Читать книгу Անբախտ Հռիփսիմե - იაკობ ცურტაველი - Страница 3
Գ
ОглавлениеԱյդ խոսակցության ժամանակ Հռիփսիմեն, ծալքի ետնեն միայնակ նստած, լսում էր բոլորը: Հայրը տանից գնալեն հետո, նա դուրս եկավ այնտեղից:
– Այդ ի՞նչ է, աղջի, աչքերդ կարմրել են, – հարցրուց մայրը:
– Ոչինչ, մայրի՜կ, գլուխս մի քիչ ցավում է, – պատասխանեց օրիորդը ողորմելի ձայնով:
– Դու լաց ես եղել, Հռիփսիմե, արտասուքը թշերիցդ դեռ չէ չորացել:
– Չէ՜, մայրիկ, գլուխս ցավում է…
Աղջիկը էլ ոչինչ չխոսեց, սափորը առավ ուսին, գնաց աղբյուրից ջուր բերելու:
Մայրը մնաց միայնակ:
– Աղջի, Ջավահի՜ր, – ձայն տվեց նա հարսին:
Հայտնվեցավ հարսը, երեսը մինչև գոտին ծածկված կարմիր լեչակով:
Սկեսուրը ասաց նրան.
– Հարսի՜, մելիքը միտք ունի պսակվել Հռիփսիմեի հետ, այսօր ես նրան ուրիշ տեսակ տեսա, երևում է սրտումը բան ունի թաքցրած: Նա ամաչեց, ինձ ոչինչ չասաց, բայց քեզանից չի ծածկի յուր սիրտը: Դու նրան խոսացրու, միտքն իմացի՜ր և ինձ խաբար տո՜ւր: