Читать книгу Սատանան մայրամուտին - იაკობ ცურტაველი - Страница 5
Սատանան մայրամուտին
4. Երջանիկ կիրակի
ОглавлениеՏիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել․ որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենային տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա»,– պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն եկել այն համոզմանը, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր հնարավորինս շուտ հարս գտնել, այլապես որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակներից մեկը չէր, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:
Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:
– Էս ի՞նչ ա, Դավիթ:
– Մեր համար հագուստ եմ առել, մամ: Ինչքա՞ն պտի էս հին քրջերով ման գանք:
Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչ է գնել:
– Ճիշտ ա, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում ա, չէ՞:
Սաթենիկն ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր, հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր` «Որտեղի՞ց»:
– Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով, հարցրեց Սաթենիկը:
– Մի հատ մարդ տվեց: Մնացել էր մեր հյուրանոցում, առավոտը գնալուց հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:
– Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն ետ ա եկել, որ ման գա: Իզուր ես վերցրել:
– Չէ, մամ, չէ, առխային: Շատ հարուստ մարդ էր: Առաջին անգամ չի նման բան անում:
Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:
– Ղսմաթ ա տղես, ղսմաթ ա: Բայց իզուր ես սենց ծախսել: Պահեիր, համալսարանի վարձի վրա դնեիր: Կարող ա շուտ հավաքեիր փողը ու կարենայիր գոնե էրկու օրը մեկ աշխատել:
– Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում ա: Փոխանակ ուրախանաս…
– Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:
Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալիս չէր տեսել: Ու եթե մինչ այս կասկածում էր` ճիշտ էր ծախսել գումարը, թե` ոչ, հիմա համոզված էր, որ ճիշտ է վարվել:
Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ, առաջվա պես, ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:
Մեծ գումար` ընդամենը վերնաշապիկն հանելու դիմաց: Գրողը տանի, նա պատրաստ էր երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեին: Հետաքրքիր էր` այդ մարդը կրկին կզանգեր, թե՝ ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր` հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց էր գնելու: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ էին նայելու իրեն: Սկսելու էին փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ սկսելու էին փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե իրականում ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, – մտածեց Դավիթը, – ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Ժպտաց: Թող մտածեն, ինչ ուզում են, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը: