Читать книгу Տնային փեսա - იაკობ ცურტაველი - Страница 2

Բ

Оглавление

Մի նեղ բակ երկու փոքրիկ սենյակներով, շրջապատած տախտակամածով, ներկայացնում էր այն տնակն, ուր ներս մտավ Շուշանը: Ալդ բնակարանը նրան չէ պատկանում, այլ վարձած էր խիստ թեթև ամսականով:

Բակի մի անկյունում ուրագը ձեռին գործում էր մի հյուսն: Նա կամ տաշում էր, կամ մեխում էր և հարմարեցնում էր տախտակները: Նայելով նրա ձյունի պես սպիտակ մազերին՝ նրան կարելի էր համարել վաթսուն տարեկան ալևոր, բայց մարմնով նա տակավին առողջ էր, ժիր և գործունյա: Նրա երեսի խոշոր գծագրությունն՝ յուր տխուր արտահայտություններով` բոլորովին համապատասխանում էր յուր կոշտ արհեստին: – Նա դագաղ շինող էր:

Ուստա Գրիգորն – այդպես էր նրա անունը – Շուշանի ամուսինն էր: Նրա մոտ անհամբեր դեմքով կանգնած էր մի մշեցի համալ հսկայական հասակով և շտապեցնում էր շուտ վերջացնել դագաղը

Հավա՜ր, բաբո, թեզ արա՜, խըլսուն է, տասը քափեկս կկորի, – անդադար կրկնում էր մշեցին յուր հայրենական բարբառով:

– Հե՜յ, Թոմաս աղա, դու չմեռնեիր, մշեցին չէր կարող տանել քո տասը կոպեկը… – բացականչեց հյուսնը շարունակելով յուր գործը:

Աստված օղորմի անոր խոգուն, – ասաց համալը:

– Աստծու ողորմությունը թո՜ղ նապաստակի նման նրա գերեզմանի վրիցը թռչի, – կտրեց մշեցու խոսքն ուստա Գրիգորը:

– Ի՞նչու, աղեկ մարդ մը չէ՞ր Թոմաս աղան:

– Լավ էր նրանով, որ շուտ մեռավ: Աղվեսն էն ժամանակն է պետք գալիս, երբ որ սատկում է:

– Թոմաս աղան ասա՞նկ մարդ էր, – հւարցրուց մշեցին:

– Հա՜: Այս շաբաթ մի քանի այդպիսիների համար դագաղ շինելու բախտն ունեցա, մինն եկեղեցո գանձապետ էր, մինն` հացի փոդրտղչիկ, բայց մյուսը՝ վաշխառու: Ա՜խ, որքա՜ն ուրախ բանում է իմ ուրագն, երբ որ այդպիսիների համար դագաղ է շինում:

– Երբ մեռնողս ա՞ղեկ մարդ է:

– Այն ժամանակ ես ուրախ չեմ, ինչպես քանի օր առաջ շինեցի մի դագաղ վարժատան աշակերտի համար:

Ծերունի հյուսնի ուշադրությունը գրավեց տխուր երգի ձայնն, որ լսելի էր լինում փոքրիկ սենյակիս:

«Ես սրտումս դարդ ունեմ,

«Փշով պատած վարդ ունեմ,

«Մերի՜կ, մերի՜կ, քոռանաս,

«Ես ատելի մարդ ունեմ»:


Այդ նրա դստեր՝ Նատոյի ձայնն էր, որ նույն ժամուն ութո էր քաշում և երգում էր:

– Նատո՜, Նատո՜, – ձայն տվեց ծերունին:

– Ի՞նչ է, հայրիկ, – լսելի եղավ մի քնքուշ ձայն:

– Ե՜կ էստեղ:

Էս նիմուտին, հայրիկ, մի շաբիկ է մնացել ութոյելու:

Շուտով հայտնվեցավ սենյակի դռանը մի բարձրահասակ օրիորդ` թուխ աչքերով, սև մազերով, վարդ թշերով: Նա յուր հասակի այն տարիներումն էր, երբ կուսական գարունքը դեռ նոր սկսել էր ծաղկել յուր ջերմ՜մանկական թարմությամբ:

– Ե՜կ դագաղի խուփը մախմուրով պատե, զանջիրաները մեխե, ծաղիկները կպցրու: Դրանք քո գործն է, – ասաց աղջկան հայրը:

– Է՜հ, հողեմ նրա գլուխը, ծաղիկներ էլ պիտի կպցնեմ, – պատասխանեց Նատոն դժգոհությամբ:

– Այդպես են պատվիրած, որդի:

– Հայրիկ, այն ժամանակ տուր ինձ վարդեր շարեմ, երբ ջեհելի համար է դագաղը:

– Այդ փառքը հարուստներին է, որդի, նրանք մեզ նման աղքատներից խլած փողերով իրանց դագաղն են զարգարում…

– Կրո՜ղը տանե նրանց, ի՞նչու են էդպես անում:

– Որ էն կինքումը սատանաները հոտ քաշեն:

– Ով գիտի, ուրախանում կլինեն սատանաներն, երբ որ էդ ծաղիկները կտեսնեն. էնպես չէ՞, հայրիկ, – հարցրուց Նատոն ինքն ևս մի առանձին ուրախությամբ նայելով նրանց շքեղության վրա:

– էդ բոլորը կէրեն դժոխքումը, – պատասխանեց հայրը:

– Վա՜յ, կէրե՞ն… – կրկնեց Նատոն սարսափելով:

– Բա՜ս, էրում են երբ որ դագաղը հ ա ր ա մ փողով է շինվում, – վերջացրեց ծերունին:

– Երբ որ հ ա լ ա լ փողով է շինվում, էն ժամանակ ի՞նչ են անում:

– Սուս կա՜ց, Նատո, շատ բան որ սորվես, շուտ կպառվես, – ասաց նրան հայրը, շարունակելով յուր գործը:

Նատոն լռեց և, առնելով մի փոքրիկ մուրճ, սկսեց օգնել յուբ հորը:

Տնային փեսա

Подняться наверх