Читать книгу Գեղեցիկ Վարթիկը - იაკობ ცურტაველი - Страница 2

Բ

Оглавление

Վարթիկը էր տասն և յոթ տարեկան օրիորդ: Նա ուներ բարձր և ուղիղ հասակ, բնականից փափուկ, քնքուշ, սպիտակ բայց արևից այրված և գորշ թշեր: Նա ուներ սևորակ, նշաձև աչքեր, սև սաթի նման գանգրահեր գիսակ: Նա ուներ կցած աղեղնաձև հոնքեր և վարդի թերթիկների նման նուրբ, բայց արևից խանձված շրթունք:

Նրա սևուկ դեմքը կրում էր յուր վրա բոլոր անկեղծ և անխարդախ գեղեցկությունքը վայրենի գծագրության:

Նրա չթեղեն թերմաշ գունից և ծաղիկներից զրկված հագուստը ոչինչ չէին արգելում այդ գեղջուկ հավերժահարսին առաջին անգամից գրավել կարեկից տղամարդի սիրտը, որ այն փառազուրկ, աղքատ և անպաճույճ գոյության մեջ կարող էր նկատել դժբախտության տխուր պատկերը սիրո և գեղեցկության բոլոր վսեմություններով:

Նրա թեև բանելուց կոշտացած ձեռքերը, բոբիկ ման գալուց ճաքճքած և սևացած ոտքերը դեռ կրում էին իրանց մեջ մի գողտրիկ քնքշություն, որոնք առաջին նայվածքից ձգում էին կարեկից նայողի սրտում մի ցավալի ափսոսանք` թե ինչո՞ւ դրանք զոհվում էին ստրկական կյանքի վշտաբեր կարիքներին, թե մի այդպիսի գեղեցիկ ձեռքերը և ոտիկները, փայփայելով փափուկ կեցության մեջ, կարող էին գրավել միշտ գեղասեր երիտասարդի նուրբ ճաշակը:

Այսուամենայնիվ, Վարթիկը էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ:

Ամեն առավոտ Վարթիկը ստիպված էր գնալ խանի մշակության դաշտերում գործելու: Այդ, կարծես թե, նրա ճակատագիրն էր, և նա հպատակվում էր դրան խոնարհությամբ…

Հասնելով բրնձի դաշտերին, վերակացու ֆերրաշը բաժանեց աղջիկների մեջ գործը, թե նրանցից ամեն մինը մինչև իրիկուն քանի ածու պիտի մաքրեր ավելորդ խոտաբույսերից:

Գեղեցիկ Վարթիկը

Подняться наверх