Читать книгу Ողտյան միանձնուհի - იაკობ ცურტაველი - Страница 1

Ա

Оглавление

Չոր քարափի կուրծքին կպած էր մի շինվածք, որ յուր ատամնավոր պարիսպներով և կիսավեր աշտարակներով ավելի նմանություն էր բերում մի հին ամրոցի, որի իշխանը վաղուց ընկել էր յուր փառքից, ուր բաժակները դադարել էին փրփրելուց, երգերի, նվագների հնչյունները լռել էին և պարահանդեսների ասպարեզը մնացել էր բուերին և չղջիկներին…

Ավելի ուշադրությամբ նայելիս` առաջին տպավորությունները փոքր առ փոքր անհետանում են: Տեսնվում են խաչազարդ գմբեթներ, լսելի է լինում զանգահարության խուլ – մելամաղձական ձայնն, որի արձագանքը դողդոջուն հնչյուններով տարածվում է հեռու և հեռու լեռների մեջ…

Այստեղ միանձնուհիների նվիրական մի սրբարան է: Գիշերային խավարը տիրել էր աշխարհին:

Փոքրիկ խուցի մեջ աղոտ լուսով վառվում էր մի ճրագ, որ դրած էր հասարակ փայտե գրասեղանի վրա: Նրա հանդեպ նստած էր մի պառավ կին ոտքից գլուխ սև հագնված. դա կուսանոցի մայրապետն էր: Նա կարդում էր նույն ժամուն մի աղոթագիրք:

Դռան ճռռոցը խլեց մայրապետի ուշադրությունն յուր կարդացած գրքից: Հայտնվեցավ մի ավելի մանկահասակ կուսան:

– Ի՞նչպես է զգում իրան նորընծա միանձնուհին, – դարձավ նա դեպի եկվորը:

– Ջերմն ավելի սաստկացած է, – պատասխանեց նա, – ամենևին հանգստություն չունի, անդադար կրկնում է միևնույն խոսքերը…

Մայրապետն շտապեց դեպի հիվանդի խուցը:

Մահճակալի վրա պառկած էր մի պատանեկուհի, նա տանջվում էր նույն րոպեին ջերմախտական ցնորքներով: Մահվան դեղնությունը պատել էր նրա քնքուշ դեմքը և սևորակ աչքերի մեջ, որ երբեմն բաց էր անում, աղոտ նշույլներով փայլում էր մարած կյանքի վերջալույսը:

«Օսեփ ջան, Օսեփ ջան, քո հոգուն մատաղ… ազատի՜ր ինձ… տա՜ր, ուր որ ուզում ես… ես կգամ քեզ հետ»…: Այդ խոսքերը լսվում էին մերթ ընդ մերթ հիվանդի բերանից:

Մայրապետը նստավ նրա մահճի մոտ և խորին տխրությամբ լսում էր այդ խոսքերը, խոսքե՜ր, որոնք բխում էին խորտակված սրտի փլատակներից…

Հայտնվեցավ մի կարճահասակ տղամարդ՝ ակնոցներով: Նրա առաջին հոգատարությունից երևում էր, որ բժիշկ էր: Նա հիվանդը քննելուց հետո, դարձավ դեպի մայրապետը, սկսավ հարցնել նրա նույն ավուր դրությունից:

– Առավոտյան նա բոլորովին ուշի եկավ, – ասաց մայրապետը, – մեզ ամենիս ճանաչում էր և պարզ խոսում էր: Հանկարծ երևակայությունը դարձյալ խառնվել սկսեց, երբ նայեց մեզ վրա: Կարծես, իրան շրջապատող առարկայքը սարսափելի տպավորություն են գործում նրա վրա և ծնեցնում են նրա մեջ մի վրդումունք, որ մեր ամենիս անհասկանալի է…

– Ի՞նչպես էր նա հիվանդությունից առաջ, – հարցրուց բժիշկը:

– Այն օրից, երբ նրան կուսանոցը բերին, նա միշտ լուռ էր և տխուր: Ժպիտ, ծիծաղ ասած բաները մենք երբեք չէինք նկատում նրա դեմքի վրա: Պատահում էր, որ նա սեղանից հեռանում էր առանց մի պատառ հաց ուտելու, պատահում էր, որ ամբողջ ժամերով նա չէր երևում. մենք նրան գտնում էինք առանձնացած յուր խուցի մեջ, կամ լաց էր լինում, կամ նստած խորին մոռացության մեջ տխրում էր և հալումաշ լինում: Պատճառները մեզ հայտնի չէին, ես կարծում էի, թե խղճի խայթը այդպես տանջում էր նրան և զղջացած սրտի ցավերով մաշվում էր նա…

– Հիվանդի ցավը բարոյական է, – պատասխանեց բժիշկը կանգնելով, – երևում է, նա ընդդեմ յուր կամքին այստեղ բերված է: Նրա ծնողները պետք է շուտով հեռացնեն նրան կուսանոցից, եթե չկամեին մեռցնել իրանց աղջիկը:

Բժիշկը մի քանի պատվերներ տալուց հետո հեռացավ:

Ողտյան միանձնուհի

Подняться наверх