Читать книгу Վեհացում դեպի Մհեր - Арсен Суренович Казарян - Страница 5
ОглавлениеՄաս
Դ
1
Ա՜խ, ուղեղն ինչպես դիմանա ցավին,
ա՜խ, տանջանք անվերջ, հիշողության ճիչ:
Արևներ ելան, բայց շողերը նրանց
լույս չտվեցին մեր հյուծված հոգուն:
Մթին էր մնում մի ամբողջ երկիր,
արևի երկրում մի շող լույս չկար:
2
Եվ երբ այրված ոսկորների նման
թափված՝ անապատով անծայր,
հույսերը դառան,
և լռության մեջ, ուժասպառ եղած
հոգին տապալվեց,
և կյանքի հաճույքը իր չոր դառնությամբ
քեզ նայեց մռայլ,
և մարդիկ բոլոր քեզանից թարսված՝
թշնամի դառան,
և սեր, և ընկեր դավաճանության
պսակներ ստացան:
Երբ զգում ես, որ դու աշխարհում այս մեծ
մենա՜կ ես, մենա՜կ…
և մեկը չկա, ում վրա հույս դնես:
Այդժամ աննկատ մոտենում է մի ստվեր՝
ճշմարտությունը իրական կյանքի,
աչքերիդ մեջ է մոտիկից նայում,
դառը հաճույքով իր մարմինը հրեշ
տարբեր կողմերից քեզ է ցուցադրում,
և ցանկանում է այդ գարշ մսերով
գրավել,գայթակղել և իր մեջ քաշել:
Զզվանքից մի դող է անցնում մարմնով,
փորձում ես փախչել, ետ քաշվել նրանից,
բայց նա լայնանում, օղակ է դառնում
և քեզ իր անմաշկ մարմնով դիպչում:
Օ՜հ , գարշա՜նք, գարշա՜նք,
Օհ, թշվառ հոգի,
ճեղքվածքում կյանքի մնացիր ճզմված,
ով աչքեր ունի, նա տեսնում է միշտ,
ով զգացում ունի,
նրանն է աշխարհի
վիշտն ու ցավն ամբողջ:
Օ՜հ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ,
անսահման այս վիշտն
անցնում է բռնի մեր կյանքի միջով:
Անհույս ժամերին ինչքա՜ն էիր դու
նախանձում նրանց՝ ով զգացում չունի,
և առավե՛լ նրանց, ով փուչ է միջից,
անհոգի, անդարդ, ուրախ և դատարկ:
3
Քո բնավորությունը, որ նետում է քեզ
զբաղմունքից զբաղմունք,
մարդուց դեպի մարդ
և երկրից երկիր՝
անբավարարություն,
անդադար փնտրում
և հավերժ, հավերժ
հիասթափություն:
4
Մի բան չունեցած՝ կորցնում ես միայն,
տալիս ես, վատնում, ցաքուցրիվ անում:
Ետ չնայելով, քայլում ես առաջ,
կարծես թե վերջիդ քայլերն ես անում:
Զզվում ես ստից, կեղծիքից, դիրքից,
զզվում ես, զզվում, թքում, հեռանում,
կյանքը լի քո մեջ, ցամաք ես թվում,
բախտն էլ ի՞նչ է որ՝
փախչում է քեզնից:
Ա՜խ, բախտն ի՞նչ է որ.
մի ստոր ծաղրածու,
մի սև խաղաթուղթ,
մի էժան պոռնիկ:
Սիրում է նա սուտ,
սիրում է կեղծ փայլ,
սիրում է ամեն անարդարություն:
5
Բորբոքված ստից զգացումները քո,
բուն իմաստությունն են ակամա բացում
անվայել մտքով մերկացնում են նրան,
որն իրեն կյանքի գաղտնիք է կոչում,
և այդ հաճույքից լրբացած հանկարծ՝
պարի մեջ անխոհ, նա տրվում է քեզ,
որ դու էլ նրա պես անվայել բացվես,
ա՜խ, ճանաչելով ինքդ քեզ նրա մեջ:
6
Եվ կրկնվում է պատմությունը հին,
դու նորից հագեցած ես քո անցյալից
ու ներկայից,
դու դարձյալ անզսպելի ցանկություն ես զգում
պատռել շղթայած կապերը բոլոր,
թողնել ամենքին
և տրվել հոգով անհայտությանը:
7
Եվ դու լքում ես այդ ամենը՝
արդեն ատելի դարձած,
դու հավաքում ես ամենաանհրաժեշտ իրերը
և բախելով անցյալի դուռը,
ուղղում ես քայլերդ դեպի մութ ապագա:
8
Բայց անցյալդ քեզ հանգիստ չի թողնի,
ուր էլ որ փախչես,
աշխարհի որ ծայրն էլ նետվես,
նա ստվերիդ նման կհետևի քեզ
և իր սուր հիշողության ատամները
կխրի ուղեղիդ բջիջների մեջ:
Ինչպես որդ, նա մանր, մանր կկրծի հոգիդ,
տառապանքներդ խառնելով իրար,
նայելով աչքերիդ խորքը
և հենվելով քո բաց զգացումների վրա:
9
Ա՜խ, իմ բարեկամ,
վերջապես մեն-մենակ ենք:
Դե նայիր հիմա իմ աչքերի մեջ
և շռայլիր թախիծդ ամբողջ:
Դու միայնա՞կ ես այս բազմության մեջ,
դու օտա՞ր ես նրանց
և անհասկանալի՞,
դու հեռանում ես նրանցից
և ազատ շունչ քաշու՞մ …
Ես դա գիտեմ, պետք չէ պատմել,
դա մատնում է քո առաջին իսկ հայացքը:
Պետք չէ, բարեկամ.
հոգու գեղեցկությունը, պարզվում է, պետք չէ:
Դու միշտ կմնաս օտար և լքված,
դու կտառապես, կանիծես հոգիդ,
թախիծդ կայրե քեզ իր դառը թույնով,
մահդ կցանկա յուրաքանչյուր ոք,
մի օր կդառնաս դու համայն թշնամի,
ինքդ քեզ կատես,
և աշխարհն ամբողջ
կդառնա մեծ բեմ մի ողբերգության՝
քո ողբերգության:
Հիասթափությունը օրենք դարձնելով՝
կյանքդ քարշ կտաս դեպի գերեզման
և համայնքն ամբողջ կգոռա քեզ՝
<<Մա՜հ>>:
Այստեղ ապրելու իրավունք չունես,
շատ ես դու մաքուր այս կյանքի համար:
10
Եվ ամբո՞խը այդ՝
նա կին է անշուշտ.
լկտի, շողոքորթ,
առնաբաղձ մի կին,
դատարկ, փառապաշտ,
ծույլ և հեշտամոլ:
11
Իսկ դու խելքո՞վ էիր ուզում
նրան հրապուրել,
թ՞ե խոսքով արդար,
թ՞ե զգացմունքներով:
Միամի՜տ մանուկ, դյութված աննկատ
նրա տեսքով ներկված,
նրա ձայնով ձևված,
իրոք, կատարյալ դերասանությամբ:
12
Բաց, լուսավորված բեմի վրա
անցնում է կյանքիդ ողբերգության ներկայացումը.
ոչ մի հանդիսություն և շքեղություն,
շատ պարզ, հասարակ,
ինչպես և մյուսներինը,
առանց ծափահարության,
արագ, շատ արագ
անցնում են տեսարանները
քո անմիտ կյանքի:
13
Այնժամ հասկանում ես՝
կյանքում այս դաժան
դու չես ունենա երազած ոչ մի բան,
ամեն ինչ կիսով կտրվի միմիայն,
ամեն ինչ կանցնի հապճեպ, շա՜տ արագ:
Մի վայրկյան էլ սիրել դու ուրախ կլինես,
մի վայրկյան էլ ժպտալ ամեն օր դու կուզես,
մի վայրկյան, ա՜խ, մի պահ, կցանկաս մոռացում
այսօրվա մի վայրկյան քեզ սիրող չոր գրկում,
այսօրվա էգի հետ կխոսես դու սիրուց,
քնքշության չոր խոսքեր կպոկես նրա բերնից
և սիրտդ դու նրան կպարզես հենց այնպես,
որ նա էլ ստանա մի վայրկյան մոռացում:
Եվ գինուն մի վայրկյան կհանձնես քեզ տխուր
և գործով կփորձես մի վայրկյան քեզ խեղդել,
մի վայրկյան կփորձես դու մաքուր երազել,
որ նորից արթնանաս դառնության մեջ անհուն:
14
Ուզում էիր դու ճկռալով պոկել
կյանքից մի կտոր քեզ հասնող բարիք.
մխրճում էիր եղունգները քո
պարեխների մեջ քեզ շրջապատող:
Բայց տանջանքը քո օր օրի տևող
չէր բերում մի քիչ, գոնե ձևական,
գոնե հույս տվող հաջողության շող:
Իսկ մեկ-մեկ հասցեն երևի կորցրած
մի կտոր բարիք էր ձեռքդ ընկնում,
ապշեցնում էր քեզ, և հոգնած հոգով.
միգուցե անգամ չհավատալով,
դու հիասթափված՝ թողնում էիր այն
և գնում դարձյալ ուղիով սովոր:
15
Թող այդպե՛ս լինի:
Չըստացվե՞ց, դե ինչ.
դա էր բախտը քո:
Չնայած մեկ-մեկ անիծում ես նրան,
անհաջողության գրկում լաց լինում
և ատելության առարկա դարձնում
ինքդ քեզ,
դե ինչ՝ դա էր բախտը քո:
Միգուցե ոմանք շատ հանգիստ հասան
քո այդքան տենչած մեծ նպատակին,
միգուցե ոմանց սիրեցին նրանք,
որոնց տվեցիր զգացումները քո.
ոմանք ապրեցին այն կյանքով, որ քեզ
անհասանելի այդպես էլ մնաց.
ոմանք այն տեսան՝ ինչ դու ցանկացար,
ոմանք տիրեցին քեզ տրվող բարուն:
16
Եվ ինչ ձեռք բերիր փոխարեն դրա՝
գորտին բնորոշ սառնասրտությու՞ն,
թ՞ե հրեշտակային միամտություն,
թ՞ե նմուշային մտածելակերպ,
մի պաշար դատարկ գիտությունների՞
և մերժում բոլոր ցանկությունների՞,
թ՞ե անտես, անգութ քեզ ստրկացնող կամք
և անհուն, անչափ հիասթափությու՞ն:
Եվ եթե լինես դու մի քիչ անկեղծ,
պետք է, որ ինքդ աչքերդ բացես
տեսնելու համար, որ կյանքի մարտում
դու, ցավոք սրտի, պարտվեցիր արդեն:
17
Բայց դո՛ւ, կթողնեի՞ր աշխարհն այսօր
և կհեռանայի՞ր մի անլույս հեռու,
լքել – թողնելով ամեն ինչ այստեղ,
ուր մենակ եղար դու ամբողջ կյանքում,
և չափսոսալով ոչ մի բան այստեղ,