Читать книгу Կայծեր Մաս 2 - იაკობ ცურტაველი - Страница 5

Ե
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Оглавление

Մյուս օրը մենք անհամբերությամբ սպասում էինք առաջնորդին, որ խոստացել էր փաշան ուղարկել մեզ` քաղաքի մեջ և նրա շրջակայքում գտնված հնությունները ցույց տալու համար: Չգիտեմ ի՞նչ պատճառով վարպետ Փանոսը հակառակ էր այդ արշավանքին: Բայց Ասլանը պնդում էր, թե ինչ էլ որ պատահելու լինի, անպատճառ պիտի գնալ:

Վերջապես հայտնվեցավ առաջնորդը, իր հետ բերելով նախորդ օրվա երկու ղավազներին և երկու ձիաներ, որ փաշայի ախոռատան ամենաընտիր նժույգներից էին, ուղարկել էր մեզ, հեծնելու համար: Վարպետ Փանոսը ճանաչեց առաջնորդին: Դա մի աստիճանավոր էր, որ փաշայի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում, և հայտնի էր, որպես ուսումնական մարդ: Նա դեռ երիտասարդ էր, ուրախ, զվարթ, և, որպես ակնարկեց մեզ վարպետը, թուրք ծառայողների սովորության համեմատ, օղիի կատարյալ սիրահար էր: Գուցե այդ էր պատճառը, որ նախաճաշիկի ժամանակ վարպետ Փանոսը առանձին ուշադրություն էր դարձնում նրա խմելու վրա և աշխատում էր, որքան կարելի էր, գոհացնել նրան: Օրից մի քանի ժամ անցած էր, երբ մենք ճանապարհ ընկանք:

Հասնելով հսկա քարաժայռի ստորոտը, որի բարձրության վրա նստած էր բերդը, մենք ցած իջանք ձիերից և սկսեցինք քարե մաշված սանդուղքներով դեպի վեր բարձրանալ: Սարսափելի ճնշող տպավորություն էր գործում այդ բերդը իմ վրա: Նրա ահավորության առջև մարդ կարծես մանրանում էր, փոքրանում էր, և կորցնում էր իր բոլոր քաջաթյունը: Չգիտեմ ի՞նչ էր պատճառը, արդյոք այն, որ իմ առջև ներկայանում էր մի պատկառելի հնություն, թե ա՞յն, որ այդ լուռ, խորախորհուրդ քարաժայռը պահել էր իր սրտի մեջ խիստ տխուր հիշատակներ մեր պատմական անցյալից:

Ասլանը չկամեցավ իսկույն բերդը մտնել, սկսեց նախ նրա շրջակայքը հետազոտել: Ամեն տեղ երևում էին հնության հետաքրքիր մնացորդներ, ամեն տեղ քարերի ճակատին տեսնում էինք բազմատող բևեռագրեր: Երբ նրանց մասին հարցրի Ասլանից, նա խիստ անփույթ կերպով պատասխանեց. «Ինձ չեն հետաքրքրում այդ մեռած տառերը»… Ուրեմն ի՞նչ էր հետաքրքրում նրան, ի՞նչ էր որոնում նա այն ամայի քարափների մեջ այնքան խորին ուշադրությամբ: Նա մի բան որոնում էր, որովհետև ես շատ անգամ նկատում էի, իր հիշողության գրքույկը հանում էր ծոցից և մի բան գրում էր նրա վրա:

Մեր առաջնորդը, որին իբրև զարգացած մարդ, և մանավանդ իբրև հնագետ, փաշան դրել էր մեզ հետ, որ ցույց տար հնությունները և բացատրեր մեզ նրանց նշանակությունը, այդ երիտասարդ թուրք գիտնականը անդադար Ասլանի ուշադրությունը դարձնում էր այս ու այն առարկայի վրա և իր հոգնեցուցիչ շատախոսությամբ ավելի խանգարում էր նրան, քան թե օգնում էր: – «Նայեցեք այդ ծակին, – նա ցույց էր տալիս մի վիրապի բավական լայն բերանը, – դա իջնում է ցած և ցած մինչև երկրի խորքերը, հետո ստորերկրյա ոլոր-մոլոր ճանապարհներով հասնում է մինչև ծովակի հատակը: Այնտեղ բացվում է մի ոսկյա դուռ և մարդուն ներս է տանում բյուրեղյա հրաշալի ապարանքի մեջ: Այնտեղ մարջանի (բուստի) մշտադալար ծառերի ներքո ճեմում են հավերժական հյուրիներ, փերիներ, ավելի պայծառ, քան նոր ծագող արեգակը իր վարդակարմիր ճառագայթներով: Այնտեղ «Հազարան բլբուլը» կերակրվում է մարգարիտներով և, փղոսկրյա վանդակի մեջ, ամեն մի րոպեում վախում հազարավոր եղանակներ, հազարավոր նվագներով: Նրա երգի ձայնից անուշահոտ վարդենիները գտնվում են մշտական զմայլմունքի մեջ: Այնտեղ արարածները չեն ծերանում, այլ վայելում են հավերժական սեր և մանկություն: Բայց բյուրեղյա ապարանքի ոսկյա դուռը ամենի առջև չէ բացվում, որովհետև նա կախարդված է և խորհրդավոր թիլիսման ունի: Մի ծերունի դերվիշ, որ աչքով տեսել է այդ բոլորը, խոստացել է տալ ինձ այդ թիլիսմանը»:

Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կամ որպես փախուստի ճանապարհ, կամ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում: Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազմաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են: Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսանից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել: Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով:

– Ավանդությունը, – ասաց Ասլանը, – այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին: Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում:

– Ի՞նչ է ասում Խորենացին, – հարցրի ես խորին հետաքրքրությամբ:

Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որպես ես Սաղմոսը. նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.

– «Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար: Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»:

Ո՛րքան ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային: Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր, որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:

Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ: Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրությամբ քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա: Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում. «Մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»…

Ասլանը պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է: Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար: Նա անընդհատ խոսում էր: Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցը, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք, իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո: Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը:

Ես նկատում էի, Ասլանը մի առանձին ուշադրությամբ հետազոտում էր այն ծակերը, այն գաղտնի անցքերը, որոնք քարափի վերևից իջնում էին դեպի նրա խորքերը և ստորերկրյա ճանապարհներով կորչում էին, սատանան գիտե, թե դեպի ո՛ր կողմը: Նա արծվի հայացքով զննում էր նրանց ուղղությունը, տարածությունը, և որպեսզի կասկածանքի առիթ չտա մեր առաջնորդին, ժպտելով հարցրեց նրանից.

– Ի՞նչպես եք կարծում, պարոն քարտուղար, այդ անցքը նույնպես չէ՞ տանում դեպի մի բյուրեղյա ապարանք, ուր հյուրիներն և փերիները պառկած են մարջանի ծառերի ներքո և սքանչանում են «հազարան բլբուլի» հազար ու մեկ եղանակներով:

– Դուք ծաղրում եք ինձ, պարոն բժշկապետ, – պատասխանեց երիտասարդը նույնպես ժպտելով, – բայց ես կասեմ ձեզ, որ այդ անցքը դեպի բյուրեղյա ապարանքը չէ տանում, որովհետև դեպի ծովը չէ գնում: Մարջանի ծառերը ծովի հատակի վրա են բուսնում և բյուրեղյա ապարանքն էլ ջրերի խորքումն է լինում: Իսկ այդ անցքը, քարափը կտրելով, իջնում է դեպի ցած, հետո գետնի տակով գնում է դեպի այն ձորը, որի մի մասը երևում է բլուրների հետևից: Նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմը:

– Ներեցեք, խնդրեմ, իմ նկատողությունը դուք, իհարկե, կատակի տեղ կընդունեք: Իսկ ձեր այժմյան պատմածը դարձյալ շատ հետաքրքիր է: Ես շատ բերդեր եմ տեսել, բայց մի այսպիսի անցք առաջին անգամն եմ տեսնում իմ կյանքում, երևի դրա ծայրը, այսինքն այն տեղը, որ դուրս է գալիս ձորի մեջ, անպատճառ ծածկված կլինի:

– Անտարակույս, մանավանդ մի դեպքից հետո, որ պատահեց մի տարի առաջ. պահապան զինվորներից մեկը սովորություն էր ունեցել վառոդ գողանալ և այդ անցքով դուրս տանել, վաճառել հայ խանութպաններին: Զինվորին և խանութպաններին սաստիկ պատժեցին, և անցքի մուտքը այն ժամանակից գոցվեցավ:

– Ո՜րքան զարգացած է եղել հին ժամանակներում արհեստը այդ երկրում, – ասաց Ասլանը, արտահայտելով իր խորին հիացմունքը: – Այդ անցքերը հազարավոր տարիներ գոյություն ունեն, բայց այնքան ճարտարությամբ շինված են, որ մինչև այսօր չեն խանգարվել, պահպանում են իրանց նշանակությունը:

– Դուք ավելի կզարմանաք, պարոն բժշկապետ, երբ կտեսնեք Թոփրակ-Կալեի և Չարխի-Ֆալակի գաղտնի անցքերը, – պատասխանեց առաջնորդը մի առանձին պարծենկոտությամբ, երբ լսեց Ասլանի գովասանքները (կարծես այդ հրաշալիքները նրա պապերն էին ստեղծագործել): – Երբ այստեղ կվերջացնենք, ես կտանեմ ձեզ դեպի հիշյալ հնությունները, որոնք բավական հեռավորության վրա են գտնվում այստեղից: Դուք կտեսնեք այնտեղ ավելի զարմանալի ստորերկրյա անցքեր, որոնք այնքան երկար են տարածվում գետնի տակով, որ շատերը հաղորդակցություն ունեն հենց այդ բերդի հետ:

Ասլանը շնորհակալություն հայտնեց առաջնորդին և, հանելով ծոցից իր ոսկյա ժամացույցը, առաջարկեց նրան՝ ասելով.

– Դուք այնքան բարի եք, որ ես կցանկանայի թողնել ձեզ մոտ այդ փոքրիկ հիշատակը:

Երիտասարդը հրաժարվեցավ կամ ձևացրեց թե հրաժարվում է, պատասխանելով.

– Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ես երբեք չէի կամենա զրկել մի ճանապարհորդի իր ժամացույցից, որը նրան շատ հարկավոր կլինի:

– Այդ իրավ է, բայց համաձայնվեցեք, որ ճանապարհորդի ոսկյա ժամացույցը շատ հրապուրիչ բան է գողերի համար, ես կցանկանայի ազատվել դրանից: Ընդունեցե՛ք, խնդրեմ, ես ունեմ և մի արծաթյա ժամացույց, այն էլ բավական կլինի ինձ համար:

Առաջնորդը շնորհակալությամբ ընդունեց: Նրան անսովոր չէր` իր մատուցած ծառայությունների համար այս տեսակ «փեշքեշներ» ընդունել: Եթե չտայինք, նա մինչև անգամ պահանջելու անամոթություն կունենար: Մանավանդ փաշայի պատվի համար, որ մեզ հետ դրել էր իր ամենամոտ մարդիկներից մեկին, պետք էր նրան որևէ ընծա տալ: Բայց այդ տեսակ ընծաները տալիս են այն ժամանակ, երբ ծառայությունները վերջացրած են լինում: Չգիտեմ` ինչո՞ւ շտապեց Ասլանը: Երևի նրա համար, որ թուրք պաշտոնատարը չմտածեր, թե իր ընծան աննշան բան կլինի, այլ սկզբից ստանալով, ավելի եռանդով կկատարեր իր հանձն առած ծառայությունը: Երիտասարդը հենց նույն րոպեում սկսեց տեղավորել իր բաճկոնի վրա ստացած ընծան. շղթան երբեմն դեպի կուրծքի աջ կողմն էր տանում, երբեմն դեպի ձախ կողմն էր տանում և մեծ մտածության մեջ էր, թե ո՞ր կողմում ավելի գեղեցիկ կերևա: Նա դիմեց իմ խորհրդին, ես հայտնեցի իմ կարծիքը:

Ասլանը այդ միջոցին բարձրացել էր աշտարակներից մեկի գագաթի վրա և այն ահեղ բարձրությունից երկար լուռ և տխուր կերպով նայում էր դեպի իր շրջակայքը: Նրա դեմքը նույն րոպեում գունաթափ էր, աչքերի մեջ վառվում էր խորին տենդային կրակ, շրթունքները դողդողում էին, երևի սիրտը սոսկալի խռովության մեջ էր: Ես բոլորովին ապշած կերպով նայում էի նրա վրա…

Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին: Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած, սպասում էին մեր երկու ղավազները: Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները:

Դուրս գալով քաղաքից, երբ փոքր-ինչ հեռացանք, մեր շրջակայքում բացվեցան հիանալի տեսարաններ. մի կողմում երևում էր կանաչազարդ Այգեստանը, երևում էին և Վարագա կանաչազարդ լեռները, որոնց կուրծքի վրա, խորին ջերմեռանդությամբ գրկված, բազմել էր Վարագա գեղեցիկ վանքը: Մյուս կողմում, մանիշակագույն հայելիի նման, փայլում էր Վանա ծովակը: Այդ ձվաձև հայելին դրված էր հիանալի շրջանակի մեջ, որը բոլորում էր նրա գեղագրական եզերքը, մեղմ, ալիքավոր բարձրություններով, դրանք էին` Արտոս, Արնոս, Սիփան, Նեբրովթ և Գրգուռ լեռները, որոնց գոտիները չորեք կողմից սեղմել էին իրանց մեջ ջրի այդ մեծ ավազանը:

Կարծես այդ աշխարհում հեթանոսական և քրիստոնեական ժամանակների հիշատակարանները դեռ մինչև այսօր մրցություն էին անում միմյանց հետ: Մի կողմում, բևեռագրերով զարդարված փառավոր շինվածքներ ցույց էին տալիս ամենահին անցյալի վրա, մյուս կողմում, սփռված էինք տեսնում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Այդ վանքերը դեռ շեն էին և լի բազմաթիվ կրոնավորներով: Իսկ նրանց կողքին, մենք գնում էինք տեսնելու մի հին, մոռացված մեհյանի տխուր ավերակները…

Վերջապես, հասանք Թոփրակ-Կալե: Այդ ավերակ բերդը ուրիշ անուններ ևս ունի. նա կոչվում է Ակռփու-քար և Զըմփ-զըմփ-մաղարա: Բայց այդ երեք անուներից և ոչ մեկը նրա նախնական անունը չէ. դրանք ստացվել են վերջին ժամանակներում: Ի՞նչպես էր կոչվում նա առաջ. ոչ ոք չգիտե, պատմությունը լռում է այդ մասին: Այդ բերդը մի ամբողջ քաղաք է եղել, որ այժմ ծածկվել է ահագին հողակույտերի ներքո: Հենց այդ է պատճառը, որ նրան թուրքերի բառերով կոչում են Թոփրակ-Կալե (հողաբերդ): Գուցե այդ անհայտացած քաղաքը այն կախարդված «Պղնձե քաղաքը» լիներ, որ մինչև այսօր վանեցոց ավանդությունների մեջ պահպանել է իր դժբախտ, առասպելական պատմությունը: Չար վհուկի դյութելով, ամբողջ քաղաքը իր պարիսպներով, տներով և բնակիչներով անշարժ պղինձ է դառնում: Ասլանը ասում էր ինձ, այդ ավանդությունը ճիշտ է միայն այն կողմից, որ եթե այդ հողակույտերի մեջ փորվածքներ անելու լինեն, մետաղյա բոլոր առարկաները կգտնեն պղնձից շինված, որովհետև այդ ավերակները պատկանում են պղնձե դարաշրջանին: Եվ իրավ, որպես պատմեց մեզ մեր առաջնորդը, այնտեղ գտել էին զանազան պղնձե զարդեր, պղնձե զենքեր, պղնձե տնային կարասիք և մինչև անգամ պղնձե մարդիկ:

Հնությունների ավերակները և մարդիկների գերեզմանները իմ վրա միշտ միևնույն տպավորությունն են գործել: Երկուսի մեջ ևս տեսնվում է դադարած կյանքը, երկուսն էլ հիշեցնում են անցյալը, որ մի ժամանակ ապրել են, գործել են և, ժամանակի հետ քսվելով, մաշվել ու մեռել են, թողնելով միայն կենդանի հիշատակներ: Մարդ, նայելով իր նախահարց գերեզմանների վրա, մի առանձին հպարտություն է զգում, երբ մտաբերում է, որ նրանք իրանց ժամանակի ամենալավ մարդիկն են եղել: Գերեզմանի մեջ անգամ նրանց փոշիները պահպանում են վաղեմի վեհությունը: Ավերակների փոշիների մեջ ևս ապրում է անցյալ մեծությունը, որ միևնույն հպարտությունը և միևնույն քաջալերությունն է ազդում ապագա սերունդի մեջ: Ավերակների փոշիներից է կազմված այն շաղախը, որ միացնում է ներկա սերունդի սրտերը նախահարց հետ:

Թոփրակ-Կալեի լեռան մեջ նույնպես գտնվում են շատ այրեր, քարանձավներ, ստորերկրյա անցքեր, որպիսիները տեսանք Շամիրամի բերդի մեջ: Դրանցից և ոչ մեկը բնական չէ, բոլորն էլ փորված են ամենաամուր ժայռերի մեջ, և նրանց այժմյան գեղեցկությունը բավական ապացույց է, թե որքան զարգացած է եղել այդ աշխարհում արհեստը: Այրերից միայն մեկի մեջ մտանք մենք, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մարաղա, այսինքն զըմփզըմփալով ձայն հանող այր: Ամենաթեթև ձայնը այդ քարանձավի մեջ զըմփզըմփալով արձագանք է տալիս: Ժայռի մեջ բացվում է մի մեծ մուտք, որը հարյուրավոր քարյա սանդուղքներով իջնում է դեպի լեռան խորքը: Քարի մեջ փորված երկու լուսամուտներ վերևից խիստ աղոտ լույս են ձգում այդ ստորերկրյա վիրապի մեջ: Քարյա սանդուղքի վերջին աստիճանի մի կողմում բացվում է մի ընդարձակ, քառակուսի այր, դա է, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մաղարա: Այդ այրի միջից մի առանձին անցք տանում է դեպի երկրի խորքերը. բայց ո՞ւր է գնում, ո՞րտեղ է վերջանում, աստված գիտե: Մեր առաջնորդը դարձյալ խոսում էր ստորերկրյա ապարանքների մասին. ժողովրդի ավանդությունը նույնն էր խոսում: Այդ բոլորը տեսնելով, ես պատրաստ էի հավատալ, որ այստեղ եղել է մի ստորերկրյա աշխարհ, և այդ անցքերը տանում են դեպի այն աշխարհը: Ասլանը այդ մասին ինձ ոչինչ չասաց. նա բոլորովին ուրիշ նպատակներով էր քննում այդ անցքերը: Նա ցանկանում էր ստուգել, թե ո՛րքան ուղիղ է այն կարծիքը, թե այդ ստորերկրյա անցքերը հաղորդակցություն ունեն քաղաքի մեջ գտնվող Շամիրամի բերդի հետ: Այդ էր պատճառը, որ մեզանից ոչ մեկը չհամարձակվեցավ Զըմփ-զըմփ-մաղարայից անցնել և առաջ գնալ, իսկ նա, վառելով իր հետ վերառած մոմապատը, շատ առաջ գնաց և վերադարձավ համարյա մեկ ժամից հետո:

– Նա կկորչի, – ասում էր ինձ մեր առաջնորդը նրա բացակայության ժամանակ:

– Ինչո՞ւ, – հարցրի ես:

– Այնտեղ ջիններ (դևեր) են բնակվում. այնտեղ գնացող ադամորդին այլևս չէ վերադառնում:

Դուրս գալով այրից, մենք սկսեցինք դիմել դեպի լեռան գագաթը: Այնտեղ մեր առաջնորդը կամենում էր ցույց տալ մեզ Չարխի-Ֆալակի մուտքը: Դա նույնպիսի մի անցք էր, որպիսիները տեսել էինք մենք, և ուղիղ լեռան գագաթից իջնում էր դեպի նրա խորքերը: Վանեցի հայերի ավանդությունը այդ անցքի մասին շատ հրաշալիքներ է պատմում, որոնցից մեկը պատմեց մեզ մեր առաջնորդը: Ահա նրա խոսքերը. անցքը իջնում է մինչև Գայլ գետի ափերը, որը հոսում է լեռան ստորերկրայքում: Գետի սքանչելի եզերքը զարդարած են արմավենի ծառերով: Այնտեղ Բախտը արագ ձեռքով պտտեցնում է աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը: Անիվի յուրաքանչյուր թևքի վրա Բախտը փորագրել է մի-մի գրություն: Այդ գրությունների յուրաքանչյուրը բովանդակում է իր մեջ մի գաղտնիք: Օրինակ, մեկը ցույց է տալիս, թև ինչպես պետք է գտնել թաքուցած գանձերը. մյուսը սովորեցնում է, թե ինչպես պետք է պատրաստել էլեքսիրը, որի միավորությամբ ամեն մետաղ ոսկի է դառնում. երրորդը ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում գոհարների լեռները, չորրորդը ուսուցանում է, թե ո՛րպես բժշկության մեջ պետք է գտնել անմահության կաթիլը, հինգերորդը տալիս է իշխանություն, թագավորություն, փառք, մի խոսքով, անիվի յուրաքանչյուր թևքի վրա արձանագրված է մի-մի թիլիսման մարդկային բախտավորության համար, որոնց դեռ մարդու հանճարը չէ հասել: Անիվը առանց կանգ առնելու անդադար պտտվում է: Նա կանգ է առնում տարվա մեջ մի անգամ միայն, այն ևս մեկ րոպեով: Այդ լինում է Համբարձման գիշերը, երբ երկինք ու գետինք գրկախառնվում են և համբուրվում են միմյանց հետ: Մարդիկ սպասում են հենց այդ րոպեին: Երբ հաջողվում է նրանց հասնել մինչև Չարխի-Ֆալակը, նրանք պետք է ձեռքում պատրաստ ունենան մոմից շինած թերթեր, որ անիվը կանգնելու րոպեում իսկույն կպցնեն նրա թևքի վրա: Խորհրդավոր թիլիսմաններից մեկը դրոշմվում է մոմի վրա, և մարդը ստանում է այն շնորհներից մեկը, որ Բախտը վիճակում է նրան: Բայց այդ շնորհներին խիստ հազիվ անգամ հասնում են մարդիկ, որովհետև նույն րոպեում, երբ անիվը կանգ է առնում, նրանց տիրում է խորին թմրություն, նրանք քնում են, և անողոք անիվը դարձյալ շարունակում է իր արագ պտույտը…

Մեզ մնում էր մի հնություն ևս տեսնել և մեր այնօրվա արշավանքը դրանով պետք էր վերջացած համարել, այդ էր` Մըհերի դուռը: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, ուր մենք տեսանք Չարխի-Ֆալակը, ժայռի արևմտյան կողմում, քարի ճակատը քառակուսի ձևով տաշված է: Քառակուսին իր ահագին շրջանակի ձևովը՝ դռան ճիշտ նմանություն ունի: Այդ դռան մակերևույթը, որ բավական խորն է ընկած, ամբողջապես ծածկված է բևեռագիրներով: Ժողովուրդը դրան կոչում է Մըհերի դուռ: Այստեղ է Վանա ամենաընդարձակ արձանագրությունը: Այդ քարեղեն դռան ետևում, ժողովրդի ավանդությամբ, իր ձիու հետ բանտարկված է Մըհեր անունով մի անձնավորության: Այնտեղ ժայռի սրտումը, մի քարայրի մեջ, արգելված է այդ սարսափելի հսկան: Մի օր նա կխորտակե իր շղթաները և, իր ձիու վրա նստած, դուրս կսլանա քարայրից, վրեժխնդիր կլինի իր թշնամիներին, և կմաքրե հայոց աշխարհը չարությունից…

Այսպիսի մի առասպել միայն հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել: Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի հույս և ակնկալություն: Միհրը կամ ժողովրդի բարբառով Մըհերը, հայոց արեգակն է: Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և հայոց աշխարհում տիրում է խավարն ու չարությունը: Մի օր նա դուրս կգա իր արգելանից և կրկին լույս ու արդարություն կսփռե հայոց աշխարհում: Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և` սպասում է…

– Արդեն հայտնվել է Մըհերը… Բայց ժողովուրդը այդ չէ նկատում… – ասաց ինձ Ասլանը, երբ ճանապարհին այդ ավանդության մասին սկսեցի խոսել նրա հետ:

Կայծեր Մաս 2

Подняться наверх