Читать книгу Դանթեական առասպել - იაკობ ცურტაველი - Страница 2

II

Оглавление

Եվ ուրախ էինք այսպես – երեք օր։

Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ

Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր

Մի տառապանքի խորշակ կար վառած։

Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր

Մեր հոգին ջահել ու բազմաերազ։


Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն։

Անձրևներ էին մեր գլխին տեղում։

Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝

Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում։

Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝

Անձրևների տակ մրսում էր, դողում։


Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ։

Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար։

Փտել էր արդեն անձրևների տակ.

Ի՞նչ ցեղից էր նա – այդ ո՞վ կիմանար։

Իր ապրած կյանքից ամեն հիշատակ

Սրբել էր, տարել անձրևը վարար։


Երկա՜ր կանգնեցինք։ Մի զինվոր – ընկեր

Դիակն հրելով, խնդաց խելագար։

Բայց չէ՞ որ նա՛ էլ կրել է զենքեր,

Եղել է մեզ պես կյանքի սիրահար։

Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ

Այսպիսի դիակ դառնալու համար։


Եվ անցա առաջ։ Լեռներից անդին

Երևաց հանկարծ արեգակը հուր։

Եվ ես մոռացա այն այլանդակ դին,

Շնչեցի հողի թարմությունը խոր,

Եվ նորի՜ց իմ բաց ու լցված սրտին

Աշխարհը թվաց այնքան թա՜րմ ու նո՜ր։


Արևի ոսկի մատները իջան

Ու գուրգուրեցին հեռուները թաց։

Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝

Խոտերի միջից առվակը խնդաց։

Եվ թեթև՜ նետած սլաքի նման

Դեմից մի թռչուն անցավ սրընթաց։


Ախ, այդ դաշտերի հեռո՜ւն ոսկեգույն,

Այդ երկինքների կապո՜ւյտը պայծառ…

Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,

Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝

Չըպետք է, որ մարդն հեկեկա անքուն —

Աշխարհում մի օր ապրելու համար։


Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,

Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։

Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,

Ամենքի համար կա մի վիշտ անթով —

Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից

Ահաբեկիչի խելագար խանդով։


Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր

Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։


Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,

Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։

Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —

Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն1։


Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել

Երբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի,

Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել,

Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝

Գգվի հիացքով երջանկավայել —

Ամե՛ն մի խոտի, ամե՛ն մի քարի։


Ախ, ո՜չ… Սատանա՛ն քրքջացել է այս

Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,

Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,

Վառել է ոսկի հասկերը բոլոր։ —

Սրտի կսկիծով ես անցա առաջ

Ու շուրջս նորից նայեցի մոլոր։ —


Եվ ահա – կրկին մի քանի դիակ։

Եվ այստեղ ահա – վարսեր կանացի։

Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ —

Փտած փշրանքներ արնաներկ հացի։

Ո՞վ է հեռացել այստեղից – մենակ,

Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի…


Իսկ այստեղ ահա – մի ոսկրացած ձեռք։

Մարմինը չկա։ Ընկած է անձայն։

Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,

Իսկ քիչ է՛լ այն կողմ – ատամներ ցիրցան։

Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,

Մոռացել էին մի հին հրացան։


Սարսափած սրտով մենք անցանք առաջ,

Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։


Լուսնոտի նման բութ ու շվարած՝

Այլևս ոչինչ չէինք նկատում։

Մի ծանըր կսկիծ ուսերիս առած՝

Լուռ քայլում էինք արնաբույր տոթում։


Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք։

Անունն էր միայն, իսկ ինքը չկար։

Այլանդակ գուղձեր, դևի ապարանք։

Մնացինք՝ հանգիստ առնելու համար։

Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք

Զրույցներ զազիր ու խայտանկար…


Դանթեական առասպել

Подняться наверх