Читать книгу ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - იაკობ ცურტაველი - Страница 5

Գլուխ 3. Ընտրության հիմնախնդիրը

Оглавление

Վաղ մանկությունից մայրիկը Արևիկի կյանքում զբաղեցնում էր գլխավոր տեղը: Մայրիկի ներկայության դեպքում բոլորը նահանջում էին անգամ ոչ թե երկրորդ, այլ՝ երրորդ կամ չորրորդ պլան: Ամեն անգամ, երբ մայրիկը պիտի իր գործերով ինչ—որ տեղ մեկներ, սկսվում էին երկկողմանի բանակցություններ մայրիկի բոլոր գործերը կասեցնելու և նրա բացակայության ժամկետը կրճատելու վերաբերյալ: Գործի էին դրվում բոլոր փաստարկները՝ խնդրանքներ, համոզումներ, արցունքներ:

– Մայրի՛կ, խնդրում եմ, մի գնա: Ես այնքան վատ եմ զգում առանց քեզ, – սրտաճմլիկ աղերսում էր աղջիկը՝ ամենուրեք հետևելով մայրիկին, որը պատրաստվում էր աշխատանքի գնալու:

– Արևի՛կ, շատ գործեր են կուտակվել: Բոլոր գործերս կավարտեմ ու կվերադառնամ քեզ մոտ, – սիրալիր ձայնով պատասխանում էր մայրը՝ շոյելով նրա գլուխը և համբուրելով, – իսկ առայժմ դու կմնաս տատիկի հետ:

– Թո՛ղ տատիկը աշխատի, իսկ դու մնա ինձ հետ, – առարկում էր Արևիկը:

– Տատիկն էլ իր գործերն ունի: Նա դրանք թողել է, որ քեզ հետ մնա: Ես շուտով կվերադառնամ, ու մենք կխաղանք քեզ հետ, համբերությամբ շարունակում էր մայրիկը:

– Ո՛չ, չեմ ուզում տատիկի հետ մնալ, մի՛ գնա, խնդրում եմ, մայրի՛կ, – արդեն ամբողջովին արցունքների միջից խնդրում էր աղջիկը:

Սակայն բավական է, որ մայրն իր հետևից դուռը ծածկեր, ու ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Երեխան իսկույն փոխվում էր և անգամ այն մերձավորին, որն իր հետ էր մնացել, մինչև մոր վերադարձը մայրիկ էր անվանում: Սկզբում դա զարմանք էր հարուցում, բայց աստիճանաբար բոլորը սկսեցին դրան սովորել և ընդունել որպես խաղ, որի մեջ երեխան այդ ձևով չէր ուզում մոր բացակայության հետ հաշտվել:

Այդ մեծ, համերաշխ ընտանիքի (որին հիմնականում համախմբել էր Արևիկը) ամեն մի անդամի հետ նա տարբեր կերպ էր շփվում՝ հնարելով զանազան խաղեր, և հենց այդպես էլ երեխան օրվա ընթացքում բազմաթիվ կյանքերով էր ապրում:

Եթե Արևիկին տատիկն էր պառկեցնում քնելու, ապա աղջիկը նրան խնդրում էր պատմել պարսից Նադիր շահի կրտսեր ու ամենասիրելի դստեր՝ Լինդագուլի հեքիաթը: Չնայած Արևիկը այդ հեքիաթը անգիր գիտեր, սակայն ամեն անգամ տատիկին խնդրում էր կարդալ, իսկ հետո էլ վերապատմել: Իսկ երբ արդեն քնաթաթախ ու հոգնած տատիկը փորձում էր ինչ—որ կերպ կրճատել պատմությունը, աղջիկը, որքան էլ հոգնած ու քնի մեջ լիներ, անմիջապես առույգանում էր ու սկսում տատիկի սխալը ուղղել՝ նրան կշտամբելով մոռացկոտության մեջ.

– Ո՛չ, այդպես չէ, տատի՛կ: Դու նորից ամեն ինչ խառնեցիր: Տատի՛կ, դու այնքան «խառնաշփոթիչ ես»:

Ամենահետաքրքիրն այն էր, որ նա ուրիշ ոչ մեկին չէր խնդրում կարդալ այդ հեքիաթը: Մայրիկի կամ մյուս տատիկի հետ էլ նրանք ունեին իրենց սիրելի հեքիաթները, որոնք նույնպես ուրիշ որևէ մեկին չէր թույլատրվում կարդալ կամ վերապատմել: Ընդհանուրը միայն այն էր, որ աղջկա կյանքի բոլոր փուլերում ներկա էր հեքիաթային այս կամ այն կերպարը, որը նրա ընկերն էր, որին վստահում էր ամենանվիրականը: Արևիկը ընկերոջ հետ էր ճաշելու գնում, ընկերոջ հետ էր զբոսնում, գնում մանկապարտեզ, մարմնամարզական սրահ, սահադաշտ, դահուկներով սահում, զբաղվում երաժշտությամբ, լսում հեքիաթներ, խաղում, անգամ համերգներ տալիս, քնում: Սկզբում դա շուն էր, նապաստակ, գայլ, աղվես՝ մուլտերի, ինչ—որ հետաքրքրաշարժ պատմության առավել սիրված գործող անձինք: Ընդ որում, եթե կենդանիների՝ մտերիմ ընկերների նմանօրինակները դառնում էին համապատասխան թավշյա խաղալիքները, ապա Սամոդելկինը բավական երկար ժամանակ աղջկա անտեսանելի ընկերն էր: Երեխան այնքան էր կլանված այդ կերպարով, որ խոսում էր նրա հետ, իր հյուրերին ծանոթացնում էր նրա հետ, նրանից խորհուրդ էր հարցնում: Սամոդելկինը տանը դարձավ գլխավորը: Բոլոր խաղերը նրա մասնակցությամբ էին տեղի ունենում: Սամոդելկինի ու նրա ընկերների արկածների մասին գրքեր էին կարդում, միշտ նույն ձայնագրություններն էին լսում, անգամ իմպրովիզացիաները բացառապես «Սամոդելկինը և ընկերախումբը» թեմայով էին: Եթե ընտանիքը նստում էր ճաշելու, աղջկա սպասքի կողքին անպայման դրվում էին նաև Սամոդելկինի համար ճաշելու պարագաներ: Քնելուց առաջ Արևիկը Սամոդելկինին հրավիրում էր լոգարան՝ լվացվելու և ատամները մաքրելու: Երբ լսում էր ձայնագրություններ, խնդրում էր իրեն ու Սամոդելկինին չանհանգստացնել:

Աստիճանաբար ավելի շատ կենսական տարածք էր հատկացվում Սամոդելկինին: Դա ընտանիքի անդամների կյանքում, մեղմ ասած, դժվար շրջան էր. նրանք ստիպված էին ապրել Սամոդելկինի մշտական, անտեսանելի ներկայության պայմաններում:

Բայց, փառք Աստծու, կյանքում ամեն ինչ անցնում է, եկավ օրը, երբ Սամոդելկինը, Կարանդաշը, Նաստենկան, Կլետոչկան, Տիգրաշան, ծովահեններ Բուլբուլն ու Դիրկան և մյուս կերպարները մնացին անցյալում:

Արևիկի նոր սիրելի հերոսը դարձավ շատ խելացի առնետ Ռամին: Արևիկը շատ անգամներ էր նայել «Ռատատույ» մուլտիկը և ամեն անգամ հիանում էր առնետի խիզախությամբ, ճարպկությամբ ու հնարամտությամբ: Աղջիկը շատ ընտրողաբար էր մոտենում ուտելիքներին: Ռամին ևս շատ էր շփացած խոհարարական նրբաճաշակ ուտեստների հարցում: Արևիկը համեմատում էր իր գաստրոնոմիական հակումները Ռամիի նմանատիպ ցանկությունների հետ: Եվ անգամ ինչոր ընդհանուր բան էր գտնում, որ ավելի շատ էր նրան մղում դեպի առնետը: Այնինչ տատիկը պատկերացնել անգամ չէր կարող, որ առնետը կարող էր բնակվել տանը, առավել ևս խոհանոցում, որ նա կարող է մասնակցել սնունդ պատրաստելու գործին, մտնել ձավարեղենի տարաների, կաթսաների մեջ, քնել հավաքարարի գլխարկի մեջ: Եվ ամենագլխավորը՝ այդ ամենը կարող է ինչ—որ մեկի հիացմունքը առաջացնել:

«Մանկական աշխարհ» հերթական այցի ժամանակ Արևիկը և տատիկը վերցրեցին ծովի հատակին բնակվող կենդանիների խաղալիքներ՝ մեդուզա, ծովաձի, ծովաստղ, ութոտնուկ, կատվաձուկ, ծովային կրիա: Խաղալիքները վառ գույներով էին, գեղեցիկ ու անսովոր: Համաձայն հրահանգի, նրանց չափսերը մեծանում էին ամեն անգամ ջրի մեջ սուզելիս: Մանավանդ այդ պատճառով, տատիկը և Արևիկը որոշեցին ստուգել՝ իրո՞ք դա այդպես է: Եվ հանկարծ աղջիկը տեսավ մեծ, գիրուկ, ձյութի պես սև մի առնետի՝ շատ նման Ռամիին: Երեխայի աչքերը վառվեցին, և նա, «Ռամի» բացականչելով, նետվեց դեպի առնետը՝ վայր գցելով վերցրած խաղալիքները:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ

Подняться наверх