Читать книгу Հին աստվածներ - იაკობ ცურტაველი - Страница 2
ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ
Երկրորդ տեսարան
ОглавлениеՀրապարակ նոր շինվող եկեղեցիին առջևը
Մեկ կողմը տաճարի անդուռ մուտքը: Կերևան տախտակե ելարաններ: Հոս ու հոն թափված են ատաղձ, կիսատաշ քարեր, մաղ, գործիքներ:
Խորքը ծառեր, որոնց բներուն մեջեն կնշմարվի ծովը: Ամբողջ տեսարանի միջոցին քամի է, երբեմն խիստ բուռն թափով: Կլսվի տերևներուն շրշյունը և ծովուն խուլ աղմուկը հեռուեն:
Ա
Մեկ-երկու քարտաշ կվազեն ծառերուն տակեն դեպի ծովուն կողմը: Տեսարանի խորքեն արագ կանցնի ժամկոչը երկար ձող մը ուսին: Եկեղեցիեն դուրս կուգա Ադամ վանականը արտորալով և աշխատելով դուրս քաշելու երկար պարան մը, որուն ծայրը ներսն է:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – (Ջերմեռանդ) Աստված հասնի օգնու- թյան: Աստված հասնի օգնության:
ՔԱՐՏԱՇ ՄԸ – (Կուգա ծովուն կողմեն ձեռքերը չորցնելով, բաց են ոտներն ու թևերը) Ձգե, վար ձգե, հայր սուրբ, ալ կարիք չկա: Ելան, ամենքն ալ ելան ափը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ամե՞նքն ալ. կըսես, ամենքն ալ և ծովը թափվածնե՞րը:
ՔԱՐՏԱՇ – Ամենքն ալ, թեև հույսերնիս բոլորովին կտրեր էինք, այնպես կատաղի ծով է, ապշած կեցեր էինք ճարահատ, ըսինք` հիմա զարնե պիտի ափի ժայռերուն և փշուր-փշուր ընե լաստն ալ, մեջի եղողներն ալ: Ես ու իմ Աստվածը, շատ աժան պրծան:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Փառք քեզի, սուրբ Աստվածածին: Իսկ ո՞վ էին ծովը թափվածները: Շատե՞րը:
ՔԱՐՏԱՇ – Միայն երկուքը, մեր աբեղան ու օրիորդը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Օրիո՞րդը… ի՞նչ օրիորդ:
ՔԱՐՏԱՇ – Իշխանին աղջիկը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Վայ, ա՞ն ալ իշխանի հետն էր: Է, կենդանի՞ է, ուշքը վրա՞ն:
ՔԱՐՏԱՇ – Այո, երևի: Հայրն ու իր մարդիկը տարին վանահոր խուցը: Տեսնեիր` ինչպես սփրթներ էր իշխանը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Կատա՞կ է, խեղճը: Բայց ո՞վ կըսեր անոնց` այս տեսակ եղանակով ծով դուրս գային:
Բ
Կմտնեն Անտոն, Մովսես ու Ծերունի վանականները:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Է, ե՞տքը, ե՞տքը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Թող, թող քիչ մը շունչ քաշեմ: “Ետքը, ետքը” հարցնելը դյուրին է, ետքը սարսափելի էր: Վայ… կարծես թևերս ջարդված ըլլան (Կնստի բարձր քարի մը):
Հաջորդ պատմության միջոցին, հոն եղողները կմոտենան պատմողին, այլև կուգան քանի մը բանվոր, Ղազար, Դավիթ, Զաքարիա վանականները և կավելնան ունկնդիրներուն:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Խոսե, խոսե:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Թող, տղա, թող ուշքի գա:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Պահ մը դեմքը կծածկե ձեռքերովը և հանկարծ բանալով) Կեսեն արդեն անցեր էինք: Մեյ մը վեր կելլեինք ալիքներուն ծայրը, մեյ մը կիջնեինք անդունդը` ամենքն ալ լաստին վրա փակեր էին իրենց տեղը, սփրթներ ու չորցեր: Ես ու աբեղան կքաշեինք թիերը որքան ուժ ունեինք: Կամաց մը գլուխս դարձուցի, տեսա` կմոտենայինք ափին, բայց ինչ ափ, ալիքները, որ կուգան ու կզարնեն ժայռերուն, կարծես փրփուրի սար ըլլան դեմդ կեցած: Ի՞նչ մեղքս պահեմ, սիրտս հալեցավ, ըսի` վերջացավ: Բայց հուսահատ ուժ տվի թիերուս, “Յա Հիսուս Քրիստոս”. ըսի` “Պինդ նստեցեք, չվախնաք”: Աս ըսելուս մեյ մըն ալ տեսնեմ ահագին վիթխարի ալիք մը, կարծես հեռու ցամաքեն փրթեր կուգար շիտակ մեր վրա… (Ոտքի ելլելով): Ալ մնացածը… ալ ինչպե՞ս ըսեմ: Գիտեմ միայն, որ լաստը հանկարծ սաստիկ թեքվեցավ, կախ ինկավ անդունդի բաց շրթունքին, հանկարծ սուր ճիչ մը ու կարծես բան մը փրթավ մեր լաստեն ու սահեցավ այդ փոսը: “Աղջիկս, աղջիկս…” Բարձրացավ աղմուկ, իրարանցում, ես դեռ հազիվ էի հասկցեր, որ կողքես վեր թռավ Աբեղան, արագ նետեց վրայեն կապան, ցատկեց ջուրը: Լաստն ուժով ճոճվեցավ, մնացի մեկ թիով, լավ է` ալիքը ինքը կքշեր, բայց գիտեի նորեն ետ է գալու: Եվ եթե դուք ժայռերուն վրայեն թոկը ժամանակին չհասցնեիք` կորած էինք մենք բոլորս ալ, կես վարկյան մը ավելի ուշ, կես վայրկյան մը և վերջացավ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Աստծու հրաշքը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Իսկ օրիո՞րդը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Հպարտ) Մեր Աբեղան ազատեց:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Լողալո՞վ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Այո, լողալով հանեց ափը:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Մի՞թե Աբեղան լող տալ գիտեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞րտեղեն, ո՞վ էր լսեր:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Ուղղակի հրաշք է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Ձեզի կըսեմ` Աստծու մատը կա հոդտեղ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Բայց աղեկ, ինչո՞ւ ճամփա ելաք այս եղանակով, Անտոն հայր սուրբ:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Է, այնքան ըսի, համոզեցի, իշխանուհի սրբուհին ինքը այնքան խնդրեց, ո՞վ է լսողը: Իշխանը հրամայեց, որ մտնեն լաստը: “Եթե կվախնաք, դուք մի գաք”: Ալ ինչպե՞ս հակառակեի, ըսի` Աստծու կամքը:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Հապա աղջի՞կը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ան ալ հորը կտորը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Չէ , Տիրամոր կամքն էր ասիկա, նայեցեք, ո՞վ է Տիրամոր այս տաճարը կառուցողը, մեր սրբուհի իշխանուհին չէ՞, ո՞վ է մեր այս վանքը շեն ու պայծառ պահողը, ո՞վ է շիներ մեր այս խուցերը, ո՞վ է, որ շարունակ ամեն մեր պետքերուն օգնություն է հասեր մեզի, մենք, որ Տիրամոր աղոթող ճորտերս ենք:
ՁԱՅՆԵՐ – Իրավ է, իրավ է:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Աստված երկար կյանք պարգևե մեր սրբուհի իշխանուհիին:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Ան, որ թողեր է ամեն իշխանական կյանք ու վայելքը, իր զավակներն ու իր ապարանքը ու եկեր է Տիրամոր ոտքը, հոն, Ցամաքաբերդի մենության մեջ իր կյանքին վերջին կեսը նվիրելու ճգնության ու աղոթքի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ- Երկար արև մեր բարեպաշտ սրբուհիին:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Այ, Տիրամայրը անոր համար է, որ ցույց տվավ մեզի իր հրաշքը, ազատեց ալիքներեն անոր եղբայրն ու այդ աղջիկը: Թող տեսնեն բոլոր թերահավատները ու համոզվին, որ մեր Տիրամայրը երեսե չի ձգեր իր ծառաներն ու իր աղոթողները: Անպակաս ընենք մեր աղոթքներն ու թող անպակաս ընե Ան իր օրհնությունը մեր վրայեն, անպակաս ընե մեր սրբուհի իշխանուհիին վրայեն: Փառք մեր Տիրամոր անունին, փառք անոր Միածին Որդու անունին, հավիտյանս հավիտենից:
ԽՈՒՄԲԸ- (Երկյուղած) Ամեն
ՁԱՅՆԵՐ – Իշխանը, իշխանը:
Գ
Իսկույն խումբը կբաժանվի երկու մասի, կշարվի ու կմնա խոնարհ: Կմտնեն Իշխանն ու Վանահայրը, քանի մը հետևորդներ ու վանականներ:
ԻՇԽԱՆԸ – (Ուղիղ դիմելով դեպի շենքը) Ասիկա է ուրեմն քրոջս այնքան սիրած ու փայփայած եկեղեցին: Կոկիկ ու սիրուն տաճար է (Հետևորդներուն) Ըսի` այսօր տեսնեմ պիտի այս եկեղեցին և, այ, բոլոր տարերքներուն հակառակ կեցած եմ հիմա հոս ողջ և առողջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հանդուգն քայլ էր ըրածդ, իշխան:
ԻՇԽԱՆԸ – Ձեր անապատը ուրիշ է, վանահայր, ուրիշ է դուրսը: Դուրսը հանդուգն եղողինն է աշխարհը: Եվ վերջապես մեյ մըն ալ, ո՞վ գիտե, երբ եմ այս կողմերը անցնելու, այնքան գործ ունիմ և զբաղում: Չտեսնեի՞ անգամ մը քրոջս եկեղեցին, չհամբուրեի՞ անգամ մը սուրբ սեղանը երթալես առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Վաղը օր չէ՞ր, իշխան:
ԻՇԽԱՆԸ – Վա՞ղը, բայց ես այս իրիկուն մեկնելու եմ Ցամաքաբերդեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ հիմա նորեն մտադիր ես ծովն անցնի՞ս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Աստված չեն փորձեր, իշխան:
ԻՇԽԱՆԸ – Քավ լիցի: Դեռ քանի ժամ ունինք, հույս ունիմ ծովը կմեղմի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եթե քեզի չես խնայեր, պետք է խնայես զավակդ:
ԻՇԽԱՆԸ – Աղջիկս քաջ է: Քիչիկ մը վախցավ, քիչիկ մըն ալ ձեր Սևանի ջուրեն կուլ տվավ, բան չկա, երիտասարդություն է, կանցնի: Բայց ինչ որ այսօր տեսավ ու ապրեցավ, այ ատիկա չի անցնիր: Չէ՞ որ իր պատանեկան հիշատակներուն ահեղ փոթորիկ մը նվիրեցի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Կյանքի հետ չեն խաղար, իշխան:
ԻՇԽԱՆԸ – Ատիկա ըսողը դո՞ւն ես, ծերուկ: Այնքան երկար ես ապրեր, որ մոռցեՐ ես, թե կյանքՆ ինքը խաղ մըն է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Կյանքը խաչ մըն է, որդիս,որ պիտի կրենք մեր ուսին, մինչև Տերը կանչե մեզի, Տիրամայրը խնայեց քեզի այս անգամ, բայց այդ մեղքը մյուս անգամ չկրկնես:
ԻՇԽԱՆԸ – Եվ շնորհակալ եմ իրմեն, հայր սուրբ, կաշխատեմ պարտքի տակ չմնամ: Եվ հիմա որ ուխտի եմ եկեր իր տաճարը, չէի ուզեր եկած ըլլամ պարապ ձեռքերով: Կնվիրեմ Տիրամոր այս տաճարին կաղնի դուռ մը բարձրաքանդակ, այլև վարագույր մը ավագ խորանին, որ պիտի ըլլա թավիշ ու ոսկենկար:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Օրհնյալ ըլլաս: Ձեր ցեղի անունը անջինջ պիտի մնա այս պատերեն:
ԻՇԽԱՆԸ – Նաև պատվիրեր եմ իմ գործակալիս, ամեն տարի, քանի շեն է իմ տունս, տասը չափ սպիտակ ցորեն ղրկվի իմ կալերես ձեր անապատը: Վայելքը ձեզի, ձեր սուրբ աղոթքը ծնողներուս ու զավակներուս:
ՁԱՅՆԵՐ – (Խառն) Աստված օրհնե ձեր ծնողներուն հիշատակը: Շեն մնա ձեր կալն ու այգին:
ՁԱՅՆԵՐ – (Խառն) Աստված օրհնե ձեր ծնողներուն հիշատակը: Շեն մնա ձեր կալն ու այգին: Աստված պահե ձեր զավակները: Աստված ավելացնե ձեր ինքն ու ստացվածքը:
ԻՇԽԱՆԸ – Իսկ հիմա… (Վանահորը) Ո՞ւր է Աբեղան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իսկույն, իշխան, ետևեն մարդ եմ ղրկեր: Այ արդեն:
Դ
Կմտնե Աբեղան Սիմոն վանականի ու դպիրի մը ընկերակցությամբ: Աբեղան մռայլ է, դեմքը անշարժ, աչքերը միշտ գետին, տեսակ մը անկամք:
ԻՇԽԱՆԸ – (Քիչ մը դիտելեն ետքը) Ինչ գեղեցիկ տղա ես դուն և ինչ երիտասարդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Միաբանությանս մեջ կրտսերն է, իշխան:
ԻՇԽԱՆԸ – Է, վրադ պիտի չըլլար այդ սև վերարկուն և ես գիտեի իմ ընելիքս: Քեզի կուտայի իմ տակիս նժույգը, կուտայի քեզի, այ իմ սեփական սուրս, որ երեսուն տարի ծառայեր է ինծի հավատարիմ, և կառնեի քեզ իմ պալատս, իբրև իմ հարազատ որդիս: Իմ սև նժույգս քու այդ կերպարանքիդ աղվոր պիտի վայլեր, իսկ ձեռքդ, կտեսնեմ, շուտով պիտի սորվեր սուրիս: Ձիս ու սուրս թե հերիք չեկավ, կուտայի քեզի և աղջիկս…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխան:
ԻՇԽԱՆԸ – …Որուն կյանքը այսօր ազատեցիր: Անիկա արդեն քոնը կըլլար ըստ օրինի: Դուրսը աշխարհին մեջ` ով ինչ վերցուց, վերցուց:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխան:
ԻՇԽԱՆԸ – Գիտեմ, գիտեմ, այս սուրբ մենաստանին մեջ այս խոսքերուն տեղը չէ: Բայց ի՞նչ ընեմ, կուզեի բան մը տամ, կուզեի բան մը ընեմ, կուզեի բանով մը երախտագետ ըլլամ այս անձնվեր, այս քաջ կտրիճին; Ափսոս, այդ սև վերարկուն կկաշկանդե իմ թևերս: (Մոտենալով աբեղային) Տղաս, քու իշխանդ քու առջևդ շատ աղքատ է ու շատ անզոր քեզի փոխարեն մը ընելու, ինչ որ ըսել կրնամ` հոս ներելի չէ, ինչ որ տալ կրնամ` քեզի պետքը չէ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մեզի պետք է քու զավկիդ երկար արևը:
ԻՇԽԱՆԸ – Աղեկ, ես քեզի պարտական մնացի, աղվոր զգացում չէ, ես սովոր չեմ եղեր պարտական մնալու: Ինչևէ, տուր ձեռքդ, տես իմինս, ասիկա երբեք տկար չէ եղած մեր թշնամիներուն դեմ ու երբեք ալ անարդար գործ չէ տեսած, արժանի է, որ սեղմես այդ քու ձեռքովդ, որ այսօր ազատեց աղջիկս ալիքներեն: (Պինդ կսեղմե աբեղային ձեռքը) Մտնենք, վանահայր, տաճարին ներսը:
Իշխանը, վանահայրը, հետևորդները և վանականներեն շատերը կմտնեն եկեղեցի:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Կամաց մը բռնելով Աբեղայի թևեն) Երթանք, մենք ալ երթանք ու քիչ մը հանգստացիր: Դեռ դժգույն ես բոլորովին և կզգամ մարմինդ, որ դեռ կդողա:
Կես մը գրկած կտանի դուրս:
Ե
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Մոտենալով Ադամ վանականին, խորհրդավոր կերպով) Հիմա ո՞րքան ժամանակ պետք է ապաշխարե Աբեղան, որ տաճարին մուտքը նորեն բացվի իրեն համար:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ապաշխարե՞, ինչո՞ւ համար:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Չէ՞ որ ձեռք է տվեր կնկա:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Բայց… բայց այս տեսակ դեպք…
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ատիկա միևնույն է, մեղքը մեղք է միշտ: (Ավելի խորհրդավոր) Ես տեսա, երբ իրարու փաթթված դուրս ելան ալիքներուն մեջեն: Իշխանին մարդիկը գրեթե բռնի խլեցին աղջիկը անոր թևերուն մեջեն:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – (Զայրույթով) Անմիտ բաներ կխոսիս: