Читать книгу Սատանան մայրամուտին - იაკობ ცურტაველი - Страница 4

Սատանան մայրամուտին
3. 100 եվրո

Оглавление

Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու, կարգադրեց.


– Ինձ համար այն նույն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:


Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենար:


– Միայնա՞կ եք գիշերելու:


– Այո:


Եվ պարոնը բառի կողմ գնաց:


Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր ամբողջ այս թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո, երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում:


– Այ Դավիթ, էս ո՞նց վախացրիր:


– Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:


Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:


– Շշշ: Վերևում մարդ կա՞:


– Չկա, բայց գալու ա:


– Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ, կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:


– Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ ա բարձրանալու:


– Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:


– Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:


– Չե՞ս զգում:


– Ի՞նչ:


– Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:


Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ՝ մարմնով սարսուռ անցավ, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:


– Ջան, ջան, – սկսեց աղմկել Ռուբիկը, – Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախո՜վ:


– Ձենդ, Ռուբիկ, – մի կնոջ թևանցուկ արած մոտեցավ Արմենը, – Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:


– Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:


– Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:


Դավիթը նոր-նոր էր սկսել հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:


– Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չե՞նք սպասելու:


Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:


– Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…


– Գնամ լվացվեմ:


Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է` հիվանդ է: Ամեն ինչ դրա մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէր: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր, ինչ լոգարանում էր: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:


– Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ` Մարգոն կջոկի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:


Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:


– Է՜ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ ա:


Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չէր զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէր ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:


Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:


– Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:


Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում:


– Փակեք դուռը, խնդրում եմ:


Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Պարոնը լուռ էր:


– Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է:


Տղամարդը նայեց նրան ու ժպտաց:


– Հանիր վերնաշապիկդ:


– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:


– Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:


– Ինչի՞ համար:


– Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:


Դավիթը որոշեց չշարունակել հարց ու փորձը: Վատ բան չկար նրանում, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանզի պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտե, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, փորփրեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:


– Շապիկդ էլ հանիր:


Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:


– Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:

Սատանան մայրամուտին

Подняться наверх