Читать книгу Էլիկո - იაკობ ცურტაველი - Страница 5

Оглавление

Կինոդիտում

Մի անգամ տատիկս ու մորաքույրս որոշեցին կինո գնալ: Հնդկական ֆիլմ էր, ու հազիվ էին տոմս ձեռք բերել: Բնականաբար, ես պլաններում չկայի ու շատ ծանր տարա։ Մի լավ լաց եղա՝ գետնին պառկելով, ոտքերս հատակին հարվածելով։ Հույս ունեի, որ ազդեցություն կգործեմ, ու ինձ էլ կտանեն, բայց… զրո արձագանք: Երբ արդեն տնից դուրս էին գալիս, մորաքույրս ինձ մեկնեց մի բարակ գիրք ու ասաց, որ եթե մինչև իրենց վերադարձը կարդացած լինեմ, խոստանում է մյուս անգամ իրենց հետ ինձ էլ տանել։ Հեռանկարային կինոդիտումն ինձ բոլորովին չուրախացրեց։ Իհարկե, իրենց դուրս գալուց հետո գիրքը շպրտեցի դեպի դուռը, բայց դադարեցի լացել, որովհետև հանդիսատես չունեի։ Մի քանի րոպե անիմաստ պատեպատ զարկվելուց հետո աչքովս ընկավ դռան տակ ընկած գիրքը։ Վերցրի, կարդացի վերնագիրը՝ «Ո՞ւր է թռչում փոքրիկ կռունկը». ֆո՜ւ, ինչ էլ վերնագիր է, չե՜մ կարդալու… Դուռն էլ կողպել են վրաս, թե գնամ դուրս… Հետաքրքիր է, բայց ո՞ւր կարող է թռչել ինչ–որ մի փոքրիկ կռունկ։ Վերցրի գիրքն ու սկսեցի թերթել… Հիսուն տարիների հեռվից չեմ կարող հիշել բովանդակությունը, բայց որ կլանված կարդացի մինչև վերջ, պարզ եմ հիշում։ Մերոնք վերադարձան ու շատ զարմացան ինձ հանգիստ նստած տեսնելով։ Ես սկսեցի ոգևորությամբ պատմել կռունկի մասին, որով և արժանացա հիսուն կոպեկի։ Ինձ ասացին, որ այդ գումարով կորժիկ ու պաղպաղակ գնեմ, չեմ կարող գնալ ֆիլմը դիտելու, քանի որ դժվար է տոմս ձեռք բերելը։ Այդ փաստն ամենևին ինձ չհուզեց, որովհետև, իմ պատկերացմամբ, դահլիճ ընկնելու համար բոլորովին պարտադիր չէր դռնով ներս մտնելը։ Գնացի «Արարատ» կինոդահլիճի մոտ։ Էն, որ ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար, այդ պահի համար էր ասված, բայց դե ես հեշտ հանձնվողներից չէի (ասեմ, որ մինչև հիմա էլ էդպիսին եմ): Հոկտեմբերյանի շոգին նույնիսկ կինոյի հսկիչները չէին դիմանում ու ֆիլմը սկսելուց հետո բացում էին դռները, քաշում հաստ վարագույրներն ու գեստապոյի պես կանգնում էին դռների մոտ։ Որոշ ժամանակ անց, երբ ինչ–որ չափով բթանում էր հսկիչների զգոնությունը, ես զգուշորեն ներս էի սողոսկում դռնից ներս։ Հնարավորինս մոտենում էի էկրանին ու նստում հատակին։ Կլանված նայում էի մինչև վերջ։ Դա շարունակական բնույթ ունեցավ, քանի որ ֆիլմն ինձ շատ էր դուր եկել։ Վերնագիրն էր՝ «Փոշու մեջ ընկած ծաղիկը»։ Ֆիլմից հետո դեմքիս ակոսներ էին գոյանում արցունքի ու փոշու առկայաթյունից։ Մի քանի անգամ ֆիլմը դիտելուց հետո այլևս էկրանն ինձ քիչ էր հետաքրքրում։ Հասկացա, որ ես հիմա ունեմ մի կարևոր առաքելություն. այն է՝ հանրությանը տեղեկացնել ֆիլմի բովանդակությանը նախօրոք, որպեսզի մինչև հանգուցալուծմանը հասնելը իրենց առողջությունը լուրջ վտանգ չկրի։ Ֆիլմում օձը մոտենում էր քնած երեխային, ու կանայք դահլիճում սկսում էին լացուկոծ դնել, ոմանք նույնիսկ սրտերն էին բռնում։ Ու այդտեղ հայտնվում էի ես՝ իմ կարծիքով կախարդ փերու տեսքով.

– Տոտա՛ ջան, մի՛ մտածիր, երեխուն բան չի լինում, փրկելու են, չմտածեք,– ու անցնում էի մանրամասներին, թե ով և ինչ ձևով է մասնակցում «փրկարարական» աշխատանքներին, ու ինչպիսի տղա է դառնալու այդ երեխան։ Ես պատրաստ էի ավելին ասելու, բայց արի ու տես, որ իմ այդ բարեգործական ջանքերը ճիշտ չընդունվեցին հանդիսատեսի, հատկապես հսկիչների կողմից, ու, մեղմ ասած, ինձ դահլիճից դուրս հրավիրեցին՝ խստագույնս ասելով, որ ինձ այդ կողմերում տեսնել չեն ուզում։ Դե, առանձնապես դարդ չարեցի, մտածեցի, որ ես ի՞նչ, իրե՛նք բան ունեն կորցնելու, դե հիմա թող մինչև ֆիլմի վերջը սպասեն, մի լա՜վ լաց լինեն, մինչև կիմանան իսկությունը։ Ես իմ առաքելությունը համարեցի ավարտված ու հանգի՜ստ խղճով լքեցի դահլիճը։

Էլիկո

Подняться наверх