Читать книгу Կայծեր Մաս 1 - იაკობ ცურტაველი - Страница 11

ԺԱ
ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Оглавление

Մի անգամ Կարոն ինձ ասաց. – Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացի՛ր:

Ես գնացի: Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից: Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչը հազիվ ելումուտ էր անում: Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել: Կարոն կատարեց նրա ցանկությունը: Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը:

Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.

– Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված:

Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը: Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը: Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, – բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին: Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով, տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան: Նրա մի ճյուղը բոլորվին ոչնչացավ հունաց Կյուրապաղատների օրերում: Մոնղոլական արշավանքների ժամանակ այդ ցեղից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից «Ղարա-մելիք» կոչումը, կրկին զորացավ: Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչները սկսվեցան կոչվիլ Ղարա-մելիքներ:Հայաստանի հեղաշրջումների փոթորիկների մեջ այդ տոհմը անդադար արմատախիլ լինելով հայրենի երկրից, տարուբերվել է երբեմն Արարատ, երբեմն Վասպուրական, երբեմն Ատրպատական և երբեմն Փոքր-Հայքի կողմերը: Իսկ վերջին դարերում, երբ Վասպուրականի մեջ զորացան քրդերը, Ղարա – մելիքներից մեկը, Մարաշի կողմերից փախստական գալով, հաստատվեցավ Վանա ծովակի հարավային ափերի մոտ: Քուրդ ցեղապետների հետ դաշնակցելով, նա հետզհետե ընդարձակեց իր իշխանությունը և տիրում էր ամբողջ Ռշտունյաց գավառի վրա: – Դա էր Կարոյի հայրը` Միր-Մարտոն: «Միր» տիտղոսը ստացավ նա քրդերից, որ նշանակում է տեր, իշխան, պետ: Նրա հզոր ամրոցը գտնվում էր Ոստանի մոտ, մի լեռան անմատչելի բարձրավանդակի վրա, մի կողմից ծփում էր ծովակը, մյուս կողմից, շրջապատած էր սարերի պարսպաձև շղթաներով:

Միր-Մարտոն, որպես տեղային հայերի պետը, էր միևնույն ժամանակ ամենահարուստ մարդը ամբողջ գավառի մեջ: Նա ուներ մի առանձին սնահավատություն դեպի յոթնյակ թիվը և այդ պատճառով իր բոլոր հարստությունը բաժանած էր յոթն մասների վրա: Նա ուներ յոթն ջրաղաց, յոթն ձիթհան, յոթն այգի, յոթն անտառ: Նրա տնից դուրս էր գալիս յոթն գութան, որ մշակում էին յոթն անգամ յոթ անասուն օրավար հող: Նրա սեփական արոտատեղերում արածում էին յոթն հոտ ոչխարներ, յուրաքանչյուր հոտը միագույն, մեկը ճերմակ, մյուսը սև, երրորդը շիկագույն, չորրորդը խայտաճամուկ, հինգերորդը մոխրագույն և այլն: Նույն խորհրդավոր թիվն ունեին նրա ձիերի, կովերի, գոմեշների երամակները: Այդ բոլորը պիտի մնար որպես ժառանգություն նրա յոթն որդիներին, որոնցից ամենակրտսերն էր Կարոն:

Միր-Մարտոյի օրըստօրե զորանալը, նրա հաջողությունները մշտական կռիվների մեջ, գրգռեց մի հարևան քուրդ ցեղապետի նախանձը: Նա չկարողանալով բացարձակ կերպով վնասել նրան, սկսեց դիմել խորամանկության. բարեկամություն հաստատեց Միրի հետ, ձևացրեց իրան նրա ամենամտերիմ դաշնակից: Եվ մի անգամ, խաբեությամբ Միրին իր մոտ հյուր կանչելով, ընթրիքի ժամանակ հրամայեց նրան ցած գլորել իր բերդի բարձրությունից:

Կարոյի հայրը այսպես նենգությամբ սպանվելեն հետո, նրա ամբողջ ընտանիքը զոհ եղավ քուրդ բռնակալի բարբարոսությանը, բոլորը սրից անցան. ողջ մնաց միայն փոքրիկ Կարոն, որին իր դայակը– Զումրուդը – փախցնելով, թաքցրեց մի ասորու տան մեջ:

Հիվանդը վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

– Այն սարսափելի կոտորածի միջոցին, քո մայրը, Կարո,կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձնեց ինձ, ասելով. «Ա՛ռ, Զումրուդ, եթե աստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցո՛ւր նրան վրեժխնդիր լինել»… Այդ խոսքերի հետ նազելի տիկինս ավանդեց հոգին:

Կայծեր Մաս 1

Подняться наверх