Читать книгу Սատանան մայրամուտին - იაკობ ცურტაველი - Страница 2

Սատանան մայրամուտին
1. Կարիք

Оглавление

Գլխացավն անուշադրության էր մատնած․ Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը՝ հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր եղել, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած՝ պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:


Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր չարթնացնել՝ թողնել, որպեսզի կարգին հանգստանա:


– Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – զարթնել եմ, էստեղ արի:


– Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:


– Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով, և կանչեց, – Մա՞մ:


– Հա ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:


– Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:


– Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերը կատարելուն:


Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում, և Վիգենն անմիջապես նկատեց դա:


– Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:


– Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:


Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա:


Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կար ու ձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտեր համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Դավիթը սովորող էր, խելացի, գեղեցիկ: Բակի գրեթե բոլոր աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում՝ Աստված տվել, չէր խնայել:


Տարուց ավել էր, ինչ փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները՝ պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:


Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:


– Էս էլ ձեր կոֆեն, – սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, – Ծանր օր էր, հա՞, Դավիթ ջան:


– Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:


– Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկն առնես:


– Առել եմ մամ ջան, առել եմ:


– Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:


– Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը-մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահպանեք:


Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից` առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:


– Վի՞գ:


– Հա՞:


– Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:


– Ի՞նչ տղամարդ:


– Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:


– Չասե՞ց, թե ինչ գործ:


– Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:


– Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքի մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:


Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել, բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ դիպլոմ ուներ, ոչ էլ, գոնե, վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինքն իրեն ինչպե՞ս պիտի ներկայացներ: Թերևս, եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:

Սատանան մայրամուտին

Подняться наверх