Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 32
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ
ОглавлениеՄի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։
Եվ քուռակն ասաց մորը.
– Ւնչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։
Մայրն ասաց.
– Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։
Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.
– Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:
Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
– Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։