Читать книгу Ժառանգներ - იაკობ ცურტაველი - Страница 5
ՔԵՀՅԱ
Ե
Оглавление– Մինաս քեհյա, – ասաց կատակի ձևով մի օր Մամոն Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, – այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել: Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու: Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգարտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը: Է՛հ, փուչ աշխա՜րհ, ապերախտ մարդի՜կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին…
– Իրավունք ունիս, բե՜գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք… Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է:
– Երկարաբանություն պետք չէ, – ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը: – Գնացեք, գեղովի ժողով արե՜ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հող տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ: Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե:
– Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի: Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող չունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ… Ի՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե…
– Այդպե՛ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները: Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՜մ տանելու, էլի՜, իրենց: Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար:
– Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ, – ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհլան:
– Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա, – ասաց Մինասը, – դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարդի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա:
– Ինչի՞, քեզ ի՞նչ է եղել:
– Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնևհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել: Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք. թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին:
– Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ: Դու խո տալիս ես երկու օրավար: Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք:
– Բայց…
– Բայց-մայց պետք չէ՜, դու գնա, գզիրը ուղարկի՜ր, համբաներին կանչի՜ր քեզ մոտ, խոսի՜ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք:
Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները: Շա՛տ խոսեցին, շա՛տ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց վերջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին, մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեգին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով էլ ցանել: