Читать книгу Հին աստվածներ - იაკობ ცურტაველი - Страница 3

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ
Երրորդ տեսարան

Оглавление

ԱԲԵՂԱՅԻՆ ԽՈՒՑԸ, ԳԻՇԵՐ

Ցած ու փոքր սենյակ մը, պատերը անգաջ քար: Ճակատը տախտակե պարզ մահճակալ, վրան փռված է փոստ մը, չոր ու կարծր բարձ մը, իսկ կոշտ ծածկոցը կիսովին ինկած է գետին: Սենյակին մեջտեղը հին կարպետի կտորի մը վրա ցածլիկ ու լայն գրակալը, գրակալի վրան ալ մեծ ու բաց ձեռագիր մը: Սենյակին մեկ կողմը փայտե կոպիտ սեղան, վրան փայտե սև խաչ մը, կավե փարչ մը և յուղի ճրագը, որ կպլպլա: Մյուս կողմը սենյակի մուտքն է: Մահճակալին գլուխը պատեն կախված է Աբեղայի վերարկուն:

Ա

Աբեղան նստած է մահճակալին ծայրը, ձեռքերը կրծքին ծալլած և աչքերը շեշտ հառած գետին: Անոր քովը փայտե ցած աթոռակի մը վրա նստած է Կույր վանականը, շիտակ, անշարժ, երկու ձեռքը գավազանին ու գլուխը բարձր պահած:

ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր են մտքերդ, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – (Կցնցվի ու կբարձրացնե գլուխը)

ԿՈՒՅՐԸ – Նորե՞ն, նորե՞ն:

ԱԲԵՂԱՆ – Այո, այո մեղք է, գիտեմ, մեծ մեղք: Ոչ, ալ չեմ մտածելու, ալ պետք չէ մտածեմ, երբեք, երբեք, պետք է ջնջեմ գլխես այս օրը, բոլորը, բոլորը, ծովը, հովը, լաստ, ալիք… ախ, այդ ալիքները… (Հանկարծ վեր կթռչի թափով): Բայց ինչ հրաշալի բան է եղել կռվիլը անոնց հետ, երբ անոնք իրենց լույծ կուրծքը դեմ կուտան քեզի, երբ իրենց փրփուրը կզարնեն երեսիդ ու աչքերուդ, որ կուրացնեն քեզի, մեկը կցատկե ուսիդ, մյուսը կգալարի լանջիդ, մեկը կհրե, մյուսը կքաշե, կճնշե, ու բոլորը, բոլորը ընկճել կուզեն քեզի, իսկ դուն միշտ երեսին, անոնց ելևէջքին հետ կտարուբերիս` բազկիդ զարկերուն տակ անոնց բոլոր ճիգերը հաղթահարելով, ա, այդ կռիվը…

ԿՈՒՅՐԸ – Կռիվը կյանքի համար է, Աբեղա, հոս անապատ է:

ԱԲԵՂԱՆ – (Կոտրված) Այո, անապատ: Մեղա քեզ, Աստված իմ, մեղա:

ԿՈՒՅՐԸ – Զգույշ: Լավ հսկե ինքզինքիդ, Աբեղա, աղոթե:

ԱԲԵՂԱՆ – (Խաչին առջև ծունր իջնելով): Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե ինծի, Տեր, ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե ինծի, Տեր, մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, Տեր: Տես, մեղքի ծովուն մեջ… մեղքի ծովուն մեջ… ծովուն… ծովուն… (Երկու ձեռքով դեմքը բռնած կելլե ոտքի):

ԿՈՒՅՐԸ – Ըսե, ըսե:

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ դեմքը կբանա ու շեշտ կնայի անոր արձանի նման անշարժ դեմքին):

ԿՈՒՅՐԸ – Ըսե, ըսե:

ԱԲԵՂԱՆ – Ըսեմ… ի՞նչը:

ԿՈՒՅՐԸ – Ան, ինչ որ հոդ խորքը, խորքը:

ԱԲԵՂԱՆ – Խորքը, խորքը…

ԿՈՒՅՐԸ – Ըսե, ըսե:

ԱԲԵՂԱՆ – Ո՞վ կրնա տեսներ այդքան խորքերը, ով կրնա ըսեր այդքան խորքերը:

ԿՈՒՅՐԸ – Իսկ ես կտեսնեմ, ես կըլսեմ:

ԱԲԵՂԱՆ – Դո՞ւն կույր (Երգիծանքով): Հապա ըսե, նայիմ, ինչ որ կտեսնես:

ԿՈՒՅՐԸ – (Հատիկ-հատիկ) Լաստին վրա, երբ ձեռքիդ թին ջուրը կպատռեր, ո՞վ էր հոգիիդ մեջ:

ԱԲԵՂԱՆ – (Վախեցած) Լռե:

ԿՈՒՅՐԸ – Որո՞ւն համար այնպես կթպրտար սիրտդ, շրթունքիդ` ինչ բառ էր փակած, երբ շուրջդ ամենքը Աստված կկանչեին, երբ դեմդ փոթորիկն էր, որ կծառանար:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափահար) Երնեկ բաց ըլլային աչքերդ, որ չտեսնեիր, չտեսնեիր…

ԿՈՒՅՐԸ – Երբ բոլոր հայացքները երկինք էին վերացած, երբ ամենքը կսպասեին վերին օգնության, ո՞ւր էին սևեռած քու աչքերդ, ո՞վ էր ան, որուն առջևը հոգիդ ծունր էր իջած:

ԱԲԵՂԱՆ – Լռե, լռե, դուն իրավունք չունիս ամեն բան տեսնելու, կարելի չէ ամեն բան տեսնել:

ԿՈՒՅՐԸ – (Անողոք) Ըսե, ի՞նչ էր ուզածդ, ի՞նչ կփնտրեիր:

ԱԲԵՂԱՆ – (Աղերսով) Չգիտեմ, ոչինչ, չգիտեմ, հերիք է:

ԿՈՒՅՐԸ – Իսկ ծովուն մեջ, երբ ան օձի մը պես վզիդ փաթթված, մարմինը մարմնիդ, շունչը շնչիդ, երբ դուն ամեն ինչ մոռցած ալիքները կպատռեիր, ըսե, նորե՞ն չգիտես, թե ինչ կուզեիր:

ԱԲԵՂԱՆ – (Երազկոտ) Ոչ, կհիշեմ: Կհիշեմ, ամբողջ էությամբս կցանկայի` որ ալ վերջ չունենար այդ թաց ճամփան, ալ վերջ չունենար այդ վայրկյանը:

ԿՈՒՅՐԸ – Ամբարիշտ:

ԱԲԵՂԱՆ – (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը

ԿՈՒՅՐԸ – Ամբարիշտ:

ԱԲԵՂԱՆ – (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը

ԿՈՒՅՐԸ – Ու հասար ափը: Եվ երբ առին քո բեռդ թևերիդ ու դուն ուժասպառ ինկար ավազին, արդեն դիակ մըն էիր անկենդան:

ԱԲԵՂԱՆ – Ճշմարիտ է, ինծի այդպես զգացի:

ԿՈՒՅՐԸ – Դիակ մըն ես դուն և հիմա: Մարմին մը, ուրկե ելեր է Աստծու շունչը:

ԱԲԵՂԱՆ – Ախ Աստված իմ, կորուսի հոգիս:

ԿՈՒՅՐԸ – (Ոտքի ելլելով) Ինկիր գետին ու կոծե, քուրձ հագիր ու ապաշխարե, իսկ ամենեն առաջ գնա իսկույն վանահոր մոտ ու խոստովանե:

ԱԲԵՂԱՆ – Խոստովանի՞մ, վանահո՞րը, ի՞նչը, ինչո՞ւ: Ա, ամեն, ամեն բան, բայց այդ մեկը երբեք: Երբեք: Եվ դուն ալ, հայր սուրբ, չլլա, թե…

ԿՈՒՅՐԸ – Ես կույր եմ, խուլ ու համր, բայց գնա ինքդ վանահոր մոտ ու ինքնակամ խոստովանե:

ԱԲԵՂԱՆ – (Կտրուկ) Վանահորը երբեք:

ԿՈՒՅՐԸ – Կվախնա՞ս:

ԱԲԵՂԱՆ – Ոչ: Բայց… բայց…

ԿՈՒՅՐԸ – Իհարկե, դուն կուզեիր պահես թաքուն սրտիդ մեկ հեռավոր խորշին մեջ քու այդ փոքրիկ նոր սրբությունդ, պահես և երկրպագես ծածուկ:

ԱԲԵՂԱՆ – Գթա, գթա ինծի, անողոք:

ԿՈՒՅՐԸ – Իսկ դուն քեզ կգթա՞ս, կռապաշտ: Հիշե պատվիրանը. “Մի եղիցին քեզ այլ Աստուած բաց յինեն”:

ԱԲԵՂԱՆ – (Կակազելով) Մի եղիցին… մի եղիցին…

ԿՈՒՅՐԸ – (Շեշտելով) “Մի արասցես քեզ կուռս ըստ ամենայն նմանության որ ինչ երկինս ի վեր է և որ ինչ յերկրի ի խոնարհ և որ ինչ ի յուրս ի ներքո երկրի…”:

ԱԲԵՂԱՆ – (Դողդոջ) “Եվ որ ինչ ի ջուրս ի ներքո երկրի”:

ԿՈՒՅՐԸ – (Կամաց-կամաց երթալով դուռը) “Զի ես եմ Տեր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս յերիս և ի չորիս…”: (Դուրս):

Բ

ԱԲԵՂԱՆ – (Կերթա ծունկի կուգա խաչելության առջև բազկատարած ու ջերմեռանդ) “Կեցո զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ, ընկայ ես ի խորս անդնդոց, ուր ոչ գոյ ինձ հանգիստ: Եկի ես ի խորս… ծովու… և շրջանք…ընկղմեցին զիս…”: (Քիչ-քիչ կթուլնա, կնստի ծունկերուն և գլուխը կկախե կրծքին):

Գ

Խաչն ու սեղանը կամաց կսկսի մշուշապատիլ, ամեն ինչ կխառնվի իրարու, և այդ մշուշի ֆոնին վրա հետզհետե կպարզվի աղջկան կերպարանքը: Ամբողջապես սպիտակ հագած, հագուստը պարզ, նուրբ ու ձիգ, կարծես ջրեն հանած, մազերը արձակ, խոնավ ու վրան մեկ-երկու թել ծովու խոտ: Աբեղան թեթև մը գլուխը կբարձրացնե, հանկարծ կտեսնե ու սարսափահար կցատկե ոտքի:

ԱԲԵՂԱՆ – (Ետ-ետ երթալով): Դո՞ւն…դո՞ւն…

ԱՂՋԻԿԸ – Այո, ես, միթե չէիր սպասեր:

ԱԲԵՂԱՆ – Աստված իմ:

ԱՂՋԻԿԸ – Մենա՞կ ես:

ԱԲԵՂԱՆ – Ես… ես մենակ եմ միշտ:

ԱՂՋԻԿԸ – Այ, եկա քեզի ընկեր, և եկա այսպես կեսգիշերին, որ մինակ ըլլանք ես ու դուն: Դուն, իմ քաջս, իմ արևս, իմ լուղորդս…

ԱԲԵՂԱՆ – Հերիք է:

ԱՂՋԻԿԸ – Ինչո՞ւ: Չէ՞ որ ես քեզմով է, որ հիմա կապրիմ, չէ՞ որ դուն նորեն կյանքս տվիր ինծի, և ինչ քաղցր է այդ կյանքը, որ դուն տվիր ինծի: Այս քանի-քանի տարի ապրեր եմ ես, ամբողջ տասնյոթը տարի, և ես չգիտեի, բնավ չգիտեի, որ չէի ապրեր: Մի՞տքդ է ցերեկը, հոն, ալիքներուն մեջ, նայե, մազերս խոնավ են դեռ, բռնե, բռնե, շոշափե:

ԱԲԵՂԱՆ – (Ետ-ետ կերթա հափշտակված աղջկան նայելով):

ԱՂՋԻԿԸ – Բայց գիտե՞ս` ինչ ուժեղ թևեր ունիս և ինչպես ճկուն, իսկ ես դեռ այնպես հուզված եմ, դեռ այնպես հոգնած (Կուզե նստի Աբեղայի անկողնին):

ԱԲԵՂԱՆ – (Արգիլել ուզելով) Օրիորդ:

ԱՂՋԻԿԸ – (Կնստի անկողնին ծայրը) Ես օրիորդ եմ ծառաներուս համար, ես օրիորդ եմ մեր հպատակներուն համար, իմ տերս ինծի այլ կերպ պիտի կանչե:

ԱԲԵՂԱՆ – Սեդա:

ԱՂՋԻԿԸ – Վայ, դուն գիտես անունս:

ԱԲԵՂԱՆ – Հայրդ քեզի այդպես կանչեց:

ԱՂՋԻԿԸ – Այո, Սեդա է անունս: Իսկ ի՞նչ է քու անունդ:

ԱԲԵՂԱՆ – Ինծի Աբեղա կկանչեն:

ԱՂՋԻԿԸ – Իսկ առա՞ջ, առա՞ջ, երբ դուն աշխարհն էիր դեռ ու աշխարհինը:

ԱԲԵՂԱՆ – Իմ աշխարհս վանքն է եղեր միշտ, քանի խելքս կհասնի:

ԱՂՋԻԿԸ – Ասիկա՞: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ:

ԱԲԵՂԱՆ – Կմրսի՞ս:

ԱՂՋԻԿԸ – Բան մը տուր վրաս, որ հոգիս տաքնա:

ԱԲԵՂԱՆ – Ես ոչինչ չունիմ:

ԱՂՋԻԿԸ – (Առանց գլուխը դարձնելու, ետևը պատեն կախված վերարկուն մատնանիշ ընելով) Այ:

ԱԲԵՂԱՆ – Վերարկո՞ւս:

ԱՂՋԻԿԸ – Ինչպես կմրսիմ:

ԱԲԵՂԱՆ – Վերարկո՞ւս:

ԱՂՋԻԿԸ – Կվարանիս: Բայց չվարանեցար կյանքդ ինծի տալու, երբ ետևես կատղած ալիքներուն մեջը նետեցիր քեզի:

ԱԲԵՂԱՆ – Ոչ չվարանեցա: Ան ուրիշ էր:

ԱՂՋԻԿԸ – Այո, ան ուրիշ էր: Հոն կռիվ էր ու փոթորիկ, իսկ հոս լուռ է ու խաղաղ, ինչպես գերեզման: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ: (Կելլե ոտքի):

ԱԲԵՂԱՆ – (Կվազե դեպի վերարկուն, ձեռքը կերկարե ու նորեն վարանած կանգ կառնե) :

ԱՂՋԻԿԸ – (Խնդրանքով) Բեր, բեր…

Աբեղան հանկարծ կխլե վերարկուն ու կդառնա դեպի աղջիկը, որ արդեն աներևույթ է եղած: Աբեղան կմնա քարացած, վերարկուն բռնած ձեռքը առաջ պարզած:

Դ

Դուրսեն կլսվի ժամկոչին ձայնը, որ մելամաղձոտ ու միալար երգով մը ժամ կկանչե: Ձայնը հետզհետե կմոտենա: Աբեղայի ձեռքեն կիյնա վերարկուն:

ԱԲԵՂԱՆ – (Շրթունքներուն մեջեն) Հիսուս… (Կուզե նորեն չոքե խաչին դեմը, ու խելառի պես ետ կցատկե): Ոչ, ոչ: Եթե հանկարծ նորե՞ն երևնա: (Դեմքը կշրջե անկողնին կողմը) Ախ, Աստվածս երես դարձուց ինծմե: (Հեծկլտանքով կիյնա մահճակալին ոտքը ու դեմքը կթաղե անկողնին մեջ):

Դուրսեն կլսվի միշտ ժամկոչին երգը, որ հետզհետե հեռու ու հեռու, կթուլանա, կնվազի ու կհալի:

Հին աստվածներ

Подняться наверх