Читать книгу Սալբի - იაკობ ცურტაველი - Страница 2
Բ
ՈՒԽՏՅԱԼ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
ОглавлениеՄեզանում աղջիկները և ազապ տղամարդիկ չգիտեն սեր և համարձակություն չունին իրանց համար ամուսնացուներ ընտրելու: Նրանց սերը, նրանց ընտրությունը ծնողների կամքն է: Հայրը և մայրը իրանց աղջիկները որ տղային կամենան՝ կտան, և իրանց տղաներին ինչ աղջիկ որ ուզեն՝ կբերեն: Նրանք լեզու չունին խոսելու կամ ընդդիմություն գործելու…: Բայց ավելի ցավալի է, երբ շատ անգամ այդ որդեվաճառ, անագորույն ծնողները ոչ թե մի աղջկա գեղեցկությանը, խելքին նայելով են բերում իրանց տղային, կամ մի պատանիի կատարելության նայելով են տալիս իրանց աղջիկը, ո՛չ, այդ իրողության նրանք ամենևին ուշադիր չեն լինում, այլ հայրը մտածում է, այսինչ մարդը լավ, քաջ մարդ է, կարող է իրան շատ գործերի մեջ օգտակար լինել, թև ու թիկունք դառնալ և այդպես, յուր ցավերին կարեկից, յուր գինու փիալային5 ընկեր գտնելու մտքով, իրանց անմեղ աղջիկներր և տղամարդիկը գործիք ընտրելով՝ բարեկամություն և խնամություն են հաստատում: Այսպիսի հանգամանքներում շատ անգամ պատահում է, ծնողները՝ իրանց անձնական փափագը լցնելու և իրանց նպատակին շուտ հասնելու համար, չսպասելով մինչև իրանց զավակները հասունանան` երբեմն մի անչափահաս հինգ տարեկան աղջիկ պսակել են տալիս մի տարիքը առած տղամարդի հետ, և ընդհակառակն, մի հասուն օրիորդ պսակում են մի երեխայի հետ, և կամ երկու սեռի անչափահաս երեխայք – միմյանց հետ: Ամենևին չեն մտածում, թե ի՛նչ սարսափելի խռովություններ են պատահում մի զույգ այր և կնոջ մեջ, երբ նրանք առանց իրանց կամքի հոժարության, հիմար ծնողների ստիպմամբ էին մտնում ամուսնական լուծի տակ: Մի չար բախտով, Պարսկաստանում կա այն վատթար սովորությունը, որ մի աղջիկ և մի տղա նշանադրվում էին միմյանց համար ծնողների կողմից, երբ նրանք դեռ օրորոցում ծիծ էին ծծում, այլև՝ ծիծաղելի՛ խնամություն՝ երբ դեռևս իրենց մոր արգանդումն էին… Թեպետ շատ անգամ պատահում էր, որ ծնողները չէին հասնում իրանց նպատակին, որովհետև ծնվածները կա՛մ երկուսն էլ արու էին լինում, կամ էգ:
Հայաստանի սուրբերից ոմանք` որոնց անունով շինված կա մի վանք, կամ եկեղեցի. – նշանավոր են կացուցել իրանց համարումը ինչ-ինչ հատուկ հրաշագործություններով. բարեպաշտ ուխտավորները գնալով նրանց դուռը` բժշկություն էին գտնում. կամ ստանում էին իրանց փափագելի մուրատը6: Օրինակ. Կորդվաց սարերի մեջ, Վասպուրականի կողմերում, դեպի սուրբ տիրամոր վանքը ջերմ հույսերով դիմում են ամեն կողմերից ուխտավորներ, որ ցավագարված են բորոտության և մարմնի փտության ախտերով: Այնտեղ են տարվում անդամալույծները և տեսակ-տեսակ խոցեր և ապականված վերքեր ունեցողները: Այդ վանքի սրահներում գտնվում են բազմաթիվ այդ տեսակ հիվանդներ, որ ամբողջ տարիներով մնում էին այնտեղ, կերակրվելով վանքի հացով: Նաև ամուլ կանայք գնում էին այնտեղ որդեծնություն հայցելու: Հայկա ձորի մեջ, Անգեղ գետի ափի մոտ հաստատված է սուրբ Աստվածածնի վանքը, որտեղ գնում են աչքացավով տկարացած ուխտավորներ, և այդ վանքի մեջ գտնված ապառաժից «ինքնաբուխ» ձիթով օծելով իրանց աչքերը, հույս ունեին բժշկություն գտնել: Փութկու սուրբ Գևորգ վանքը Մոգաց կողմերում նշանավոր է դիվահարներ բժշկելու մեջ:
Մենք միտք չունինք գրելու վանքերի հրաշագործությունների մասին, միայն չէր կարելի մի քանի խոսք չասել Մշու դաշտի մեջ գտնված Գլակա սուրբ Կարապետի վանքի մասին: Յուր հրաշագործ զորություններով՝ հայոց մեջ մեծ համարում ունի այդ վանքը: Հայոց երգիչ «աշղները» ռամկաբանորեն կոչում են այդ վանքը Մուրատատու Ջանգլի սուլթան սուրբ Կարապետ: Առաջին ածականը բարդված է թուրքերեն և հայերեն երկու բառից. «մուրատատու» նշանակում է շնորհաբաշխ կամ փափագակատար: Բայց չգիտենք ի՞նչ հարմարություն ուներ սուրբ Կարապետին տալ երկրորդ ածականը – «Ջանգլի սուլթան», այսինքն պատերազմող թագավոր:
Շատ տեղերում հայերի մեջ կա այն սովորությունը, որ մի տղամարդ չէ պսակվում մինչև սուրբ Կարապետ գնացած չլինի, իսկ պսակվելուց հետո անզավակության դեպքում նա կրկին դիմում է սուրբ Կարապետի դուռը և երբ իր նպատակին հասնում է` յուր առջնեկին անուն է դնում Հովհաննու յոթն անուններից մինը:
Աշուղները համարում են նրան իրենց քանքարի մուսան – նրանցից ոչ մինը համարձակություն չուներ սազ վեր առնել և «մեյդան» (հրապարակ, հանդես) դուրս գալ՝ մինչև գնացած չլիներ այդ վանքը, և երազի մեջ ստացած չլիներ սուրբ Կարապետի ձեռքից մի գավաթ էշխի (աշխույժի) ըմպելի, և մինչև նրա սազը օրհնած չլիներ վանքի վանահայրը: Նրա դուռը սիրով դիմում են իրենց արհեստը կատարելագործելու – լարախաղացներ, ըմբիշներ, և տեսակ-տեսակ նվագածուներ, ո՛չ միայն հայ, այլև թուրք և պարսիկներ: Կանանց արգելված է այդ վանքը գնալ, որովհետև սուրբ Հովհաննու գլխատման՝ մի տռփոտ կին էր պատճառ եղել, իսկ գնացողները չեն կարող գերեզմանի մատուռը մտնել և գերեզմանը համբուրել:
Ամեն մարդ, որ ուխտել է սուրբ Կարապետ գնալու, պետք է յոթն տարի շարունակ, Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, յոթն շաբաթ պաս պահե, որ արժանանա նրա դուռն գնալուն: Նրանց ամեն մինի ուխտը ընդունելի էր, երբ Մուրատ գետի ափի մոտ քնելով այնպիսի մի երազ են տեսնում, որը որևէ առնչություն ունի իրենց ուխտյալ նպատակի հետ: Թերևս այդիսկ պատճառով հիշյալ գետը (որ Եփրատի ճյուղերից մինն է), ստացել է «Մուրատ» խորհրդական անունը, որովհետև, նրան հասած` ուխտավորները սուրբ Կարապետից առնում էին իրանց մուրատները:
Վարպետ Պետրոսը և նրա կին տիկին Թարլանը, հասնելով իրանց կյանքի միջասահմանին` դեռ զավակ չունեին, որ իրանց մահից հետո թող չտար, որ տան ճրագը մարի և տան ծուխը կտրվի: Այդ հոգեմաշ տրտմությունը պղտորել էր նրանց պարզ և խաղաղ օրերը, նրանց կյանքի ամենապատվական ժամերը: Առավել ևս այնպիսի մի երկրում, ուր հրեական հետևողականությամբ ամլությունը աստուծո առանձին պատիժ էր համարվում, և այդ նախատինքը տանջում էր խղճալիներին:
Վարպետ Պետրոսը հարուստ չէր, բայց յուր արհեստով ոչ միայն երջանիկ պահպանում էր յուր փոքրիկ ընտանիքը, այլև յուր համար փառավոր տուն-տեղ հաստատելուց հետո` տեր եղավ մի մեծ այգիի, որ կարող էր մի գյուղացիի տան ապրուստի բոլոր պիտույքները հոգալ: Նրա կինը, տիկին Թարլանը ո՛չ կարդացել էր և ո՛չ էլ համարում ուներ դեպի կարդալը կամ ուսում կոչված բաները. նրա կարծիքով բոլոր «կարդացվոր» մարդիկ չարագործ և մեղավորներ են, նրանք դասվում են սատանաների կարգում:
Կամենալով շարժել աստուծո և նրա սուրբերի գութը, նրանք բաշխում էին աղքատներին իրենց ցանքի և այգիի բերքի արդյունքի մի որոշյալ մասը: Տոն օրերին մատաղներ էին զոհում, այցելում էին հրաշագործ ուխտատեղիներ, և ամեն կյուրակեմտի երեկո, լուսավորում էին իրենց գյուղի եկեղեցին բազմաթիվ մոմերով, որպեսզի աստուծո «սիրտը քաղցրանա» նրանց վրա և բախտավորե նրանց ծերությունը – մի զավակ բաշխելով:
Արդեն յոթներորդ տարին լրանում էր, վարպետ Պետրոսը և յուր կին տիկին Թարլանը սրբությամբ պահում էին սուրբ Կարապետի պասը: Վարդավառից մի ամիս առաջ ուղևորվեց բազմաթիվ ուխտավորների քարավանը դեպի Մուշ: Նույն ժամանակ վարպետ Պետրոսը յուր կնոջ հետ ընկերակցելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսին, որ յուր մտերիմ բարեկամն էր՝ ուխտավորների հետ ճանապարհ ընկան: Այդ անբախտ մարդը՝ մահտեսի Ավետիսը, նույնպես անզավակ կնոջ այր էր, որ դիմում էր սուրբ Կարապետ նույն հույսով, որ նրան մի որդի պարգևեր:
Ուխտավորները կրոնական խորին հոգեզմայլությամբ ճանապարհին հանդիպում էին Հայաստանի բազմաթիվ վանքերին, որ այնքան բազմությամբ հայոց մոլեռանդ ազգը շինել է ամեն մի սարի վրա, ամեն մի ձորի մեջ, կղզիներում – իզուր վատնելով յուր հարստությունը… Այդ թամբալխանաներում – ծույլերի և տխմարների բնակարաններում – հավաքվելով ազգի մի կտրված և անպիտան մասը, սև մազե հագուստով սովոր են հրապուրել և թովել ջերմեռանդ ուխտագնացների սնահավատությունը և դատարկել նրանց քսակները…:
Տասնևհինգ օրվա ճանապարհորդությունից հետո, ուխտավորները անցնելով Հաղբակ, Վան, Բաղեշ՝ ոտք դրին Մշու դաշտի հողի վրա: Երբ նրանք անցել էին Մուրատ գետը, որ երկու ժամվա ճանապարհ է մինչև սուրբ Կարապետի վանքը, ջերմեռանդ ուխտավորները ձիուց վայր իջան և սկսեցին բոբիկ ոտով, արտասուք թափելով, աղոթք մրմնջալով, երկրպագություն տալով – գնալ մինչև վանքը:
Վանքի սրահների, գավիթների բոլոր իջևանները լի էին ուխտավորների բազմությամբ: Վարպետ Պետրոսը ներսը տեղ չգտնելով` յուր ընկեր մահտեսի Ավետիսի հետ – իրանց վրանը կազմեցին վանքի շրջապատից դուրս – մի բարձր սարավանդի վրա:
Մի օր, արևածագից խիստ կանուխ, երբ օդը թարմ էր ու զովացնող, երբ նա ծորում էր թփերի տերևների վրա անուշահոտ և քաղցրահամ մեղր (կազպ), երբ մի բարեբույր բուրմունք շնչում էր ամենուրեք՝ վարպետ Պետրոսը խռոված գիշերային երազներով՝ դուրս եկավ վրանից, քայլերը ուղղեց դեպի սարը – յուր սրտի մեջ կուտակված տխուր-տրտում զգացումները պատմելու ծառերին, ծաղիկներին և հողին: Մի ամբողջ ժամ անձնատուր եղած դառն մտածումների, լուռ-մունջ թափառում էր նա մացառների մեջ, մինչև հոգնեց, եկավ նստեց Լուսաղբյուրի մոտ, որի ափերը հովանավորված էին ուռենիներով: Ձեռքերով գրկելով յուր ծնկները, նա նստած ականջ էր դնում ջրի կախարդական քչքչալուն-փչփչալուն, որ այնպես հիանալի կերպով լսելի էր լինում գիշերային խորին լռության մեջ: Լուսինը վառեց յուր պայծառ ճրագը՝ հսկելու աշխարհի խավար տան մեջ: Բնության օրհներգուները հնչեցրին անտառի խուլ լռությունը՝ փառաբանելով գիշերվա լուսատուն: Բայց վարպետ Պետրոսի սիրտը չէր զգում ոչ մի ուրախություն, նա ընկղմված էր դառն, մելամաղձային տխրության մեջ:
Երբեմն նա իր հետաքրքիր աչքերը դարձնում էր դեպի վանքի արևելյան կողմը – Ավետյաց բլուրի վերա, յուր մտքի մեջ պատկերացնելով այն կրոնական ժամանակների հոգին, երբ այդ սարի վրա բնակվում էին վրանների մեջ չորս հարյուրի չափ ճգնավորներ: Երբեմն նայում էր Ավետյաց բլուրի հյուսիսային կողմը, դեպի Հավատամ բլուրը, որից, սուրբ Լուսավորչի հրաշքով` ինն աղբյուրներից պարզ և հստակ ջուր է վազում, այդ առվակները միախառնվելով անցնում են վանքի միջով: Երբեմն էլ նրա տեսողությունը հրապուրում էր վանքի հարավային կողմում մի փոքրիկ մատուռ, ուր ճգնում էր յոթն խոտաճարակ աբեղաների միաբանությունը, այստեղ այժմ էլ կարելի էր տեսնել Անտոնի և Կրոնիդեսի դամբարանները:
Այդ հրաշալի տեսարանը, որ ամեն մի րոպե հազարավոր սրբազան զգացմունքներ էր ծնում նրա հոգու մեջ՝ պատկերացնելով նրա ուղեղի մեջ բազմաչարչար Լուսավորչի և նրա հզոր օգնականի ծաղկավետ աշխատությունները քրիստոսական կրոնի համար – երբեք չկարողացան ցրվել տխրության սևաթույր թուխպերը, որ կիտված կուտակված էին վարպետ Պետրոսի սրտի վրա:
Երկար ժամանակ նա նստած էր այսպես և դառն կերպով լաց էր լինում, մինչև մի անհանգիստ քուն, որ ավելի նման էր մի ջերմախտական թմրության – տիրեց նրան, նա այնպես, բաց ընկողմանեցավ արձակ օդի մեջ:
Արդեն լուսո աստղը – Արուսյակը փողփողում էր դեռևս նոր բարձրացնելով յուր գլուխը սարերի գագաթներից: Թռչունների հազարավոր տեսակները պատրաստվում էին փառաբանելու տվնջյան լուսատուն: Վարպետ Պետրոսը զարթնում է քնից: Այժմ նրա դեմքը արտահայտում էր ուրախություն, նա հանդարտ էր որպես պայծառ երկինքը: Հանկարծ նա լսում է մի ձայն.
– Բարև, եղբա՛յր:
– Աստծո բարին քեզ, մահտեսի Ավետիս, հազար բարի, – պատասխանում է վարպետ Պետրոսը ուրախությամբ ողջունելով:
– Երևի շատ ժամանակ է, որ այստեղ նստած եք, – ավելացրեց մահտեսի Ավետիսը. – ես զարմացա, երբ զարթնելով ձեզ չգտա վրանի մեջ:
– Դուք տակավին քնած էիք, երբ ես կեսգիշերին զարթեցա քնից. խառնափնթոր երազներ խռովեցրել էին իմ միտքը, և իմ սիրտը սաստիկ վրդովված էր: Երկար նստեցի անկողնիս մեջ, կարդացի իմ առավոտյան աղոթքները, բայց և այնպես որևէ թեթևություն չզգացի, ավելի և ավելի անհանգիստ էի լինում: Կրկին գլուխս բարձին դրի, բայց քունը վաղուց փախել էր իմ աչքերից: Ես վճռեցի դուրս ելնել վրանից, մի փոքր ազատ շունչ առնել և կազդուրել իմ զորությունը: Երկար, ես անխորհուրդ և աննպատակ թափառում էի գիշերային խավարի մեջ մինչև եկա այս աղբյուրի մոտ, դրա սառն ջրով լվացի երեսս. հոգիս մի փոքր զվարթություն զգաց: Ես ախորժանոք լսում էի թռչունների տաղերգը, որ եղանակում էին ուռենի ճյուղերի վրա նստած: Այդ քաղցրալուր ձայները կախարդական զորությամբ թովեցին իմ ուշադրությունը, ես հափշտակվեցա մի անբացատրելի հոգեզմայլությամբ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով:
Մինչ վարպետ Պետրոսը պատմում էր յուր գիշերային անցքը, մահտեսի Ավետիսը զարմանալի համակրությամբ, աչքերը լարած, ականջ էր դնում, թե ի՛նչ պիտի լինի յուր բարեկամի զրույցների վերջը: Վարպետ Պետրոսը շարունակեց.
– Երբ ես խորին քնի մեջ էի, մի նոր տեսիլք հրապուրում է երևակայությունս, զգում եմ ինձ մի ընդարձակ անտառի մեջ. կարծես թե մի բան որոնում էի այնտեղ, ուր օդը արբված էր հիանալի անուշահոտությամբ, և առավոտյան ցողը, որ հազարավոր գոհարներով զարդարել էր խոտաբույսերի և ծաղիկների գլուխները՝ թրջում էին իմ ոտները: Ես սքանչանոք դիտում էի եղևնիների հսկայական բարձրությունները և նայելով այն ահագին, փտած և արմատներից գետին գլորված ծերունի մայրածառերին՝ զարհուրելով նկատում էի մահի անհաղթելի իշխանությունը, որ տիրում է բոլոր տիեզերքի վրա: Մի քարաժայռի բարձրությունից տեսանելի էր մի ջրվեժ, որ սարագագաթից հոսելով ձևացնում էր մի հիանալի, ապակենման կամարակապ, որ ա՛յնքան գեղեցիկ փայլում էր հեռվից յուր թափանցիկ պայծառությամբ: Պարզ և ջինջ, մանիշակագույն երկնքի վրա փողփողում էր փայլուն գույներով ծիածանը: Մի ալևոր եղջերու յուր մանուկ ձագերի հետ խմում էր սպիտակ փրփուրների միջից, որը, առաջանալով՝ ձևացնում էր մի պայծառ առվակ, որ և ուղիղ ներս էր հոսում անտառի խորքում: Երբ ես զմայլված բնության այդ սքանչելի պատկերներով դիմում էի ուղիղ դեպի այդ տեսարանը՝ հանկարծ քարայրից դուրս եկավ իմ հանդեպ մի ալևոր անապատական մարդ: Նա նմանում էր մի խստակյաց ճգնավորի, որը յուր հոգու հանգստությունը գտել էր այդ անտառի լռության մեջ: Նրա ուղտի բրդից հորինած վերնազգեստը ծածկում էր սպիտակ քաթանից շապիկը, որ յուր քղանցքսերով հասնում էր մինչև նրա բոբիկ ոտները: Նրա մեջքը ամրացրած էր սև մաշկե գոտիով: Մի երկաթե խաչ հաստ շղթայից քարշ էր ընկած նրա մերկ, արևից սևացած, թավամազ կուրծքի վրա: Անապատականը մի բարձրահասակ և բարակ ծերունի էր: Սպիտակ մորուքը հասել էր մինչև մաշկյա գոտին: Նրա գլխի անհյուս ծալքերը արծաթաջրած ալիքներով, անփույթ, խառնափնթոր – ծածանվում էին մերկ թիկունքների վրա: Երեսը՝ գունատ, նիհար, երկայնաձև` բայց պատկառելի, պարզ և զվարթ էր. ճակատը` լայն և բարձր, աչքերը՝ խոժոռ և կրակոտ, որոնց կենդանի արտափայլությունը պարզ տեսանելի էր թավախիտ հոնքերի տակից: Յուր ձեռքին բռնած գլուխը կեռ գավազանը, որ նմանում էր հովիվների ցուպին, նա մխեց գետնին և կանգնեց իմ առջև: Այդ միջոցին, ո՛վ Մահտեսի, մտաբերում եմ՝ որ մենք երկուքս միասին էինք, դուք ևս ինձ մոտ էիք: Նա հանդարտ կերպով այսպես խոսեց.
– Ես մի ճգնավոր եմ, ինձ անվանել են «անապատում հնչող ձայն»: Ես կերակրվում եմ մեղրով, որ օդը առատորեն թափում է այս անտառի տերևների վրա7, ես ուտում եմ և՛ մարախ: Բայց որովհետև ձեր բախտը առաջնորդել է ձեզ ինձ հանդիպելու իմ լռին առանձնության մեջ, ահա հյուրասիրում եմ ձեզ մի զույգ կարմիր խնձորներով, որ այդ անտառի ազնիվ պտուղներիցն են, և դուք բախտավոր կլինեք դրանցով: – Այս խոսքերը ասելուց հետո նա յուր կողքին քարշ ընկած մաղախից, որ ավելի նմանում էր հովվական պարկին, դուրս բերեց մի զույգ կարմիր խնձոր, որոնք կարծես թե Եդեմի ծառերից քաղված լինեին: Մինը տվեց ինձ, մյուսը – քեզ, մահտեսի Ավետի՛ս, այնուհետև աներևութացավ նա ուռենյաց ծառաստանի մեջ: Թեպետ մենք շատ աղաչեցինք, որ կանգնե, որ համբուրենք նրա ոտները, նա ուշադրություն չդարձրեց, գնաց – հեռացավ մեզանից: Այնուհետև ես իմ խնձորի կարմիր մակերևույթի վրա նայեցի ուրախությամբ, և չկարողացա զսպել իմ զարմանքը՝ տեսնելով նրա կեղևի վերա ոսկե տառերով գրված «Սալբի» անունը: Դուք ևս, ո՛չ սակավ զարմանալով, ցույց տվիք ձեր ձեռքի խնձորի վրա մի երկրորդ անուն, նույնպես ոսկե տառերով գրված «Հովհաննես»: Մինչ մենք սքանչացած աշխատում էինք բացատրել այդ խորհրդական անունների գաղտնիքը, և թե ո՞վ էր այն երկնավոր ալևորը` հանկարծ զարթեցի և զգացի – երազ էր:
Երբ վարպետ Պետրոսը ավարտել էր յուր երազի պատմությունը, զարդարած արևելյան գեղեցկախոսության պաճուճանքով, մահտեսի Ավետիսի կնճռոտ երեսը պարզվեց. նա փաթաթվեց վարպետ Պետրոսի վզով, գրկախառնվեց նրա հետ, ասելով.
– Ախ, իմ սիրելի բարեկամ, միթե չդիտեք թե ո՛վ է եղել այն երկնային ալևորը – սուրբ Կարապետը, իմ բարեկամ, փառք տվեք աստծուն, մեր ուխտը ընդունելի է եղել երկնքում…: Տերը սուրբ Կարապետի բարեխոսությամբ կկատարե մեր փափագները…: Ապա ի՞նչ են նշանակում այն երկու անունները – երկու խընձորների վրա:
Վարպետ Պետրոսը տեսավ, որ յուր բարեկամի ասածնեը հեռու չէին ճշմարտությունից, և իրոք նրա սրտում տպավորվեց այն միտքը, թե յուր երազը մի այլ խորհուրդ չուներ, քան թե յուր լսածները մահտեսի Ավետիսից:
– Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի, – կրկնեց վարպետ Պետրոսը. – ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք: Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը: Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր և դրանով նրանք ծնել են զավակներ` առաջուց ուխտելով ամուսնացնել միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին,
– Ա՛խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք, – նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը:
– Շատ բարի, շատ լավ, – ուրախանալով պատասխանեց վարպետ Պետրոսը մեր հավատարիմ բարեկամությունը թող լինի խնամություն:
– Խնձորների վրա գրված «Հովհաննես», «Սալբի» անունները նույնպես ցույց են տալիս, թե ծնվածները տղա և աղջիկ են լինելու…:
– Անտարակույս…անտարակույս…
Աստուծո լույսը բացվեց:
Վանքի զանգակների խուլ և ձգական ձայնը լսելի եղավ թփապատ բլուրների մեջ: Ժամհարները սկսեցին հրավիրական կոչ կարդալ ուխտավորների իջևանների առջև, որ աղոթքի գան:
Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք: Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց» – մի քանի աշրաֆի8, որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին: Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրանց վրանում: Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրանց խնամության մասին:
Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ, որ կոչեցին Հովհաննես, որ և յուր պատանեկության հասակում վայելչագեղ և քաջ տղամարդ լինելու համար ստացավ Ֆրիդովսիի հերոսի անունը – Ռուստամ: Նրանք օրորոցում նշանդրվեցան՝ լինելու միմյանց հարս ու փեսա…: