Читать книгу Հին աստվածներ - იაკობ ცურტაველი - Страница 1

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ
Առաջին տեսարան
ՍԵՎԱՆԻ ԳԱԳԱԹԸ, ԺԱՅՌԵՐՈՒ ՄԵՋ ԱՎԵՐԱԿ ՄԸ, ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

Оглавление

Վանահայրը նստած է քարի մը, ձեռքը ծնոտին ու մտախոհ կնայի վար: Կիսափուլ կամարի մը տակեն կամաց դուրս կելլե Ճերմակավորը: Վանահայրը` բարձրահասակ, թավ ու ալեխառն, գլխաբաց: Ճերմակավորը նույնպես գլխաբաց, երկար սև մազերով, ասորական ձևի հյուսված սև ու շքեղ մորուքով: Վայրկյան մը երկուքն ալ լուռ կնային իրար:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – (Հեգնոտ) Կդիտես, կդիտես թագավորությունդ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խոժոռ) Ո՞վ ես դուն:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Դիտե, դիտե: Տես, այդ երկու-երեք խարխուլ խցիկները, չէ՞ որ դուն ես շիներ. հապա այն մատուռը, որ քու աճապարանքն է կառուցեր. և վերջապես, նայե, քու այն եկեղեցիդ, որուն գմբեթը օր-օրի կբարձրանա վեր և որու գլխուն շուտով քու իսկ ձեռքովդ խաչը պիտի տնկես:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, եթե տերը կամենա:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Նայե ու հպարտացիր: Չէ՞ որ այդ բոլորը քու կամքիդ ծնունդն է:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞վ ես դուն:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Այ, սևավոր, ինչո՞ւ ես ժողովեր գլուխդ այդ սևազգեստ ու սևահոգի մարդիկը, ինչո՞ւ ես եկեր այս հինավուրց կղզին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞վ ես դուն:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ելիր, ելիր. քշե նորեն դուրս դեպի կյանքը այդ թշվառ ու մռայլ ամբոխը: Ելեք դուրս, դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դուրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ու ծնունդի: Դուրս, մի աղարտեք իմ աստվածներուս այս սուրբ դրախտը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հոս դրախտ չկա: Այս ժայռի կտորին վրա ես իմ վանքս հիմնեցի. ասկե ետքը հոս անապատ պիտի կոչվի:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Անապա՞տ… այս ծիծղուն ծովակի ծոցին, այս թարմ արևուն դեմ: Հեռու, կոխած տեղդ հին տաճար է աստվածներու. հեռու, հին աստվածներու շեմքեն է, որ կխոսիմ քեզի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հին աստվածներու ավերակներեն:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ավերակը այս քարերն են, որ քեզիպեսներն են դարսեր. քանդվեր է անոնց դարսածը: Բայց ինքը կյանքի մեհյանը խորտակում չունի, ինչպես և ինքը կյանքը: Կթափին քարերը, կփոխվին անունները բայց իրենք աստվածները կան ու կմնան:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հոս մեռան քու աստվածներդ:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Հոս ու ամեն տեղ, ուր մարդ իր ոտքը կդնե, հոն են անոնք հավերժ ու անմահ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հոս մեռան քու աստվածներդ, և անոնց ավերակներուն վրա ես իմ Աստծուս տաճարը կառուցի: Նայե, մութին մեջեն դեռ կնշմարվի գմբեթին արդեն կազմվող սրությունը: Հոն կթագավորե միայն հոգին, հոն կթագավորե միայն Աստծու շունչը…

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Հոն կթագավորե տանջանքի գործիքն ու մահը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Տառապանքը կյանքի խոցն է, իսկ մահը` կյանքի քայքայումը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու բերնով կխոսի մանուկ մարդկությունը:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Քու բերնով կխոսի ցավագար մարդկու- թյունը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հերիք է, ո՞վ ես դուն, որ կհայհոյես: Հեռացիր, այս կղզիին վրա ալ տեղ չկա քեզի ու քու աստվածնե- րուդ:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Այս կղզին ալ նույն աշխարհն է, ինչպես ամբողջ աշխարհը: Երկրպագե, մոլորված, հավերժ աստվածներուն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հեռացիր:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Խոստովանե, մոլորված, ու երկրպագե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հեռացիր:

ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Կուգա օրը ու կխոստովանիս (Աներևույթ կըլլա):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կնայի շուրջը, անհանգիստ) Ո՞վ էր: Չքացավ: Տեսի՞լք, կասկա՞ծ… (Հանկարծ վճռական) Ա, երբեք: Աշխարհքը մուտք չունի այս կղզին: Աշխարհքը մուտք պիտի չունենա այս կղզին: Ոչ:

Հին աստվածներ

Подняться наверх