Читать книгу Ողտյան միանձնուհի - იაკობ ცურტაველი - Страница 3
Գ
ОглавлениеԵրիտասարդ Արեսյանն այդպես սկսեց յուր պատմությունը.
«Հառաջ քան խոսել օրիորդի մասին, ես հարկավոր եմ համարում ծանոթացնել ձեզ, պարոն բժշկապետ, նրա ծնողների հետ, որտեղ դուք կարող եք ճշտությամբ եզրակացնել այն դժբախտության պատճառն, որի մեջ այժմ գտնվում է հիվանդը: Նրա հայրը ոստիկանության մի հասարակ ծառայող էր: Քաղաքի մի աղքատ և խավար մասումը նա կատարում էր թաղապետի պաշտոն: Այդ այն ժամանակն էր, երբ ոստիկանությունն յուր անկարգ կազմակերպության մեջն էր: Օրիորդի հայրն, այդ խորամանկ ոստիկանը, հավատարմապես յուր պաշտոնին՝ ամբողջ տասնյակ տարիներով ծծեց խեղճ բնակիչների արյունը և քամեց նրանց գրպանի հյութը: Որտեղ գողություն էր լինում՝ նրա մատը խառն էր, որտեղ խռովություն էր պատահում՝ նա էր խմորը, որտեղ կանայք էին անպատվում՝ նա ընկեր էր սրիկաների հետ, մի խոսքով, ամեն չարագործությանց մեջ նա ներկա էր: Մինչև այդ բոլորը հայտնվեցան, մինչև հաղթահարված որբերի և այրիների աղաղակն և բողոքն ուշադրության հասավ, այդ պարոնն, որպես ռամկորեն ասում են՝ «յուր բեռը բռնեց»: Թեև նա այնուհետև զրկվեցավ յուր պաշտոնից, բայց հոգը չէր, որովհետև արդեն շատ հազարներով նրա ոսկիքը, խեղճերի արյան և քրտինքի արդյունքը, զանազան սեղանատներում առատ տոկոսիք էին բերում:
«Ոստիկանի պաշտոնական համազգեստը փոխելով պատվավոր քաղաքացու հագուստով, նա մտավ մեծամեծ կապալների մեջ, սկսեց այնուհետև խաղ առնել հարյուր հազարների հետ… և շուտով տեր դարձավ քաղաքի նշանավոր մասներում հոյակապ տների, լծեց փառավոր կառք և սկսավ վայելել յուր բախտը…
«Նրա կինը՝ համարյա մի ձու էր յուր ամուսնու հետ կես կիսած: Նախախնամությունն անգիտելի է, թե ինչ նպատակով շատ անգամ այդպիսի երկու համամիտ և համակամ բնավորությունները լծորդում է միմյանց հետ: Նա այն ազդեցություն ունեցող կնիկներից մինն էր, որոնց ներգործությունը մեծ նշանակություն ունի զանազան մարդերի ճակատագրի վրա: Այդպիսի կանայք, որոնք կառավարում են նշանավոր պաշտոնակալների սանձը, միշտ եղել են և լինում են մեծամեծ փոփոխությունների պատճառներ և կարծես հսկում են մարդերի բախտավորության և անբախտության վրա: – Այդպես էր օրիորդի մայրը: Նա կատարում էր մի երևելի միջնորդի դեր ոչ միայն հասարակական կյանքում, այլև նշանավոր գերդաստանների ընտանեկան շրջանի մեջ. – ում աղջիկը պետք էր մարդու տալ, ո՜ր տղամարդն ամուսին լինելու միտք ուներ, նա խառն էր դրանց պայմանների մեջ, և այդպիսի դեպքերում այնքան առատ էր նրա հունձքն, որքան թույլ էր տալիս յուր մանգաղը…