Читать книгу Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։ - იაკობ ცურტაველი - Страница 2
ОглавлениеԻրիկնանում էր:
Ցերեկվա շոգին աննկատելիորեն փոխարինեց երեկոյան զովը: Բոլոր կենդանի էակները վերջապես թեթևացած շունչ քաշեցին:
Բույսերն ու կենդանիները պատրաստվում էին քնի: Մժղուկները, որոնցից ոչ մի կերպ պրծում չկար, գնացին երեկոյան զբոսանքի:
Մինչդեռ ծերունի խատուտը քնելուց առաջ որոշեց զրուցել խատուտիկ-թոռնիկների հետ:
«Մեր նախապապ խատուտները պատմում էին, որ կյանքի հիմնական արժեքներից է սեփական ընտրություն կատարելու իրավունքը ու քամու հաջող ուղղությունը։ Իսկ ես ասում եմ ձեզ, որ այս ամենը պայմանական է: Հիմնական արժեքը կողքիդ աճող ծնողական տերևիկն է»:
Փոքրիկ խատուտիկները զարմացած իրար նայեցին։
«Պապի́կ, բայց ինչո՞ւ է ծնողական տերևիկը արժեքավոր», – հարցրեց փոքրիկ խատուտիկը։
«Կարևոր չէ։ Ժամանակը կգա և դուք ինքներդ ամեն ինչ կհասկանաք», – փնթփնթաց պապիկը: «Դե́, դեռ վաղ է, դեռ չեն հասունացել», – մտածեց խատուտը, իսկ բարձրաձայն ասաց.
«Պառկե́ք քնելու։ Շատ ուշ է»։
Պապի խոսքերը դուրս չէին գալիս փոքրիկ խատուտիկի գլխից, և նա ոչ մի կերպ չէր կարողանում քնել.
«Պապիկ, դե́ խնդրում եմ, պատմի́ր ինձ, ասա́ թե ինչի մասին էիր խոսում: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ի՞նչ կլինի, պատմի́ր։ Կիսվի́ր քո իմաստությամբ»:
«Իմաստությա՞մբ… թե՞ հիմարությամբ…», – հանելուկով պատասխանեց պապը՝ առանց աչքերը բացելու:
«Կպատմե՞ս», -չէր հանձնվում թոռնիկը։
«Դե́, լսիր», – հորանջեց խատուտը և դանդաղ սկսեց իր պատմությունը:
Լեռան գեղատեսիլ լանջին խատուտիկներ էին ապրում: Այս բարեգութ արարածներին երես էին տալիս մաքուր օդն ու Արևի մշտական մայրական խնամքը:
Դեռ ապրիլին, հենց որ առաջին ձյունը հալվեց, փոքրիկ խատուտիկները միասին ճանապարհ հարթեցին դեպի լույս և այժմ ապրում էին իրենց իսկ հաճույքի համար: Նրանցով հիանում էին կենդանիները, թռչունները և ամեն մի ճամփորդ: Նրանք ձգվում էին դեպի Արևը՝ աշխարհին պարգևելով իրենց պայծառ ժպիտները, և անկեղծորեն ուրախանում էին ամեն մի բացվող օրով:
Ամեն առավոտ, արևի առաջին ճառագայթների հետ, հաճելի հանգստության զգացումով, մեկը մյուսի հետևից արթնանում էին խատուտիկները, ձգվում և հագնում էին իրենց վառ դեղին գլխարկները: Օրվա վերջում, քուն մտնելով, նրանք բոլոր աճող, սողացող, վազող, քայլող ու թռչող էակներին մաղթում էին տաք, հանդարտ գիշեր ու քաղցր երազներ:
Այսպես անցնում էին օրերը։
Ապրիլյան զովին հետևեց մայիսյան ջերմությունը: Խատուտիկները հասուն խատուտներ ու խատուՏիկնայք դարձան. արդեն մեծավարի զրույցներ էին վարում, ընտանիքներ էին կազմում և արդեն մտածում էին երեխաներ ունենալու մասին: Հունիսյան շոգը, որը խատուտիկներին նոր՝ ծնողի կարգավիճակի բերկրանք էր նվիրել, դեռ չէր հասցրել իրեն զգացնել տալ, երբ եկավ հուլիսը և իր հետ հուլիսյան շոգը բերեց հասցրեց լեռան լանջին: