Читать книгу Ժառանգներ - იაკობ ცურტაველი - Страница 2
ՔԵՀՅԱ
Բ
ОглавлениеՄի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը: Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից: Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր: Փետրվարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեինք խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին էին:
Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին էլ կեր տալ: Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին:
Քեհյաներին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ սրտով մտան սրանց հովանավորության տակ:
– Քեզ էլ նեղություն եմ տալիս, – ասաց մի օր Մամոն Քյալաշին, – հյուրասենյակդ գրավեցի:
– Այդպես բան մի՜ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք: Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ: Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը:
– Այդ լավ ես ասում, ես էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա, առայժմ պետք է յոլա գնալ:
– Փողի դա՞րդն ես անում. ինչի՞դ է պետք փողը: Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայիր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կտրե շինության համար: Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ: Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էլ ես բերել կտամ Օվայից (Էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյաղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է:
– Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել: Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ: Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի:
– Բան ասի՜ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞: Ո՞վ է թևդ բռնելու, շինի՜ր որտեղ որ հարմար է:
– Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող ես որոշել:
– Ա՛յ, մեր կալի գլխին, այնտեղից ողջ գյուղն երևում է, կարող ես ամեն տան ելումուտը դիտել:
– Շինենք մի այնպիսի սարայ, որ Էրզրումի վալին էլ չունենա:
– Ամեն մարդ յուր տանը, յուր վիճակումը վալի է ու թագավոր: Վալին ինչո՞վ է քեզանից բարձր:
– Երթամ Սուլոյին ուղարկեմ քեհյաներին կանչե, – ասելով Մամոն հեռացավ ուրախ-ուրախ, նոր շորեր հագած, յոթը տարեկան երեխայի նման:
– Կարծում է, թե իրեն համար եմ աշխատում, – ասաց քթի տակ Քյալաշ քեհյան, նրա հեռանալուց հետո: – Հողն իմն է, դու շինիր իմ գետնի վրա սարայը, երբ էգուց մեկէլ օրը ոտքիդ տակ սապոն դնեմ, քեզ պլստացնեմ անդունդը, հայտնի բան է, ինձ կմնա սարայն էլ, միջի սարքն էլ: Բայց ոչինչ, դա առժամանակ ուրախացի՜ր, մեկ թշնամիներս գլորիր ոտքիս տակ, ճզմեմ ես նրանց գլուխը, քեգ բմբուլի պես թռցնելը ինձ համար ջուր խմելուց հեշտ է: