Читать книгу Վեհացում դեպի Մհեր - Арсен Суренович Казарян - Страница 3
ОглавлениеՄաս
Բ
1
Անմարդ անապատը փռված էր անծայր,
ձգվելով անհույս միջև հորիզոն,
վերից գորշագույն տարածք էր իջնում,
անամպ, անարև գորշագույն տարածք:
Մի երգ էր հնչում՝ վշտոտ, դողդոջուն,
քարերին նստած սևուկ Տիրամոր:
Եվ սուրբ, և վշտոտ, և հավերժ ջահել,
որ սպանված որդու սև սուգն էր տանում:
Ոտքերը արնոտ քարերին դրած
դանդաղ ճոճվելով երգում էր տխուր,
աչքերը հառած մի անտես հեռու
նա սուզվում էր իր մտքով այդ հեռուն:
Կանգ էր առել ժամանակն ասես,
և հավերժ ջահել մարմինը կնոջ,
նրբագեղ, ճկուն և աստվածային
քարին էր հենված,
իսկ մազերը սև
ուսերին, կրծքին փռվում էին լուռ:
Շրթունքները գունատ շարժվում էին նուրբ
և ձայնը վշտոտ՝ ալիքի նման
շուրջն էր տարածվում:
Երգը բնության, երգը Տիրամոր,
միացած իրար մի վշտով անհուն,
դառնում էին մեծ, երկրային մի Վիշտ:
Օ՜հ, սուրբ Մարիա՜մ:
Վիշտը մարդկության ծանր քարի պես
քո սրտում կանգնեց:
2
Եվ մութն էր պատում ասես ամեն ինչ,
ծանր լռությունը իջնում էր դանդաղ,
պատերը խոնավ՝ աշխարհից կտրող,
շունչն էին փչում՝ մռայլ և անձայն:
Պատերը մեռնող զգացումների պես
մի մոմի լույսի կարոտ էին զգում,
թեթև շոյանքի և մի այլ խոսքի,
որ սև մենության շղարշը քաշեր:
3
Մի հայ էր կանգնած մեծ խաչի առջև՝
աղոթում էր լուռ:
Եվ մտքերը նրա տրոփուն, անողոք,
ինչպես բորբոքված լեփ-լեցուն անդունդ,
խեղդելով թշվառ աղոթքը անձայն,
ելնում էին վեր,
և հառաչը նրանց,
ձեռքերի նման չորացած և սև,
որ ճահճի միջից ձգվում են լարված,
ահռելի ուժով նետվում էր երկինք:
Եվ կայծակնահար երկինքն Աստծո
անճար, անիմաստ հառում էր նրանց:
Խղճուկ քարոզները Աստծո նվիրած
մի պայծառ հանդես արտաբերեցին,
և հրաբուխ դառած այդ հայի հոգին
ժայթքում էր մի ցավ, անաստվա՛ծ մի ցավ,
որն իշխում էր նրա մտքերին բոլոր
և արյունը նրա մակարդում նրա մեջ:
Մեծ խաչի առաջ, սև խաչի առաջ
աղոթում էր նա աստծուն անիմաստ,
պաղատված հոգին արցունք դարձնելով:
4
Եվ երբ, կարծես, ոչ մի փրկություն չկար,
երբ մութն էր պատել, ասես, ամեն ինչ,
հույսի մոմերն էլ վառվեցին իսպառ,
վանքերն էլ այրվող դառան գերեզման,
երբ արդեն Ոչինչ օգնել չէր կարող,
այնժամ արթնացավ առնական մի ուժ,
և երկինքն Աստծո
արնաքամ եղած
երկունքում դաժան
մի հերոս ծնեց,
կայծակ մի հսկա,
որն ելավ վայրագ ոհմակների դեմ
և թրով իր սուրբ մահի դեմ կանգնեց:
Օ՛հ, Մհե՛ր,
զինվոր
դու արդարության,
դու անհաղթ մի ուժ,
դու անմահ հավերժ:
Լույսի սիրահար,
արևի աստված,
Օ՜հ, Մհե՜ր, փրկիչ,
փա՜ռք քեզ հավիտյան:
վերջ Բ մասի