չորս առաջին դասարան, տարաձայնություններ էին առաջանում ուսուցչուհիների մեջ երեխաներին բաժանելիս, բոլորն ուզում էին լավ աշակերտներ ունենալ: Ներսիսյանը գիտեր բոլորի ծագումնաբանությունը, քանի որ գրաճանաչություն էր սովորեցրել նրանց ծնողներին, պապերին ու տատերին, ուստի անսխալ ջոկում էր լավերին: Ճիշտ է, երբեմն գենետիկական շեղումներ լինում էին, որ հիասթափեցնում էին նրան:

Մի անգամ ընկեր Արեգը այդ պատճառով վիճում էր նրա հետ դպրոցի դռանը: Շախովենց Լևոնը, իմանալով աղմուկի պատճառը, ասել էր.

– Էլ ինչու՞ եք վիճում, քաշով կիսեք, չաղերը ջոկ, լղարները ջոկ:

Սեպտեմբերի մեկին բոլորը հավաքվում էին դրսում, դպրոցի կալի մեջ: Դպրոցի դռան երկու կողմերին կախում էին կարմիր կտորների վրա սպիտակ, մեծ-մեծ տառերով գրված լոզունգներ, որոնք մատաղ սերնդին կոչ էին անում պայքարել հանուն բարձր առաջադիմության և անշեղորեն կատարել կուսակցության այսինչերորդ համագումարի որոշումները:

Երբ փոքր էի, կարդում էի այդ լոզունգներն ու ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե դպրոցում լավ սովորելով ու՞մ դեմ և ինչու՞ պիտի պայքարենք:

Լենինի մեծ դիմանկարը կախում էին դռան վերևում հատուկ այդ       նպատակով խփված մեծ մեխից: Դուրս էր գալիս տնօրենը, կանգնում էր մուտքի աստիճանների վրա ու ճառ էր ասում: Ապա դուրս էին բերում փոքրիկ պղնձե զանգակը, որը ծլնգում էր ծիծեռնակի պես:

Սկսվում էին դասերը:

Այդ զանգը Ջարդուփուրթենց Ավագն էր նվիրել դպրոցին Կախեթ քոչելուց առաջ: Նա թողել էր իր սպիտակ ձիերն ու սայլը, «պասաժիրսկի» սահնակը, որով կոլխոզի նախագահին էր տանում-բերում շրջկենտրոն ու գնացել էր:

Շատ բան էր տեսել այդ զանգը, նրա կանչով դպրոց էին գնացել ու հրաժեշտ էին տվել դպրոցին մեր գյուղի մի քանի սերունդներ: Նրա փեշը մի քիչ կոտրվել էր, լեզվակը վաղուց կորել էր ու փոխարինվել երկաթալարով կապված մի պտուտակով, բայց շարունակում էր զվարթ ծլնգալ, մինչև ընդմիշտ լռեց, երբ հին դպրոցը քանդեցին:

Ահա տեսնում եմ արևով ողողված մեր ուսուցչանոցը՝ միջանցքի ձախ կողմի երկրորդ սենյակը: Բայց լռության մեջ միայն պատի հին ժամացույցն է թակում տրտմությամբ: Ինչու՞ է այդպես լուռ և ու՞ր են բոլորը:

Մի հին, ծանր գրասեղան կանաչ մահուդե փռոցով տնօրենի համար զբաղեցնում էր իր մշտական տեղը ուսուցչանոցի անկյունում: Նրա դիմաց դրված էր դեռևս ընկեր Արշակի ժամանակներից մնացած մի երկար սեղան նույնպես կանաչ փռոցով: Այն ծածկված էր թանաքի անթիվ բծերով: Պահարանները, ծորակով մեծ ջրամանն ու թիթեղյա բաժակն անկյունում, Լենինի դիմանկարը, մատենակալն ու պատի ժամացույցը նույնպես իրենց մշտական տեղերում:

Ամեն ինչ այնտեղ այնպես հին ու անփոփոխ էր, որ թվում էր, թե ոչինչ չի կարող խախտել իրերի հավիտենական անշարժությունը: Ինչե՜ր կպատմեին նրանք, եթե լեզու առնեին դասաբաշխումների, ժողովների, վառարանի շուրջը տեղի ունեցող ձմեռային խաղաղ զրույցների, վեճերի, դավերի ու խարդավանքների, սիրո խոստովանությունների մասին…

Իրերը չէին փոխվում, փոխվում էին մարդիկ: Գալիս ու գնում էին ուսուցիչները ծեր ու երիտասարդ, փորձառու կամ անփորձ, մեր գյուղից կամ եկվորներ տարբեր տեղերից, վրացիներ ու հույներ Ծալկայից, որոնք ռուսերեն էին պարապում: Գնում էին նրանք, որ տարիներ անց կարոտով հիշեն ու ցանկալով ցանկան այն ամենը, ինչ մի ժամանակ այնպես նզովում էին՝ աշակերտների չարությունները, գյուղի քարքարոտ փողոցներն ու բաց շները, գարնան ցեխն ու ջուրը, ձմեռվա ծնկահար ձյունն ու անվերջանալի բուքը:

Տարիների հեռվից հիշում եմ նրանց բոլորին իրենց բնավորությամբ ու սովորություններով: Հնարավոր չէ պատմել ամեն ինչ, նրանցից միայն մի քանիսի մասին կփորձեմ որոշ բաներ գրել այստեղ:


● Ամենից առաջ ուզում եմ գրել հայոց լեզվի և գրականության իմ ուսուցչի՝ Կոլյա Հակոբյանի մասին, սակայն իմ ծեր սիրտը դողում է հուզմունքից, ինչպես այն ժամանակ, երբ կիսախավար միջանցքում ուսուցչանոցի դռան մոտ նրան էի հանձնում իմ առաջին ու մինչև օրս միակ բանաստեղծությունը, որ նվիրել էի իրեն: Դա շատ տարիներ առաջ էր, ես սովորում էի կարծեմ վեցերորդ դասարանում:

Նրա լուսավոր կերպարը ինձ հետ է եղել միշտ իմ ամբողջ կյանքում: Ուր էլ գնացել եմ, զգացել եմ նրա ներկայությունը, դժվար պահերին նրա խորհուրդն ու օգնությունն եմ խնդրել:

Հիմա փորձում եմ գրել նրա մասին, սակայն երևակայության ինչ-որ խաբուսիկ խաղ է թվում այս ամենը՝ այդ հեռավոր օրերի հիշողությունների ջերմությունն ու հյուսիսի այս ցուրտը, այս ձյունն ու բուքը, որ սուրում, գալարվում է իմ պատուհանի դիմաց, սոճիների մութ պուրակի մեջ, ես՝ նրա աշակերտը, արդեն ծեր ու հիվանդ, իսկ նա իմ մտապատկերներում միշտ երիտասարդ… Կարծես թե մեզանից մեկնումեկը թյուրիմացաբար շփոթել է տեղ ու ժամանակ…

Նա ինձ համար Մարդու և Ուսուցչի տիպար էր: Ինձ միշտ թվացել է ու հիմա էլ այդպես է թվում, որ իսկական ուսուցիչը միայն այնպիսին պիտի լինի, ինչպիսին նա էր:

Իր ողջ էությամբ, կենցաղով ու վարքով, իր արտաքինով, անթերի հագուստով, անգամ ձեռագրով կարծես հաստատում էր այն միտքը, թե մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պիտի լինի:

Նրա լուրջ ու հավասարակշիռ պահվածքը պատկառանք էր ներշնչում, կարծես թե իր ներկայությամբ նա տիրում էր շրջապատին: Առանց հատուկ ջանքի դասարանը ենթարկում էր իրեն, բավական էր նրա հպարտ ու տիրական հայացքը միայն, որ բոլորը լռեին ու հնազանդվեին, անգամ ամենաանհնազանդ տղաները:

Մանկավարժական հմտություն կոչված բանը նա ստացել էր բնությունից իբրև շնորհ: Նրա ամեն մի դասը ստեղծագործական ինչ-որ բան ուներ իր մեջ: Նրա խոսքը միշտ հղկված էր, պարզ և անպաճույճ:

Նա պաշտում էր գրականությունը, նրա սերը որևէ գրական գործի, հատկապես բանաստեղծության նկատմամբ զմայլանքի էր հասնում: Դուրը եկած բանաստեղծությունը անպայման պիտի բարձրաձայն կարդար ինքն իրեն կամ որևէ մեկի համար: Քիչ է ասել, թե սիրում էր գիրքը: Գրքի հետ վարվում էր այն երկյուղածությամբ, ինչ որ մոլեռանդ հավատացյալը որևէ սրբազան առարկայի: Ամեն ինչ կներեր, բայց գրքի վրա որևէ բիծ կամ ծալած թերթ չէր ների:

Իր բոլոր ջանքերն ուղղված էին հայրենասիրություն սերմանելու աշակերտների մեջ և դա անում էր ամեն գնով, անկախ ծրագրերից ու դպրոցի պահանջներից, երբեմն խախտելով դրանք, ծանոթացնում էր Րաֆֆու, Պատկանյանի, Չարենցի գործերին, որ դեռևս արգելված էին: Մենք հայ ժողովրդի պատմություն էլ չէինք անցնում, նրա դասերով ու զրույցներով էինք սովորում մեր պատմությունը:

Շատ տարիներ են անցել, բայց լավ հիշում եմ այն օրը, երբ Վարուժանի «Ձոն»-ն էր կարդում դասարանում: Կարծես թե կերպարանափոխվել էր, երբեք նրան այդպես հուզված չէինք տեսել, ձայնը դողում էր հուզմունքից.


      Եղեգնյա գրչով վրեժ երգեցի՝

      Ընդ եղեգան փող բոց ելաներ…


Այդ օրն էլ պատմեց ամեն ինչ հայդուկային կռիվների, մեծ եղեռնի, Անդրանիկի մասին: Մենք քարացած էինք, ինչ-որ անսովոր բան էր կատարվում մեզ հետ: Վաղուց մյուս դասն էր սկսվել, մյուս ուսուցիչը բացում ու փակում էր դուռը, բայց ներս մտնել չէր համարձակվում:

– Ես աշակերտներին չէի զգուշացնում, որ պետք չէ ոչ ոքի ասել, թե այսինչ բաներն ենք անցնում,– հետագայում պատմում էր իմ ուսուցիչը,– որովհետև զգուշացնեի թե չէ, ամեն տեղ պիտի խոսեին: Մեր փոքրիկ գյուղում էլ մատնություններ էին լինում, ինչպես ամբողջ երկրում, մարդը ամեն տեղ նույնն է:

Ժամանակները խառն էին: Սկսվեց խրուշչովյան կարճատև «Ձնհալը», բայց սուտն ու ձևականությունն ավելի շատացան: Ցանկացած երիտասարդի կարող էին ուսուցիչ նշանակել, կրթությունը կարևոր չէր, միայն թե ծնողները կոլխոզի առաջավորներ լինեին, հատկապես հովիվ կամ կթվորուհի…

Իսկ պարտադիր ուսուցման տխրահռչակ օրե՞նքը… Ասում էին՝ անընդունակ կամ թույլ երեխաներ չկան, սովետական երեխաները կարող են յուրացնել ցանկացած ծրագիր, ուստի հարյուր տոկոսանոց առաջադիմություն էին պահանջում: «2» նշանակելը, երկտարեցիությունը վերացան, կեղծում ու խաբում էին բոլորը:

Ե՛վ տխուր էր, և՛ ծիծաղելի:

Ուսուցիչների օգոստոսյան շրջանային խորհրդակցության ժամանակ կրթության բաժնի վարիչը տարիներ առաջ գրված զեկուցումը կարդում էր անփոփոխ կերպով՝ փառաբանելով կոմունիստական կուսակցությանը, չէր համարձակվում որևէ բառ փոխել, ուստի պատահում էր, որ գովում կամ վատաբանում էր ուսուցիչների, որոնք արդեն չէին աշխատում…

Իմ աշխատանքի առաջին տարին ներկա եղա այդպիսի մի խորհրդակցության: Կրթության բաժնի վարիչը կարդաց զեկուցումն ու սկսեց քարկոծել Սաթխայի դպրոցի մի ուսուցչի, թե խախտում է աշխատանքային կարգապահությունը, դասերից ուշանում է, օրվա պլան չի գրում:

– Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին դպրոցի տնօրենը,– ասաց կուսակցության շրջկոմի ներկայացուցիչը՝ հայացքով տնօրենին որոնելով դահլիճում:

Ոտքի կանգնեց տնօրենը՝ մի սպիտակահեր, բարձրահասակ մարդ.

– Ի՞նչ մտածեմ,– ասաց,– մարդը արդեն երկու տարի է՝ մահացել է…

Այդպիսի պայմաններում էր ապրում և աշխատում Հակոբյանը: Զարմանալի չէ, որ նա էլ ըստ արժանվույն չգնահատվեց:


● Երբեմն ինչ-որ ընդհանրություն է նկատվում ուսուցչի և իր դասավանդած առարկայի միջև: Այդպիսի տպավորություն էր թողնում մեր պատմության ուսուցիչ Զատիկ Տերտերյանը: Կարծես թե նա ծնվել էր հենց միայն հին աշխարհի պատմության ուսուցիչ լինելու համար: Իր գունատ դեմքով, ճաղատով ու ազդեցիկ քթով, իր անսպառ գիտելիքներով հին հունական փիլիսոփաներին էր հիշեցնում:

Շատ կարդացած մարդ էր, հմուտ մասնագետ: Միջնակարգ կրթությունը Թիֆլիսում էր ստացել, բարձրագույնը՝ Բաքվում, Հավլաբարի հայկական դպրոցի լավագույն աշակերտներից էր եղել:

Մանկավարժական որևէ մեթոդի չէր հետևում, նրա համար գերադասելի էր այն մեթոդը, որը տվյալ պարագայում կարող էր օգտակար լինել երեխային, այն աշխատանքը, որը որոշակի արդյունք էր տալիս: Այդ թեմայով խոսելիս նա միշտ ժողովրդական ասացվածքն էր հիշեցնում՝ մեկը թիով է ձյուն մաքրում, մյուսը՝ թիու պոչով:

Անհաշտ էր քաղքենիության ու կեղծիքի նկատմամբ, ուրիշների պես չէր թաքնվում, չէր շողոքորթում ու հարմարվում ու միշտ ասում էր.

– Իմ լեզուն մի օր գլուխս կուտե:

Երիտասարդ ժամանակ մի բանաստեղծություն էր գրել «Ամբար» վերնագրով, որտեղ գյուղական ամբարը գանգատվում էր, թե կոլխոզ կազմակերպվելուց հետո դատարկ է մնացել: Շրջանում իմացել էին, քիչ էր մնացել դատեին որպես ժողովրդի թշնամու:

Նա համոզմունքի մարդ էր: Կոմունիստական կուսակցության անդամ այդպես էլ չեղավ, թեև մի քանի տարի վարեց մեր դպրոցի տնօրենի պաշտոնը: Դա չլսված բան էր, այն ժամանակ ով կուսակցական չէր, որևէ պաշտոն զբաղեցնել չէր կարող: Նրան ստիպված հանդուրժում էին իր գիտելիքների ու փորձի համար:

– Պաշտոնը էսօր կա, էգուց չկա, մեկ է, պիտի հանեք, արժե՞, որ դրա համար խղճիս հակառակ գնամ,– ասել էր նա, երբ առաջարկել էին կուսակցական դառնալ:

Տերտերյանը չափազանց հաճելի ու հետաքրքիր զրուցակից էր, հումորի հատուկ զգացումով, որով հայտնի էր գյուղում և բոլոր ծանոթների մոտ: Ինքն իր մասին էլ հումորով էր արտահայտվում: Մի անգամ հարցրի.

– Ընկեր Տերտերյան, ասում են Հովհաննիսյանի հետ հաշտվել ես, այդ ինչպե՞ս եղավ, այսքան տարի իրար հետ չէիք խոսում:

– Որ չհաշտվեմ, հետո ու՞մ հետ կռվեմ,– պատասխանեց:

Նրա մասին զվարճալի դեպքեր էին պատմում՝ եղածների վրա հնարելով ու ավելացնելով նորերը, այնպես, որ հետո ինքն էլ էր դժվարանում տարբերել իրականը հնարածից: Պատմում էին, օրինակ, որ աշակերտներից մեկը մի անգամ հարցրել էր.

– Ընկեր Տերտերյան, առյու՞ծը կհաղթի, թե՞ վագրը:

– Ձենդ կտրիր, նրանք իրար չեն հանդիպում,– պատասխանել էր նա:

Այդ պատասխանը թևավոր խոսք էր դարձել:

Երբ լրացել էր նրա հիսուն տարին, ուսուցիչներից մեկը հարցրեց.

– Ընկեր Տերտերյան, բա տուն չպիտի՞ հրավիրես, գանք հիսնամյակդ նշենք:

– Բավական չէ, որ այստեղ ամբողջ օրը երեսներդ եմ տեսնում, ուզում եք, որ տուն էլ կանչեմ,– պատասխանեց ժպտալով և իսկապես, ոչ կանչեց, ոչ էլ հիսնամյակը նշեց:

Տերտերյանը մոլի ձկնորս էր: Աշակերտները երբեմն օգտվում էին նրա այդ թուլությունից: Մի անգամ աշակերտներից մեկը ուշացել էր, ներս էր մտել այն ժամանակ, երբ Տերտերյանը նոր դասն էր պատմում: Բոլորը գիտեին, որ նա սաստիկ զայրանում է, երբ ընդհատում են իրեն նոր դասը բացատրելիս: Նա բարեհոգի մարդ էր ու մեղմ բնավորություն ուներ, բայց այդ բանը չէր սիրում: Այդ անգամ էլ զայրացած հարցնում է.

– Ինչու՞ ես ուշանում, որտե՞ղ էիր:

– Այնտեղ… Սամսոնը Պլատինայի վրա ձուկ էր բռնում, նայում էի:

– Ի՞նչ ձուկ, խոշո՞ր էին:

– Էսպես… խոշոր-խոշոր ձկներ էին…

Այլևս ամեն ինչ մոռացած Տերտերյանը շուտ-շուտ պատուհանից դուրս էր նայում դեպի Պլատինան և ափսոսում, որ այնտեղ չէ:

Ցավով լսեցի, որ նա այլևս չկա:

Նա իր հետ հին ու բարի մի ամբողջ աշխարհ տարավ:

Իսկ ես հույս ունեի, թե դեռ կտեսնեմ նրան գյուղում, կնստենք իր փոքրիկ պարտեզում, ինչպես մի ժամանակ, իր տնկած ծառերի տակ ու կզրուցենք մինչև երեկո, մինչև նախիրը գա ու լճից փչի խոնավ քամին:․


● Մեր տնօրենը Շալիկո Զորօղլյանն էր։ Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին,ուստի նա է իմ հիշողության Տնօրենը։

Նա խիստ էր, բայց արդարացի, անհիշաչար էր և մեծահոգաբար ներել գիտեր, ինչը մարդկային մեծագույն առաքինություններից մեկն է։ Նա լավ էր ճանաչում մարդկանց և կարողանում էր վարվել նրանց հետ, թեև դեռ երիտասարդ էր։

Նրա՝ փոքր– ինչ առաջ թեքված հաղթ ուսերն ու ոչ պակաս հաղթական քիթը հաստատակամություն էին արտահայտում, որ այնպես անհրաժեշտ էր նրա գործում։

Միաժամանակ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ էր։ Գրականագետ Մինաս Հյուսյանի ուսանողն ու համախոհը լինելով, անհաշտ թշնամի էր օտար բառերի գործածության։ Միայն մի բան էր նրան շատ մտահոգում․

– Մեջքս կոտրում է իմ ազգանվան «օղլի»-ն,-ասում էր նա,– եթե հայրս կենդանի լիներ, թույլտվություն կխնդրեի ու կփոխեի։

Բացի այն, որ բնատուր ձիրքեր ու գրական տաղանդ ուներ, նաև օժտված էր ղեկավարի բնածին հատկություններով։ Սակայն այն տարիներին, երբ այնպես շատ էին կեղծիքն ու ձևականությունը, դժվար էր որևէ պաշտոն զբաղեցնել, միաժամանակ պահպանել մարդկային դեմքը։ Զորօղլյանին դա հաջողվում էր, թեև շատ թանկ գնով։

Կեղծիքն ու ձևականությունը շատ էին, բայց, ինչ էլ լիներ, դրանք մեր կյանքի լավագույն տարիներն էին։ Մեր հին զանգի կանչով դպրոց էինք գնում, աշխատում էինք առանց հոգնելու, ամբողջ օրն անցկացնում էինք դպրոցում իրարից անբաժան, հետո էլ երեկոները հաճախ հավաքվում էինք, զրուցում ու բանավիճում։ Կարգերից էինք գանգատվում, ինչպես որ դա կարող էր անել այն ժամանակվա ուսուցիչը լեռնային մի գյուղում, ուր փոստը հասնում էր շաբաթը մի անգամ և ամենամեծ այլախոհությունը համարվում էր Հովհաննես Շիրազի մեքենագիր բանաստեղծություններն ընթերցելը և ուր դեռևս թարմ էին 30-ական թվականների մատնությունների հիշողությունները։ Եվ դեռ չգիտեինք, որ դատապարտված ենք այդ կարգերի անհեթեթ փլուզումը տեսնելու, հետո էլ ցավով ախ քաշելու նրանց համար։

Եվ ամենուրեք մեզ հետ էր մեր տնօրենը, որի ջանքերով միանգամայն առողջ ու անկաշկանդ մթնոլորտ էր տիրում դպրոցում։

Ի միջի այլոց, դա նաև մի լավագույն ժամանակ էր մեր դպրոցի համար, նրա Ոսկեդարն էր։ Նա այլևս չունեցավ ոչ այն տարիների աշակերտների քանակը, ոչ մասնագետների որակը, ոչ էլ ուսման մակարդակը։ Այդ ամենի մեջ մեծ էր երիտասարդ տնօրենի վաստակը, որը և՛ լավ կազմակերպիչ ու ղեկավար էր, և՛ հմուտ մանկավարժ, որ հազվադեպ է պատահում։

Ո՞վ ետ կբերի այն ժամանակը, ո՞վ կտա ինձ նրա հետ աշխատած այն տարիները, որ բաղձալի են Նավասարդի առավոտվա պես։

Ապա ուրիշ օրեր եկան, անշարժ թվացող կյանքը շարժվեց, մեր աչքի առաջ պատմությունը շուռ եկավ ու փոխվեց։ Սովետական Միության փլուզումից հետո Զորօղլյանն ընտրեց գործունեության այլ ասպարեզ՝ ազգային շարժումը։ Այդտեղ էլ նա երևելի դեմք էր, կրակոտ ելույթներ էր ունենում Երևանի հրապարակներում ու բազմահազարանոց դահլիճներում, կուսակցական աշխատանք էր կատարում։

Նա տեղափոխվեց Աշոցքի շրջան ու տարբեր պաշտոններ վարեց՝ կինոցանցի տնօրեն, ջողկրթբաժնի տեսուչ ու մաքսատան պետ։ Սակայն ուր էլ գնաց, որտեղ էլ աշխատեց, մշտապես իր հետ էր հայրենի գյուղի կարոտը։

Հիմա էլ քնում-արթնանում է այդ կարոտը սրտում ու զարմանում է, որ ժամանակի հետ կարոտն ավելի է բորբոքվում, թեև գյուղն ընդամենը մի ժամվա ճանապարհի վրա է։ Նշանակում է ինչ-որ բան այլևս այն չէ, և նա կրկին ու կրկին համոզվում է, որ հանգամանքները զորեղ են մարդուց, զգացմունքները՝ ավելի զորեղ։


● Այժմ փորձեմ մի քանի խոսք գրել մի այլ ինքնատիպ մարդու և ուսուցչի՝ Ղույումչյան Գևորգի մասին:

Նա պայծառ մարդ էր, հիշելով նրան, սիրտս լցվում է թեթև, ուրախ ջերմությամբ, թեև նրա տխուր վախճանը անասելի ցավ է պատճառում:

Ահա տեսնում եմ նրան մեր հին կամրջով քայլելիս: Դա նրա ամենօրյա ճանապարհն էր տնից դպրոց և հակառակը: Անցնում էր, նայում էր ջրերի հոսանքին, մանր ձկներին, որ վտառներով գնում էին դեպի գետի տաք ջրերը, նայում էր դեպի արևելք, լճից բացվող տեսարանին ու շարունակում քայլել: Ձմռանը անպայման մոտենում էր սառույցի վրա աշուղ խաղացողներին, հարց ու փորձ էր անում՝ ով ինչքան է կրել, ինչպիսի աշուղներ ունեն, եթե հաջողվեր, կռիվ էր գցում մեջները և չարաճճի ժպտալով հեռանում:

Նրա մայրը՝ Շուշան տատը, Շիրակից էր, նշանավոր հայդուկ Որսկան Գևորգի աղջիկը: Նրա որդիները ժառանգել էին իրենց պապի արտասովոր ուժը: Գևորգին, որը նրա անունն էր կրում, այդ շնորհից բաժին չէր հասել: Փոխարենը բնությունը նրան տվել էր ճկուն ու հարուստ միտք, ճարտար լեզու և հումորի նուրբ զգացողություն:

Նա զվարթ բնավորություն ուներ: Իջնում էր գյուղամեջ թե չէ, գյուղացիները շրջապատում էին, սկսում էին զանազան հարցեր տալ: Նա պատմում էր Ամերիկայի, սառը պատերազմի, տիեզերագնացների ու կոմունիզմի, այլախոհության, Պաստեռնակի ու Եղիշե Չարենցի մասին՝ անեկդոտներով ու սրամիտ կատակներով զարդարելով խոսքը, իսկ լայնեզր գլխարկի տակից նայում էին ուրախ, մանկական չարաճճի ժպիտով լի աչքերը:

Քանի որ հայերենի դասերը բոլորին չէին բավարարում, նա կողմնակի դասեր էր վերցնում՝ քիմիա, կենսաբանություն: Գեղարվեստական պատկերավոր լեզվով նա խոսում էր քիմիական, կենսաբանական երևույթների մասին:

– … Մանրէները հավաքվում են գաղտնի խորհրդակցության, դավադրություն են կազմակերպում… Ուղարկում են իրենց արագընթաց սուրհանդակներին կենտրոնական նյարդային համակարգի շտաբը… Փորձում են բանակցություններով համաձայնության գալ, երբ չի հաջողվում, պատերազմ են հայտարարում…

Սակայն, ըստ երևույթին, շուտով այդ ամենը նրան ձանձրացրեց, տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ կարճ ժամանակում հայտնի դարձավ որպես հայոց լեզվի ու գրականության առաջնակարգ մասնագետ:

Այնտեղ հիվանդացել էր ու զրկվել ձայնից;

Ուշ աշնան մի ցուրտ երեկո նա հասել էր գյուղ ու թակել հայրական հին տան դուռը, ինձ այդպես պատմեցին: Մտնելով ներս, վերցրել էր թուղթ ու գրիչ և որպես պատասխան եղբոր հարցերին, գրել էր իր պարզ, բոլորին ծանոթ ձեռագրով՝ եկել եմ մեռնելու…

Ու մի քանի օր հետո մահացել էր:

Միշտ հիշում եմ նրան ու հիշելով ապշում եմ, թե որքա՜ն անսպառ ու նենգ են բնության հնարները մարդ արարածին նսեմացնելու, ցավ ու տառապանք պատճառելու համար:


● Հովհաննիսյաններից՝ այսինքն Զարո մորքուրիս ընտանիքից, չորս մանկավարժներ են դուրս եկել: Աղասին և Վաղարշակը երկար տարիներ աշխատեցին մեր դպրոցում, մեծ է նրանց վաստակը մեր գյուղի առաջ: Լիզան աշխատեց մի քանի տարի: Իմ սիրելի քույրը, իմ փոքրիկ Լիզան… Սիրտս ցավում է նրան հիշելիս: Աստված նրան ծանր վիշտ տվեց, որովհետև… շատ էր սիրում… Ավելի հասկանալի կլիներ, եթե երջանկություն տար իր անբիծ մաքրության ու պարկեշտության համար:

Այժմ մի քիչ գրեմ նրանց մյուս քրոջ՝ Նազիկի մասին:

Երևանը նրան բարձր կրթություն էր տվել, իսկ բնությունը՝ գեղեցկություն, համեստություն և մանկավարժի ձիրք:

Նրա էությունը սերն էր, համբերությունն ու նվիրումը:

Աստված կնոջը որպես նվեր է ստեղծել:

Կնոջ գեղեցկությունն ու հմայքը, կնոջ քնքուշ, բայց զորավոր ուժը իր ընտանիքին ու իր գործին նվիրվելու հատկության մեջ է:Դա մի հատուկ բան է, որ թաքնված է սիրո ու պարտքի միջև, երկուսի միությունն է, երկուսից էլ բարձր ու վեհ է: Այդպիսի շնորհով օժտված կինը Աստվածամոր օրհնյալն ու սիրելին է:

Այդպիսին էր Նազիկը:

Նա շուտով ամբողջ գյուղի ու դպրոցի սիրելին դարձավ: Նրա գնալուց հետո շատ տարիներ են անցել, բայց հիմա էլ կարելի է լսել հպարտությամբ ասված որևէ մեկի խոսքը.

– Ես հարգելի Նազիկի աշակերտն եմ եղել:

Նա կապվում էր երեխաների հետ իր ազնիվ հոգու ողջ անկեղծությամբ, երբեք ձայնը չէր բարձրացնում, չէր կոպտում, սովորեցնում էր սիրով ու համբերությամբ:

Ցրտից ու շներից էր շատ վախենում: Դպրոցի ճանապարհին, եթե հեռվից մի շուն տեսներ իր համար թափառելիս, պիտի կանգներ, մինչև մարդ երևար՝ օգնության կանչեր: Կանչելիս էլ վախից միշտ անունները մոռանում էր.

– Ծո, ինք ջան… բան ջան…

Մեր հին, մեր սիրելի ուսուցչանոցում մի ռադիոընդունիչ ունեինք նվագարկիչով և մի հատիկ ձայնապնակ, որի մի երեսին Վլադիմիր Աբաջյանը Տերյանի բանաստեղծություններն էր կարդում, մյուս երեսին հատվածներ էին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից: Օրերով, ամիսներով ես ու Նազիկը այդ ձայնապնակն էինք պտտեցնում:


Երբ պայծառ օրդ տխուր կմթնի,

Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,

Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,

Որ որոնածդ բնավ չես գտնի…


Խռպոտ ձայնով կարդում էր Աբաջյանը:

Իսկ երբ շրջում էինք մեր միակ ձայնապնակը, Վարդուհի Վարդերեսյանը հարցնում էր.

– Իսկապե՞ս նրա սիրտը լեռներում է:

– Ոչ ամբողջովին, Ջոնի,– հնչում էր պատասխանը:

Նազիկը սիրում էր ամեն ինչ, որ դասական է, իսկ Կոմիտասին պարզապես պաշտում էր, միշտ երգում էր ինքն իրեն տունը ավլելիս, ճաշ եփելիս, երբ իրենց պատուհանի առաջ մայրամուտն էր դիտում, երբ ուրախ էր, երբ տխուր էր:

Բոլոր փեսացուներին մերժում էր, ինչքան մերժում էր, այնքան ավելի շատ էին գալիս, վերջը Մարտունը գերեց նրա սիրտն ու տարավ Խաչեն: Այլևս չտեսա նրան, ով ինձ համար ավելին էր, քան սիրելի քույրը:

Ամուսնու մահից հետո Նազիկը մենակ մնաց մեծ տան մեջ:

Բոլորը գնացին, իսկ նա չլքեց ամուսնու գերեզմանը:

Հիմա մեկ-մեկ հեռախոսով խոսում եմ հետը, ասում է, որ դեռ պահում է իմ նամակները: Լսում եմ նրա աղջկական մաքուր ձայնը, որ առաջվա նման քնքուշ մեղեդու պես է և թվում է, թե հիմա կերգի, ինչպես այն ժամանակ, մեր հին ուսուցչանոցում.


Ամպի տակից լույսն երևաց, Շողեր ջան…


● Աշխարհագրության ուսուցիչ Պողոսյանը Ախալքալաքի գյուղերից էր, նախկին հաշվապահ ու պատերազմի մասնակից: Աշխարհագրությունը նա գիտեր «մոտավորապես» և բնավ չէր հոգում այդ բանը թաքցնելու համար: Աշակերտները խաղում էին հոգու հետ.

– Հարգելի Պողոսյան, Լոնդոնը որտե՞ղ է:

– Լոնդո՞նը: Ահա Լոնդոնը,– մոտավորապես ցույց էր տալիս Պողոսյանը՝ խոշոր ձեռքով ծածկելով Մեծ Բրիտանիան և Հյուսիսային ծովի մի քանի կղզիներ:


● Հիշում եմ Քոշտոյանին, անկարելի է նրան մոռանալ: Նա էլ եկվոր էր, ընտանիքով Կոկոնայենց Ծառուկի տանն էր ապրում:

Կարգին կրթություն չուներ, մեկ ֆիզկուլտուրա էր պարապում, մեկ ձեռքի աշխատանք ու բուսաբանություն, պատերազմի մասնակից էր, մի բան պիտի պարապեր:

Աշակերտներին զբաղեցնելու համար դեպքեր էր պատմում իր պատերազմական կյանքից: Հաճախ մոռանում էր, թե որ դասարանում ինչ է պատմել մյունխհաուզենյան մեղանչումներ էր թույլ տալիս, իսկ աշակերտներն ուղղում էին.

– Էն անգամ Ձեր բռնած գերմանացիները երկու հոգի էին, ոչ թե չորս: Կամ՝ անցած դասին Ձեզ պարգևատրողը գնդապետ էր, ե՞րբ գեներալ դարձավ:

Նա վարժ տիրապետում էր միայն «քսըր-փսըր»-ի մեթոդին: Ամեն ինչ լսում էր, ամեն ինչ գիտեր ուսուցիչների ու աշակերտների մասին: Մանավանդ քաջատեղյակ էր սիրային գործերին, ոչինչ չէր վրիպում նրա վավաշոտ հայացքից, ամենանվիրական, թաքուն զգացմունքները հայտնի էին նրան, լսածն անմիջապես տարածում էր, հայտնում էր ում պետք էր և ինչպես պետք էր: Հայտնելիս գլուխը մի յուրօրինակ ձևով ցնցում և թավ հոնքերը վեր ու վար էր շարժում: Խառնում էր բոլորին իրար, ինքը մնում էր անմեղ, բանից անտեղյակ:

Իսկ գիշերները, երբ բոլորը քնում էին, սրա-նրա հասցեին վարկաբեկող անստորագիր նամակներ էր գրում և հաճույքից դարձյալ գլուխը ցնցում էր:

Այդ հատկությունները տեղյակ մարդիկ վերագրում էին նրա մութ ծագմանը, ինչ-որ բոշայական բան կար նրա մեջ հորական տատի կողմից:

Մի տղա ուներ Էդիկ անունով: Նրա մարզական կապույտ համազգեստն ու վառ կարմիր, խոշոր գնդակը՝ միա՛կը մեր գյուղում, բոլոր տղաների հիացմունքի ու նախանձի առարկան էին:

Ուրախ ցատկոտում էր այդ մենավոր գնդակը մեր գյուղի քարքարոտ կալերում, իսկ Էդիկը ոչ ոքի չէր թողնում անգամ ձեռք տալու նրան:

Երկու աղջիկ ուներ Քոշտոյանը, իր նման բարձրահասակ ու բարալիկ: Բանաստեղծություն էին գրում: Եթերային երկու գեղեցիկ էակներ էին, մեր գյուղի քար ու ցեխից բարձր, բանաստեղծական վերին ոլորտներում էին ճախրում՝ ներքևում ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով, հատկապես տղաների:

Հայրն էր տուժում այդ պատճառով. տղաները չարություն էին անում նրա դասերին՝ իբր թե վրեժ լուծելով աղջիկներից ու Էդիկից՝ նրա կարմիր գնդակի համար:

Իսկ Քոշտոյանը ծեծի էր դիմում, այդ գործում էլ նա հմուտ էր: Բացի ծեծի դասական գործիքից՝ քանոնից, օգտագործում էր ճիպոտներ, մետաղալարեր, թոկ ու պարան, ընդ որում երբեմն Պողոս Առաքյալի նման, որն իր հետևորդներին հարցնում էր՝ գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ խաղաղությամբ, նա էլ պատժի միջոցների ընտրությունը զոհին էր թողնում՝ ուզում ես ծամիր այս մետաղալարը, ուզում ես ճիպոտի տասը հարված ստացիր:

Այդ ամենից հետո չէր քաշվում և պահանջում էր, որ աշակերտները մածուն կամ պանիր բերեին տներից և անհոգությամբ վայելում էր դրանք:

Այդ անհոգությունն ի վերջո չարիք բերեց նրան:

Ծնողների բողոքները շրջկենտրոն հասան, նրան տեղափոխեցին, տարան մեր դպրոցից:

Այդպես էլ էր պատահում: Սուրբ գիրքն իզուր չի ասում, թե հերձվածողներ էլ պետք է լինեն, որ ընտիրները երևան:

Նրա գնալու օրը, այնուամենայնիվ, մի տեսակ տխուր էր, տխուր էին անգամ նրա եթերային աղջիկները, թեև այդպես ավելի գեղեցիկ էին:

Բոլորը դպրոցի դռանը լուռ կանգնած նայում էին: Մեկ էլ տղաներից մեկը, որին հատկապես շատ էր ծեծել ու պանիր ուզել, խոսեց ինքն իրեն, ավելի ճիշտ՝ ինչ որ մտածում էր, ասաց բարձրաձայն.

– Կերածդ պանիրը քթեդ գար, հարգելի Քոշտոյան, գոնե լավ էր, որ մամս կաթի երեսը քաշում էր:

Ծիծաղեցին, և տխրությունն անցավ:


● Իսկ Հախվերդյան Գաբրիելը մեկն էր այն մանկավարժներից, ովքեր իրենց աշխատանքով մեծ ծառայություն մատուցեցին մեր գյուղին ու դպրոցին:

Նա Գանձայից էր: Առավոտ կանուխ ոտքով գալիս էր իրենց գյուղից, հասնում էր առաջին դասին ու երբեք չէր ուշանում: Խոշոր, ծանր սապոգները հագին, լայն-լայն գցում էր քայլերը, գանձացի մյուց երկու ուսուցիչները՝ Դուրգարյան Հրաչն ու Կյուրեղյան Արփիարը հազիվ էին հասնում ետևից:

Նա մեր դպրոցում տարածեց շախմատն ու ֆուտբոլը, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, մեծ ջանքեր գործադրեց, որ մեր յոթնամյա դպրոցը միջնակարգ դարձնեն:

Մաթեմատիկայի հմուտ մասնագետ էր: Դասերը վարում էր մի զարմանալի թեթևությամբ՝ մաթեմատիկան դարձնելով հրապուրիչ ու հետաքրքիր: Ամեն անգամ նոր դասը բացատրելուց հետո իր գրածների տակ գրատախտակին մի հոծ գիծ էր քաշում ու միշտ ասում էր.

– Այսպիսով, ապացուցեցինք այն, ինչ ցանկանում էինք ապացուցել;

Ասում էր, կավիճը նետում էր սեղանին ու սկսում էր տենդորեն խառնել գրպանները՝ ծխախոտ որոնելով: Ապա, հիշելով, որ դասի է, շուտ-շուտ ժամացույցին էր նայում, թե ե՞րբ պիտի դասը վերջանա, որ ծխի:

Մի անգամ էլ այդպես խառնեց գրպաններն ու երևի մտքերով տարված, վառեց ծխախոտը, սկսեց ագահաբար ծխել: Հայրապետյան Փայլակը ձեռք բարձրացրեց.

– Հարգելի Հախվերդյան, գնամ երդիկը բանա՞մ, թող ծուխը քաշվի:

Հախվերդյանն սթափվեց և անմիջապես հանգցրեց ծխախոտը:

Շատ ծխելուց նրա մատները դեղնել էին: Ուզում էր հրաժարվել ծխելուց, չէր կարողանում:

– Չգիտեմ ձեռքերս ի՞նչ անեմ, ինչո՞վ զբաղեցնեմ,– ասում էր նա:

Տարօրինակ բան՝ տարիներ անց, երբ ես թողեցի ծխելը, ինձ էլ նույն բանն էր անհանգստացնում:


● Շատ ուսուցիչներ եկան ու գնացին, միայն մի հոգի այդպես էլ հանելուկ մնաց բոլորիս համար:

Մեզ հայտնի էր միայն, որ նա ծնվել է Ղարսում, ավարտել Լենինգրադի համալսարանը և կոչում են նրան Ակոպով Աշոտ Տարասովիչ: Իր մասին երբեք չէր պատմում: Երբ նոր էր եկել, հենց առաջին օրն ասաց միայն, թե քառասուն վերնաշապիկ և տասներկու կոստյում ունի: Մենք դրանք այդպես էլ չտեսանք, միշտ միևնույն մաշված շորերն էր հագնում:

Երկար, սև վերարկուն հագին, ծխամորճը միշտ բերանին, կեռ քթով, լուռ ու խորհրդավոր՝ արկածային վեպերի ծովահեններին էր հիշեցնում, մեկ էլ թվում էր, թե ինչ-որ բան կա նրա մեջ չեխովյան «փոքր մարդկանցից»:

Խմել էր սիրում Աշոտ Տարասովիչը: Մի անգամ մեր հեռակայող երիտասարդներից մեկը խնդրել էր նրան ռուսերեն ինչ-որ աշխատանք գրել: Գրել էր ու բոլոր նախադասությունները կազմել «գինի» բառով, հոլովել ու խոնարհել էր «գինին» ու «խմելը», բայց երիտասարդը չէր կռահել նրա ուզածը: Աշոտ Տարասովիչը բարկացել էր.

– Ծո, բայղուշ, հեչ տերը չես էղնի՞:

Խմում, հարբում էր, բայց դարձյալ իր մասին բան չէր պատմում, միայն կրկնում էր.

– Իմ սխալը ձեզ համար գիտություն է, – և անվերջ քաղաքային հին ռոմանսներ էր երգում ծովահենի խռպոտ ձայնով:

Շուտով ուսուցչանոցում բոլորը նկատեցին, որ նա և քիմիայի ուսուցչուհի Նահապետյանը իրար հետ չեն խոսում, խուսափում են իրարից: Նահապետյանն էլ շատ տարօրինակ էր պահում իրեն: Նրան թվում էր, թե ամեն ինչ թունավորված է՝ օդը, ջուրը, իրերն ու առարկաները և ամեն ինչ ուղղված է իր դեմ: Դռների բռնակներին ձեռք չէր տալիս և սպասում էր մինչև ուրիշը բանա՝ նոր ինքը մտնի, օգտագործում էր միայն իր գիրքը, դասամատյանը աշակերտներին էր բանալ-փակել տալիս, որևէ մեկի հետ խոսելիս կանգնում էր հեռու և ձեռքով այնպիսի շարժումներ էր անում, ինչպես ծուխն են հեռացնում, եթե մոտենում էին իրեն, ինքը ետ-ետ էր գնում։ Մուրացանի հերոսի պես հիմնականում ձու էր ուտում: Եթե հանկարծ կողմնակի ձեռք դիպչեր իր ուտելիքին, դուրս էր նետում: Ինչու՞ էր նա այդպես բարդացնում իր կյանքը, անհասկանալի էր:

Мое время, или Осенний дневник (на армянском языке)

Подняться наверх