Читать книгу Հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 4

ԾԻՏԸ

Оглавление

Լինում է, չի լինում մի ծիտ:

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.

– Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:

Ծիտը գնում է, ետ գալի, թե` իմ փուշը ետ տուր ինձ:

Պառավն ասում է.

– Փուշը թոնիրն եմ գցել:

Ծիտը կանգնում է, թե`

– Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս կթռչեմ:

Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

– Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա՛յ լոշը ա՜ռ, կաթնի մեջ բրդի՜, կե՜ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր:

Հովիվն ասում է.

– Կերա:

– Չէ՛, – ասում է, – իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:

Ասում է. – Ի՞նչ եք մոլորել: Ա՜յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք:

Ասում են. – Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք:

Նա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:

Ու հարսին առնում է թոչում:

Գնում է, գնում. գնում է տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է:

Ասում է. – Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր:

Աշուղը ասում է. – Հարսը գնաց իրենց տուն:

Սա թե` չէ, իմ հարսը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:

Աշուղը սազը տալիս է իրեն:

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնիկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սագիկ առա,

Սագիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը,

Ծի՛վ, ծի՛վ:


Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:

Հեքիաթներ

Подняться наверх