Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 8

ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
Բ
ՊԱՏԵՐ ՍԻՄՈՆԸ

Оглавление

Մի քանի րոպե չանցած արդեն ամեն ոք նավակ էր վարձել քաղաք դուրս գալու համար, բայց ես շվարած չգիտեի ինչ պետք էր անել: Ես առաջին անգամն էի ծովով ճանապարհորդում և մանավանդ անծանոթ էի այս քաղաքին, չնայելով որ յոթ տարիներից ի վեր բնակվում էր այստեղ իմ քույրը, որին ես առաջի անգամ գնում էի այցելության:

– Դուք չե՞ք կամենում քաղաք դուրս գնալ, – հնչեց ետևիցս մի հաստ և խռպոտ ձայն: Ես իսկույն հետ դարձա և տեսնում եմ երկար լոդիկով, լայն շրջանավոր գլխարկով և սափրված ընչացքով ու ծնոտով մի հաղթանդամ և բարձրահասակ մարդ, որ յուր պայուսակը և մի քանի փոքրիկ կապոցներ ձեռքն առած, պատրաստվում էր երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու: Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա: Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում:

– Դուք չե՞ք պատասխանում, – կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը:

– Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, – պատասխանեցի ես:

– Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, – հարեց նա և առաջ անցավ:

Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:

– Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, – հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով նստանք նավակի մեջ:

– Արամ Բյուրատյան, – պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ, բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը:

– Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան, կաշխատեմ չմոռանալ: Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում:

– Ոչինչ չգիտեմ, – պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:

– Զարմանալի բան պատահեց:

Ես փոքր ուշացա այնտեղ, և կարծում էի, թե այլևս նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին. բայց ինչպես երևվում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ:

Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.

– Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում:

– Օ՛, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ: նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր: Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը: Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտե՞ք որքան շատ խմեցինք… Օ՛, երևակայել չեք կարող: Շա՛տ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՞թ եք նրա հետ:

– Ո՛չ, – պատասխանեցի ես:

– Ափսո՛ս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ պատվական մարդ է և զարմանալի հյուրասեր: Գիտե՞ք. նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՞նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել: Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ: Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞:

Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին:

– Ինչպե՞ս. մի թե դուք հոգևորական եք, – շտապով հարցրի ես:

– Իհարկե, մի՞թե դուք չգիտեիք: Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատեր – Սիմոն:

– Քահանա՞… – զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին:

– Իհարկե քահանա, միթ՞ե չեք տեսնում, հա՛, հա՛, հա… և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա:

– Ի՞նչ բանի ես նայում, ապուշ, – գոռաց նրա վերա պատեր – Սիմոնը, – թիակներդ շարժի՛ր, ամբողջ երկու ժամ հո մեզ չի պիտի պահես ջրի մեջ:

Նավաստին հետ դարձրեց երեսը և սկսավ արագ արագ շարժել յուր թիերը:

– Ներեցեք ինձ, տե՛ր – հայր, միթե…

– Ամենից առաջ թույլ տվեք նկատել, – ընդհատեց ինձ պատերը, – որ ինձ տեր՛ – հայր կանչելու իրավունք ունիք, այդ անունը տալիս են հայոց քահանաներին, իսկ մեզ հետ խոսում են «պատվելի» տիտղոսով:

– Բայց դուք էլ հայերեն եք խոսում…

– Այդ ապացույց չէ, որ ես էլ ուրեմն հայոց քահանա եմ: Ես… այո, ես քահանա եմ, բայց կաթոլիկների քահանա, այսինքն ավելի մեծ եկեղեցվո պատկանող: Դեհ, այժմ ասացեք, ի՞նչ էիք ուզում հարցնել:

– Ես ուզում էի հարցնել, թե մի՞թե անմորուք և առանց ընչացքի քահանա կա աշխարհում, (խոստովանում եմ, ես այն ժամանակ դեռ այդ չգիտեի, որովհետև տեսած չէի):

– O՛, տգե՛տ, տգե՛տ, ինչե՞ր է հարցնում, հա՛, հա՛, հա՛…

Եվ այս անգամ պատվելին այնպես թուլացավ ծիծաղից, որ ստիպվեցավ երկու ձեռքով յուր տակառանման փորը բռնելու, կարծես նրա հանկարծական պայթումից վախենալով:

Ես մնացել էի ապշած, բայց մի դեպք հանկարծ իմ ծիծաղն էլ շարժեց: Պատեր – Սիմոնը, որ սաստիկ ծիծաղելուց թեքվել էր մեջքի վերա, կորցնելով յուր շոգելից գլխի հավասարակշռությունը, կքեց նրան դեպի ծովը և յուր լայն շրջանավոր գլխարկը ընկավ ջրի մեջ:

– Սպասի՛ր, սպասի՛ր. ապո՛ւշ, անասո՛ւն, – սկսավ նա բարկանալ և գոռալ նավաստիի վերա, որը աչքը ափին տնկած անընդհատ առաջ էր վարում մակույկը, – սպասիր գլխարկս վերցնեմ, գլխարկս… – Այս ասելով նա պատրաստվում էր կարծես մակույկից դուրս թռչելու և ալիքների վերա սուրալով յուր գլխարկը բռնելու, որին փոքրիկ կոհակները հեռացել էին իսկույն:

Նավաստին հետ նայեց և տեսնելով պատվելիի գլխարկը ալիքների վերա՝ չկարողացավ յուր ծիծաղը զսպել:

– Դու՞ էլ ես ծիծաղում, անզգամ, – գոչեց վայրենի ձայնով պատերը և հարձակվեցավ նավաստիի վերա. բայց վերջինս չգիտեմ ինչ մի ճարպիկ հարված տվավ ալիքներին, որ նավակը սաստիկ երերաց և պատվելին, որ առանց այն էլ ուղիղ կանգնելու ընդունակությունը Բաքոսին էր նվիրել, կորցրեց յուր հավասարակշռությունը և գլորվեցավ նավակի մեջ:

Այժմ ծիծաղից թուլանալու հերթը ինձ հասավ:

Նավաստին արագությամբ դարձրեց նավակը և հասնելով ապստամբ գլխարկին՝ հափշտակեց նրան թիակի ծայրով և. տվավ պատվելիին, որը արդեն ընկած տեղից բարձրացել և զայրացած դեմքով նստել էր յուր նստարանի վերա: Բայց ըստ երևույթին նա ինձանից ավելի է վշտացած, քան նավաստիից, թեպետ երկուսս էլ ոչնչով մեղավոր չէինք յուր գլխարկի ապստամբության գործում: Այսուամենայնիվ պատվելին էլ կամեցավ շարունակել ինձ հետ յուր խոսակցությունը և դեմքը դեպի շոգենավը դարձնելով սկսավ նավապետի սենյակում յուր կիսատ թողած շիշերը երազել:

Ճշմարիտը խոստովանած, ուրիշ անգամ այս տեսակ մի անծանոթ անձնավորությունը ինձ կհետաքրքրեր. և որքան էլ անբնական դրության մեջ լիներ նա, դարձյալ ես չէի թողնել նրան, մինչև որ իմ մանրակրկիտ հարցուփորձով չտեղեկանայի նրա ո՞վ և ո՞ր տեղացի լինելը, ո՞ր քաղաքից և ի՞նչ գործով այստեղ գալը, ի՞նչ գաղափարների և համոզմանց տեր լինելը և այլն, և այլն: Բայց այս անգամ ես բավականացա միայն իմանալով, որ նա մի հայ կաթոլիկ քահանա է և որ նրան անվանում են պատեր – Սիմոն: Էլ ուրիշ ոչնչով չհետաքրքրվեցա, որովհետև նույն րոպեին ինձ ուրիշ մարդիկ էին զբաղեցնում, որի համար և առիթ էի պտրում քաղցվալից ընկերոջս շաղակրատությունից ազատվելու:

Ուստի երբ նա լռեց, ես էլ գոհ սրտով դարձրի երեսս հակառակ կողմը և անուշադիր դեպի նրա գոյությունը սկսա այն մտածմունքներով զբաղվիլ, որոնք նույն րոպեին քաղցրացնում էին իմ կարճ, բայց անհանգիստ ճանապարհորդությունը:

Պատմվածքներ

Подняться наверх