Читать книгу Ողտյան միանձնուհի - იაკობ ცურტაველი - Страница 2

Բ

Оглавление

Թոմաս Խորենյանն – այդպես էր բժշկապետի անունը – մի գյուղացի աղքատ մարդու որդի էր, նա յուր տասներկու տարեկան հասակում Թ. քաղաքը բերվեցավ, և ազգային դպրոցը հանձնվեցավ որպես թոշակավոր աշակերտ: Այնուհետև մտնելով տեղային արքունական ուսումնարանն, ավարտեց որպես ամենաընդունակ աշակերտներից մեկը, որի համար տերության ծախսով համալսարան ուղարկվեցավ: Նա դուրս եկավ համալսարանից ստանալով, որպես արգասիք յուր հինգ տարվա անխոնջ աշխատության, դոկտորի տիտղոսը: Վերադառնալով հայրենիքը, դոկտոր Խորենյանը չմնաց այնտեղ, որովհետև հայրենի երկրի անշուք կյանքը նրան ձանձրացնում էր, այլ շուտով Թ… քաղաքը վազեց երկու նպատակով, մինն` յուր համար լավ ասպարեզ տնօրինելու, մյուսը` մի հարուստ աղջկա վրա պսակվելու մտքով: Այդ ցանկություններին հասնելու ուղին հարթելու համար ոչինչ չէր արգելում պարոն բժշկապետին յուր ժամանակից մի քանի ժամեր զոհել ազգային գործերին: Դրանցից մինն էր կուսանոցի մեջ հիվանդների հոգատարությունը ձրի ընդունելը: Դեռ նոր եկած լինելով այդ քաղաքն, յուր այն գիշերվա հիվանդի ով կամ ում զավակ լինելը բոլորովին անհայտ էր նրան: Բայց հիվանդի կյանքի և նրա անցյալի մեջ նա թաքնված էր գտնում մի գաղտնիք, որի լուծելը նրան շատ և շատ հետաքրքրում էր: Այղ խորհրդածության մեջ կամենում էր նա կուսանոցի դռանը սպասող կառքը նստել, երբ մի ձայն կանգնեցրեց նրան.

– Պարոն բժշկապետ, ներեցեք ինձ հարցնել հիվանդ օրիորդի դրության մասին, որի մոտ դուք այցելություն ունեիք:

Կուսանոցի դռանը վառվող ֆանարի լուսով բժշկապետը նըշմարեց մի երիտասարդի տխուր և շնորհալի կերպարանքը:

– Հիվանդի դրությունը բոլորովին հուսահատական է, – պատասխանեց Խորենյանը դառնալով դեպի անծանոթն. – եթե շուտով պետք եղած հնարները գործ չդրվին, նա կորած է…

Երիտասարդը քարացավ, սարսափի նման մի բան վազեց նրա գունատ դեմքի վրա:

Բժշկապետն իսկույն նկատեց յուր խոսքերի ցավալի տպավորությունն անծանոթի վրա, և զղջալով այնպես հանկարծակի նրան վրդովելու համար, հարցրուց.

– Դուք երևի հիվանդի ազգականն եք:

– Ո՜չ, ես նրա ծանոթն եմ միայն… – պատասխանեց երիտասարդը տխրությամբ:

– Ուրեմն և ծանոթ կլինեք նրա կյանքի և անցյալի հետ:

– Բոլորովին…

– Ուրեմն ներեցեք ինձ հարցնել ձեզանից մի քանի բան հիվանդի մասին, որոնք իբրև բժիշկ պետք է ինձ գիտենալ:

– Ես բոլորովին պատրաստ եմ լցուցանել ձեր հարցասիրությունն, եթե այդ օգուտ կբերեր նրան:

Բժշկապետը սեղմեց երիտասարդի ձեռքն ի նշան յուր շնորհակալության և խնդրեց նստել կառքը ասելով.

– Գնանք ինձ մոտ, ես այստեղ մոտիկ եմ կենում:

Նրանք նստեցին: Կառքի մեջ անդադար հարցնում էր երիտասարդը. – ուրեմն ոչ մի հույս չկա՞…

– Կյանքը մի մազաչափ պատճառով կարող է վերադարձնեք յուր զորությունը, – ասում էր բժշկապետը տեսնելով, որ երիտասարդը շատ անհանգիստ է:

Քանի րոպեից հետո կառքը կանգնեցավ մի փոքրիկ տան հանդեպ, շուտով նրանք մտան մի հասարակ կերպով կահյալ սենյակ:

– Ո՞ւմ հետ պատիվ ունեմ ես, – եղավ բժշկապետի առաջին հարցմունքը:

– Ես կոչվում եմ Հովսեփ Արեսյան, – պատասխանեց երիտասարդը, – մնացածը դուք ինքներդ կգիտենաք:

Նրանք նստեցին միմյանց շատ մոտ կիսաթախտի վրա: Բժշկապետը մանրամասնաբար պատմեց, թե որպես նա գտել էր հիվանդին, նկարագրեց նրա դրությունը, հայտնեց այն խոսքերն, որ լսել էր մայրապետից, և վերջացրեց յուր խոսքը նրանով, թե օրիորդի հիվանդության պատճառը նա գտնում էր մի բարոյական հարվածքի մեջ:

Բոլոր այդ խոսքերը լսելու միջոցին երիտասարդի դեմքի արտահայտությունները բացատրում էին խորին ցավակցական համազգացություն: Նրա աչքերի մեջ նկարված էր հուսահատության դառն կսկիծը:

– Այժմ, պարոն Արեսյան, – ավելացրեց բժշկապետը, – պատմեցե՜ք ինչ որ գիտեք, պատմեցե՜ք, որպես ձեր խոստովանահորը, ի նկատի ունենալով, որ դուք ինձ տված տեղեկություններով կնպաստեք հիվանդի առողջությանը:

Երիտասարդը մի քանի րոպե շփոթված դրության մեջ մնաց: Առաջին անգամն էր, որ նա ստիպված էր դուրս թափել այն ցավալի ծանրությունները, որոնք ամբարված էին նրա սրտի մեջ…

– Մի՜ խռովվեք, պատմեցե՜ք խնդրեմ, – ասում էր բժշկապետը:

Ողտյան միանձնուհի

Подняться наверх