Читать книгу Անբախտ Հռիփսիմե - იაკობ ცურტაველი - Страница 2
Բ
ОглавлениеՍույն միջոցին ներս մտավ մահտեսի Հակոյի որդին՝ Ստեփանը: Ծնողքը պատմեցին նրան: Իսկ նա, փոխանակ նրանք ուրախությանը բաժանորդ լինելու, սառն կերպով պատասխանեց.
– Ես գիտեմ, որ այդ գլուխ գալու գործ չէ, Հռիփսիմեն մելիքին չէ կարող սիրել, նա մի ուրիշին է սիրում…
– Ո՞ ւմ, – կատաղելով հարցրուց հայրը:
– Եղոյի տղա Ալեքսանին:
– Վա՛յ, ես սև հագնեմ… – ձայն տվեց Մարթան:
Բայց մահտեսի Հակոյի աչքերը վառվեցան վայրենի կրակով, և նա գոռաց.
– Եղոյի տղին… Ո՞վ է նա, մի լոթի տղա է… Տանումը ուտելու հաց չունի…: Ես Հռիփսիմեին կսպանեմ, եթե մի այդպիսի բան կա նրա սրտումը…
Հոր խոսքերը Ստեփանի վրա վատ տպավորություն ունեցան, որովհետև նա սիրում էր յուր քրոջը և սիրում էր Ալեքսանին և գիտեր, թե նրանք ո՜րքան սիրում էին միմյանց: Եվ նա շատ մեղմությամբ պատասխանեց.
– Ինչո՞ւ եք բարկանում, հայր իմ, «գովուլ սավան գորչակ օլուր» (սրտի սիրածը գեղեցիկ է լինում), – ասում է թուրքի առածը: Ալեքսանը ամենևին լոթի չէ, նա ժիր, բանվոր և ուրախ տղա է: Ճշմարիտ է, մելիքի չափ փող չունի, բայց ջահիլ է, աշխատավոր է, կարող է կին պահել:
– Նա մելիքի դռան շունը չէ կարող լինել, – բարկությամբ որդու խոսքը կտրեց մահտեսի Հակոն:
– Մելիքին ի՞նչպես փոխենք մի գյադայի (գռեհիկի) հետ, – մեջ մտավ Մարթան:
– Մելիքն ի՞նչ է, – փոքր-ինչ պինդ ձայնով հարցրուց Ստեփանը: – Դիցուք թե փող շատ ունի, ինքն մեծ մարդ է. բայց վաթսուն տարեկան ծերացած և փտած մարդ է… Հռիփսիմեն պիտի գնա նրա եթիմներին (որբերին) մայրություն անե՞…
– Այ տղա, ի՞նչ ես խելքդ կորցրել, – շարունակեց մահտեսի Հակոն, – ի՞նչ ես սարսաղ-սարսաղ գլխիցդ դուրս տալիս. մելիքն ինքը ինչ կուզի թող լինի: Մեզ բավական է միայն, որ նրա նման մի մարդ մեզ փեսա է դառնում… Շատ բաշլըղ կառնենք, նա կօգնե մեզ գյուղի գործերում, մեզ թև ու թիկունք կդառնա, գյուղացիքը մեզնից կվախենան, մեր ցանքի ջուրը չեն կտրի, մեր արտերը չեն փչացնի: Խանը մեզանից ավելի հարկ չի կարող առնել, մի խոսքով, նա մեզ ամեն չարից կպահպանե…
Ստեփանը էլ ավելի չխոսեց, գլուխը թափ տալով տանից դուրս գնաց, քթի տակից մրթմրթալով, – «Ես գիտեմ այդ բանի վերջն ի՜նչ կլինի»…: