Читать книгу Մթնաձոր - იაკობ ცურტაველი - Страница 10

ԶՈՐԲԱՆ

Оглавление

Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին: Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարպաս չեք ճարի: Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարպասի վրա կա:

Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը:

Բակում բացօթյա մի արհեստանոց կա: Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արևի տակ:

Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում: Մեկը ցեխապատ է անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչև արևմուտ աշխատում է:

Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝

– Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա:

Ինքն էլ է աշխատում և արհեստավորին շուտ-շուտ ձեն տալիս.

– Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ:

Վարձը կալին է տալու ցորենով: Իսկ մինչ այդ եղածից բաժին է հանում: Եթե մի ծուռ գերան իրեն պետք չի, տալիս է արհեստավորին, տանի խանգարված կտուրի գերանը փոխի: Կալին հաշվից դուրս է գալու:

Բակի անկյունում զինվորական մի խոհանոց կա՝ կաթսան ժանգոտած, խողովակը ծուռ:

Մորեխի տարին մի փութ կորեկով է առել: Մտքում դրել է կաթսան հարմարեցնել արաղ քաշելու, իսկ մնացած երկաթեղենը ծախել:

Խոհանոցի մոտ ընկած է երկանիվ մի սայլ, կռիվներից մնացած: Կարգի է բերել, ներկել և գործ է ածում, երբեմն էլ քրեհով տալիս:

Տան կից պարտեզն է, գյուղի ամենալավ պարտեզը, ծառերը շարեշար, զանազան տեսակի, պատվաստած: Միայն նրա այգում կան պատվաստած ծառեր:

Պարտեզի մոտ բանջարանոցը, որի մի անկյունում մեղուների տասներկու արկղ կա կարգով շարած:

Մթնաձոր

Подняться наверх