Читать книгу Նոր մարդ - იაკობ ცურტაველი - Страница 3
3
ОглавлениеԱռանձնասենյակում նրա դեմ ելավ Վիկտորիա Պավլովնան ամբողջովին սևազգեստ: Դեմքից ետ էր քաշել սև գլխարկին պատած թանձր սև շղարշը, որի ծայրերը հասնում էին համարյա մինչև գետին: Մի անգամ նրա բազմաթիվ երկրպագուներից մեկը, որին ինքը մյուսներից ավելի նախապատվություն էր տալիս, նկատել էր նրան. «Վիկտորիա Պավլովնա, թեև դուք մի քիչ ի չարն եք գործ դնում ձեր ամուսնու հիշատակը, բայց այդ հագուստի մեջ ավելի ևս գեղեցիկ եք»: Եվ այդ օրվանից նա չէր ուզում բաժանվել իր սգո հագուստից:
Խանբեգյանը թույլ չտվավ, որ նա մոտենա իրեն, ինքը համարյա թե վազեց դեպի նա և, առանց խոնարհվելու առնելով նրա կարճ սև ձեռնոցի մեջ սեղմված ձեռքը, մոտեցրեց շրթունքներին:
– Որ գիտենաք, Վիկտորիա Պավլովնա, թե ինչու ձեզ այսքան սպասեցնել տվի, անշուշտ կներեք ինձ, – ասաց նա ժպտալով: – Ես մի թեթև անախորժություն ունեցա աղախնիս հետ: Երևակայեցեք… Ինչո՞ւ չեք նստում: Խնդրեմ… Երևակայեցեք, այսօր մի քիչ ուշ վեր կացա, որովհետև գիշերը շատ ուշ տուն եկա, – ժամը համարյա 2-ն էր, որ ժողովը վերջացավ, – մտնում եմ սեղանատուն, որ թեյ խմեմ, տեսնեմ ինքնաեռը սառը՝ ինչպես կարկուտ: Ի՞նչ ծածկեմ մեղքս, ինքս ինձ չկարողացա զսպել և… Չէ, ավելի լավ է՝ չպատմեմ: Արածս լավ բան չէր, – ավելացրել նա ծանր և լրջորեն:
– Դուք այնպես բղավում էիք, – նկատեց Վիկտորիա Պավլովնան ժպտալով:
Խանբեգյանը թավ հոնքերը բարձրացրեց, դեմքին ծայր աստիճանի տարակուսանքի արտահայտություն տված:
– Վիկտորիա Պավլովնա, – ասաց նա, – կարո՞ղ եք երևակայել, որ ես մինչև այժմ էլ զարմացած եմ մնացել: թե որտեղի՞ց դուրս եկավ այդ ձայնը: Ես հիմա հասկանում եմ, թե ինչպես մարդիկ, շատ օրինավոր մարդիկ, երբեմն մարդ են սպանում: Ծայր աստիճան հուզման րոպեին նրանք անշուշտ, դուրս են գալիս նորմալ դրությունից, կորցնում են հոգեկան հավասարակշռությունը և չեն հասկանում իրենց արածը: Մի րոպե, երբեմն մի վայրկյան, և ոճիրն արդյոք կատարված է: Այո, մարդ արարածի մեջ, որքան էլ նա քաղաքակրթված և գիտակից լինի, Վիկտորիա Պավլովնա, դեռևս նստած է նախապատմական գազանը: Ես այդ փորձեցի ինձ վրա: Բայց մյուս կողմից, ասեմ ձեզ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, – ավելացրեց Խանբեգյանը մտերմորեն, նստելով նրա դիմաց, – ես մեղավոր չեմ. կնոջս մահից հետո այնպիսի դրություն է տիրում մեր տանը, որ ասել չեմ կարող: Ուզեմ-չուզեմ – պիտի ջղայնանամ: Առանց այն էլ մեր գործարանում տիրող դրությունը՝ բանվորների պահանջները, գործադուլի սպառնալիքը, մյուս կողմից մեր բանկում երևան հանված վատնումը բոլորովին քայքայել են ջղերս:
– Մի՞թե վատնում է եղել, – հարցրեց Վիկտորիա Պավլովնան հետաքրքրված: – Եվ ո՞րքանի:
– Առայժմ մոտ հինգ հազար ռուբլու: Ռևիզիան դեռ շարունակվում է:
– Հայտնի՞ են վատնիչները:
– Կասկած կա մի քանիսի վրա:
– Կարելի՞ է իմանալ` ո՛ւմ:
– Ո՛չ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, ներեցեք: Այսքանը միայն կարող եմ ասել, որ եթե իմանաք, որ եթե իմանաք, թե ո՛ւմ վրա է գլխավորապես կասկածը, ապշած կմնաք: Ձեր հանգուցյալ ամուսինը… ա՛յ մարդ: Նրա օրով մի կոպեկ, մի կոպեկն ի՞նչ է, մի հատ կոպեկ անգամ չի կորել, իսկ ինչ նա չկա…
Խանբեգյանը չվերջացրեց, որովհետև Վիկտորիա Պավլովնան ռեդիկուլից շտապով հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին: