Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 9

ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
Գ
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ

Оглавление

Նավակը փոքր առ փոքր մոտենում էր ափին, սիրտս կամացուկ սկսում էր տրոփել, և մի անհանգստացնող ուրախություն հետզհետե լցվում էր նրա մեջ: Ես մտածում էի, որ ահա մի քանի րոպեից հետ պիտի տեսնեմ իմ քրոջը, որին այնքան սիրում էի, բայց որին յոթ երկար տարիներից ի վեր տեսած չէի: Ո՛չ հեռավորությունը և ո՛չ տարիների անջրպետը չէին բաժանել մեր սրտերը միմյանցից, ընդհակառակը, երկարամյա կարոտը ավելի զգայուն և ավելի խանդակաթ էր դարձրել նրանց: Օ՛, որքա՛ն քաղցր, որքա՛ն գողտրիկ և մանավանդ թե որքա՛ն անկեղծ է այն սերը, որ կապում է միմյանց հետ մի քույր և եղբայր… Եվ ով չէ ունեցել այդ սերը, նա չէ վայելել կյանքի ամենաքնքուշ քաղցրություններից մինը – հարազատության քաղցրությունը: Այն մի քանի րոպեները, որոնք բաժանում էին ինձ իմ քրոջից, մի մի ժամերի չափ երկարում էին ինձ համար: Ես գիտեի, որ միևնույն անհանգստությամբ սպասում էր նա ինձ, ըստ որում առաջուց դիտեր իմ գալուստը, գիտեի, որ ափին մոտեցող յուրաքանչյուր նավակը անշուշտ թունդ է հանում նրա սիրտը:

Հիսուն քայլ հազիվ էր մնացել, որ մենք ափը իջնեինք: Այն տեղի վերա, ուր դիմում էր մեր նավակը, ժողովված էր կանանց և մարզիկների մի բազմություն: Ըստ երևույթին նրանցից ոմանք եկել էին իրենց բարեկամներին դիմավորելու, իսկ ուրիշները, լոկ հետաքրքրությամբ կամ, շոգենավի գալուստը տեսնելու… Ես հեռվից սկսա որոնել իմ քրոջը, բայց այն բազմության մեջ անհնար եղավ ինձ ճանաչել նրան:

Վերջապես նավակը մոտեցավ ափին, ես դուրս ցատկեցի ավազի վերա և հենց պատրաստվում էի պայուսակս վերցնել հանկարծ տեսի, որ մի նորատի տիկին կանանց միջից դուրս վազեց և «եղբայրս…» ճչալով դիմեց գրկաբաց դեպի ինձ և պլլվեցավ իմ պարանոցին: Նա իմ քույրն էր, ես իսկույն ճանաչեցի, նա շատ քիչ էր փոխվել: Երկար մենք չկարողացանք ասել միմյանց հետ. մենք գրկվում, համբուրվում և ուրախությունից արտասվում էինք… Սա այն վայրկյաններից մինն էր, երբ մարդ մոռանում է վշտերի գոյությունը և ամբողջապես հոգիանալով՝ լուծվում է հրճվանքի և երջանկության մեջ…: Տխրությունը յուր սև պատկերով չքանում է նրա աչքերից. մարդկանց դեմքերը էլ չարություն չեն արտահայտում, ամեն կողմ տիրապետում է բերկրանք և ուրախություն, և բոլոր շրջապատող առարկաները ժպտում են նրան… Ահա այստեղ է զգում մահացուն կյանքի քաղցրությունը, այստեղ է նա ճանաչում կյանքի հրապույրները:

Վերջապես մոտեցավ ինձ իմ փեսան, որը մինչև այն տեղի էր տվել իմ քրոջ գգվանացը, գրկեց և համբուրեց ինձ և ապա կառք կանչելով հրավիրեց ինձ նստել տուն գնալու համար:

Մինչև այն ես գրեթե մոռացել էի իմ ընկերոջը՝ պատեր – Սիմոնին: Երբ ուղղվեցի դեպի կառքը, հանկարծ աչքիս զարկավ նրա լայն շրջանավոր գլխարկը և սափրած ծնոտը: Նա կանգնած էր մի քանի քայլ մեզանից հեռու շրջապատված կանանց ու աղջիկների մի փոքրիկ խմբակով: Պատեր – Սիմոնը այնպիսի մի համեստ և պատկառելի կերպարանք էր առել, որ ես մի վայրկյան վարանեցի ընդունել նրան իմ արբած ընկերոջ տեղ, և սկսա զննել նրան: Նա քնքշաբար ողջունում էր յուր շրջապատողներին, հարցնում էր նրանց և իրենց ընտանիքների առողջությունը, իսկ յուր ձեռքերը համբուրող մի երկու փոքրիկներին փայփայում և օրհնում էր: Երբ կառքը նստանք, ես պատրաստվում էի հարցնել իմ փեսային թե ո՞վ էր արդյոք այս պատերը և ի՞նչ գործ ուներ նա այս քաղաքում, բայց մի ուրիշ ավելի հետաքրքիր անձնավորություն գրավեց իմ ուշադրությունը: Սա մի գեղեցկահասակ, սիրուն դեմքով, մեծ և սևորակ աչքերով աղջիկ էր, որ պատերին շրջապատող խմբակից դուրս գալով մոտեցավ մեր կառքին և շնորհալի ու ժպտադեմ դիմեց քրոջս, «Շուշան, թույլ տուր, որ ամենից առաջ ես շնորհավորեմ քեզ եղբորդ գալուստը»: Այս ասելով սեղմեց քրոջս ձեռքը և գլխի թեթև շարժումով ողջունեց փեսայիս և ինձ:

Քույրս հայտնեց նրան յուր շնորհակալությունը: Ես սպասում էի, որ նա գեղեցիկ աղջկա հետ էլ կծանոթացներ ինձ, բայց նա այդ չարավ, և երևի իմ ցանկությունը գուշակելով, ասաց.

– Ես քեզ չեմ ծանոթացնում իմ եղբոր հետ, ես կսպասեմ քո այցելությանը:

– Ուրախությամբ, – պատասխանեց գեղեցիկ աղջիկը և շնորհալի ժպիտով մեզ ողջունելով հեռացավ, նրա վերջին հայացքը հանդիպեց իմ աչքերին, բայց մեր կառքը արդեն հեռանում էր…

– Ինչո՞ւ չհրավիրեցիր օրիորդին մեզ հետ կառք նստելու, – հարցրեց փեսաս քրոջս:

– Նրա մայրը այստեղ էր, նա նրան միայն թողնել չէր կարող, – պատասխանեց քույրս և սկսավ կրկին զբաղվել ինձմով: Առաջին տեսակցությունից նա յուր կարոտը դեռ չէր առել, նա ուզում էր խոսել ինձ հետ, հարցափորձել ինձ. և որքան շատ բաներ ունեինք մենք միմյանց հաղորդելու:

Բայց գեղեցիկ աղջկա անձնավորությունը նույնպես սկսավ հետաքրքրել ինձ:

– Ո՞վ էր այդ աղջիկը, – հարցրի քրոջս:

– Դա օրիորդ Լուսինյանն է:

– Ինչպե՞ս է նրա անունը:

– Մարգարիտա, – պատասխանեց քույրս և ապա ժպտալով նկատեց, – ըստ երևույթին իմ բարեկամուհին քեզ շատ է հետաքրքրել, լավ, ես վաղը կծանոթացնեմ քեզ նրա հետ:

Քրոջս այս խոստումը ինձ անհաճո չթվաց, և ես նրան հայտնեցի իմ անկեղծ շնորհակալությունը, որը բավական զվարճացրեց իմ բարի փեսային:

Պատմվածքներ

Подняться наверх