Читать книгу Շխնոց - იაკობ ცურტაველი - Страница 1

1

Оглавление

Ապրիլի սկզբներում դեռ ձյունը թանձր շերտով բռնած էր սարերն ու ձորերը, դեռ քամին փչում էր ցրտաշունչ սուլումներով, սրսփացնում երկրագործին: Թեև ծիծառներն ու արագիլները վերադարձել էին հարավից, բայց բների մեջ դեռ չէին քարացել: Թեև դաշտերի երեսից անհետացել էր սպիաակ սավանը, բայց խրամատներում ձյունից կազմված սառույցները ճգնում էին դիմադրել արևի ոչշատ տաք ճառագայթներին: Արդեն վաղ սպառվել էր գյուղացու անասունների պարենը, և նա քշում էր լղար ու թույլ անասուններին այս ու այն կողմ, ձյունի տակ չորացած, փտած և փափկած նախորդ տարվա խոտի մնացորդներով սովալլուկ ստամոքսներին հագեցում տալու և մի կերպ կյանքը հինգ-տասն օրով ևս քարշ տալու, մինչև նորածիլ բույսերի գետնի երեսից քիչ բարձրանալը: Մարդ ու անասուն բոլոր ճիգերով վեց-յոթ ամիս դիմադրել էին մահաբեր ձմռանը և հասել հուսատու գարնան, բայց այնպես ուժասպառ էին եղել, որ նրանց հուսահատեցնում էին պառավի չորս-հինգ օրվա սառնաշունչ հովերը: Բայց և այնպես կյանքն այնպես քաղցր էր, այնքան սիրելի ու գրավիչ, որ կսկծացնելով մկաններն ու ոսկորները, ջղերն ու կաշիները, դիտողին քստմնեցնելով, տքնում էին մի կերպ հեռացնել մահը և դիմադրելով նրան, մտնել հուսաբեր գարուն:

Գյուղի մեջ՝ Շխնոցում, առավոտ վաղ կյանքը եռում էր: Արդեն գոմերն ու ախոռները դատարկվել, արածելու էին տարել անասուններին: Միայն նորածին հորթերին և գյադակներին արևի ճառագայթների տակ կիփարներում էին տեղավորել, և նրանց տերերը լափով, խաշած թեփով աշխատում էին դրանց կերակրել: Ամեն երկրագործ յուր գութանն ու արտն էր կարգի բերում և երկրագործական գործիքները դուրս հանած պակաս-պռատ էին լրացնում, որպեսզի գետինը քիչ ցամքելու պես դաշտ դուրս գան, վարուցանքն սկսին: Պառավներն էլ իրենց քուղան ու կովկիթը, խաբի չաթալան ու խնոցին, փարչն ու բղուղը, քյաղանն ու տաշտը լվանում, սրբում, մաքրում, արևի տակ էին դնում, որպեսզի կենսատու արևը վերջ տա մեռելության և կյանք տա գործելու այդ բոլոր գործիքներին, որոնցով պատրաստվելու էր ռանչպարի ամբողջ տարեկան ապրուստը և սրա ձեռքով աշխարհի ուտեստը:

Վարդևան աղբարը ուրագն ու սղոցը ձեռքին առավոտ վաղ դուրս էր եկել և արորի պարագաները դուրս բերելով բաց օդում, միայն երկու կողմից քամուց պաշտպանված դռան առաջ, արևի անջեռուցիչ ճառագայթների տակ տաշտշում էր սեպեր և ուրիշ գործիքներ ու պատրաստվում ցանքսի գնալու: Արորը ամբողջապես գլգլել էր մի կողմը կարկատելիս, մյուս կողմը քայքայվում էր: Հերիք չէր Վարդևանի մտատանջությունը յուր փչացած արորի մասին, կինը՝ Գարանը, երկու– երեք տաշտ էր բերել, որպեսզի կարկատել տա, ջուրը դնե, որ մի կերպ ամրանա և փռելիք կաթը չսուզվի: Վարդևանը վրդովված շարժում էր գլուխը, ծռմռում էր դիմագծերը և ինքն իրեն խոսողի նման գլխով, ուսերով և թևերով անդադար շարժումներ էր կատարում:

– Վարդևան, քա, ախար թե՜զ արա, առաջ մեկ այս տաշտերս կարգի դիր, որ տանեմ ջուրը դնեմ, ես գործ ունիմ, պիտի մածուն շինեմ, որ կոտրած բղուղը ծեփեմ: Դեռ հլա խոստացել եմ Մելքոնիս, որ չուխան կարկատեմ, գիշերը մալը տանում է արածելու, ցրտին զնգզնգում է: Բախտներիցս անձրևներն էլ չեն կանգնում, թե ցերեկը մի երկու ժամ արևի երեսն ենք տեսնում, թոնը գիշերը մինչև լույս շաղ է գալիս: Մեկ թո՜ղ արորդ, այդ շտապոք չէ, երկու գամ զարկ տաշտերիս:

– Զահլա տարար, գիտես թե քու տաշտերն ե՞ն տունը պահելու:

– Տաշտերս էլ իրենց տեղն ունին, կաթդ, մածունդ, յուղդ, պանիրդ կարգի պիտի դրվի. խո առանց կերակրի չե՞նք կարող ապրիլ: Մենք էլ մեր ուժի չափ…

– Լա՜վ, գլուխս մի դանկ անիլ, կշինեմ… Չորս կովդ ու տասներկու ոչխարդ ձմեռս իմ եզների կերածից չորս անգամ ավելի կերան, դրանց տված օգուտն ի՞նչ է… Թե ես յոնջաս ու հորթս ծախեի և դրա գնով պանիր ու յուղ գնեի, բոլ-բոլ մեզ օգտելուց ջոկ, մի բան էլ փողից ետ կգցեի…

– Լա՜վ, լա՜վ, շատ վրա մի կախիլ, յոնջիդ ու հորթիդ գինը տվել եմ, չորս լիտր եղ ծախեցիր, տասներկու լիտր էլ պանիր, էլ ի՞նչ պիտի լինի:

– Ծախեցի՛ ր… Ծախեցի չէ՞, փողերն էլ գրպանս, քսակս դրի ու պահեցի…

– Ինձ ի՞նչ, թե ինչ արիր, ես որ քեզ տվի, ես որ քեզ հանձնեցի, տնտեսեցի իմ աշխատությունով, դեռ տնեցոց բոլորիդ գուլպացուն, չուխացուն այդ ոչխարի բուրգից ելավ, երկու ջեջիմ գործեցի և դեռ աղջկանդ բաժինքի անկողնի բուրգը մատակարարեցի, էլ ի՞նչ պիտի լինի:

– Եղը Մեղրենց ուղարկեցի մեր պարտքի տոկոսի շահի տեղ, իսկ պանիրը, այն էլ անքաշ պանիրը, զապթիեի բինբաշին կերավ մյուդեիի (պրոկուրոր) հետ: Կարծես թե մենք ստեղծվել ենք միմիայն այդ քաղքցոց ստրկի պես ծառայելու համար: Արզերում չեղավ այս քաղաքը, արզուլում (այրարևիչ) մեզ համար: Էս քաղքցիների ճանկում մինչև ե՞րբ պիտի մենք տապկվինք…

– Բարո՜վ, Վարդևան, – ասաց ու ձիուց վար իջավ մի ճանապարհորդ, որբ, ինչպես երևում էր, քաղաքից էր գալիս:

Վարդևանը նրան նկատելուն պես, սիրտը տակնուվրա եղավ, մորմոքաց, բայց կրքերը զսպելով, կանչեց յուր որդուն, որը գոմի փլած պատն էր կարկատում.

– Մելքո՜ն, Մելքո՜ն, շտապիր, Կարապետ աղայի ձին. ներս քաշե…

Մինչ այդ Գարանը հյուրի ձիու սանձն առած կանգնել էր դռանը և սպասում ամուսնի կարգադրությանը: Երբ լսեց Մելքոնին եղած հրամանը, առանց սպասելու ձին ներս քաշեց Մելքոնն էլ նրա ետևից եկավ, և Վարդևանը ուրագը վար դնելով, ձեռքերով նշան տալով՝ ասաց.

– Աղա ջան, հրամմեցե՜ք, ներս հրամմեց՜եք, – և բոլորը ներս քաշվեցան հյուրասենյակ: Սենյակը բավական ընդարձակ էր, թեև առաստաղը շատ բարձր չէր և լույսը նվազ, բայց մաքրությամբ կարող էր օրինակելի լինել քաղաքացի արհեստավորների տներին: Փռվածքը, բարձերը և սարքը թեև չթից էին, բայց իրենց նուրբ գույները պահած և մաքրությամբ ծփծփում էին: Երևում էր, որ տանտերը թեև աղքատ, բայց սաստիկ մաքրասեր և հյուրասեր էր: Տանտիկինը բավական չհամարելով յուր տնական սովորական կահավորությունը պատվավոր հյուրին, անմիջապես ծալքի լայն փեղկը բացեց և մի մաքուր երեսով թանձր մինդար իջեցրեց հյուրի տակը փռելու:

Կարապետ աղան իսկույն ավելորդ շորերը հանեց և լվացվելու ջուր ուզեց: Մարգարիտը՝ Վարդևան աղբոր աղջիկը, լվացարանը, ջրկիչը և մաքուր սպիտակ սրբիչը ուսերին, մոտեցավ Կարապետ աղային լվացվելու ջուր տալու: Հասած էր Մարգարիտը կարմրած խնձորի նման, սպիտակ ձեռքերն ու մորթը չէր կարելի զանազանել հագած սպիտակագույն չիթ դերիայից: Բազմահյուս մազերը, որ շարքով սփռված էին թիկունքի վրա, փայլում էին սև սաթի նման: Խոշոր աչքերը ցոլում էին և բոցեր արձակում շուրջը, իսկ այտերը մայիսի վարդից էլ վարդագույն և է՜լ հրապուրիչ: Կարապետ աղան գայլի նման աչքերը չռած անմեղ օրիորդի դեմքին, լվացվում և բորբոքվում էր, երբեմն-երբեմն էլ հառաչում:

Գարանը տուն էր գնացել, որ հավ մորթե ու տապակե, իսկ Մեքոնը ձիուն իրենց յոնջայի մնացորդ կապոցը տալուց հետո եկել էր հյուրասենյակ և դռան մոտ կանգնած սպասում էր հոր նոր հրամանին: Վարդևանը հեռուն նստած դիտում էր, թե ինչպես տատանվելով և կրկնակի օճառվելով էր լվացվում վաշխառու աղան՝ հայացքով կուլ տալ ցանկանալով նրա հրեշտակատիպ աղջկան:

Երբ լվացվեցավ աղան, Մարգարիտը, արյուն-քրտինք մտած նրա դաժան հայացքի և կիզիչ շնչվածքի ազդեցության տակ, տվեց երեսսրբիչը, հեռացավ բակում երեսի քրտինքը և սրտի բաբախումները դադարեցնելու տենչով, որտեղից դարձյալ պարտավորվեցավ ներս մտնել աղայի ինչ-ինչ ծառայությունները կատարելու համար: Բայց և այնպես այս բոլորը պարտավորված էր տանել ու տոկալ Վարդևան աղբարը, քանի որ աղային պարտք ուներ և պարտքի, մուրհակի վճարման ժամանակն էլ անցել էր:

Դեռ այդ հերիք չէ, Գարանը իր վերջին վառեկն էլ մորթեց, պուտկի որքում մնացած յուղով տապակեց և շտապեց հյուրասիրել աղային: Կարապետ աղան այդ նախաճաշը վերջացնելուց հետո վրան մի պնակ մածուն, մի անքաշ պանիր և մի քանի խաշած ձու ևս վայելելով, սեղանից ետ քաշվեցավ, կրկին լվացվելու ջուր պահանջելով: Ի՞նչ պիտի աներ Մարգարիտը, հոգին դուրս գար, պարտավոր էր ծառայել աստծու հյուրին, մանավանդ որ այդ հյուրը իրենց աղան էր, նրան մեծաքանակ պարտք ունեին և դեռ ավելին` վախենում էին–որ նա գանգատ տա և կրակ գցե Վարդևանի տունը: Պարտքը, մուրհակով պարտքը սոսկալի բան էր, իսկ տոկոսիքը, ո՛ւհ, մկից, խոզից ավելի կատաղությամբ էին աճում… Երբ փորը կշտացուց և թիկն տվեց Կարապետ աղան, գլուխը բարձին կռթնելով, սիգարեթը ծխելով, ասաց.

– Գիտե՞ս ինչի եմ եկել, Վարդևան աղբար, դու մեզի չես փնտրում, չես երևում, ե՜ս եկա…

– Ի՞նչ, ձմեռը, բուքն ու բորանը ե՞րբ հեռացան, որ մենք կարողանայինք քաղաք գալ, գործ անել…

– Ես չգիտեմ, մենակ դու խոստացար, որ գոմեշներդ կբերես, զատկից հետո կծախես ու մեր հաշիվները…

– Այո՜, ես էլ էի մտածում, ես էլ վճռել էի, բայց գոմեշները աստված առավ ձեռքիցս…

– Ինչպե՞ս թե:

– Երկուսն էլ սատկեցան… Ձմեռս մեր մալի կերը շատ նվազ էր, ցուրտն էլ դեռ այսօր շարունակվում է: Աստված ե՞րբ է խեղճի երեսին աշել, որ մեզ աշե: Ես որոշել էի, մտադրել էի պարտքից ազատվելու, բայց աստված որ չկամենա, ես, ի՞նչ կարող եմ անել…

– Այդ չեղավ, մեր հաշիվը ետ գցել չի լինիլ… Դու խո ճանաչում ես մեծ եղբորս՝ Գևորգ աղային, նա չի համբերիլ, մեկ էլ տեսար մեմուրն եկավ տունդ, դուռդ գրելու: Գործիդ աշե, գնա քաղաք իրեն տես, կարգի բեր հաշիվդ, թե ոչ դու գիտես, հետո կզղջաս:

Շխնոց

Подняться наверх