Читать книгу ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ - იაკობ ცურტაველი - Страница 3

ԳՏՆՎԱԾ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 2. ՔՍԵՆԱՆ

Оглавление

Ամառ էր: Արձակուրդների ամենաթեժ շրջանը: Արթուրը ընկերների հետ հանգստանում էր մարզական ճամբարում: Մանկապարտեզում կարանտին էր: Ծնողները աշխատում էին: Տատիկը հիվանդացել էր: Հայրիկը, հարկադրված, Էլենին իր հետ աշխատանքի տարավ: Այդպիսով Տեսլան հայտնվեց Պաշտպանության մինիստրության գաղտնի լաբորատորիայում: Էլենի հայրը հայտնի գիտնական էր. նա հետազոտություններ էր կատարում արհեստական բանականության ոլորտում: Աղջկան թողնելով լաբորատորիայի աշխատակցուհիների խնամքին՝ նա գնաց նիստերի դահլիճ խորհրդակցության: Լաբորատորիայում, ցուցափեղկերին ինքնաթիռների, ուղղաթիռների, զանազան խաղալիքների մոդելներ էին ցուցադրված: Որպեսզի Քսենայի համար ձանձրալի չլիներ, Էլենը նրան տեղավորեց խաղալիքների կողքին և ասաց. «Նայի՛ր, Տեսլա՛, քեզ համար ինչ նոր ընկերներ եմ գտել: Նրանք երազում են քեզ հետ մտերմանալ: Քեզ հաճելի ժամանց եմ մաղթում»: Իսկ ինքը գնաց «ճամփորդելու» լաբորատորիայում: Այնտեղ աղջկան ցույց էին տալիս ռոբոտներ, որոնք ֆուտբոլ էին խաղում, կերակուր էին պատրաստում, քաղաքավարի ժպտում էին և հորդորում էին կատարել տնային առաջադրանքները: Խաղերով, դասերով և ճաշկերույթով տարված՝ նա նույնիսկ չնկատեց, թե ինչպես թռավ ժամանակը: Աշխատանքային օրվա ավարտին հայրիկը եկավ Էլենի հետևից, և, իրենց հետ վերցնելով Քսենային, նրանք ուղևորվեցին դեպի տուն:

Մեքենայի մեջ Էլենը սկսեց Քսենային պատմել իր նոր տպավորությունների մասին և նրան հարց ու փորձ անել նոր ընկերների վերաբերյալ: Տեսլան լռում էր, բայց ինչ-որ շատ բազմանշանակ կերպով:

– Միայն չասես, թե հետաքրքիր չէր, – աղջիկը փորձում էր նրան խոսակցության մեջ գրավել:

Պատասխանը՝ համր լռություն: Էլենը նրան չէր ճանաչում: Տեսլան կարծես ուրիշ լիներ, օտար, ոչ հարազատ: Նա աղջկան նայում էր այնպես, ասես առաջին անգամ էր տեսնում: Էլենը մտածեց, որ Քսենան իրենից վիրավորվել է այն պատճառով, որ ինքը նրան ամբողջ օրը մենակ է թողել անծանոթ շրջապատում: Էլենը խղճի խայթ զգաց: Բոլորովին վերջերս նա երդվել էր Քսենային ոչ մեկի մոտ չթողնել, իսկ հիմա… Ամենավատն այն էր, որ ողջ օրվա ընթացքում նա ոչ մի անգամ չհիշեց Տեսլային:

«Ես էլ կվիրավորվեի, – շարունակում էր ինքը իրեն կշտամբել Էլենը: – Մի՞թե ընկերները այդպես են վարվում»: Իսկ Քսենան դարձյալ լուռ էր: Լսում էր Էլենին և նրա հոր առարկությունները, որոնք պարբերաբար ընդհատում էին աղջկա երկար մենախո- սությունները:

Վերջապես տուն հասան: Մայրիկն արդեն վերադարձել էր աշխատանքից և ընթրիքն էր տաքացնում: Սեղանի շուրջ Էլենը շարունակեց անցկացրած օրվա մասին իր պատմությունը արդեն մայրիկի համար: Եվ ընթրիքից անմիջապես հետո գնաց քնելու:

– Սիրելի՛ս, ի՞նչ է պատահել մեր աղջկան, – զարմացավ մայրիկը, – Էլենը այսքան շուտ հոժարակամորեն գնաց քնելու…

– Նա արդեն երկու ժամ է, ինչ անդադար խոսում է, – պատասխանեց հայրիկը, որը աղջկա հետ շփվելու մի քանի ժամվա մեջ ավելի շատ էր հոգնել, քան ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում: – Սիրելի՛ս, թերևս ես էլ գնամ քնելու:

Գիշերը հորդ անձրև էր գալիս: Հետո քամի բարձրացավ: Եվ մոլեգնող տարերքի ձայները բաց լուսամուտից ներխուժեցին աղջկա սենյակ: Էլենն արթնացավ և ուղիղ իր առջև տեսավ Քսենայի աչքերը: Իրեն համակող սարսափից Էլենը անգամ ճչալ չկարողացավ: Միայն հենվեց պատին և գլուխը ծածկեց վերմակով: Այնինչ Քսենան գնաց դեպի պատուհանը և այն փակեց:

Սենյակում իսկույն լռություն տիրեց: Այդ լռությունից Էլենն ավելի շատ վախեցավ: Վերմակի տակից նա լուռ հետևում էր, թե ինչպես Քսենան հեռացավ պատուհանից, իր կողմն ուղղվեց, վերմակը կարգի բերեց և, իրեն բարի գիշեր մաղթելով, տեղավորվեց կողքի բազկաթոռին:

Տագնապալի գիշերից հետո, հազիվ աչքերը բաց արած, Էլենը ձայն տվեց.

– Մայրի՜կ…

– Բարի լույս աղջիկս:

– Իսկ որտե՞ղ է Քսենան, – հարցրեց Էլենը՝ նկատելով, որ Տեսլան բազկաթոռին չէ:

– Հավանաբար, քո խաղալիքների մեջ, – պատասխանեց մայրիկը:

– Նա քնած էր այստեղ, իմ կողքին: Ո՞ւր է գնացել, – խուճապահար հարցրեց Էլենը:

– Ո՞վ է գնացել: Ո՞ւմ մասին ես դու խոսում, – զարմացավ մայրը:

– Իհարկե՛, Քսենայի, էլ ում:

Բայց մոր դեմքին շփոթմունք նկատելով՝ շարունակեց.

– Այսօր գիշերը, երբ սաստիկ անձրև էր գալիս, Քսենան փակեց պատուհանը և քնեց բազկաթոռին: Իսկ այժմ նա չկա:

Մայրը տարակուսանքով նայում էր աղջկան:

– Էլե՛ն, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է, – արտաբերեց նա երկար դադարից հետո:

– Նա ո՞ւր է կորել:

Էլենը վեր կացավ անկողնուց և սկսեց Տեսլային փնտրել ամբողջ բնակարանում: Քսենան անհետացել էր: «Գոնե գտնվեր: Մի՞թե ինձնից իրոք խիստ վիրավորվել է», – փնթփնթում էր Էլենը:

Մինչդեռ մայրիկի անհանգստությունը մեծանում էր:

Նա կանչեց հայրիկին, և նրանք փորձեցին հանգստացնել դստերը և հասկանալ, թե իրականում ինչ է պատահել:

Աղջիկը ոչ մեկին չէր լսում: Նա մոտեցավ բնակարանի դռանը: Փորձելով դուռը բացել բանալիով՝ տեսավ, որ այն փակ չէ:

– Մայրի՛կ, հայրի՛կ, Քսենան տնից հեռացել է:

Այդ պահին հայրիկը նույնպես անհանգստացավ դստեր առողջության համար: Եվ ամեն ինչում սկսեց մեղադրել մայրիկին.

– Ահա թե ինչի են հասցնում համակարգչային խաղերը, երեկոյան ժամերին անվերջ ֆիլմեր դիտելը: Այսօրվանից ո՛չ մի ֆիլմ, համակարգչային խաղ կամ ձայնագրություն: Միայն առողջ ապրելակերպ:

– Դե, լավ: Ինքներդ գլուխ հանեք: Իսկ ես գնամ աշխատանքի,

– եզրափակեց հայրիկը:

– Լա՛վ է, էլի: Իսկ ե՞ս ինչ անեմ: Ես նույնպես աշխատանքի եմ, – վրդովվեց մայրը:

Ծնողների վիճաբանությունը, որ սովորաբար Էլենի մեջ տհաճ զգացումներ էր առաջացնում, այս անգամ չհուզեց նրան: Նա չափից ավելի էր տարված Տեսլայի մասին մտքերով. «Սին երազանքներ: Բավական էր միայն կենդանացնել Քսենային, և նա իսկույն լքեց ինձ»: Դառը նստվածք մնաց միայն. ինքն այսպիսի վիշտ ունի, իսկ նրանք մտածում են միայն իրենց աշխատանքի մասին:

– Ես մենակ կմնամ տանը, – սրտնեղած արտաբերեց Էլենը: Դստեր խոսքերը սթափեցրին ծնողներին: Նրանք ամաչեցին:

Մայրիկն առաջարկեց աղջկան տանել իր հետ: Հայրիկը թեթևացած շունչ քաշեց ու դուրս եկավ տնից:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

Подняться наверх