Читать книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - იაკობ ცურტაველი - Страница 4

Գ

Оглавление

Այստեղ անմիջապես պետք է հիշեմ պապիս՝ մորս հորը։

Հակառակ մորս հեզահամբույր բնավորության՝ պապս խստաբարո մի մարդ էր։ Կռվում էր ամենքի հետ, քառասուն տարով քեն էր պահում, բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը, ամբողջ կյանքում, բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել, կերել էր իր հոր հարստությունը, մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոսքը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել, վերջացրել էր, որդիներն էին մեծացել և նրանց հաշվին էր ապրում։

Պապիրոսի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե բազար գնա՝ (եթե գնա) ինչ պիտի առնե։ Այդ ցուցակը երեք կամ չորս բանից էր բաղկացած լինում 2 օխա շաքար, 25 գրեմ զենջեֆիլ, մեկ շիշ քացախ և հաց բայց այդ համարում էր աշխատանք։

– Կըսին քի գործ չեմ ըներ, էսի գործ չէ՞ – հարց էր տալիս մեկնումեկին և ցույց տալիս պապիրոսի թղթի վրայի ցուցակը։

Ձին նստել և այգի գնալ գալն էլ աշխատանք էր համարում, որովհետև պահապանին մի քանի հայհոյանք տված կլիներ։

Եկեղեցի գնալը, աղոթք անելը և տերտերին հայհոյելն էլ աշխատանք էր և գերաշխատանք, եթե սկանդալը մեծ էր լինում։

Իր հարազատներից և ծանոթներից ոչ ոքին իսկական անունով չէր կանչում՝ «շունը, քյոփակը, սև կատուն, փոթոն, աղվեսի պոչը, սատանի քիթը, քելը, փիսը, թուլ բերանը, կախ կոկովը, փաթլախը, քոռը» – և այսպես անվերջ ածականներ։ Օրինակի համար, իմ մասին խոսելիս՝ ասում էր

– Մեր կապոտ շունը։

Եկեղեցում, երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս, նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։ Պատահեց մի անգամ, որ քահանան, գիտենալով հանդերձ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, կրճատեց մի աղոթք, պապս շարունակեց, քահանան ականջ չկախեց, պապս ավելի բարձրաձայն և ավելի համառորեն շարունակեց, խանգարելով քահանայի մտադրությունը՝ այդ օրը մի քիչ ավելի շուտ վերջացնելու ժամերգությունը։ Բայց սրանով չվերջացավ, պապս սպասեց, որ քահանան դուրս գա եկեղեցուց։

– Էկեր պատարագիչ չըլլեիր, ոտիս տակը կառնեի քեզ, շո՛ւն շան որդի։

Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ, և այլն։

Տուն վերադարձին, տան բոլոր անդամների բերաններից հոտ էր քաշում, թե պատարագից առաջ բան կերե՞լ են։

Ամեն մեկին կանչում էր թե՝ – Հո՛ ըրե։

«Հո» էինք անում և ուտում ապտակը ո՞վ կարող էր բան չուտել մինչև պատարագի վերջը։

Մենք կաղամբը հում էլ ուտում էինք, որովհետև քաղցր էր լինում, ճիշտ մրգի նման բերում էին սեղան, ջարդված։

Մի անգամ ծառան շուկայից կաղամբի մի գլուխ էր բերել։ Մորեղբայրներից մեկը՝ Պարթևը, ճանկեց կաղամբը և ուզեց մի կտոր պոկել։ Պապս նրան սաստեց, որ «մինչև սեղան չի գա, չի պտի ուտես»։

Բացի սաստելուց, նրա թաթիկին մի հատ էլ խփեց, բայց երբ կաղամբը ջարդեցին և բերին սեղան, Պարթևը հրաժարվեց ուտելուց։ Պապս հրամայեց նրան ուտել, նա համառորեն հրաժարվեց։ Այս անգամ պապս բռնի մի կտոր կոխեց նրա բերանը և սկսեց խփել գլխին։

– Սատկես նե՝ տ՚ուտես։

Պարթևը ցավից սկսեց լաց լինել և ճչալ կաղամբի խոշոր կտորը բերանում։

– Հաջի՛ աղա, կուտե, հաջի՛ աղա, կուտե, – աղաչում էր տատս, բայց հաջի աղան խփում էր Պարթևին և գոռում

– Ուտելու խշրտոցը տի լսիմ:

Եվ Պարթևը հարվածներից ազատվելու համար սկսեց կես լաց լինել ու կես ուտել, և պապս հանգստացավ՝ լսելով կաղամբի՝ ատամների տակ տրորվելու յուրահատուկ խշրտոցը։

Պապիս բեղերն այնքան երկար էին, որ հասնում էին մինչև ականջներր։

Նա խորագույն հպարտությամբ դիտում էր այդ բեղերը հայելու մեջ ամեն անգամ ամեն մի պոչը երեք֊երեք անգամ շոյում էր և հեռանում հայելուց։

Սովորություն ուներ նա, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, անպայման ծրարը պետք է մկրատով կտրեր բանալու համար։ Տատս անհամբերությամբ, և երբեմն արցունքոտ աչքերով, սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցման, բայց պապս անասնական համառությամբ չէր բաց անում, մինչև մկրատը գտներ, իսկ եթե մկրատն օրերով չգտներ, օրերով չէր բաց անում։ Բանալուց հետո էլ՝ երկար բարակ ակնոցն էր մաքրում, սիգարեթը փաթաթում, մոխրաման բերում, դնում իր առաջը, մի օղի էր ճնկում, հազում էր, թքում և ապա սկսում էր կարդալ։ Սկսում էր կարդալ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, կարդում էր թիվ, որպեսզի «պարունակության վերահասու ըլլա» և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականություն։

Երբ տատս կենում և սպասում էր, որ վերջապես վերջանան այդ դաժան գործողությունները, պապս ասում էր

– Գնա կերակուրդ եփե, վերջը եկո՛։

Տատս փափուկ, սպիտակ ձեռներով, փոքրիկ մի կին էր, խոշոր, սև աչքերով, միշտ ժպտուն, միշտ հեզահամբույր և չափազանց մաքրասեր։ Նրանից միշտ մենք առնում էինք մաքուր սպիտակեղենի զգլխիչ հոտը։ Խոսում էր մանտր֊մանտր, ախորժելի և խելոք։

Ամառը նա սիրում էր նստել պատշգամբը, որի առաջը փռվում էր աստիճանավոր պարտեզը, պարտեզի տակով անցնում էր անվերջ ջրվեժներով մեծ առուն։ Առուն գալիս էր բարձրից և խոր ձորերով գնում էր դեպի զմայլելի դաշտը։

Երբ ծառերի տերևները շարժվում էին, և Խուրայի սարից փչում էր զով քամին, տատս մանրիկ բերանով մրմնջում էր

– Օ՜խ, ակդ սիրեմ։

Այս երկու հակադրություններն ինչպե՞ս էին ապրել իրար հետ ողջ 41 տարի ահա այն դարավոր զազիր օրենքի գաղտնիքը, որ հրամայում է՝ «Կին, եղի՛ր հնազանդ քո ամուսնուն»։

Մի գիշեր պապս երազ էր տեսել, որ մառանի հատակին, մի արշին խորության, ապուպապերից թաղված է եղել մի կճուճ լիքը ոսկի։ Այդ երազից հետո զաթնեց և զարթեցրեց բոլորիս ու կարգադրեց, որ մառանի ճիշտ մեջտեղը փորենք։ Սկսեցինք փորել սարսափելի կարծր հատակը, և իսկապես մոտավորապես մի արշին խորությունից երևաց կճուճը։ Հենց որ պապս կճուճը տեսավ, ուրախությունից ուշաթափվեց։ Տասը հոգով հազիվ կարողացանք նրան բարձրացնել վերի հարկի ննջասենյակը։ Հիշում եմ, մի թևը ես էի բռնել, որպեսզի կախ չընկնի, և այդ թևն անգամ ծանր էր ինձ համար։ Առավոտյան ուշքի եկավ։ Ուշքի գալուն պեսճ կճուճն ուզեց։ Բերին։ Կճուճը բոլորովին դատարկ էր։ Երբ տեսավ, որ դատարկ է, նորից ուշաթափվեց, և այս անգամ տևեց երկար։ Հարկ եղավ բժիշկների միջամտությունը՝ ուշքի բերելու համար։

Պապս, իր ամբողջ կյանքում, չընդունեց ո՛չ մի սխալ։ Հավատում էր, որ ինքը երբեք ոչ մի սխալ չէր գործել։ Երբ տատս հիշեցնում էր նրան իր անվերջ դատավարությունները, փուճ համառությունը, պապս պատասխանում էր. – Էկեր նորեն աշխարք գամ, նորեն տի էնիմ։

Ոչ ոքից խորհուրդ չէր հարցնում, բայց ինքը պահանջում էր, որ ամեն մի ծանոթ գա և իրեն խորհուրդ հարցնի։ Պապս ի՞նչ հիմք ուներ այս բոլորի համար։ Խելո՞ք էր։ Ո՛չ։ Պարզապես հաջի Առաքել աղան էր։ Ուրիշ ոչինչ։ Իսկ այդ հաջի Առաքել աղան ի՞նչ բան էր։ Կատարյալ ոչինչ։ Իբրև նախկին հարուստի զավակ՝ ստացել էր այդ ամբարտավանությունը և տրադիցիայով շարունակում էր այդ ոսկեզօծ ամբարտավանությունը։

Եթե մեկնումեկը պատահաբար խորհուրդ տար նրան, թեկուզ մի հասարակ բանի համար, և եթե մինչև անգամ ինքն էլ ներքուստ համոզված լիներ, որ խորհուրդը ճիշտ է և օգտակար, չէր լսի։

Ինչպե՞ս, հաջի Առաքել աղան ուրիշին լսի՜…

Լավ հիշում եմ, մի օր պապս բարձրացել էր սանդուղքների վրա և ուզում էր մի մեծ մեխ խփել պատին։ Ինչ֊որ մի բան էին ուզում կախ տալ։

Տատս ցանկանում էր, որ մեխն ամուր խփվի,բայց որպեսզի ամուր խփել տա, ներքևից պապլիս խորհուրդ տվեց մեխը թույլ խփել։

Պապս, հակառակն անելու համար, ամբողջ ուժով խփեց մեխին, և մեխը գրեթե թաղվեց պատի մեջ, այսպիսով, տատս անել տվեց իր ցանկացածը և քթի տակ մանրիկ ժպտաց։

Եթե տատս ցանկանար գնալ մի որևէ ամառանոց, ձմեռվանից սկսում էր դեմ խոսել այդ ամառանոցին։

– Էդ ըլ տե՞ղ է, որ կերթան, տաք, մարդ կը խաշի։

Երբ ամառը գալիս էր, պապս տատիս տանում էր այն ամառանոցը, որի դեմ տատս ձմեռը խոսում էր։

Այսպիսով, կատարվում էր տատիս ցանկությունը։

Եվ տատս ոչ միայն այս բանում, այլև ամեն բանում կիրառում էր այդ մեթոդը և կոտրում պապիս պողպատյա կամքը։

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Подняться наверх