Читать книгу Հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 5

ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Оглавление

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

– Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա, – հարցրեց վերևից բակում պառկած շանը:

– Ես էլ չգիտեմ, – պատասխանեց Քուչին:

– Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք. արի՛ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՛ւ:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

– Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՛յ լավ նախաճաշիկ, – մտածեց աղվեսը ու վազեց:

– Բարի՛ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

– Գնում ենք աշխարհ տեսնելու, – պատասխանեց աքլորը:

– Օ՛, ինչ լավ բան եք մտածել, – խոսեց աղվեսը: – Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ինչ լավ էր` պատահեցինք: Դե՛, ցած արի, որ չուշանանք:

– Ես համաձայն եմ, – ասավ աքլորը. – տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ` գնանք:

– Ո՞րտեղ է ընկերդ:

– Էն թփի տակին:

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը», – մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ:

– Կա՛ց, աղվե՜ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի, – ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու: Ընկավ մի գյուղ: Տեսավ` այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում:

– Ախտե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք:

– Կացինն ի՞նչ բան է, – հարցրին գյուղացիք:

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը: Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ ձայն տվին իրար.

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ:

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան:

Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը:

Առաջին օրը տանուտերը տարավ: Կացինը վրա բերավ թե չէ` ոտը կտրեց: Գոռալով ընկավ գյուղամեջ:

– Տո՛, եկե՜ք, եկե՜ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց:

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել: Ծեծեցին, տեսան` բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին:

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց: Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան` կացինը կարմրել է: Գոռացին.

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք` ոնց է կարմրել. որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի: Ի՞նչ անենք:

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը: Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ` կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ:

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե` «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»:

Հեքիաթներ

Подняться наверх