Читать книгу Կայծեր Մաս 2 - იაკობ ცურტაველი - Страница 10
Ժ
ՓՈԹՈՐԻԿ
ОглавлениеՋերմ, տոթային գիշերը անցավ անհանգիստ կերպով. ինձ վիճակված էր լռել դժբախտ կնոջ աղետավոր պատմությունը: Ասլանը զբաղված էր հյուսնի արհեստանոցում, նավաստին և վարպետ Փանոսը նույնպես անքուն մնացին: Չնայելով այդ բոլորին, առավոտյան ստիպված էինք խիստ վաղ վերկենալ, որովհետև Ասլանը դիտավորություն ուներ նավակով Կտուց անապատը գնալ:
Աղոթարանը դեռ նոր էր սկսել պարզվիլ, դեռ առաջին անգամ լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի անհամբեր հրավերը, երբ նավաստիի որոտալից ձայնը զարթեցրեց ինձ: Նրա ձայնը զարթեցրեց և Ասլանին: Վարպետ Փանոսը դեռ խռմփում էր:
Նավաստիի կոպտությունը բավական վրդովեցրեց ինձ, տրտնջալով հագնվեցա և գյուղական սովորությամբ դուրս եկա փողոցը, այնտեղ բակի դռան առջևից հոսող առվակի մեջ երեսս լվանալու: Բայց իմ տրտունջը իսկույն անտեղի երևաց, երբ տեսա, որ ամբողջ գյուղը ոտքի վրա էր: Ծերերը, պառավները գնում էին եկեղեցին աղոթելու, իսկ երիտասարդները դեպի իրանց դաշտային աշխատությունները: Ես տեսա և Ծովիկին, որ, սափորը ուսին` վերադառնում էր աղբյուրից:
– Ես կարծեցի, որ գու գնացել ես, և շտապեցի… – ասաց նա, կանգնելով իմ մոտ:
– Առանց քեզ մնաք բարով ասելու չէի գնալ, – պատասխանեցի ես, ինքս ավելի կարմրելով ամոթխածությունից, քան թե նա:
Նա ծիծաղեց:
– Այդ ջուրը ո՞րտեղից ես բերում, – փոխեցի խոսքս:
– Հեռվից, շատ հեռվից, տե՛ս, այն բլուրի մոտից:
Նա ձեռքը մեկնեց դեպի բլուրը, որ մռայլի միջից ամենևին չէր երևում:
– Այս տարի, ասում են, շոգերի պատճառով, աղբյուրի ջուրը շատ պակասել է, – շարունակեց նա դատող մարդու եղանակով, – այնքան պակասել է, համարյա թե կաթկաթում է: Պետք է սափորը դնել լուլայի տակին և սպասել, երկար սպասել, մինչև լցվի: Այդ անզգամ աղջիկները մեկմեկու ծամեր փետում են, չեն էլ սպասում մինչև հերթը իրանց հասնի: Այսօր քիչ էր մնում, որ մեկի հետ կռվեինք:
Ավանց գյուղի և առհասարակ Վանա շրջակա տափարակների հողը, տոգորված լինելով ծովային ջրով, պարունակում է իր մեջ շատ աղեր, որոնց պատճառով աղբյուրների ջրերը անախորժ համ ունեն, թեև ժողովուրդը գործ է ածում: Բայց լեռներից և բլուրներից բխող աղբյուրները սքանչելի են: Այդ էր պատճառը Ծովիկի այնքան հեռու գնալուն, որ մաքուր ջուր բերե, մանավանդ որ տանը հյուրեր կային:
Ծովիկը, որպես նկատում էի, դժվարանում էր իմ մոտից հեռանալ, ծանր սափորը ուսին կանգնած էր և խոսում էր ու խոսում, հարցնում էր, թե որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, հարցնում էր, թե ես քանի քույր ունեմ, քանի եղբայր ունեմ, հարցնում էր, թե ես տուն վերադառնալու ժամանակ ինչ ընծաներ պիտի տանեմ քույրերիս համար և այլն: Տեսնելով հետաքրքիր աղջկա հարցերը վերջ չունեն, ասացի նրան.
– Դու շատ հեռվիցն ես գալիս, Ծովիկ, բավական հոգնած կլինես, գնա տուն:
– Հոգնա՞ծ, – կրկնեց նա վիրավորվածի նման, – ես պետք է նորից վերադառնամ, այդ մեկ սափորը բավական չէ: – Նա իր շալակը ցած դրեց:
Ես երեսս լվացել, վերջացրել էի, այժմ սանդրվում էի:
– Տեսնեմ այդ սանդրը, – ասաց նա, ձեռքը մեկնելով:
Այդ սանդրը ընծայել էր ինձ ընկերներիցս մեկը, կիսալուսնի ձև ուներ և շինված էր գոմեշի սև եղջյուրից: Ծովիկը հիացմունքով նայում էր նրա վրա և անդադար շրջշրջում էր իր մանրիկ ձեռքերի մեջ:
– Հավանո՞ւմ ես:
– Շա՜տ սիրուն է:
– Ա՛ռ, թող քեզ լինի:
– Բայց դու առանց սանդրի կմնաս:
– Քաղաքումը մի ուրիշը կգնեմ:
– Չէ, լավ կլինի, որ փոխենք իմ սանդրի հետ:
– Շատ լավ կլինի:
– Բայց իմը կոտրած է, անշնորհք է:
– Թող կոտրած լինի, բայց քո սանդրը ինձ համար շատ…
Նա թույլ չտվեց ինձ խոսքս վերջացնել, տվեց ինձ իր սանդրը, գլուխը բարեկամաբար շարժելով ժպտաց, վեր առեց սափորը և վազեց դեպի տուն:
Պատանու և աղջկա մեջ այսպիսի փոխարինությունը կարող էր բոլորովին այլ նշանակություն ունենալ, բայց պարզամիտ Ծովիկը չհասկացավ. նա միայն ուրախ էր, որ գոհացրեց ինձ և ինքը գոհ մնաց:
Ծովիկը մի զարմանալի աղջիկ էր երևում ինձ: Որքան արդյունավոր կարող էր լինել, եթե գյուղական աղջկա այդքան աշխույժը, այդքան կենդանությունը գործ դրվեր ուրիշ, ավելի օգտավետ կրթությունների մեջ: Մի այդպիսի խելացի աղջիկը կարող էր հրաշքներ գործել:
Երբ ես վերադարձա սրահը, բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու: Ասլանը մի քանի րոպեով մտավ այն սենյակը, որտեղ գտնվում էր հիվանդը և մեզ սպասել տվեց:
Մենք եկանք նավահանգիստը այն ժամանակ, երբ բավական լուսացել էր, և աղոթարանը սկսել էր շառագունել: Նավաստին մոտեցավ ցցին, որից կապված էր նրա նավակը և, բռնելով պարանից՝ կոչեց.
– Դե՜, մոտ եկ:
Նա այնպես էր կանչում իր նավակին, որպես ձիապանը իր սնուցած նժույգին: Նավակը մոտեցավ եզրին: Նա մի ոստյունով ցատկեց նավակի մեջ, որը բավական հեռու էր կանգնած: Հետո ձայն տվեց Ծովիկին.
– Դե՛, դու էլ:
Մանկահասակ աղջիկը, հոր օրինակին հետևելով, նույնպես ցատկեց նավակի մեջ և տեղավորեց այնտեղ մեր նախաճաշիկի համար պատրաստած պաշարը. տապակած հավեր, պանիր, սպիտակ լավաշներ և մի շիշ գինի: Ասլանը նույնպես անցավ, բայց ես փայտի նման կանգնած մնացի ափի վրա: Ինձ համար տախտակ դրեցին, վրայից անցա: Կարո՞ղ եք երևակայել իմ ամոթը, իմ քրտինքը Ծովիկի առջև:
Վարպետ Փանոսը, եզրից բարի ճանապարհ մաղթելով, Ծովիկի հետ վերադարձավ դեպի գյուղը: Նավակը սկսեց լողալ: Նրա մեջ տարածված էր մի փոքրիկ գորգ, որի վրա նստեցինք ես ու Ասլանը:
Ծովը հանդարտ էր: Նավակը լողում էր առանց օրորվելու: Առաջին անգամն էր, որ ես ծովային ճանապարհորդություն էի անում, և իմ ուրախությանը չափ չկար: Ասլանը նույնպես լավ տրամադրության մեջ էր երևում, բայց լուռ էր: Նա գտնվում էր մի տեսակ հափշտակության մեջ: Անտարակույս, ծովային սքանչելի առավոտը չէր, որ իր գեղեցիկ տեսարաններով նրա ուշադրությունը գրավեր: Ո՞վ գիտե, ի՛նչ բանի վրա էր մտածում նա: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որ նրա մշտական ցնորքն էր, որի մասին շատ անգամ խոսացել էր ինձ հետ, թե պետք է արդյունավոր կացուցանել ջրային այդ մեծ ավազանը և, զարգացնելով նրա վրա կանոնավոր նավագնացությունը, պետք է ավելի սերտ կապերով միացնել շրջակա գավառների հարաբերությունները: Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որը ինձ բոլորովին անկարելի էր թվում, թե պետք է մի ջրանցք բաց անել և, սկսելով այդ ծովի արևմտյան ափերից, հասցնել մինչև Եփրատ (Արածանի) գետը, որը ճեղքելով անցնում է Մուշի ամբողջ դաշտի երկարությամբ և, վերջը խառնվելով Տիգրիսի հետ, թափվում է Պարսից ծոցը: Այսպիսով մի ճանապարհ կբացվեր Հայաստանի սրտից, որը, Արաբական ծովի և Հնդկական օվկիանոսի միջնորդությամբ կկապեր այդ սիրտը Հնդկաստանի հարուստ հայ գաղթականության հետ: Ի՞նչ էր մտածում նա, ես չգիտեմ և անկարող էի գիտենալ: Այսքանը միայն ինձ հայտնի էր, որ նա մանր բաների վրա մտածելու սովորություն չուներ: Ինձ հայտնի էր և այն, որպես նախընթաց օրը խոսեց սրբազնության` առաջնորդի հետ և նրանից հանձնարարական թուղթ ստացավ, նա գնում էր Կտուց անապատը` այդ կղզու մեջ պահված մագաղաթները հետազոտելու համար: Արդյո՞ք այդ ևս մի պատրվակ չէր, որի մեջ թաքնված էին այլ նպատակներ…
Ես էլ լուռ էի, բայց ես ջրանցքի, նավագնացության և ծովի վրա չէի մտածում. իմ մտածությունները շատ անմեղ էին, ես մտածում էի միայն Ծովիկի վրա: Մտաբերում էի, թե ինչպես նա միջօրեի սաստիկ տոթի Ժամանակ, ծառերի ճյուղերի վրա բարձրացած, նախշում էր խնձորները, մտաբերում էի, թե ինչպես գիշերային լռության ժամանակ, լսելով մոր ձայնը, նա ցած իջավ կտուրից, տարավ, հանգստացրեց դժբախտ մորը, մտաբերում էի, թե ինչպես առավոտյան, երբ մարդիկ դեռ նոր էին զարթել, իսկ նա վերադառնում էր հեռավոր աղբյուրից, մտաբերում էի նրա սրտագին խոսակցությունը, և վերջապես` կոտրած սանդրը… և ամաչում էի Ասլանից, հանել այդ թանկագին հիշատակը, նայել, երկա՜ր նայել նրա վրա… Այդ բոլոր հիշողությունները, որոնց մեջ փայլում էր կայտառ աղջկա սիրտն ու հոգին, պատկերացնում էի իմ մտքի մեջ, և համեմատություն էի անում նրա, Մարոյի և Սոնայի մեջ…
Այդ համեմատությունը երկար զբաղեցրեց ինձ, մինչև հեռվից, նուրբ մշուշի մեջ, նշմարեցի Կտուց կղզին: Սկսյալ երեխայությունից, այնքան զարմանալի պատմություններ էի լսել այդ կղզու անապատականների մասին, որ ցանկանում էի շուտ տեսնել նրանց, համբուրել նրանց սուրբ աջը և առնել նրանց փրկարար օրհնությունը: Լսել էի, թե ինչպես նրանք իրանց փիլոնները տարածում էին այդ ծովի ալիքների վրա, կատաղած ալիքները իսկույն հանդարտվում էին, և նրանք նստում էին փիլոնի վրա, որը, որպես մի ամրակազմ լաստափայտ, լողում էր ջրի երեսին և տանում էր սուրբ հայրերին, որտեղ որ նրանք ցանկանում էին: Լսել էի, թե ինչպես նրանք մոտենում էին իրանց կղզու ափերին, կանչում էին, և ձկները, նրանց ձայնը լսելով, ուրախ-ուրախ վազում էին դեպի եզրը, և նրանք ձեռքերը մեկնում, բռնում էին ձկներին, նայում էին նրանց վրա, զվարճանամ էին և կրկին թողնում էին ջրերի մեջ ազատ ու անհոգ ապրելու: Վերջապես, ի՜նչ հրաշալիք ասես չէի լսել նրանց մասին և, այդ բոլորը մտաբերելով, իմ սիրտը լցվում էր սրբազան ջերմեռանդությամբ, և ես ինձ անչափ երջանիկ էի համարում, որ պիտի տեսնեմ սուրբ հայրերին:
Նավաստին, երևի, ոչ մի բանի վրա չէր մտածում, նա նիրհում էր: Թիկն տված նավակի կողքին, պառկել էր նա և երբեմն, քնի միջից, մեքենաբար շարժում էր թիակը, որ ձեռքից բաց չէր թողել: Հնազանդ նավակը գիտեր իր գործը, գնում էր նույն ուղղությամբ, որ սկզբից նրա տերը նախագծել էր նրա համար: Ծովը խաղաղ էր:
Բայց խաղաղությունը երկար չտևեց: Հարավային քամին, որ սկսեց փչել արևի ծագելուց հետո, սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկացավ: Ծովի հանդարտ մակերևույթը սկսեց հուզվել: Նավաստին չէր նկատում այդ փոփոխությունը, նա, դեռ աչքերը խփած, շարժում էր ձեռքերը, որպես հոգնած, քնով ծանրացած մայրը, կես-գիշերին, մեքենաբար շարժում է անհանգիստ երեխայի օրորոցը: Ասլանը առեց թիակը նրանից և հմուտ ձեռքով սկսեց ինքը թիավարել: Նավաստին ոչինչ չզգաց:
Ալիքները այն աստիճան բարձրացան, որ ջուրը այժմ սկսել էր ցայտել նավակի մեջ: Նավաստին զարթնեց: Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես աշխատում էր բռնի կերպով քունը փարատել իր աչքերից: Նա զարմացած նայեց իր շուրջը: Նեբրովթ և Գրգուռ լեռների գագաթների վրա երևում էին մոխրագույն ամպեր: Մշուշը պատել էր այն կողմը, որը, հետզհետե մռայլվելով, թանձր մառախուղի կերպարանք էր ստանում: Այդ տեսնելով, նավաստիի հաստ, շագանակի գույնով շրթունքները հեգնաբար ետ քաշվեցան և երևան հանեցին նրա խոշոր, սպիտակ ատամները:
– Օ՛-հո՜ , – բացականչեց նա, – շուտով մի լավ փոթորիկ կունենանք…
Մառախուղը հարավային կողմից սկսեց ավելի և ավելի տարածվել և բռնեց հորիզոնի մեծ մասը: Բայց աղոթարանի կողմից նոր ծագող արեգակը ծիծաղում էր: Երբեմն կաթկաթում էին անձրևի խոշոր կաթիլներ, թեև մեր վրայի երկինքը դեռ պարզ էր: Ջերմ և հեղձուցիչ գիշերից հետո այդ երևույթը այդ կողմերում անսովոր բան չէր:
Ասլանը դեռ ուժեղ կերպով թիավարում էր: Նավաստին կանգնած նայում էր նրա վրա և, կարծես, չէր ուզում զրկել նրան այդ փոքրիկ զվարճությունից:
– Շուռ տո՛ւր դեպի աջ, – նկատեց նա, – աշխատիր մոտենալ եզերքին, եթե ոչ, հորձանքների մեջ կընկնենք:
Հետո դառնալով ինձ` հարցրեց.
– Դու լողալ իմանո՞ւմ ես:
– Ոչ, – պատասխանեցի ես:
– Երբ մի քանի րոպեից հետո այդ նավակը ջրի տակը կգնա, դու բռնիր այստեղից: – Նա սառնասրտությամբ ցույց տվեց իր գոտին:
Ես սոսկացի:
Նավաստին անվրդով կանգնած էր և ոտքը դրել էր նավակի կողքի վրա, կարծես նրա զորավոր ճնշումով աշխատում էր պահպանել նավակի հավասարակշռությունը, որը այդ միջոցին, մի փայտյա կոտրած շերեփի նման, ծփում էր զայրացած կոհակների մեջ: Հարավային տաք քամին, որը, անցնելով Միջագետքի արևակեզ անապատներից և փոքր-ինչ զովանալով Տավրոսի լեռների վրա, հասնում էր մինչև այստեղ, այդ բոթաբեր քամին, ավելի և ավելի սաստկանալով, փոքր էր մնում, որ փշրեր բարակ ձողը, որի գլխին, աղմուկ բարձրացնելով, ծածանվում էր Բերզեն-Օղլու կարմիր և սև գույնով դրոշակը:
– Տուր ինձ թիակը, դու հոգնեցար, – ասաց նա Ասլանին, առնելով նրա ձեռքից թիակը: – Իսկ դու, իմ գառնուկ, անգործ մի մնա, վեր առ այդ գոտը և ջուրը դուրս ածիր:
Ես վեր առի փայտյա գոտը, սկսեցի դուրս ածել ջուրը, որ այդ ժամանակ ավելի առատությամբ թափվում էր նավակի մեջ:
Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ: Մառախուղը, հետզհետե աճելով, ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը: Մի քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում. կղզին անհետացավ մեր աչքերից: Անձրևը սկսեց սաստկանալ: Վերևից հեղեղ, ներքևից ալեկոծություն:
Երբեմն լսվում էր զանգահարության մեղմ ձայն, որը խլանում էր քամու կատաղի մռնչյունի մեջ: Զանգակի այդ տխուր հնչյունները լսելի են լինում միայն հանդիսավոր թաղումների ժամանակ: Այդ ձայնը ինձ վրա խիստ սոսկալի ազդեցություն գործեց: Մի՞թե շուտով պիտի կատարվեր մեր թաղումը, մի՞թե շուտով պիտի պատռվեր ջրային անդունդը և մեզ տաներ սառն գերեզմանի մեջ:
Ասլանը մտահույզ էր: Նավաստին եռանդով մաքառում էր փրփրած ալիքների հետ: Իմ մեջ սիրտ չէր մնացել:
– Այդ ի՞նչ զանգակի ձայն է, – հարցրեց Ասլանը:
– Այնտեղ, կղզու մեջ, աղոթում են, – պատասխանեց նավաստին: – Աբեղաները սովորություն ունեն սաստիկ ալեկոծությունների ժամանակ մոտենալ ափերին և խմբով թափոր կատարել:
– Ուրեմն մո՞տ ենք կղզուն:
– Շատ հեռու չենք:
Ես փոքր-ինչ հանգստացա:
Պետք էր նավակի մեջ գտնված բոլոր ծանրությունները ածել ծովը: Նավաստին նետեց կողովը, որի մեջ զանազան մրգեր էր տանում աբեղաների համար: Տանձերը, խնձորները մի քանի վայրկյան ծփացին կոհակների վրա, հետո անհետացան: Նետեց հացի պաշարը, որ Ծովիկը դրել էր մեզ համար: Ասլանը նետեց նորին սրբազնությունից իբրև հիշատակ ստացած փղոսկրյա «տիրուհին»: Ես էլ հիմարացա, նետեցի ձեռքիս փայտյա գոտը:
– Խելացի բան տեսար, – նկատեց ինձ նավաստին ժպտելով:
Ամեն րոպե սպասում էին խորասույզ լինելու: Երբ մոտեցանք մի կողմից կղզուն, մյուս կողմից ծովափին, նավաստին ասաց.
– Վտանգը պետք է անցած համարել:
– Ընդհակառակը, հենց այժմ է գլխավոր տագնապը, – նկատեց նրան Ասլանը:
– Ինչո՞ւ:
– Այժմ քամին փչում է արևմուտքից, և ալիքները մղում են դեպի արևելք, այսինքն` դեպի մերձակա ծովեզրը. շուտով մեզ կհեռացնեն կղզուց և, նավակը զարկելով ցամաքի ժայռերին, կփշրեն:
– Ես պիտի թողնեմ, որ տանեն և փշրեն:
Նա առաջարկեց թողնել նավակը և լողալով անցնել կղզին, որը ավելի մոտ էր, քան թե ցամաքը:
– Ես նպատակ չունեմ թրջված կատվի նման վանքը մտնել, – պատասխանեց Ասլանը:
– Ուրիշ հնար չկա:
– Կա:
– Նավակը շուտով մեզ հետ կփշրվի ժայռերի վրա:
– Եթե այդ ուղղությամբ տանենք, չի փշրվի:
– Այնտեղ ուժգին հորձանք կա:
– Հենց այդ հորձանքը կազատե մեզ:
– Դուք համոզվա՞ծ եք:
– Ինչպես երկու անգամ երկու…
– Տեսնենք…
Գիտությունը և փորձը վիճում էին միմյանց հետ: Ասլանը, նայելով ալիքների ուղղությանը, քամու ընթացքին, այդ համոզմունքն էր կազմել: Իսկ նավաստին, հիմնվելով իր փորձերի վրա, բոլորովին հակառակ կարծիք էր հայտնում. նա դարձյալ առաջարկում էր թողնել նավակը և լողալով ընկնել կղզին: Թե՛ այսպես, թե՛ այնպես, տագնապը մեծ էր:
Նավաստին դադարեց վիճել, նա թեորիայի մարդ չէր: Հանկարծ այն տեսանք, որ նա, նավակից կապած երկայն պարանի ծայրը ձեռքին բռնած, նետվեցավ ջրի մեջ: Սկզբում բոլորովին խորասույզ եղավ նա, մի ծանր խարսխի նման, որը, դեպի հատակը գնալով, կանգնեցնում է մրրկածուփ նավը: Ես սաստիկ վախեցա, կարծում էի, թե կորավ նա: Բայց քանի րոպեից հետո կրկին հայտնվեցավ նա և սկսեց լողալ դեպի կղզին, իր ետևից քարշ տալով նավակը:
Ասլանը շվարած մնաց:
Կղզին այժմ պարզ երևում էր: Մառախուղի միջից, ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը:
Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, որ փոքր էր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ ողողեին և իրանց հետ տանեին: Ես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից: Ասլանը ծիծաղեց:
– Մի վախիր, – ասաց նա, – կղզին մոտ է:
– Բերզեն-Օղլու ջանքերն իզուր անցան, – հանկարծ խոսքը փոխեց նա, և մի անսովոր անհանգստություն երևաց նրա դեմքի վրա: – Պարանը կտրվեցավ…
Այնուհետև ի՞նչ պատահեց, ի՞նչ կատարվեցավ մեզ հետ, ես մինչև այսօր էլ չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մտքում: Այսքանը միայն աղոտ կերպով հիշում եմ, որ կոհակները կրկին բարձրացան, և ես, ինչպես երազի մեջ, զգացի, որ նավակը այլևս իմ ոտների տակին չէր. ես ընկղմված էի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում էին ինձ, երբեմն դեպի հատակը տանելով, երբեմն դեպի վեր բարձրացնելով, և այդ ժամանակ, կարծես մի աներևույթ զորություն ինձ պինդ բռնած ուներ: Երկար մենք տարուբերվում էինք ջրային տարերքի մեջ, բայց զորությունը ինձանից չէր բաժանվում:
Այդ զորությունը ինձ դուրս հանեց կղզու վրա, բոլորովին անզգայացած և կիսաշունչ դրության մեջ: Եվ դա ուրիշ ոչ ոք չէր, բայց միայն իմ ազատիչը, իմ բարեկամը՝ Ասլանը: Երբ աչքերս բաց արի, երբ փոքր-ինչ ուշքի եկա, ինձ մի խումբ աբեղաներից շրջապատված գտա: Նրանք անդադար փառք էին տալիս աստծուն, որ ազատվեցանք: