Читать книгу Քնքուշ լարեր - იაკობ ცურტაველი - Страница 6
Զ
ԵՐԵԿՈՅԱՆ
ОглавлениеՆույն օրը երեկոյան, երբ իշխանուհու կառքը եկավ նրան տանելու, նա խնդրեց Հարունյաններին, որ կառքով միասին գնան Մուշտաիդ զբոսանքի: Հարունյաններն ուրախությամբ համաձայնեցան, բացի Արմենակից, որ հայտնեց, թե ինքը կարող չէ ընկերակցել նրանց, որովհետև շատ կարևոր գործ ունի յուր ընկերներից մեկի հետ և անկարող է հետաձգել:
Երեկոն գարնան վերջերի ամենասքանչելի երեկոներից մեկն էր: Օրվա մեծ և անթիվ աշխատանքից խոնջած, վաստակաբեկ արևն յուր շողասպառ գլուխը թեքում էր դեպի հորիզոն: Առավոտից մինչև այժմ թեթև կերպով ամպած երկինքը հետզհետե սկսում էր պարզվել և երևան հանել յուր կապուտակությունը: Անթիվ, բեկբեկուն, փոքրիկ ու բարակ ամպի քուլեքը սփռված էին նրա վրա: Մայր մտնող արևի վերջին թույլ ճառագայթները կողքից լուսավորում էին նրանց, որոնք մի կողմից փայլում էին կարմրախառն արծաթագունով, իսկ մյուս կողմից աղտոտ ջրի գույն ունեին: Երկինքն յուր այդ գորշախայտ դիրքով նմանում էր մի խաղաղ լճի, որի մակերևույթն ամենահանդարտ կերպով ծփում է թեթև զեփյուռից, կազմելով միահար փոքրիկ փրփրալից ալիքներ, որոնք միմյանց ետևից անդադար առաջ են գլորվում դեպի եզրը և կորչում, չքանում են այնտեղ:
Իշխանուհու երկձի շքեղ կառքը, որի անիվների հեցերին ռետին էր շրջապատած, փափուկ, անլռելի կերպով սլանում էր Միքայելյան խճամած լայն փողոցով: Լսվում էր միայն նժույգների ոտների միահավասար տրոփը: Կառքը հողմի նման առաջ էր կտրում միմյանց ետևից շարված բազմաթիվ կառքերին, որոնք նույնպես կրո՛ւմ էին իրենց մեջ Մուշտաիդի մշտական այցելուներին: Ամեն կողմից հարյուրավոր հետաքրքիր աչքեր հետևում էին իշխանուհու սրաթռիչ շքեղ կառքին, որի նմանը շատ չէ պատահում Թիֆլիսի փողոցներում: Իշխանուհին և տիկին Հարունյանը նստած էին կառքի ետնակողմում, իսկ նրանց առաջ՝ մեջքը դեպի կառապանը դարձրած՝ նստած էր պարոն Հարունյանը: Կառքում դարձյալ ամենից շատ խոսում էր իշխանուհին:
Այդ միևնույն ժամանակ ինչ-որ ձիավոր նրանց ետևից արշավում էր դեպի նրանց կողմը: Նրա հագուստն և նրա վրա եղած շողշողուն զարդարանքները ցույց էին տալիս, որ նա զինվորական էր: Չնայելով, որ կառքը շատ արագ էր ընթանում, բայց նրա սպիտակ նժույգն էլ պակաս չէր արշավում նրա ետևից: Մի քանի րոպեից հետո վերջապես նա հասավ կառքին և անցնելով այն կողմը, որ կողմը որ նստած էր իշխանուհին, գոռաց ֆրանսերեն լեզվով.
– Պատիվ ունեմ ողջունելու մեծարգո իշխանուհի Մելիքյանին:
Ամենքը նրա կողմը նայեցին:
– Պետրո՛վ… – կանչեց զարմացմամբ իշխանուհին, տեսնելով կառքի կողքից արշավելիս ձիավորի մի տեսակ լրբությամբ ժպտացող դեմքը: Մի ակնթարթում նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, նա, երևի ներքին զսպած կատաղությունից, դեղնեց և հոնքերը կիտեց, իսկ աչքերի կոպերն ու շրթունքներն աննկատելի կերպով զողացին: – Դուք Թիֆլիսո՞ւմ…
– Ինչպես բարեհաճում եք տեսնել, իշխանուհի: Ես հեռվից ձեզ տեսա և այնքան սրատես գտնվեցա, որ կարողացա ձեզ ճանաչել:
– Ե՞րբ եք եկել, – կարծես, ակամայից և մի տեսակ արհամարհական եղանակով հարցրեց իշխանուհին:
– Այս երկրորդ օրն է… Ես չէի սպասում, որ բախտն ինձ այդպես շուտ կարող է հանդիպեցնել ձեզ հետ, և պետք է ասեմ, որ ես շատ ուրախացա, երբ հեռվից ձեզ նկատեցի…
– Բայց ինչո՞ւ դուք Պետերբուրգը թողել եք:
– Մի քանի գործերից ստիպված, իշխանուհի…
– Եվ շա՞տ ժամանակ եք մտադիր այստեղ մնալու:
– Նայելով գործերին… Սակայն ես մտադիր եմ այս ամառ Կովկասում անցկացնելու՝ Պուշկինի և Լերմոնտովի սիրած ու փառաբանած աշխարհում:
Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակից – Պետրովը՝ յուր նժույգ ձիով: Հարունյանները հետաքրքրութքամբ նայում էին իրենց այդ անկոչ ուղեկցին, որ, ըստ բնույթին, շատ չէր հետաքրքրվում, թե ովքեր են կառքի մեջ մյուս նստողներն և ձին զուգընթացաբար միշտ առաջ էր քշում կառքի հետ:
– Դուք Մուշտաի՞դ եք շնորհ անում գնալ, – հարցրեց նա:
– Այո – պատասխանեց իշխանուհին:
– Ուրեմն և ձեզ ուղեկցելու պատիվն եմ ունենում…
Վերջապես նրանք մտան Մուշտաիդի հաստաբուն ու բարձր ծառերի սաղարթախիտ ճյուղերով կազմված կամարի տակ: Մուշտաիդը թիֆլիսեցիների համար նույնն է, ինչ որ զվարճասեր փարիզեցիների համար Բուլոնյան անտառը կամ Եղիսյան դաշտերը:
Յուրաքանչյուր գեղեցիկ երեկո, մանավանդ շաբաթ և կիրակի օրերն, այնտեղ կարելի է տեսնել հարյուրավոր կառքեր, որոնք միմյանց ետևից շարված` պատում են Մուշտաիդի շուրջը: Չունենալով մի ուրիշ ավելի հարմարավոր զբոսատեղի, Թիֆլիսի խայտաբղետ ժողովուրդն այդտեղ է վազում փոքր-ինչ ազատ օդ շնչելու և լսելու երաժշտություն:
Մի քանի շրջան անելուց հետո իշխանուհին կամեցավ իջնել և գնալ այգիի հրապարակը մի բան խմելու: Կառքը կանգնեց: Պարոն Հարունյանը բացեց կառքի դռնակը, ցած թռավ և մեկնեց ձեռքը, որպեսզի օգնե իշխանուհուն կառքից իջնելու: Իշխանուհին տվավ նրան յուր փափուկ, սպիտակ ձեռքը և թեթև կերպով ցած թռավ կառքից: Իջավ և տիկին Հարունյանը՝ նույնպես ամուսնու օգնությամբ: Պետրովը (մենք այսուհետև ձիավորին այդպես կկոչենք), որ մի քայլ անգամ չէր հեռացել կառքից, նույնպես իջավ ձիուց, սանձը տվավ կառապանին և ուղղակի հայտնեց, որ կամենում է նրանց ընկերակցել: Իշխանուհին, որին, ըստ երևույթին, շատ չէր դուր գալիս այդ աստիճանավորի ներկայությունը, ակամայից ստիպված էր ներկայացնել նրան Հարունյաններին: Այնուհետև նրանք խոսելով անցան, հրապարակն, ուր հարյուրավոր մարդիկ՝ ամեն դասակարգի սեռի և հասակի` զբոսնում ու նստած էին: Մեջտեղում նվագում էր զինվորական երաժշտությունը: Նրանք նստեցին և խմելու մի բան պահանջեցին:
Պետրովի շարժումները, խոսակցության եղանակն իսկույն ցույց Էին տալիս, որ աղմկալից կյանքն ու բարձր շրջաններն են եղել նրա դաստիարակիչը: Զարմանալի ճարտարությամբ նա խոսում էր իշխանուհու և նոր ծանոթների հետ: Նա խոսում էր երբեմն ռուսերեն, երբեմն ֆրանսերեն և մինչև անգամ անգլերեն: Հենց առաջին հայացքից նա դուր չեկավ պարոն Հարունյանին: Նրա կարճ հասակը, կլոր ու սափրած կարմիր դեմքը կարճ բեղերով ու ինքնավստահ, գրեթե լիրբ արտահայտությամբ, շեկ մազերն, փոքրիկ ու շարժուն խորամանկ աչքերն և փոքրիկ վեր քաշված քիթը, – նրան մի տեսակ ատելի Էին թվում: Ինչո՞ւ: – «Ինչպես չենք կարող մենք առաջ բերել ուղիղ պատճառը, թե ինչու մեկը չէ սիրում խոզի բացված բերանր, մյուսը՝ կատվի պես անվնաս կենդանուն, երրորդը՝ ձայնը պարկապզուկի», ինչպես պատասխանում է Շեյլոկը, նույնպես և նա չէր հասկանում, թե ինչու այդ աստիճանավորը նրան ատելություն էր ներշնչում: Իշխանուհին խոսում էր նրա հետ կարծես ակամայից և մի տեսակ եղանակով, որից իսկույն երևում էր, որ նրան ևս չէր դուր գալիս այդ շատախոս ռուս աստիճանավորը: Հարունյանները չէին կարող չնկատել այն փոփոխությունը, որ ստացել էր իշխանուհին Պետրովին պատահելու րոպեից: Նրանք ակամայից մտածեցին, որ այդ երկուսի մեջ ինչ-որ կա… Արդեն սկսում էր մթնել, երբ նրանք վեր կացան և ուղևորվեցին դեպի կառք: Հարունյաններն ու իշխանուհին նստեցին կառքը, իսկ Պետրովը հեծավ յուր ձին և մի քանի անգամ դարձյալ շրջան անելուց հետո այգում, նրանք ճանապարհ ընկան դեպի տուն: Կիսաճանապարհին Պետրովը բաժանվեց նրանցից, առաջուց խնդրելով իշխանուհուց նրա հասցեն: Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թե նա՞ է այն աստիճանավորը, որի մասին խոսում էր այն օրն Արմենակը:
– Այո՛, – պատասխանեց միայն իշխանուհին:
Պարոն Հարունյանը կամենում էր հարցուփորձ անել իշխանուհուն այդ մարդի մասին, բայց լսելով այն եղանակը որով նա արտասանեց «այո» բառը, նա տեսավ, որ իշխանուհին չէ սիրում նրա մասին երկար խոսել: Նա ոչինչ չհարցրեց` մտքումը դնելով, որ ամեն բան կիմանա Արմենակից, որին, ինչպես նա եզրակացրեց յուր կնոջ խոսքերից: Հայտնի պիտի լիներ նրա ով լինելը և, գուցե, այն կապը, որ, ինչպես նա կասկածում էր իշխանուհու փոփոխությունից, կար նրա և վերջինիս մեջ:
Կառքը կանգնեց Հարունյանների տան առաջ: Հարունյաններն իջան և խնդրեցին իշխանուհուց գիշերը միասին անցկացնելու – կամ մի որևիցե զվարճության տեղ գնալու, բայց իշխանուհին, որից Պետրովի ազդած տրամադրությունը չէր հեռացել, հայտնեց յուր շնորհակալությունը, խնդրեց, որ վաղն իրեն այցելեն, որովհետև մենակ է ինքը, և կառքը քշել տվեց դեպի յուր տուն: