Читать книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - იაკობ ცურტაველი - Страница 2

Ա

Оглавление

Հայրս կալվածատեր էր և մեր գավառում պետական բարձր պաշտոնատար։

Բայց ես պետք է սկսեմ նրա մահից։

Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին։

Մեռնելուց մի ամիս առաջ (դեռևս ոտի վրա էր և բավական առույգ, բայց գիտեր, որ հաղթում է մահվան որդը) կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ։

– Էս տախտակին վրա ոստ կա, – ասաց հայրս և մեկդի նետեց տախտակը, փոխարինելով մեկ ուրիշ մաքուր տախտակով։ Ապա պառկեց հատակին, պարսկական քիրմանշահ գորգի վրա, հյուսնը վերցրեց նրա հասակի չափը։

– Չինարի բոյ ունիս, հաջի էֆենդի, – ասաց հյուսնը՝ չափը վերցնելուց հետո։

Հայրս ժպտաց անտարբեր։Եվ հորս ներկայության, նրա խստագույն ցուցմունքների և հրահանգների համաձայն՝ հյուսնը շինեց հորս դագաղը:

Մայրս, առանձին սենյակում, ողբում էր աղիողորմ, մինչդեռ հյուսնը, հորս հետ կատակելով, պատմություններ պատմելով և մեկ֊մեկ օղի ճնկելով, չափում էր ընկուզե տախտակը, կտրում, հղկում, ագուցում և փայլեցնում։

– Ուստա Մարգա՛ր, հեչ գամ չպիտի գործածես, – պատվիրում էր հայրս։

– Գլխո՛ւս վրեն, հաջի էֆենդի։

Իսկ ես, միամտորեն, թեթևագույն հոգով, դիտում էի ուստա Մարգարի աշխատանքը։ Կարծում էի, որ հայրս պատրաստվում էր ճամփորդության, գնալու էր Ստամբուլ կամ ավելի հեռու քաղաքներ և ինձ նվերներ էր բերելու։

Ամեն անգամ երբ նա վերադառնում էր ճամփորդությունից՝ ողողում էր տունը նվերներով։

Ուստա Մարգարը շինեց դագաղը, վերջացավ։ Կարծես մի սեղան շինեց կամ պահարան։ Այնքա՜ն անտարբեր։

– Հաջի էֆենդիիս պատմեմ, ասկե քսան տարի առաջ – պատմում էր ուստա Մարգարը, ծիծաղում ու հղկում տախտակը։

Բայց երբ հայրս ընտանիքի բոլոր անդամներին դուրս հանեց, որպեսզի դագաղի մեջ պառկի վերջին անգամ ստուգելու՝ ուստա Մարգարն էլ դուրս եկավ սենյակից սարսափով։

– Ղուրբա՜ն ըլիմ Աստծո զորության, ասլանի ջիգեր ունի, – ասաց ուստա Մարգարը։

Դուրսը բոլորն էլ լաց էին լինում, բոլորն էլ մասնակցում էին մորս ողբին։

Իմ աչքերն էլ լցվեցին արցունքով։

Իմ հոգու թեթևությունը փոխվեց մի մթին ծանրության։ Ականջիս շշուկ ընկավ, որ հայրիկը շուտով պետք է մեռնի

Ինձ պատեց մի վախ։ Այդ վախը գնալով աճեց։ Մինչև երեկո նա տիրեց ամբողջ իմ հոգուն։

Սկսեցի վախենալ տան բոլոր իրերից, մանավանդ դուռը բաց թողնված պահարանից, ջրհորից, սանդուղների տակը գրված մեծ սնդուկից, որի մեջ երբեմն մենք պահվում էինք խաղի համար։

Երբ հայրս դուռը բաց արավ, ո՛չ ոք չգնաց մոտը, բացի ինձանից։

Գնացի, փաթաթվեցի նրան, գլուխս խրեցի նրա կրծքի մեջ, խո՜րը, խո՜րը շնչեցի նրա շապկի հոտը։

Այդ հոտը տաքացրեց ինձ, փարատեց իմ սարսափը։

Հայրս գրկեց ինձ, նայեց աչքերիս մեջ։

Ես տեսա արցունքի կաթիլներ նրա աչքերում։

Մորս արցունքները շատ էի տեսել, բայց հորս արցունքները՝ երբեք։

Առաջին անգամ տեսա այրող արցունքը։

– Յավրում, մավի գյոզլի յավրում1 , – շշնջաց նա ու ինձ ողողեց համբույրներով։

Հետզհետե բոլորն էլ եկան, շարվեցին հորս առաջ։ Նա նստած էր իր անկողնի վրա, ես՝ նրա գրկում։

Գլուխը վեր բարձրացրեց, նայեց շուրջիններին և, տեսնելով լացից ուռած աչքերը, բարկացավ

– Ի՞նչ եք դեմս կայներ, հեռացե՛ք։ նրանք հեռացան։

Ծառան դագաղը շալակեց և տարավ դուրս։

Հայրս գլուխը հակեց իմ վրա, ինչպես մի մթին և ծանր ամպ։

Քիչ անց՝ եկավ ուստա Մարգարը։

Հայրս գովեց նրա աշխատանքը, վճարեց և մի քանի բաժակ օղի տվեց։

Ուստա Մարգարը բարձրացրեց առաջին բաժակը։

– Շնորհակալ եմ, հաջի էֆենդի, բարով – հանկարծ լռեց և ապշահար կանգ առավ։ Բաժակը վեր բարձրացրած՝ մնաց օդում։

– Վնաս չունի, խմե՛, – ասաց հայրս և ժպտաց։

***

Երկու օր անց՝ մտա փայտանոցը։

Սպիտակ սավանով փաթաթված երկար մի բան էր դրված պատն ի վեր։ Մոտեցա։ Բաց արի՝ հորս դագաղն էր։

Սարսափով վազեցի դուրս։

Հանդիպեց մայրս։ Մի ակնթարթ նայեց աչքերիս և անմիջապես փակեց իր ձեռքերով և ինձ սեղմեց կրծքին։ Ո՞վ է իմանում, ի՛նչ էր տեսել նա իմ աչքերում։ Դողում էի ամբողջ մարմնով, կարծես մերկ թողնված էի ցուրտ քամու առաջ։

Մայրս ոչինչ չհարցրեց ինձ։ Երևի նա զգաց, որ հորս դագաղն էի տեսել։

Հայրս պաշտոնատեղին էր գնում բարձր, սպիտակ և ռեհվան2 էշի վրա նստած, որի թամբը զարդարված էր արծաթյա աստղերով և փիրուզյա քարերով։ Էշը փողոցի քարերից կայծեր էր թռցնում վազելիս։ Ծառան վազում էր նրա հետևից հևիհև, որպեսզի պաշտոնատեղին հասնելուն պես, մի ձեռով սանձը բռնի և մյուս ձեռքով էլ՝ ասպանդակը, որ հայրս ցած իջնի։Ծառան էշը տուն էր բերում առանց նստելու։

Եվ ոչ ոքի էլ թույլատրված չէր այդ։ Երեկոյան նորից էր տանում, որ հայրս վերադառնա։ Եվ ամեն օր միևնույնը։

Մենք մի ձի էինք պահում, որպեսզի երբ ազգականներից և բարեկամներից մեկնումեկը գար և ասեր թե՝ «Հայրս բարև ըրավ, ըսավ քի՝ էշը թող տան, տեղ գնամ գամ», էշի փոխարեն՝ ձին տայինք։

Հայրս չէր սիրում, որ իր էշի վրա ուրիշն էր նստում։ Եվ դժվար թե ինքը՝ էշը թույլ տար, որ, բացի հորիցս, որևէ մեկը նստեր վրան։ Նստողի դիակով անպայման մի փոս կլցներ։

Հորս արիստոկրատիզմից շատ բան էր անցել էշին, նրա հոգեբանությունը նույնպես զարգացել էր այդ ուղղությամբ։

Հորս տուն վերադառնալուց առաջ ամբողջ տունը շարժման մեջ էր ընտանիքի ամեն մի անդամը մի բան էր անում, դարսում, սրբում, դասավորում, տեղափոխում։ Տունը պետք է լիներ խստագույն կարգապահության մեջ, կոշիկները դարսված, պահարանների դռները փակ, այգու ծաղիկները ջրված, երեխաները սանրված, ընտանիքի բոլոր անդամների շորերը փոխված, ջրի բաժակը ջրամանի մոտ՝ կոթը ոչ դեպի պատը դարձված, ավելն իր անկյունը, շորերի կախարանի նրա վերարկուի մեխը բոլորովին ազատ։

Դռան առաջ նա իջնում էր էշից։

Մի պահ սպասում էր, մի սիգարեթ էր վառում, որպեսզի ամբողջ տունն իմանա, որ եկել է։

Դրան կարիք էլ չկար, որովհետև փողոցի անկյունից էշը սկսում էր զռալ և հայտարարել ժամանումը։

Մայրս հանդիպում էր նրան բակում, միասին բարձրանում էին վեր։

Մեզանից ոչ ոք նրա մոտ չէր գնում, նա ինքը բոլորին կանչում էր հատ֊հատ, համբուրում, շոյում, կշտամբում և ճանապարհ գցում։

***

Կիրակի օրերը նա գնում էր ագարակ և մինչև կես֊գիշեր մնում այնտեղ։ Մարմարյա ավազանի եզրին օղի էր խմում, տնից հատուկ ուղարկված ընթրիքն անում։ Այդ ընթրիքը մոտավորապես պատրաստված էր լինում տասը մարդու համար – միգուցե հանկարծակի հյուրեր հայտնվեին։

Կես֊գիշերին վերադառնում էր էշով։

Եթե երեք օր էլ ուշանար՝ մայրս անքուն պիտի սպասեր նրան, մի քանի խոսք փոխանակեր և ապա գնար քնելու։

Իմ մանկությունն անցել է այդ ագարակում, մարմարյա այդ ավազանի եզրին, անցել է աղավնու սպիտակ թևերի վրա։

Գիշերը կապույտ երկնքից այնքա՜ն աստղեր էին թափվում նրա պայծառ, աստղասարսուռ խորության մեջ։

Ցերեկն արեգակը լողում էր նրա մեջ, կարծես զովանում էր նրա ցուրտ ջրերում, իսկ գիշերը տիեզերական էր, խորհրդավոր, խորի՜ն, խորի՜ն…

Գիշերը սպիտակ հատակը կապտանում էր, ջուրը մուգանում և աստղե՜ր, բյուրավո՜ր աստղեր։ Լռությո՜ւն, անսահման լռությո՜ւն։ Ուռիները կռանում էին ավազանի վրա, ամբողջ ագարակի ծառերը շշնջում էին, հանկարծ մի ասուպ ճեղքում էր ավազանը և կորչում։ Համատարած, մե՜ծ֊մե՜ծ թևերով գիշեր, երկա՜ր, համասփյո՜ւռ մի երազ, կապույտ, մուգ֊կանաչ և վերևում սպիտակ ամպեր։ Կապույտ երկնքից կարծես կաթկթում էր շիթ առ շիթ, եղնիկի արցունքների նման, անիմանալի մի բան, դողի նման, սարսուռի նման ծայր էր առնում, տարածվո՜ւմ և տիեզերանո՜ւմ։

Մրգե՜ր, մրգե՜ր, մրգե՜ր, որ գույն էին ճչում, խոտը հրավառ կանաչ, կանաչի մեջ կանաչ կակաչներ։ Սարալանջ, որ ներկվում էր արևային արյունով, սարալանջի ետևը կապույտ լեռներ, այդ լեռների գրկում, բարձր, ջի՜նջ, փիրուզյա մի լիճ, կարծես բյուրավոր մանկական աչքեր էին քթթում։

Խաղողի հատիկները կախվում էին ինչպես մանկական պայծառ, ջի՜նջ աչքեր։ Կարմիր, սև, դեղին և սպիտակ խաղողի ողկույզները ծծում էին արևից լույս, գույն և քաղցրություն, կարծես հենց արևն էր խտացած, կաթիլ֊կաթիլ մղված, ապա լերդացած և կլորացած։

Աշնան այդ ագարակը ծոցվորվում էր, հողը կարծես պատռվում էր իր սեռային անզուսպ կատաղությունից, հորդում էր միրգը, վարարում լեռներից հոսող ջրերի նման, հնձանը լռվում, խազմուզը փրփրում, վազում, լցվում կարասների մեջ իբրև հողի ուրախություն, իբրև արևի ճիչ, իբրև արևի և հողի հզոր և միասնական երգ։

Ես էլ ուզում էի երգել, երգել լիահնչյո՜ւն, արևալի՜ց և արևակո՜ծ։

***

Աշնան այդ լիառատ օրերին հայրս պատրաստվում էր գնալ Ստամբուլ։

Ասում էին, որ Ստամբուլում մի կին դյութել է նրան։

Բայց այս մասին այն ժամանակ, երբ կանեմ մորս պատմությունը։

***

Ճաշում ենք՝ լո՜ւռ։

Լռությունը դաժանագույն պայման էր, ոչ մի ծիծաղ, ո՛չ մի խոսք՝ այսպես էր պահանջում հայրս։

Մայրս դեմ էր այդ լռության, նա սիրում էր, որ ճաշն անցներ ճիչերով, ծիծաղով, թեև անկարգ, բայց ուրախ կանչերով, մեկը փրթկացներ, պատառը բերանում (այսպես էինք ճաշում, երբ հայրս բացակա էր), բայց երբ հայրս ներկա էր, մայրս էր, որ լռության էր հրավիրում բոլորին, որովհետև այդպես էր ամուսնու կամքը։

«Ծիծաղ և խոսակցություն ճաշից առաջ և հետո, բայց երբեք՝ ճաշի ժաանակ», – այս էր հորս փիլիսոփայությունը։

Երբեմն փորձում էինք շուռ տալ կարգը, հայրս սաստում էր

– Ծո՜ , ձա՛նըդ…

***

Տարին երկու անգամ հայրս հագնում էր նշանազգեստը, հագնում էր հայհոյելով, որովհետև այդ զգեստով դժվար էր նստել էշի վրա։ Այդ նշան ազդես ար երկար, սև սյուրտուկ էր, առաջը վերից վար կոճկված, բարձր օձիքով՝ վրան սրմայով բանված, ծոպավոր, ոսկեհուռ ուսադիրներ, կրծքի վրա աջ ուսից շեղակի իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը։ Գնում էր պետական պարադի, վերադառնում տուն և անմիջապես հանում, կրկնելով «Օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ, օ՜ֆ, ազատվա՛»։

Այդ օրն ամբողջ տունը լուռ էր, տոնական խաղաղություն, տան բակի սալահատակն այնքան մաքրված էր լինում, որ աղոտորեն անդրադարձնում էր վրան քայլող մարդկանց ստվերները։ Տան ֆասադը զարդարված էր լինում թրքական մահիկազարդ դրոշակներով, դուռը կամարված կանաչ ուռու ճյուղերով, որոնց մեջ կախվում էին գույնզգույն լապտերներ՝ գիշերվա համար։

Ամառը հայրս անցկացնում էր երկար ժամեր տան պարտեզում, ջրհորի մոտ, մի մեծ վարդենու կողքին։

Առավոտվանից ջրհորն էին իջեցնում մի փոքրիկ կողով։ Այդ կողովում՝ մի փոքրիկ շիշ օղի, կանաչի և մրգեր։ Հորս նստելն ու ջրհորի կողովը վեր բարձրացվելը մեկ էր լինում։ Կողովի բովանդակությունը մայրս ինքը դարսում էր վարդենու տակ դրված սեղանի վրա։

Քույրերիցս մեկը հանում էր հորս կոշիկը, փոխարինելով հողաթափով։

Մեկ֊մեկ երկարում էր հայրս, բռնում վարդենու ճյուղը, մոտեցնում քթին և հոտոտում մութ֊կարմիր, մեծ վարդը։

Այդ անէացած աշխարհի կապույտ մոխրում այժմ էլ, զգում եմ, կաթում է այդ վարդենու արյունը, կաթում է արցունքի նման, ցողի նման, կաթում է եղևնու խեժի նման։

Այդ բոլորի վրա փլվեց կապույտ երկնակամարը, ինչպես հին տաճարի փիրուզյա գմբեթ երկրաշարժից։

***

Նոր տարու գիշերը, երբ մենք՝ մանուկներս, սպասում էինք Ձմեռ պապիին, որ մեզ բերեր նոր տարու նվերներ, դուռը բախեց մահը, բռնեց հորս ձեռքը, սեղմեց ջերմագին և նրանք, մահն ու հայրս, թևանցուկ դուրս եկան տնից, քայլեցին սպիտակ ձյունի վրայով։

Գնացին և է՛լ չեկան։

1

Տղաս, կապուտաչյա տղաս

2

քայլքի տեսակ

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Подняться наверх