Читать книгу Մթնաձոր - იაკობ ცურტაველი - Страница 7

ԳՅՈՒԼԲԱՀԱՐԻ ՀԱՄԱՐ

Оглавление

Կա մի գյուղ` քսան երդիկով, անունը Դրմբոն: Առավոտ ծեգին քսան երդիկից ծուխ է բարձրանում, կրակը թանով ապուրն է տաքացնում:

Դրմբոնը ձորեր ունի դրնգան, սրածայր քերծեր, մի-մի շիշ փափախ, և ձորում դրնգան էշի զռռոցը զիլ արձագանք է տալիս` դմբ-դմբ դրնգան: Եվ երբ ձորերում արձաքանքը մի ապառաժից մյուսն է խփում, այծերը քարի ծերպին նոսր մացառի կանաչ տերևները չեն ուտում, խլշած նայում են ներքև, ձորի անդունդին և մկկում:

Կա մի գյուղ` Դրմբոն, ճանապարհից հեռու, առանց դպրոցի, Դրմբոնում մի տերտեր` տեր Մարուքը խնուսցի: Երբ «փաշայի» գաղթականության ալիքը պղտոր, տարիներ առաջ լափին տվեց Դրմբոնի ձորերին և հեռացավ, պղտոր ալիքը դրնգան ձորերում թողեց մի տաշեղ`խնուսցի տեր մարուքին:

Պատահել է ճիշտ այնպես, ինչպես մանկական հեքիաթումն է գրված. «Երկինքը փուլ եկավ, մի կտորն էլ պոչիս ընկավ»: Եվ այդ կտորը տեր մարուքն էր, որ ընկավ Դրմբոնի պոչին:

Մի ամիս, երկու ամիս հիվանդանում է տեր Մարուքը, հետո տեղը լայնացնում, դառնում Դրմբոնի ծխատեր քահանա: «Մենք քեզ հոտ, դու մեզ հովիվ», ասում են դրմբոնցիք: Տեր Մարուքը երջանիկ օրերում է ապրում, խժռում, ինչպես թրթուրը կաղամբի համեղ տերևը, անդաստանով, պատարագով լղարած կողերը ճարպակալում:

Դրմբոնում կա մի կին ` Գյուլբահարն այրի, երկու որբատեր, տունը` մեկը քսան երդիկից, տեր Մարուքի քսան ծխից, – տունը գյուղի ծայրին: Գյուլբահարը` մարդաթող, Գյուլբահարը`«գարնան ծաղիկ»: Եթե ապրեր Թլկուրանցին Դրմբոնում, Գյուլբահարի համար երևի կասեր.

– Գենա բահար, այլվի բահար, —

– Այլվի կուտան սիրո խաբար…

Թլկուրանցու փոխարեն տեր Մարուքն է մտքում ասում, թե ի՜նչ փափուկ միս ունի Գյուլբահարն այրի: Ճարպոտում է տերտերը, եռում է արյունը երակներում, և զատկին մասունք տալիս նրա ձեռքը կամացուկ շոյում է Գյուլբահարի թշերը:

Մի տարի, երկու տարի: Գյուլբահարն է տերտերի փոխնորդը լվանում, փարաջան կարկատում: Փոխնորդը թևի տակ Գյուլբահարի մոտ գնալիս տերտերը մութին է սպասում, գիշերին` անլուսին:

Մեկ, երկու. հոգևոր հորդորը դառնում է մարմնավոր, և ամեն անգամ, Գյուլբահարի տնից վերադառնալիս, տեր Մարուքն ավելի ախորժով է սղալում միրուքը, մեջն սպիտակած, շրթունքները ծպպացնում: Այդպես հանգստանում է ճանճը, սեղանի վրա մոռացված շաքարի կտորը լիզելուց հետո:

* * *

Մի օր էլ Դրմբոն կոմսոմոլ մի տղա եկավ, ասեց, խոսեց, դրմբոնցի ջահելները խմբով ճամփա դրին նրան: Մյուս օրն արդեն կոմսոմոլը Դրմբոնում բջիջ ուներ:

Գյուղն առաջ էլ դժգոհ էր տեր Մարուքի Գյուլբահարի մոտ գնալուց: Դժգոհությունը խուլ էր: Դրմբոնը չէր հավատում, թե քահանան անդաստանից բացի Գյուլբահարի համն էլ գիտե:

Դրմբոնը նահապետական, վագոնի երեսը չտեսած, Դրմբոնը` առանց երկաթ գութանի, կոմսոմոլն էլ հին ադաթով, պապական նամուսով: Մի հարց, որպես սյուն, ցցվում է ջահելների առաջ:

– Մեր գյուղի պատիվը գաղթական տերտերն էսպես ոտնատակ տա՞… Այ նրա կարգին, ճակատի մեռոնին…

Դրնգում է կոմսոմոլը, արձագանք են տալիս լուսավորչական ծերերը: Յախշին` Դրմբոնի նախագահը, գործի է անցնում, հետևում են, պայման անում տեր Մարուքին բռնելու:

Զգույշ է տեր Մարուքը, զուսպ է, բայց սենյակի մթության մեջ ցանկությունները հաճելի «ելանեն, լեռնանան և իջանան, դաշտանան»…

Չի լինում, չի դիմանում: Մի գիշեր էլ, «տաքության մեջ» հարևանի երեխին ուղարկում է Գյուլբահարին կանչելու, տերտերի մրսած մեջքին գավաթներ փակցնելու: Երեխան Գյուլբահարին է կանչում, հետո ծլկվում Յախշու մոտ:

Վառվում է տերտերի տան կավե ճրագը, Գյուլբահարն իր ձեռքով է կախում կարպետը պատուհանից և երբ հանգցնում է կավե ճրագը, Յախշին կապում է դռան ռիզան:

Ասես արջ է թաթը կոխել ծառի փչակում բուն դրած մեղվանոցում: Այդպես աղմկում է Դրմբոնը գիշերով, կանայք կտուրներից չանչ են անում Գյուլբահարին, մոթալ փափախներիտակ հարյուր աչք է պեծին տալիս, մթնում մահակները շարժում:

Տեր Մարուքը` մթին սենյակում, թակարդ ընկած արջի պես մռռում է, խաչակնքում երեսին, իսկ դուրսը` գարնան վարար հեղեղի պես վշշում է Դրմբոնը, աղմուկից զրնգում են ձորերը…

– Այ ժողովուրդ կարգին խնայեք … – Մուխսին է կանչում, գեղի ալևորներից` հարգով, պատվով:

Յախշին ետ է տալիս ամբոխին աղմկող, մինչև լուսաբաց պահակ է դնում տերտերի դռան: Եվ միչև լուսաբաց օջախի մոտ ջահելները խոսում են, պլան քաշում, թե ինչ անեն տեր Մարուքին:

Առավոտյան գյուղի մեյդանում,կաղնու շվաքի տակ, ուր ամռան շոգին նախրից ետ արած հորթերն են դինջանում, կաղնու շվաքի տակ, գեղական ժողովը որոշում է տեր Մարուքին գյուղից հանել:

Երեք օր բերնեբերան, ձորերի արձագանքի պես, գիշերվա լուրն է տարածվում: Խոսում են մոտիկ, հեռու հարևանները: Մեկը թե`

– Գնացի, որ երդը ծածկեմ, տեսա տերտերի տանը ճրագը հանգած: Երդից կռացա, փսփսոց էր գալիս, իմացա, որ տերտերը Գյուլբահարի հետ պոռնիկություն է անում: Էդ միջոցին Յախշին գցում է ռիզան:

Մի ուրիշը պատմությունն ավելի է ծաղկեցնում.

– Վազեվազ գնացի տերտերի տունը և հեռվից տեսա, որ տերտերը դուռը ծեծում է. նաև տեսա, որ մի շվաք տան աջի կողքով անցավ դեպի վերև…

* * *

Մի օր էլ թուղթ եկավ Յախշու անունով, դատարանն էր կանչում: Ո՞վ էր սովորեցրել տեր Մարուքին գործը դատարանին տալ:

Էլի ժողով, էլի աղմուկ քարի գլխին ցինի բնի պես թառած Դրմբոնում:

– Սաղ գեղով վկա ենք, տեր Մարուքին հանենք մեր գյուղից…

Եվ քարվանը շարժվում է դատարան, ճանապարհին` աղմկելով, խոսքը մեկ անելով, մահակներով:

Դրմբոնը դատարանի կարգին ծանոթ չէ դեռ: Եվ երբ քարվանը ներս մտավ, Մուխսին, որ գիշերվա աղմուկին կանչել էր, թե կարգին խնայեք, Մուխսին տեսավ տեր Մարուքին դատարանի անկյունում, նստարանի վրա կուչ եկած: Եվ Մուխսին, թե`

– Բա ես քո տեղն ա՜, տերտեր, – ասաց և սկսեց պատերից կախված նկարներին նայել:

Դատարանի լուսավոր սենյակի պատերին խառնիխուռն նկարներ են փակցրած: Ահա մի պլակատ` կաթնարտելի մասին, թևավոր մի ուղտ, օդի ոլորտում թռչում է, տակը տպած « Կորչի իմպերիալիստական պատերազմը»: Այդպես տպել են, բայց «պատերազմի» վրան դատարանի ցրիչը փակցրել է «դատարանը» և ստացվել է «Կորչի իմպերիալիստական դատարանը»:

Դրմբոցիք նայում էին պատի նախշերին, Մուխսին բոթում էր Յախշուն – տես, ինչ նախշուն կով ա էն…

Դատավորը մեղադրականը կարդաց, և երբ Յախշին ասաց, թե չհասկացանք, դատավորը բացատրեց, որ խորհուրդը մեղադրվում է ինքնագլուխ և ապօրինի բանտարկության համար: Մի կուժ սառ ջուր թափվեց Մուխսու գլխին, և նա շշմածի պես նայեց պատերին, դատավորին, կոշտացած մատներով փափախը ճմռթեց, ինքն իրեն հարցրեց, թե`

– Էս ո՞նց ա, տեր Մարուքը գեղի պատիվը թափեց, հիմա Յախշին ա մեղավո՞ր…

Եվ երբ դատավորը Յախշուն հարցրեց, թե մեղավոր է ճանաչում իրեն, Մուխսին առաջ ընկավ.

– Մեղավորը տերտերն ա…

Յախշին խոսեց, Մուխսին, դրմբոցիք: Մեկն ասաց, թե գյուղի կանայք են դրդել, որ Գյուլբահարի գլխին այդ խաղն անեն, թե չէ`

– Մենք էլ կսովորենք նրանից:

Այդպես են ասել դրմբոնի կանայքը:

– Գյուլբահարն ինչպիսի՞ կին է, վարքի կողմից մաքու՞ր է, թե ոչ, – հարցնում է դատավորը:

Դրմբոնցի մեկը, արծվաքիթ, քթում խոսող, տեղից կանչում է`

– Գյուլբահարին իսկի կարողանու՞մ ենք պահել. ետ տալ ետ ճանապարհից:

Մի ուրիշը, որ խոսելիս ձեռքերը կրծքին է խաչում և խոնարհ գլուխ տալիս, մի իսկական դրմբոնցի, դատավորի հարցին, թե` առաջ էլ է՞ տեսել Գյուլբահարին տերտերի մոտ, – պատասխանում է.

– Մի անգամ եմ տեսել:

– Ի՞նչ էր անում…

– Չեմ կարա ասի, լեզուս պատ չի տա ասեմ:

– Ուրիշին հո չե՞ս ասել դրա մասին:

– Դե, հոգի ունեմ տալու: Երեք մարդու թաքուն ասել եմ, թե նրանք սաղ գեղով մին իմաց են տվել, մեղքը նրանց վզին լինի:

Դրմբոնցի չոբանին են հարցնում` անգետ, անբան, փափախը գլխին, երկու ոտքով քարի կտոր:

– Անունդ ի՞նչ է , – հարցնում է դատավորը:

– Ի՞մ , – պատասխանում է ծոր տալով և քիչ անց ասում:

– Քանի՞ երեխա ունես:

– Ե՞ս , – ասում է, մտքերը ժողովում, ասես նոր է իր երեխաների համրանքն անում:

– Ի՞նչ գիտես:

– Ե՞ս … – և պատմում է, որ այդ գործից հետո տեր Մարուքը ժողովրդին խնդրել է, թե`

– Ա հասարակություն, անց կացեք, ծեր քահանա եմ, սպիտակած միրուքիս խնայեցեք:

Դատավորը Յախշուց է հարցնում, թե ինչու՞ է ռիզան գցել, Մուխսին տեղից ձեն է տալիս.

– Բա թողեինք շնություն աներ, էգուց էլ սաղ գեղը վարակե՞ր…

Յախշին պատասխան է տալիս, որ ռիզան գցելու մասին ժողովուրդը որոշում ունի: Մի կոմսոմոլ ավելացնում է, թե Դրմբոնում կառավարության օրենքներին ծանոթ չեն:

– Էդ գործը մեր գյուղում շատ վատ բան ա, իսկ թե կառավարության օրենքին ընդունելի չէ, էդպես չենք տանի…

Տեր Մարուքն է խոսում: Գյուլբահարն աղքատ կին է, տերտերն եկամուտից երբեմն բաժին է հանել նրան, շորերն է լվանալու տվել, իսկ ինչ որ ժողովուրդն է ասում, սխալ է, սուտ, ջահելների սարքած խաղ:

– Հայոց սինոդ որ իմանա, ինձ ի՞նչ կանի, – ասում է, նայում է դրմբոցիներին, «ծխատեր» քահանայի դիրքով:

* * *

Դատարանը Յախշուն մեղավար ճանաչեց, բայց Դրմբոնի պայմաներն ի նկատի ունենալով` ներեց:

Աղմուկով հեռացան դրմբոցինք հաղթանակից վերադարձող բանակի պես:

Միայն Մարուքն էր, հարցական նշան, միտք անում, թե էլ որտեղ կա Դրմբոն, ժամի զանգեր ծլնգան, շարական ու մաշտոց և Գյուլբահար, Գյուլբահար…

Մթնաձոր

Подняться наверх