Читать книгу ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - იაკობ ცურტაველი - Страница 4
Գլուխ 2. Ահաբեկչությունը պատերազմ չէ
ОглавлениеԱնցավ մի քանի օր: Արևիկի համար ամեն ինչ որքան կարելի է լավ դասավորվեց: Պետք չէր գնալ մանկապարտեզ, որը գրիպի համաճարակի պատճառով փակվել էր: Դրսում սաստիկ ցուրտ էր, որը հնարավորություն չէր ընձեռում փողոցում զբոսնելու: Մի խոսքով, աղջիկն ամբողջ ժամանակն ընտանեկան շրջապատում էր անցկացնում, իր համար ամենասիրելի իրադրության մեջ: Պետք է ասել, որ Արևիկը շատ էր սիրում իրենց բնակարանը, իր սենյակը, իր գրքերը, խաղալիքները, DVD և աուդիոսկավառակները: Երբեմն թվում էր, թե շատ դժվար է նրան տնից դուրս բերել: Հաճախ ստիպված էին նրան համոզել, հետաքրքրությունը շարժել: Բայց բավական է դուրս գար, էլ չէր ուզում տուն դառնալ: Այդ օրերին այցելության ցանկալի վայրերից էր Արևելքի ժողովուրդների թանգարանը: Աղջիկը հաճույքով էր քայլում թանգարանի կիսադատարկ սրահներով և հիանում Արևելքի հին մշակույթի վեհությամբ: Նրան առանձնապես գրավում էին Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային, Իրանին հատկացված սրահների ցուցանմուշները: Եվ, իհարկե, Նիկոլայ ու Սվյատոսլավ Ռերիխների նկարները: Դրանց մեջ ինչ— որ մոգական բան կար, դրանցից բարեբեր լույս էր հորդում: Իսկ գունային գամման ցնցում էր երևակայությունը: Արևիկը կարող էր ժամերով դիտել նրանց նկարները ու չհոգնել: Եվ եթե Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված՝ Շիշկինի, Վասնեցովի, Վռուբելի, Պոլենովի, Կուինջիի, անգամ Այվազովսկու նկարները երեխային հարազատ էին իրենց թեմատիկայով և այդ պատճառով էլ՝ հասկանալի ու սիրելի, ապա Ռերիխների նկարները այնքան էին հմայում, որ փոքրիկ Արևիկը այդ աշխատանքներին նայում էր լայն բացված աչքերով ու չէր շտապում բաժանվել դրանցից: Աղջիկը ծնողների հետ հաճախ էր այստեղ գալիս:
Յուրաքանչյուր այցելություն նվիրված էր որոշակի սրահի: Ծնողները այդ կերպ դոզավորել էին ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը՝ երեխային քայլ առ քայլ հաղորդակից դարձնելով բարձր արվեստին, որպեսզի ընկալումը չվերանա, հիշողության մեջ մնան ապրումները, և չմարի ծնունդ առած հետաքրքրությունը:
Որպես կանոն, այդ էքսկուրսիաներից հետո աղջիկը մի քանի օր շարունակ իր տատիկների հետ խաղում էր իր՝ ավելի շատ հավանած նկարների սյուժեներում կամ ցուցադրության թեմաներով հանպատրաստից սյուժեներ էր հորինում: Տեղավորվելով գորգի վրա՝ Արևիկը դասավորում էր խաղալիքները և կառուցում կոմպոզիցիաներ՝ առավել հետաքրքիր ու հիշողության մեջ պահած տեսարանների նախատիպերով, բաժանում էր դերեր և մեծահասակներին ներգրավում թատերականացված ներկայացումների մեջ: Երբեմն ահավոր տառապում էր այն բանից, որ համապատասխան դեկորացիաներ չէր ճարել: Այդ ժամանակ մեծահասակները հարկադրված էին շտապ լուծել խնդիրը՝ ցանկացած հնարավոր եղանակով՝ հյուսել, կարել, կպցնել, նկարել ներկել, գնել: Արևիկը ինքը եռանդով ներգրավվում էր դեկորացիաները անելվերջացնելու գործընթացի մեջ: Նա շատ էր ուրախանում, երբ այդ ամենը հաջողվում էր: Եվ հազիվ մեկ—երկու անգամ հնարավոր եղավ որոշել, թե հատկապես ինչն էր նրան ավելի շատ ուրախացնում՝ աշխատանքի ընթա՞ցքը, թե՞ ստացված արդյունքը:
Պապիկները ևս ներքաշվում էին խաղերի մեջ, սակայն նրանց հետ շփումը «դիստանցիոն» բնույթ ուներ, քանի որ նրանք ապրում էին «մերձավոր արտասահմանում»: Բայց Արևիկը նաև այլ ազգականներ ուներ, որոնք ճակատագրի կամքով հայտնվել էին «հեռավոր արտասահմանում»:
Երբեմն թանգարան այցելելուց հետո աղջիկը հոգնում էր և նախընտրում էր, հատակին նստած, լսել սիրելի հեքիաթների կամ պատմությունների ձայնագրությունները: Այդ դեպքում նրան մենակ էին թողնում՝ առանձին իր մտքերի ու երևակայության հետ:
Սակայն այս անգամ ամեն ինչ ուրիշ կերպ եղավ: Դեռ ճանապարհին, մեքենայի մեջ, հայտնի դարձավ «Դոմոդեդովո» օդանավակայանում կատարված պայթյունի մասին: Այդ ժամանակ Արևիկը առաջին անգամ լսեց «ահաբեկչություն» բառը: Շրջապատողների ռեակցիայից նա իսկույն հասկացավ, որ ինչոր սարսափելի բան է տեղի ունեցել: Բնականաբար, նա ցանկացավ իմանալ, թե ինչ է նշանակում «ահաբեկչությունը», և դիմեց ծնողներին՝ պարզաբանումների համար: Աղջիկը շատ տպավորվող էր, այդ պատճառով էլ ծնողները ամեն կերպ նրան զերծ էին պահում մանրամասնություններից՝ միայն հպանցիկ հիշատակելով այն մասին, որ հանցագործները օդանավակայանում պայթյուն են կազմակերպել, որի հետևանքով մարդիկ են զոհվել: Ամեն ինչ արվեց հանուն այն բանի, որ երևակայական պատկերը իրադարձությունների վայրից չհառներ Արևիկի աչքերի առաջ: Այնուամենայնիվ, տրամադրությունը փչացել էր, թվում էր՝ օդում առկա էր տագնապի անորոշ զգացողություն, որից բավական երկար ժամանակ չէր հաջողվում ազատվել:
Անշուշտ, ամեն ինչ վաղ թե ուշ ավարտվում է: Կյանքը կարգավորվեց և իր սովորական հունը մտավ: Սակայն ոչինչ անհետ չի կորչում:
Մի անգամ ճաշից հետո, երբ նրանց հյուր էր եկել Լարիսան՝ ընտանիքի մտերիմ բարեկամը, Արևիկը տատիկին խնդրեց մի բան պարզել՝ հարցնելով Ջեյն Էյրին՝ ճենապակե տիկնիկին, որին տատիկը վերջերս էր նվիրել թոռնուհուն, և որով պարզապես հիացած էր Արևիկը: Տատիկը տիկնիկին հարցրեց անգլերեն: Դա երեխայի համար անսպասելի էր: Աղջիկը հետաքրքրվեց, թե տատիկը ո՞ր լեզվով դիմեց Ջեյնին: Իմանալով պատասխանը՝ Արևիկը հարցրեց.
– Իսկ ինչո՞ւ անգլերեն:
– Որովհետև նա անգլուհի է, – հանգիստ բացատրեց տատիկը,
– Իսկ նա ռուսերեն խոսու՞մ է, – հետաքրքրվեց աղջիկը:
– Ոչ, – պատասխանեց տատիկը:
– Այդ դեպքում նա վատն է, – կտրուկ հայտարարեց Արևիկը՝ մի կողմ դնելով տիկնիկը:
– Բոլորը, ովքեր ռուսերեն չեն խոսում, վա՞տն են, – խիստ զարմացավ տատիկը:
– Հասկանում ես, այնպիսի լեզուներ կան, որոնցով եթե մարդիկ խոսում են, ապա նրանք վատն են, – բացատրեց աղջիկը ձայնի մեջ առանց կասկածի նշույլի:
– Իսկ ո՞ր լեզուներն են դրանք, – տատիկը փորձեց հարցնել ավելի հանգիստ տոնով:
– Աբրակալպմոլ… դյու:
– Իսկ ո՞վ է քեզ պատմել այդ մասին, – որոշեց պարզաբանել տատիկը:
– Ես զբոսայգում եմ լսել, թե ինչպես Կատյայի ու Նատաշայի տատիկները խոսում էին, որ պայթյունը կազմակերպել են այն մարդիկ, որոնք խոսում են այդպիսի լեզուներով, – լսածը վերապատմեց աղջիկը:
– Գուցե, այո՛, բալիկս՛, գուցե և՝ ո՛չ, դա դեռ ոչ մեկին հայտնի չէ: Անգամ եթե ենթադրենք, թե դա ճիշտ է, դու պիտի իմանաս, որ մարդիկ լավ կամ վատ են լինում անկախ այն բանից, թե ինչ լեզվով են խոսում, – բացատրեց տատիկը:
– Նշանակում է՝ Կատյայի ու Նատաշայի տատիկները ճիշտ չե՞ն ասում, – տարակուսանքով հարցրեց Արևիկը:
– Ո՛չ, Արևի՛կ: Նրանք պարզապես մոլորության մեջ են, – պատասխանեց տատիկը:
– Իսկ ի՞նչ է նշանակում «մոլորության մեջ», – հարցով փորձեց պարզել աղջիկը:
– Դա նշանակում է, որ նրանք սխալվում են, – բացատրեց տատիկը:
– Իսկ ինչո՞ւ են նրանք սխալվում, և ոչ թե դու, – հակազդեց Արևիկը:
– Ի՛նքդ դատիր: Ես՝ քո տատիկը, նույնպես խոսում եմ ոչ ռուսերեն: Նշանակում է՝ ես վա՞տն եմ, – շարունակեց տատիկը:
– Ո՛չ, – շփոթահար պատասխանեց աղջիկը, սակայն հետո գտավ պատասխանը, – բայց չէ՞ որ դու կարող ես ռուսերեն խոսել:
– Այսինքն՝ դու կարծում ես, թե ես վատը չեմ միայն այն պատճառով, որ կարող եմ խոսել ռուսերեն, բայց եթե չկարողանայի ռուսերեն խոսել, ապա վա՞տը կլինեի, ասաց տատիկը:
– Տատի՛կ, դու ինձ բոլորովին խճճեցիր, – հազիվ զսպելով արցունքները՝ ասաց Արևիկը: – Եվ, ընդհանրապես, տատիկները բարի են լինում, իսկ դու ինչոր շատ խիստ ես, – վրդովվեց աղջիկը, – դե, արի՛ արդեն խաղանք:
– Հրա՜շքս, – բացականչեց տատիկը՝ գրկելով աղջկան: – «Բարին» ու «խիստը» հականիշներ չեն, բացի այդ, ինչ—որ եզրակացություն անելուց առաջ աշխատի՛ր ամեն ինչ հասկանալ ինքդ կամ պարզաբանումների համար դիմի՛ր մտերիմներիդ, որպեսզի անշուք լույսի ներքո չհայտնվես: Իսկ հիմա, իհա՛րկե, գնանք խաղալու, – հաշտարար տոնով եզրափակեց տատիկը:
Ու միասին ուղղվեցին դեպի մանկասենյակ:
– Իսկ ի՞նչ պիտի խաղանք, – հետաքրքրվեց տատիկը:
– Այս անգամ ինքդ մտածիր, – ոգեշնչվեց աղջիկը:
– Առաջարկում եմ այս անգամ խաղալ Տրոյական պատերազմի պատմությունը, – ասաց տատիկը:
– Արի՛, – ուրախացավ աղջիկը:
– Բաշխենք դերերը: Դու գեղեցկուհի Հեղինեն կլինես, – ես այդպես եմ կարծում, – շարունակեց տատիկը:
– Իհա՛րկե: Լարիսան՝ Պարիսը, իսկ դու, տատի՛կ, կլինես Մենելաոսը, Ագամենոնը, Աքիլլեսը, Հեկտորը և մնացյալ բոլորը, – հարցին լրջորեն մոտեցավ Արևիկը:
– Մենք պիտի հոգ տանենք նաև դեկորացիաների մասին, – առաջարկեց Լարիսան:
Եվ աշխատանքը եռաց: Շալով ծածկված արդուկի սեղանիկը ակնթարթորեն վերածվեց նժույգի, սենյակը՝ ճակատամարտի դաշտի: Հայտնվեցին վահաններ, սրեր և այն ժամանակի պատերազմական գործողություններին բնորոշ մնացյալ պիտույքները: Մարմնամարզական ներքնակը դարձավ նավ, որով աքայացիների հունական ռազմի ցեղերը, Միկենեի արքա Ագամեմնոնի գլխավորությամբ, նավարկել—անցնելով Էգեյան ծովը, պաշարեցին Տրոյան: Հույները ժամանել էին գեղեցկուհի Հեղինեի ու Պարիսի՝ Տրոյայի արքա Պրիամոսի կրտսեր որդու գողացած գանձերի հետևից: Հայտնվեցին նաև ռազմիկներ երկու կողմից, Տրոյայի անառիկ պարիսպները, հենց ինքը քաղաքը՝ անմատչելի ամրոցը: Ծավալվեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով շատ քաջարի մարտիկներ զոհվեցին ճակատամարտի դաշտում: Տարիներ անց հույներին հաջողվեց խորամանկությամբ տիրել քաղաքին և կործանել այն:
Դերերը լավ էին սերտել, սակայն Արևիկին դուր էր գալիս երբեմն վերափոխել իրադարձությունները, և աղջիկն ինքն էր հնարում կամ վերաստեղծում սյուժեն՝ կախված իր տրամադրությունից: Այդ ժամանակ խաղի ընթացքում սցենարը վերափոխվում էր, և Արևիկը ինքն էր վերաբաշխում դերերը, ռեժիսորություն անում իրադարձություններում:
Իսկական ներկայացում ստացվեց, որն այնքան կլանեց բոլոր մասնակիցներին, որ նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը՝ իրապես մտնելով իրենց հերոսների կերպարների մեջ: Շատ հետաքրքիր էր ու գրավիչ, բոլորը շատ մեծ հաճույք ստացան:
Եվ հանկարծ Արևիկը հարցրեց.
– Տատի՛կ, իսկ ահաբեկչության ժամանա՞կ էլ են մարդիկ զոհվել:
Առաջին պահին և՛ տատիկը, և՛ Լարիսան պապանձվեցին, տիրեց ճնշող լռություն: Առաջինը տատիկը ուշքի եկավ.
– Ո՛չ, բալի՛կս: Պատերազմի ու ահաբեկչության միջև մեծ տարբերություն կա:
– Ի՞նչ, – շարունակեց աղջիկը:
– Արև՛ս, հազարամյակներ են անցել Տրոյական պատերազմի ժամանակներից: Անկախ այն բանից, թե ում կողմն է ընթերցողների համակրանքը, մենք հիշում ենք դրա մասնակիցներին և հարգանքով ենք վերաբերվում նրանց խիզախությանն ու արիությանը: Նրանց մասին լեգենդներ են ստեղծվել: Նրանց մասին հիշողությունը դարեր կապրի: Մինչդեռ ահաբեկիչները անուն չունեն: Դրանք առանց տոհմի, առանց ցեղի, առանց ազգության մարդիկ են: Նրանց նզովում են բոլորը, քանի որ դրանց գործողությունները անպաշտպան, խաղաղ մարդկանց դեմ են ուղղված, – փորձեց բացատրել տատիկը:
– Նզովո՞ւմ են: Ինչպե՞ս: Կարելի՞ է՝ ես քո ականջին ասեմ: Ասում են՝ «գրողը քեզ տանի՞»: Գիտե՞ս, տատի՛կ, ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ այդ բառերը: Ուզում եմ, բայց չեմ կարող:
– Իսկ դու ասա. «Աստված քեզ հետ»: Ու ամեն ինչ կմոռացվի, անու՜շս, – ասաց տատիկը՝ գրկելով ու գգվելով երեխային: – Իսկ հիմա, ավելի լավ է՝ եկեք ընթրենք: Ես կտաքացնեմ ընթրիքը, իսկ դուք Լարիսայի հետ քանդեք դեկորացիաները և վերացրեք կոտորածի հետքերը: Ծնողներդ շուտով կվերադառնան աշխատանքից, իսկ այստեղ իսկական ջարդ ու ավերածություն է:
Արևիկը դեռ երկար ժամանակ չէր կարողանում խաղից հեռանալ, իսկ քնելուց առաջ պատմում էր գեղեցկուհի Հեղինեի մասին: Աղջիկը զմայլված էր Պարիսով, գեղեցկուհի Հեղինեով՝ չնայած նրանց կերպարների երկակի բնույթին: Իսկ քնի մեջ ժպիտն էր խաղում նրա դեմքին:
Այդ ժամանակվանից Արևիկն այլևս չէր հիշում ահաբեկիչների մասին: