Читать книгу Ամբոխները խելագարված - იაკობ ცურტაველი - Страница 4

IV

Оглавление

Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։ —

Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված։ —

Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունած ու արևուն, —

Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։ —

Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝

Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված։

Հեռո՛ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին —

Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային։


Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝

Հետզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։

Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի

Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.

Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝

Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր…

Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝

Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական։

Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.

Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ։ —

Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե —

Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։ —


Ամբոխները խելագարված

Подняться наверх