Читать книгу Հին աստվածներ - იაკობ ცურტაველი - Страница 4

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

Оглавление

Առաջին տեսարան

Աղբյուրի գլուխը, հինավուրց վիթխարի ծառի մի ստվերին տակ

Ծերունի վանականը նստած է ծառին տակը փայտե նստարանին ու քնած կերևա: Աղբյուրին մոտիկ խմբված են Ղազար, Մովսես, Դավիթ ու Զաքարիա վանականները և տիրացուն, կխոսին փսփսուքով ու անհանգիստ: Անոնց քովը կեցած է Աբեղան աչքերը գետին ու կլսե:

Ա

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Իրա՞վ է, նորե՞ն:

ՏԻՐԱՑՈՒՆ – Ցատկեր է անկողնուն վրա, նստեր է կոկորդին ու սկսեր է խեղդել:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Հիսուս Քրիստոս:

ՏԻՐԱՑՈՒՆ – Խեղճը հազիվ է շունչը ազատեր:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ինչ հակառակեր է չարը հայր Բարսեղին, աս քանիերո՞րդ անգամն է:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Ինչ կերպարանքով է եղեր:

ՏԻՐԱՑՈՒՆ – Չգիտեմ: Ըսավ միայն, որ ծծումբի ծուխին պես բարձրացեր է ու առաստաղի գերաններուն մեջեն կորսվեր է դուրս:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Անիծվածը: Նզովվի ինքն ալ, իր կերպարանքն ալ:

ՏԻՐԱՑՈՒՆ – Ա, սարսափելի է, ազատում չկա իր ճանկերեն:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Գիշերները մինչև չնայիմ անկողնիս տակն ու ետևը` ես երբեք պառկիլ չեմ կրնար:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Ես ալ: Անցած իրիկուն մտնեմ խուցս ու ի՞նչ տեսնեմ, գորշ սավանին մեջ փաթաթված կնկան մը պես կկզեր է անկյունը, լեղիս պատռեցավ, իսկույն խաչ հանեցի, աներևութացավ:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Հա, այդ նզովից արմատները կուգան կնկա կերպարանքով, կուգան խմբերով ու ալ ինչեր ըսես չեն ըներ, ինչ խայտառակություններ, ինչ գայթակղություն…

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Իսկ ինծի կերևնան միշտ մեր գյուղացիներու կերպարանքով: Գինեպան Ուսեփը, մեր դրացի Գափոն, շվի փչող կույր Ակոբը, դհոլ զարնող Մինասը: Կուգան կհավաքվեն գլխուս, ձեռքներնին գինի, օղի, ուտելիքներ, խորոված: Խաշվի անմահական հոտը կլցնե խուցս, կարծես ամբողջ բակը լցվեր են ու մատաղ կեփեն: Ալ ինչ հրամմեներ, ինչ խնդիրք, ինչ համոզել, որ անպատճառ ուտեմ: Եվ մինչև Տիրամոր անունը չի տամ, չեն չքանար չիք դառնալիքները:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Պատիժ է, պատիժ: Ինչո՞ւ կտանջես մեզի, Փրկիչ:

ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Հակառակի պես ալ, կարծես, մտքես կգողնան Տիրամոր անունը, կփնտրեմ, կփնտրեմ, հա, հա լեզվիս ծայրն է, բայց չեմ կրնար ըսել` “Սուրբ կույս Մարիամ”:

ՏԻՐԱՑՈՒՆ – Ախ, ո՞ւր փախչի մարդ այս գարշելիներուն ձեռքեն: Ո՞ւր փախչիս, ինչպե՞ս փախչիս:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ի՞նչ կուզեն մեզմե, և անպատճառ մեզմե:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Անապատ եկողը եկեր է սատանայեն փորձվելու, ինչպես որ ինքը Տերն մեր Հիսուս Քրիստոս:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Հիսուս Քրիստոս ըլլա մեր զորավիգը:

ԽՈՒՄԲԸ – Հիսուս Քրիստոս:

ՏԻՐԱՑՈՒՆ – Եվ ամեն տեղ են, ամեն տեղ, ուր ալ որ երթաս: Այ ի՞նչ գիտեք, որ հիմա մեկը նստած չէ հոս, մեր ետևը (Տեղը կփոխե) Կամ հոն, քարափին ծերպերուն մեջը, կամ մեր վրան, այ, սաղարթներուն մութին մեջ: Կտեսնե՞ք… կտեսնե՞ք… մեկը այն մութին խորքը… կշարժվի, մեկն ալ հոս, այ, աղբյուրին ակնեն, նայե, նայե, ինտուր կքրքջա… (Սարսափած ետ-ետ քաշվելով աղբյուրեն) Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս: (Դեմ-դեմի կուգա վանահոր հետ):

Բ

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խոժոռ) Ի՞նչ կա, ինչո՞ւ ես վախցեր, տիրացու

ՏԻՐԱՑՈՒՆ – Հայր սուրբ… (Կիյնա վանահոր ոտքերը):

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Վանահայր, չարը հանգիստ չի տար մեզի:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ուժեղ է խարդավանքը չարին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Զզվանքով) Դեռ միշտ այդ հին դևե՞ն կխոսիք ինծի: (Բարկացած) Ոտքի ելիր, տիրացու:

ՏԻՐԱՑՈՒՆ – (Դեմքը ծածկած կելլե ոտքի)

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Քիչ մը լուռ կնայի անոր, վերջը մյուսներուն ու հատիկ-հատիկ) Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն, սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ տիրեր է իր մարմնին ու բնազդներուն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ, հայր սուրբ, ով եկեր է հոս ինծի հետ իմ անապատս, պետք է ավելի վեր ըլլա, քան մարդը: Իսկ չարեն թող վախնա ան, ով չէ կտրեր իր բոլոր շղթաները աշխարհքին հետ, իր անցյալին հետ, իր հուշերուն հետ, իր վշտերուն, իր ուրախություններուն:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ կրցեր է կտրել այդ բոլոր շղթաները:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ով մարդ է ու միայն մարդ` անիկա աշխարհինն է ու թող դառնա աշխարհին, ահա պատրաստ է հայր Անտոնին լաստը: Ես չկանչեցի ձեզի հոս, որ հավաքվիք ու դևերեն սարսափիք (Ոգևորված կբարձրացնե կրծքեն կախված պարզ խաչը) Հոս Տիրոջ խաչն է, հոս դևեր չկան:

ԲՈԼՈՐԸ – (Ջերմեռանդ խաչ կհանեն):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հոս կրքեր չկան, հոս բնազդներ չկան, հոս սուրբ- հոգին է միայն, հոս միտքն է միայն, վեր խոյացող միտքը դեպի ճշմարտությունը, դեպի Աստված: Այս մեկը աղեկ հասկցեք ու սատանաները թողեք աշխարհին: Դե, երթաք խաղաղությամբ և Տերը ըլլա ձեզի բոլորիդ հետ:

ԲՈԼՈՐԸ – Ամեն: (Կցրվին):

Գ

Վանահայրը կեցած է մենակ, կնայի անոնց ետևեն տխուր գլուխը շարժելով, երբ քովեն կամաց մը կմոտենա Աբեղան, կծռի, զգույշ կբարձրացնե Վանահոր փեշը և կհամբուրե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հանկարծ կզգա և կդառնա ետ) Ի՞նչ կընես որդիս, ի՞նչ կընես:

ԱԲԵՂԱՆ – Հայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզես որդիս, ի՞նչ ունիս:

ԱԲԵՂԱՆ – Որքան բարձր ես հայր, որքան որքան բարձր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բարձր կձգտինք մենք բոլորս, որդյակ:

ԱԲԵՂԱՆ – (Արհամարհոտ): Ա, բոլորս: Քու ձայնդ ինծի կարծես երկնքեն կուգա, հեռուեն, հեռուեն, վերեն: Է, մենք բոլորս: Քանի խելքս կհասնի` եղեր եմ քու թևիդ տակը, քու խրատներուդ, քու օրինակիդ, և եղավ ժամանակ մը, երբ կարծեցի, թե ես ալ հասնելու եմ այդ բարձունքները…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իսկ հիմա՞, որդիս:

ԱԲԵՂԱՆ – Հիմա…հիմա… (Կտրուկ) Ես քու որոնած վերիններեն չեմ հայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչեր կխոսիս, տղաս, կբամբասես ինքդ քեզի, դուն, իմ ընտրյալս, դուն, որ այս ամենուն մեջ ամենեն ավելի վեր սավառնողն ես եղեր:

ԱԲԵՂԱՆ – Սավառնողը… գուցե, երբ թևերս ազատ էին ու թեթև:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Է, հիմա ի՞նչ եղան թևերդ:

ԱԲԵՂԱՆ – Հիմա… հիմա թևերս թրջվեցան, հայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թրջվեցա՞ն:

ԱԲԵՂԱՆ – (Խորհրդավոր ու մոտենալով) Հիմա ես ալ կվախնամ, հայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կվախնա՞ս, դո՞ւն ալ, սատանայե՞ն:

ԱԲԵՂԱՆ – Սատանա՞, ոչ, ոչ սատանայեն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հապա:

ԱԲԵՂԱՆ – Ես… ես կվախնամ… ծովեն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ծովե՞ն:

ԱԲԵՂԱՆ – Ծովեն: Հոն ալիքներ կան, փոթորիկ և հուզում, և կռիվ և…և... ամեն ինչ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կհասկնամ, որդյակ, անցած օրվա դեպքը ցնցեր է հոգիդ, կանցնի, ի՞նչ կապ քու ու ծովուն մեջ: Թարմ է սիրտդ, գթոտ ու կարեկից ու ազատեցիր քեզի նման մանուկ էակ մը մահեն, օրհնյալ ըլլաս:

ԱԲԵՂԱՆ – Բայց այդ օրեն, հայր, ինծի կթվի թե ծովը… ծովը սիրտն է բնության:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Շեշտ կդիտե Աբեղան ու քիչ մը խիստ) Դուն նայե երկինք, որդի, երկինքը միտքն է բնության, խոր ու խաղաղ:

ԱԲԵՂԱՆ – Այո, խոր ու խաղաղ, երբ ծավի պայծառ է երկինքը, իսկ իմ մտքերս ավելի կնմանին թխպոտ օրերուն, երբ հոն ալ ամեն բան պղտոր է ու խառնակ: – (Կոտրված) Ես քու որոնած վերիններեն չեմ, հայր: ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ատիկա ըսողը դո՞ւն ես, Աբեղա: Դուն, որ իմ հպարտությունս ես եղեր, որուն հոգին ես եմ խմորեր, որուն մեջ իմ ամենաթանկագին մտածումներս եմ դրեր, իմ սեփական հոգիս եմ դրել, և որ ինծմե ետքը իմ գործիս շարունակողն է ըլլալու:

Համեստությունը ես կսիրեմ, Աբեղա, բայց իմ ժառանգս եղողի մը բերանեն ավելի խոյանք ունեցով խոսքեր կուզեի լսեմ:

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ դեմքը ծածկելով ու հեծկլտալով) Ախ, դուն դեռ չգիտես… դուն դեռ չգիտես, հայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Բոլորովին այլայլված կուղղվի և հանկարծ խիստ) ինծի նայե, տեսնեմ, նայե աչքերուս:

ԱԲԵՂԱՆ – (Կհեկեկա):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մի՞թե, մի՞թե, ճշմարիտ է կասկածս Աբեղա, նայե աչքերուս

ԱԲԵՂԱՆ – (Կհեկեկա):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այսպես թույլ, այսպես խեղճ… Դուն, որու հոգին ես որձաքարի պես ամուր կկարծեի, անարատ ու կույս բացառիկ հոգի մը, ու գլուխդ հպարտ ցցած վեր, դեպի երկինք, աշխարհքի ծովուն մեջ, ինչպես իմ այս կույս ու մենավոր կղզիս այս ծովուն մեջ: Թշվառական, խոնարհե՞լ կուզես այդ գեղեցիկ, այդ հպարտ գլուխը ցած, այս ցածի ծովուն դեմ, այն վերերեն, ուր մեր Աստվածն է…

Հին աստվածներ

Подняться наверх