Читать книгу Սալբի - იაკობ ცურტაველი - Страница 9
Թ
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ
ОглавлениеՄի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով յուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալահվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս: Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով` սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել` չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:
Երեխան ճչում էր, ցավից լաց էր լինում: Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբիին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.
– Մա՜յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՜յդ կոշտ մազով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:
– Երբ հերթը ձեզ հասնի, – պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ, – դուք ա՜յդպես արեք… բայց ես քանի կենդանի եմ, ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը:
Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:
Մի քանի րոպեից հետո տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել:
– Աստված ավելի վատթարիցը ազատե, – ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով. – ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ:
– Հա՜, իմ քո՛ւր, հա՜, ճշմարիտ է ձեր ասածը, – հաստատեց տիկին Թարլանը, – բայց մեղավորը ե՜ս եմ… ե՜ս իմ ձեռքով իմ տունը քանդեցի և իմ աստուծո գառ աղջիկը գազան դարձրի – տալով նրան ա՜յն մոլորեցուցիչների (Աշխարունենց) ձեռքը, որոնք իմ աղջկան խելքից, ամոթից և շնորհքից դուրս բերին:
– Իրա՜վ, այդպես է, երբ Սալբին իմ աշակերտուհիս էր, տեսնո՞ւմ էիր, թե ո՜րքան խելացի և հնազանդ էր նա, բայց ա՞յժմ, ո՛ւհ, նա արժանի չէ մինչև անգամ սատանա կոչվելու… ո՜ չ մեծ է ճանաչում, և ո՜չ փոքրը, բոլորին անպատվում է:
– Միթե մեր պապերը անխե՞լք էին, որ իրենց աղջիկներին կարդալ չէին սովորեցնում, չէ՜ , իմացե՜լ են, թե կարդա՜լ ասած բանը ինչ սև կբերե իրանց գլխին:
– Է՛հ, պապերին ո՞վ է նայում, – առարկեց Մարթան. – այժմ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»:
Այսպես, օրիորդ Սալբիի ո՜չ միայն կծու և համարձակ խոսքերը, ա՜յլև նրա խորթ և օտարոտի վարմունքը միանգամայն դեմ էին նրա նեղսիրտ մոր բնավորությանը և շատ անգամ առիթ էին տալիս նրա դժգոհությանը` գրգռելով նրա անտանելի տհաճությունը: Օրինակ, տեսնում ես մի գիշեր, օրիորդը ճրագի առջև հայելուն նայելով՝ սանրում էր յուր ծամերը, մայրը բարկանում էր, թե գիշերը վնասակար է այդպես անել, և ստիպմամբ խլում էր աղջկա ձեռքից սանրը: Երբ օրիորդը հարցնում էր դրա պատճառը, մայրը այնպիսի հեքիաթներ էր պատմում, որ նրա աղջիկը թուլանում էր ծիծաղելուց: Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին:
Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ՝ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները: Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ, պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին – հանկարծ` մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս – «է՛հ, գլուխներս տրաքեց… դարձյալ առասպել…»:
Ծերունին յուր բարկացկոտ հայացքը ձգելով նրա երեսին, ասում է.
– Աղջի՜, քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե՜ անտարակույս նեռի մայրը դո՜ւ ես լինելու… քեզնի՜ց պիտի ծնվի աշխարհ ապականողը…:
– Ինչո՞ւ, – հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:
– Որովհետև դու չե՜ս հավատում սուրբ պատմություններին:
– Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՜ն գրված:
– Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ: «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով:
– Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն, – կրկնում է օրիորդը հաստատ կերպով:
– Լո՜ւռ կաց, ա՜նհավատ, – մյուս կողմից սաստում է նրան մայրը, – քո չար լեզվին թույլ չէ՜ տրված քեզնից հասակավոր մարդերի հետ:
Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին: Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով – «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ. բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթռչի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում: Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին՝ շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, – մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել, «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում էր նրանով զարկել խեղճի գլխին: Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը: Եվ այդ լռին, խայթող ծիծաղը բավակա՜ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին:
Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում: Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ` թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի քանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին: Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ դնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը: Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և շնորհալիության հետ միասին ավելի սակավ ծախքի էր կարոտ քան թոնիրը, որի համար ամեն օր հարկավոր էր հինգ քթոց ցան և ցախ, և չնայած դրան՝ խրճիթը միշտ ցուրտ էր լինում:
Տիկին Թարլանը ամենասաստիկ կերպով ընդդիմանում էր այդ խնդիրներին, ասելով՝ թե իրանք սովոր չէին այդ եղանակով կյանք վարելու, և թե ինքը չէր կարող լքել և թողնել յուր հարց նվիրական օջախը21 (կրակարանը), որ կերակրել էր իրան և Հովասաբենց պապերին:
Վերջապես օրիորդ Սալբին, հակառակ յուր մոր կամքին, հում աղյուսներով շինել տվեց մի փոքրիկ սենյակ, և պարոն Աշխարունու միջնորդությամբ՝ Ամերիկայից մի երկաթյա վառարան բերել տվեց խոհարարության բոլոր անհրաժեշտ պիտույքներով: Այդ սենյակը ասիական ճաշակով չէր շինված: Նա ավելի նման էր մի եվրոպացի կնոջ առանձնասենյակին, մի քանի աթոռ, մեկ գրասեղան և սոֆա` բռնել էին իրենց պատշաճավոր տեղերը. մի կողմում դրած էր օրիորդի պչրանքի սեղանը, նրա հանդեպ մի մեծ հայելի, սանր և այլ կանացի պաճուճանքների գործիքներ: Պատերի վրա ամրացրած՝ երևում էին նշանավոր մարդոց պատկերներ, որ ազգերի գրականության մեջ երևելի են եղել իրանց տաղանդով: Նրա մատենադարանը ևս աղքատ չեր – մի քանի գրքեր, հայրենի և այլազգի լեզուներով, գեղեցիկ՝ ոսկեզօծ կազմերով՝ դրած էին մի անգույն փայտից շինած ապակեկազմ պահարանի մեջ: Պատուհաններում և լուսամուտներում կարգով շարված էին խեցյա ամաններով ծաղիկներ, նրանց վրա, վանդակների մեջ ճլվլում էին երկու հատ դեղձանիկ: Այդ սենյակը շինվելուց հետո տիկին Թարլանը մի անգամ ևս չէր մտել այնտեղ, ո՜չ այն պատճառով, որ դա շինվել էր իր հաճության ընդդեմ, այլ՝ որովհետև նրա միջի կահ-կարասիքը միանգամայն ատելի էին նրան: Նա չէր կարողանում անտարբեր նայել յուր աղջկա շատ ու քիչ շռայլություն ցույց տվող առանձնասենյակին:
– Ինչո՞ւ, – հարցնում էր նրան աղջիկը:
– Որովհետև, – պատասխանում էր մայըը, – մեչ դրացիներերտը աղքա՜տ թե հարո՜ւստ, բոլորը միօրինակ` բնակվում են մրոտ ու գծուծ խրճիտների մեջ, իրանց` աղքատ և խեղճ մարդիկ ցույց տալու համար, որպեսզի կալվածատեր խանը, կամ մյուս թուրքերը` նրանց փողատեր չհամարեին, և գիշերով չկողոպտեն նրանղց տները: Բայց մի այսպիսի շռայլություն` գողերի ևավազակների վտանգներից մեր տունը հեռու չե՜ պահելու:
Բայց օրիորդ Սալբին այդպիսի կասկածներից երկյուղ չեր կրում. «կամ ապրել լա՜վ և մարդկորեն` կամ ամենեվին ո՜չ…», կրկնում էր նա Ռուստամի սովորական ասածը:
Մի օր տիկին Թարլանը գնաց մի մոտիկ գյուղ, յուր հիվանդ ազգակցի տեսության:
Հովասաբենց տանը ոչ ոք չմնաց բացի օրորդ Սալբին և աղախին Նազլուն: Հանկարծ երևան եկավ Ռուստամը, և օրիորդ Սալբիի հետ նտավ նորակառույց սենյակը
– Բարով, շնորհավոր լինի, – ասաց պատանին ուրախությամբ, քնքշությամբ սեղմելով օրիորդի ձեռքը: – Բարով վայելես, Սալբի, ահա մարդավարի բնակարան, ես շա՜տ եմ հավանում:
– Ի՞նչ արած… մաշվեցանք խլուրդների նմանխրճիթի ծակամուտներում` ծուխ ու մուխ կուլ տալով. գոյնա՜ այսուհետև կարող ենք ազատ շունչ քաշել:
– Իսկ ձեր մայ՞րը:
– Իմ մայրը իր հին զուռնան է փչում… նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական ծրճիթից:
– Է՜հ… ահա՜ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք…:
– Հա՜, Ռուստամ – քնքշապար ավելացրուց սիրուն օրիորդը, – դա՜ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը:
Պատանին հեգնականապես ժպտաց:
– Լա՜վ, ի՞նչ լուսավոր զգացումներ կարող էր ունենալ մի մարդ, որ երեխայությունից բնակվում է խավար մտքով, խավար հոգով, խավար շրջակայքի մեջ, – խոսեց Ռուստամը:
– Ո՜չ մի…: Բայց երբ մարդ ունենա փառավոր բնակարան, յուր շքեղ սենյակներով, ծաղիկներով, կահ-կարասիքով և քաղցրաձայն սոխակներով, այնպես չէ՞, Ռուստամ, նա՜ յուր կյանքի սկզբից կսկսի ծանոթանալ և սիրել այն, որ գեղեցիկ է, ա՜ յն՝ որ վսեմ և ազնիվ է:
– Հա՜, իմ նազելի, նա ապրում և շնչում է պոեզիա… նրան մենք ասում ենք բախտավոր, բայց հայերի կյանքը մռայլված է տխուր և սև պրոզայի մթին աղջամուղջի մեջ…:
Այդ խոսքերի վրա ոգելից պատանիի երկաթե պնդությամբ սիրտը ակամա վրդովվեց, և նրա թշերի վրա երևեցան մի քանի կաթիլ արտասուք, օրիորդ Սալբին չնշմարեց այդ սրբազան կաթիլները, և խոսեց.
– Իմ մայրը ասում է, թե մեր այսպիսի տուն ունենալը մեզ կարող է վտանգի ենթարկե, իբր թե թուրքերը մեզ հարուստ համարելով, երկյուղ կա, որ մտնեն կողոպտեն մեզ: Բայց ես կարծում եմ, թե այս խոսքերով նա կամենում է ինձ վախեցնել:
– Չէ՜, Սալբի, նա ձեզ չէ՜ խաբում, – պատասխանեց պատանին խորին զգացողությամբ: – Այդ ճշմարիտ է… գերիների համար օտար աշխարհում ոչ մի վայելչություն չկա. նրանց աղքատը և հարուստը ապրում են միօրինակ դժբախտության մեջ. հարուստը յուր արծաթը խորում է հողի տակ և ինքը ման է գալիս հնոտի հագուստներով և բոբիկ ոտներով. երբ մինը ունի և չէ՜ կարողանում վայելել, ա՜յդ աղքատությունից ավելի ցավալի է…:
– Ինչո՞ւ, միթե, աստված անիծե՞լ է մեր ազգը, – հարցրուց օրիորդը տխրելով:
– Չէ՜, աստված չէ՜ անիծել, բայց հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը:
– Մի՜թե կարելի՞ էր այդ:
– Ինչո՞ւ չէ: Հայերին ո՞վ է արգելում դառնալ դեպ իրանց հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնել և բնակվել նրա վրա – ազգովին:
– Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ, – նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ. – բայց, Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա. մեր հայրենիքի սուրբ հո՜ղը, սուրբ ջո՜ւրը և սուրբ օ՜դը միայն կարող են զորացնել հայոց որդիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում: