Читать книгу Անբախտ Հռիփսիմե - იაკობ ცურტაველი - Страница 1

Ա

Оглавление

Գարնան թարմ և փափուկ առավոտ էր: Արևի շողքերը դեռ նոր խաղում էին վաղորդյան ցողի մարգարիտների հետ: Տ… գյուղի երդիկներից ծուխը օձանման պտտվում էր երկնքի կապուտակ տարածության մեջ:

Մարթան, ժիր տանտիկինը, նստած նոր վառած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքին, կերակուրներին էր նայում: Նրա հարսը՝ Ջավահիրը, թեթև թիթեռնիկի նման, պտտվում էր յուր սկեսուրի շուրջը և նրա հրամաններն էր կատարում: Իսկ գեղեցիկ Հռիփսիմեն, տանտիկնոջ տասն և յոթն տարեկան աղջիկը, ավելը ձեռքին` տախտն էր մաքրում:

Հանկարծ ներս մտավ մահտեսի Հակոն, Մարթայի ամուսինը: Հռիփսիմեն և Ջավահիրը, վերջացնելով իրանց գործը, առաջինը առեց յուր կարը և նստավ ծալքի ետքում, սկսավ գործել, իսկ վերջինը գնաց հավերին կուտ տալու:

Մահտեսի Հակոյի դեմքը արտահայտում էր խորին ուրախություն:

– Աչքդ լո՜ւյս, Մարթա, – ասաց նա՝ մոտենալով յուր կնոջը: – Կուզե՞ս խեր՜խաբար:

– Ի՞նչ խաբար, – հարցրուց կինը, նույնպես ուրախանալով:

– Մելիքը միտք ունի մեր Հռիփսիմեի վրա պսակվել: Մարթայի դեմքի վրա երևաց զարմանքի նման մի բան, և նա ասաց.

– Ես չեմ հավատում, որ ուղտը մեր նեղ դռնից ներս մտնի, կամ մելիքի պես մեծ մարդը մեզ փեսա դառնա:

Մահտեսի Հակոն ավելի սկսավ պնդել յուր խոսքը:

– Մեր տեր Կիրակոսին հավատում ե՞ս դու, – հարցրուց նա:

– Հավատում եմ, նա սուրբ մարդ է, ամեն գիշեր յոթն կանոն Սաղմոս է քաղում, – պատասխանեց կինը:

– Նա ինքը ասաց ինձ այդ խոսքը:

Մարթայի հրճվանքին չափ չկար:

– Հիմա գնա՜ ու քեփ արա՜, Մարթա, մելիքի պես փեսա ունիմք… Նա շատ մեծ մարդ է, Մարթա… Նրա փողերին չափ չկա… – խոսեց մահտեսի Հակոն հիացմունքով:

– Բայց մենք աղքատ ենք, – նրա խոսքը կտրեց կինը:

– Իրավ, մենք աղքատ ենք, բայց աստված մեզ տվել է գեղեցիկ Հռիփսիմեն, որի պատճառով հարուստ փեսա կունենանք… և մենք էլ գուցե կհարստանանք…:

Անբախտ Հռիփսիմե

Подняться наверх