Читать книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - იაკობ ცურტაველი - Страница 5

Դ

Оглавление

Ես ունեի մի պառավ հորաքույր։

Նա ամեն տեղ էր՝ մեռելատանը, հարսանիքներում, կռվի ու բամբասանքի մեջ, շուկայում, տանիքի վրա, աղբյուրը, պարտեզում, հիվանդի գլխի վրա, տղացկան մոր ոտների տակ, ժառանգությունների բաժանման մեջ, նշանտուքի և խոսկապի մթին ցանցերում։

Նա մի կին էր, որ երբեք չէր սիրել։ Նրա արտահայտոթյունը նման էր այն էգ կատվին, որ մայիսն առանց արու կատվի անցկացնելուց հետո, ման էր գալիս կտուրներն ու տան անկյունները քաղցած վագրի հայացքով, փայլփլուն աչքերով և ամեն մի առիթից պատրաստ փշտացնելու և ցցելու ստևները։

Հորաքույրս անց էր կացրել ոչ թե մի մայիս, այլ 65 մայիս առանց արուի, և ման էր գալիս մեր տանը և փողոցնեում դառնացած, օրերի, իրերի և մարդկանց դեմ չարացած։

Պարտված այս կինը թշնամի էր ընտանեկան խաղաղության։

Մարմնի բոլոր մասերը ճչում էին դառնություն։

Նա ձմեռները կաղ էր, ամառները՝ առողջ։

– Ինչպե՞ս է, մայրիկ, որ հորաքուրիս ոսկորները ամառները կշտկին և ձմեռները կծռին, – մի օր հարցրի մորս։

– Ձմեռը ջղերը ցուրտեն կքաշվին, – պատասխանեց մայրս, – ամառները կթուլնան։

Ջիղը՝ ահա իմ հորաքրոջ էությունը։

Ջիղը միայն սրունքների վրա չէր, որ ազդում էր, ջիղն էր, որ կառավարում էր նրա մարդկային ողջ կյանքը։

Սև, չորացած մարմին ուներ, գլխի վրա կարճ և նոսրացած մազերով, աչքերը խավարակուռ գիշերվա նման խոր, մատները երկար, լղար և ուռած երակներով, ճակատը ծուռ, կուրծքը ներս ընկած, փորը – բայց, փոր չուներ, կրծքի անմիջապես տակից սկսում էին նրա սրունքները, որոնք այնքան էլ երկար վար չէին վազում, շուտով հասնում էին գետին։ Ուսերի վրա ցցվում էր սրածայր գլուխը՝ առանց վզի, քթի վերևը, աչքերի սրածայրությունից սեղմված, քիթը – վերևում բռնադատված լինելով նեղանալու՝ ներքևում ընդարձակվում էր, որի գագաթն ամեն ամիս կարմրում էր, ուռչում, դեղնում և հուսկ ապա՝ պայթում։

Դժվար թե կարելի լինի նկարագրել նրա բերանը, որովհետև մշտական ձև չուներ։ Եթե տանն էր, ընտանիքի անդամների ներկայության, ուրիշ ձև ուներ, եթե հյուրեր գային, տարբեր ձև էր ընդունում, հորս ներկայության՝ տարբեր (զսպված և կծկված), բամբասանք արած ժամանակ արտակարգ մեծանում էր։ Վա՛յ թե քներ, այգ ժամանակ բերանն իրանր չէր – մի անտեր և ավերակ խոռոչ, ուր ամեն ինչ մտնում, ելնում էր։ Այդ ավերակ խոռոչից դուռս էին ցցվում նրա իրարից հեռու երեք ատամները՝ ինչպես ցամաք նետված հին և խորտակված նավի կայմեր։

Հագուստը միշտ հին էր։

Երջանիկ էր նա ցնցոտիներում։

Նա դեմ էր մինչև անգամ բնության շռայլության։

Ատում էր լավ հագնվողներին, ատում էր մանավանդ գեղեցիկ կանանց։

Հիշում եմ նրա կարկատանները, խունացած վերարկուն, հազար ու մի գույնզգույն կտորներով կպցրած շապիկը, մանավանդ գլխի շալը, որը մի հիմար անգլիացի փորձեց գնել՝ իբրև անտիկ ձեռագործ։

***

Հորաքույրս ընկույզից շինած մի խոշոր սնդուկ ուներ (երեք հոգի կարող էին ծալապատիկ նստել մեջը, որի բովանդակությունը դժվար թե ես այժմ կարողանամ վերհիշել։

Այդ սնդուկում կային 50 տարվա հին սիստեմի կարված մետաքսե շորեր, կոշիկներ, զանազան գույնի կոճի և խառնված թելեր, երեսի սրբիչներ, ծածկոցներ, գուլպաներ, գլխանոցներ, վարտիքներ, շապիկներ, ասեղ, գնդասեղ, զանազան որակի կերպասի կտորներ, հին ոսկիներ, մարգարիտներ, գոհարներ, փոքրիկ խալիչաներ, արծաթե թաս, չիբուխներ, համրիչներ, գոտիներ, օդեկոլոնի շշեր, պատկերներ, շրջանակներ, հին դրամներ, ոսկեկոթ գրիչներ, թանաքամաններ, հին Ավետարաններ, երուսաղեմյան խաչեր, կոճակներ, գդակներ, ֆեսի ծոպեր, մատնոցներ և այլն․․․ Իսկ նա ապրում էր փառահեղ ցնցոտիներում, հագնում էր այնպիսի գուլպաներ, որոնք 30 տարուց ի վեր կարկատում էր, այնքան էին հաստացել, որ ոչ մի կոշիկի մեջ չէին մտնում։

***

Երկար տարիներ առաջ մեկը՝ Նազար աղան, նրան կնության էր ուզել, և նա մերժել էր։

– Ինչ ախմախ էի էն վախտը, – ասում էր հորաքույրս, – որ ատ մարդր չառի, Նազար աղայի տանը խանում խաթուն կըլլեի։

Այս ասելուց հետո՝ հորաքույրս խոր ախ էր քաշում, և պատրաստ էր արցունքը, թափվում էր սև, ծալքոտած երեսներից վար։

Նազար աղան, ամառ֊ձմեռ, կախ ընկած վարտիքի նման մի անձրևանոց ուներ, չոր, ցից֊ցից մազերով, յուղոտած ֆեսով։ Նրա աչքերը տարբեր ուղղություններով էին հառում։ Նազար աղայի քայլվածքը նման էր այն էշի քայլվածքին, որի ծանր բեռը, տիրոջ անուշադրությունից, գալիս֊հասնում է մինչև պոչը, ծանրանալով հետույքի վրա, երբ զառիվեր է բարձրանում։

Բայց Նազար աղան այդպես չէր երևում հորաքրոջս։

Նա հաճախ կրկնում էր․

– Մա՜րդ, ի՜նչ մարդ, բոյը֊բուսը տեղը, շարժվածքը, քելքը, քիչ խոսող, լուրջ, կնկանը Ալմաստ մը կըսե, Ալմաստ մըլ բերնեն կըյնի․․․ տունը֊տեղը լեցուն, վաստակը տեղը․․․

Նազար աղան բազարի հետընկած մի անկյունում մի փոքրիկ եռանկյունաձև կրպակ ուներ, որտեղ զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Նրա ողջ «գրասենյակի» կահ֊կարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի թելերով կապել էր, մի թանաքաման՝ մեջն ամբողջ մաղ, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ՝ այնքան փոշոտած, որ թափանցիկ չէր, և մի ավել, որ անգործածելի լինելուն համար դարձել էր սարդի բույն։

Նազար աղան, բացի պատրաստի նամակներից, ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրեր էր գրում։ Այդ աղերսագրերը նա արտադրում էր մի հաստափոր գրքից, փոխելով անուններն ու թվականները։

Պատրաստի նամակի համար ստանում էր տասը փարա, իսկ աղերսագրերի համար՝ 60 փարա։

Արդյոք Նազար աղան մի օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին։ Չեմ կարծում, որովհետև մեր տան լուսամուտի առաջից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս մտիկ չէր տալիս։

Մի անգամ Նազար աղայի մասին հարց տվի մորս։ Նա ասաց․

– Աղեկ մր չեմ հիշեր, տղա՛ս, շատ տարի առաջ ատպես խոսք մը եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնա՜ց։

***

Ես բաղնիս գնում էի մեր տան կանանց հետ։

Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիքը, որովհետև մինչև հիմա էլ հիշում եմ կավերի հոտը, գոլորշին, սիրտ մարեցնող տաք և խըշխըշ ջուրը և կանանց բլրացած ճարպն ու միսը։

Հորաքույրս բաղնիքում միշտ լողանալով չէր զբաղվում։

Նա ամենայն ուշադրությամբ և չարությամբ դիտում էր հասունացած աղջիկներին, որպեսզի դուրս գար բաղնիքից և սկսեր խոսել և բամբասել։ Բաղնիքից անմիջապես հետո չէր կարող դռնե֊դուռ մտնել և սկսել բամբասանքը, որովհետև, հոգնած էր լինում, այնքան չեչքար էր քսում մարմնին և վառող֊թափող դեղեր էր գործածում։

Բայց հաջորդ օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, անտիկ շալը գցում գլխին, ընկնում հարևանների տները։

Մտնում էր Եղիս խանումի մոտ։

Եղիս խանումը մի կին էր, որ իր իսկ շվաքից էր վախենում, որի տան լուսամուտների վարագույրները միշտ փակ էին, ուրիշի անունը չէր արտասանում, որպեսզի մի գուցե բամբասանք չդառնա։ Եղիս խանումն ուներ մի տղա (40 տարեկան) և մի աղջիկ (35 տարեկան)։ Որդուն չէր պսակել, որպեսզի քաղաքում խոսք֊զրույց չլինի, իսկ աղջկան էլ տեսնող չէր եղել, որ ուզեր։

Մայրը նրան տարին մի անգամ միայն դուրս էր հանում, այդ էլ միայն եկեղեցի տանելու համար։ Կանգնեցնում էր վերնատան ետևը, թույլ տալով միայն, որ քթի մի մասը և երկու աչքերի միայն մեկն ազատագրի երեսի քողից։

Հորաքույրս դիտմամբ երևակայում էր, որ Եղիս խանումը միտք ունի Գուվար խանումի աղջիկն ուզելու որդու համար։ Հորաքույրս սկսում էր բամբասել Գուվարի աղջկան, որին բաղնիսում տեսել էր բոլորովին մերկ։

– Կռնակի վրա երկու դանակի նշան կա, ով գիտե ի՞նչ հիվանդություն ունի, չըլլի թե Սմբատիդ համար ուզես, – բամբասում էր հորաքույրս։

– Սմբատս հալա կարգվելու չէ, – պատասխանում էր Եղիս խանումը։

Իսկ Սմբատը 40 տարեկան էր։

– Պարտք սեպեցի քըզի ըսիմ, – ավելացնում էր հորաքույրս։

Մտնում էր ուրիշ տուն։

– Հազարխան խանումի աղջիկը ճռվները (սրունքները) դեղ կքսեր, հալբեթ հիվանդություն ունի։

Մի ուրիշ տեղ՝ մի աղջկա մասին։

– Երեսը տեղն է, բայց մարմինը չորտոտ, իմ մարմինս քեզ օրինակ։

Մի ուրիշի մասին․

– Մարմնի վրա տղամարդու պես մազ ունի։ Սիրտս խառնեց։

Այսպես անվերջ, առանց հոգնելու, առանց հագենալու։

Մի օր բաղնիսի դրսի ընդհանուր սրահից մի կին ներս մտավ մեր լողանալու բաժինը և խնդրեց մորիցս, որ թույլ տա այստեղ լողանալու։

Կինն սկսեց լողանալ մորս թույլտվությամբ։

Մայրս գնաց դուրս։

Հորաքույրս եկավ և հրամայեց կնոջ, որ անմիջապես դուրս ելնի։

– Վարթեր խաթուն, – ասաց Օղաբեր խաթունը, – Մարգարիտ խանումը հրաման տվեց։

– Խանում֊մանում չեմ ճանչնար, գնա՛ դուրս, – հրամայեց հորաքույրս։

Օղաբերը զայրացավ։ Սա էլ մեղմ կանանցից չէր։

Սկսեցին իրարու խոսքեր կանչել – գնա, չեմ գնա, դուն ո՞ր շուն ես, հալա կհաչես – դիպան իրար։

Օղաբերի ազգականները հավաքվեցին, բացվեց տրագիկոմեդիայի վարագույրը։

Օղաբերը և նրա մի քանի ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի ծանր թասերը փաթաթեցին մեջը և հորաքրոջս ձգեցին մեջտեղը։

Ճարպոտ կանաց ծծերը, կատաղած փոքրիկ շների գլուխների նման սկսեցին վեր֊վար ելնել և իջնել։

Մեկի ոտը սլլաց, ամբողջ հասակովը փռվեց սալահատակին, մսերը ճխլվեցին, բայց ոտի կանգնեց ավելի կատաղած։

Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր բաղնիսի աթոռով, խփում էր ծնկներին և ոտի ոսկորներին։ Հարված ուտողներն աղիողորմ ճչում էին և ուշաթափվում։ Վերջին ճիգով հորաքույրս նետեց աթոռը, ճեղքեց Օղաբերի ծծերից մեկը և ինքն էլ ուշաթափվեց։ Մայրս վրա պրծավ և դադարեցրեց կռիվը։ Ես շուտով հագնվեցի, որ գնամ և կառք բերեմ հորաքրոջս տուն փոխադրելու համար։

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Подняться наверх