Читать книгу Հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 7
ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
ОглавлениеԼինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղաճ ու մի կտոր պանիր:
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:
Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղաճը չկա:
Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը:
– Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղաճը հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: – Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: – Ինձ մի սպանի, – ասում է, – մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի, ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալի թագավորի մոտ:
– Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք:
– Չախչախ թագավորն ո՞վ է, – զարմացած հարցնում է թագավորը:
– Դու դեռ չես ճանաչում, – պատասխանում է աղվեսը: – Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես:
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: – Օֆ, – ասում է, – զոռով չափեցինք:
– Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել, – մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:
Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:
Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում. կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:
– Օֆ, – ասում է, – մեռանք, մինչև չափեցինք:
Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում: Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում:
Անց է կենում մի քանի օր: Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում:
– Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:
Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:
– Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել, – ասում է վախեցած ջաղացպանը: – Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… Հիմի ես ի՞նչ անեմ…
– Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, – հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:
Վազելով ընկնում է պալատը: – Հայ-հարա՛յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:
Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն: Շրջապատված մեծամեծներով, առջևից` ձիավորներ, ետևից` ձիավորներ – էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՜ն – շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկուռում ու զարմանում:
– Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը: – Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:
– Չէ, դրանից չի, – պատասխանում է աղվեսը: – Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…
Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:
– Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը:
– Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի, – պատասխանում է աղվեսը հառաչելով:
– Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, – խնդրում է թագավորը: – Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:
Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:
Հարսանիքից հետո թագավորը իր աղջկակ մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:
– Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, – ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:
– Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. – Շահ- Մարինը:
– Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը. թե չէ` վայն եկել է ձեզ տարել:
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:
– Էս ո՞ւմն է:
– Շահ-Մարինը:
Հովիվներին էլ նույնն է ասում:
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:
– Էս ո՞ւմ արտերն են:
– Շահ-Մարինը:
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:
– Էս ո՞ւմն են:
– Շահ-Մարինը:
Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:
– Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր, – գոռում է հեռվից վազելով: – Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:
– Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, – հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:
– Փախի՛, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից անհամար ձիավորներ:
Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:
– Էս ո՞ւմ նախիրն է, – հարցնում են ձիավորները:
– Չախչախ թագավորինը, – պատասխանում են նախրապաները:
Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:
– Էս ո՞ւմն է, – հարցնում են ձիավորները:
– Չախչախ թագավորինը, – պատասխանում են հովիվները:
Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:
– Էս ո՞ւմ արտերն են:
– Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին:
– Էս ո՞ւմն են:
– Չախչախ թագավորինը:
Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:
Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:
Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:
Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:
Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:
Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է: