Читать книгу Սալբի - იაკობ ცურტაველი - Страница 3
Գ
ԼԻԼԻԹԸ
ОглавлениеՀովասաբենց վարպետ Պետրոսը և նրա կինը՝ տիկին Թարլանը ծնողական բարեխնամ հոգաբարձությամբ սնուցանում էին իրանց մի հատիկ զավակը՝ փոքրիկ Սալբին, որի քնքուշ և ազնիվ կազմվածքը, հրեշտակային դեմքը – առիթ էին տալիս գուշակելու, թե նրա պատանեկության գարունը ծաղկելու էր գեղեցկության բոլոր անուշահոտ վարդերով: Փոքրիկ սալբին ուներ սև մետաքսանման մազեր, թուխ, վառվռուն աչեր, նուրբ-կամարաձև հոնքեր, բոլորակ և լիքն երես, փափուկ վարդագույն թշեր: Նա աճում, մեծանում էր անհամեմատ արագությամբ: Նրա ուղիղ հասակը ձգվում էր դեպի բարձր, որպես մի մշտականաչ սալբի ծառ (նոճի):
Նրա դաստիարակությունը, սկսյալ մանկությունից առաջ էր գնում նրա ծնողների գաղափարների և ճաշակի համաձայն: Բայց ի՞նչ օրինավոր ուսում և դաստիարակություն կարող էր ստանալ խղճալի Սալբին մի այնպիսի հորից և մորից, որոնց խելքը-միտքը վարակված էր կախարդական առեղծվածներով, որոնց բարք ու վարքը ցույց էին տալիս մոգական մոլեկրոնություն, որոնց բնավորությունը, խոսակցությունը, օրինակները և ուսմունքը` որ ամեն օր տեսնում և լսում էր Սալբին՝ բավական էին մանկությունից տպավորելու նրա մաքուր սրտի վրա հիմար սնոտիապաշտությունը և մոլեկան սնահավատությունը:
Մի գիշեր վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը՝ երկուսը միասին` նստած խոսում էին և փոքրիկ Սալբին նրանց ականջ էր դնում:
– Վա՛յ խեղճիկ, ի՛նչպես մեռավ Մեհրապենց հարսը, – ասաց հանկարծ տիկին Թարլանը ափսոսելով:
Մեհրապենց հա՞րս, մեռա՞վ, – հարցրուց վարպետ Պետրոսը զարմանալով:
– Հա՛, այսօր իրիկնապահին. բայց ափսո՛ս, ինչ ազնիվ հոգի էր այդ չքնաղագեղ կնամարդը: Այո՛, նա մեռավ իր ծաղկափթիթ հասակում…:
– Ափսո՛ս, ափսո՛ս, – կրկնեց վարպետ Պետրոսը. վա՛յ նրա անբախտ տղամարդին… բայց չգիտե՞ք նրա մահվան պատճառը:
– Յուր տղայի ծնունդը. չկարողացավ ազատվել:
– Ա՛խ, ո՛րքան անմեղ տղաներ և ո՛րքան խղճալի մայրեր փչացրել են և պիտի փչացնեն այդ անգութ մանկաբարձ պառավները իրանց հիմարությամբ…:
– Մանկաբարձ պառավը մեղ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), – առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով:
– Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները:
– Որպիսի՞ զգուշություններ:
– Ահա այդպիսի. – շուրջանակի խազել տան մեջ, չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն: Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դռնից մտնել և մերձենալ ծննդկանին: Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ Ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան: Իսկ երբ ազատվել է ծնընդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անունները – Սանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»:
– Ո՞վ է այդ «Լիլիթը», – նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը:
– Միթե չգիտե՞ք, – խոսեց վարպետ Պետրոսը, – Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին: Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՜յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:
– Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան9:
Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.
– «Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկեր – Լիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից: «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»: Այն ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներ – Սանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ: Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ. հայտնեցին աստուծո հրամանը, թե եթե նա չհնազանդվեր Ադամին և չհաշտվեր նրա հետ՝ տիրոջ անեծքով օրը նրա որդիներից հարյուրը պիտի մեռնեին: Լիլիթը չհոժարեց վերադառնալ Ադամի մոտ: Հրեշտակները կամեցան ձգել նրան ծովի ալիքների մեջ: Լիլիթը պաղատեց, որ չնեղեն և չչարչարեն իրան, և երդվեց, ասելով. – թեպետ ես մտադիր էի այսուհետև վնասել ադամորդիների արու տղաներին՝ նրանց ծնունդից ութ օր հետո, և էգերին` երեսուն օր հետո, բայց ես ղաշն եմ կապում ձեզ հետ և անկեղծ երդումով հաստատում եմ իմ պայմանները` այլևս չվնասել մարդոց որդիների տղայոց` երբ տեսնեի ձեր անունները արձանագրված նրանց վերմակների անկյունի վերա: (Եվ այսպես, ամեն օր մեռնում են նրա ծնունդներից հարյուր հոգի ):
Քանի այդ թալմուտական10 առասպելը մոտենում էր յուր վերջին, փոքրիկ Սալբին դողում էր վախից: Լիլիթի և դևերի պատմությունը զարթեցրին նրա սրտում մի անսովոր երկյուղ: Նա չկարողացավ ավելի դիմանալ և խնդրեց մորը, որ քնացներ իրեն: Բայց խեղճ երեխան չկարողացավ քնել, ամբողջ գիշերը նա անցրեց մի անհանգիստ դրության մեջ: Խառն և զարհուրելի երազներ խռովում էին նրա քունը. նա շատ անգամ քնաշորերից ցատկում և փախչում էր կոչելով. «Վա՛յ դևերը… դևերը»: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը գործադրեցին իրանց կախարդական բոլոր գիտությունը, բայց չկարողացան հանգստացնել երեխային. արևաբացին նա մի փոքր քնեց, բայց այնուհետև չկարողացավ վեր կենալ մահճից, որովհետև սաստիկ վառվում էր ջերմախտով:
Փոքրիկ Սալբիի հիվանդությունը ծանր հարված պատճառեց իր ծնողների սրտին: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը անհնարին տխրության մեջ, բոլորովին հուսահատված երեխայի մյուս անգամ առողջանալու մասին՝ միշտ լաց էին լինում: Նրանք ամենևին չէին մտածում, թե նրա հիվանդանալու պատճառը եղել է իրանց գիշերային խոսակցությունը դևերի մասին, այլ առավել կարծում էին թե անպատճառ այն չար Լիլիթը պիտի վնասած լինի երեխային` յուր անունը հիշելու համար:
Առավոտյան, լսելով Սալբիի հիվանդությունը, Հովասաբենց տունը մտան նրանց դրկիցները` ծերունի Մկրտիչը յուր կնոջ` Մարթայի հետ. – «բարձը բարի լինի…: Աստված հիվանդություն չտա», – ասելով գնացին նստեցին հիվանդի մահճի մոտ:
– Քանի՞ օր է, որ հիվանդ է Սալբին, – հարցրուց պառավ Մարթան առժամանակյա լռությունից հետո:
– Գիշերվանից, – պատասխանեց տիկին Թարլանը վշտալի ձայնով:
– Միթե այսքան ժամանակ անխնա՞մ եք թողել, և մի ճար չե՞ք արել:
– Ի՞նչ ճար… իմ ճարը մնացել է աստված… բայց այն հնարները, որ կարող է գործադրել ադամորդու խելքը` բոլորը գործ եմ դրել:
– Ի՞նչ եք արել, – կրկնեց հետաքրքրությամբ պառավը:
– Հիվանդության սկզբում, կարծելով որ «չար աչքով տվին» իմ երեխային, առավոտյան թոնրում հաց թխելու միջոցին` ալյուրը անխմոր շաղախից շինեցի փոքրիկ գնդակներ և «ասմունքն» ասելով ձգեցի թոնրի մեջ, կրակի վրա, և իրավ, գնդակները սաստկությամբ տրաքեցան` չար աչքերն էլ նրանց հետ:
– Այլևս ոչի՞նչ:
– Երբ տեսա գնդակները օգուտ չարեցին, առաջ տարավ հիվանդի մայրը, իսկույն մի մարդ ուղարկեցի ջհուդ խախամ-Շմենթոյի մոտ. նա գրքին նայելով ասել է` «չարից» է, թշնամի ոգիներից հարված է ստացել. նա հավկիթի վրա, սև հավի արյունով` գրել էր մի բան` պատվիրելով, որ թաղենք գերեզմանատան ճանապարհի վրա:
– Ինչու՞ դուք «մեոհտաջ» (կարոտ) եղաք ջհուդին, – մյուս կողմից նրա խոսքը կտրեց ծերունի Մկրտիչը – այդ կարող էր անել և ձեր ամուսին այրը, նա այդ գիտության (կախարդության) մեջ գերազանց է բոլորից:
– Այդ ճիշտ է, – պատասխանեց տիկին Թարլանը, – բայց չե՞ք լսել, որ «մարդ յուր մեռելը չէ կարող թաղել». բացի այդ, ինձ ասացին, որ ծնողների «թղթերը» չեն ներգործում իրանց զավակների վրա, այդ պատճառով մի այլ «փթիկ» տվի տեր Աբրահամը գրեց. գիտե՞ք, նրա գիրը սարը կճեղքե…: այդ փթիկը տերտերի պատվերով, յոթն աղբյուրի ջրով տրորեցինք և թասի մեջ, գիշերը «աստղունք» դրինք. առավոտյան լուսաբացին տվինք խմեց: Բայց և այնպես, այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցին իմ երեխիս:
– Զարմանալի է, իրավ զարմանալի, – գլուխը շարժելով կրկնեց ծերունի Մկրտիչը:
Այդ միջոցին վարպետ Պետրոսը հիվանդի մոտ չէր: Նա յուր առանձնարանում, ո՞վ գիտե, ինչ գործողությամբ էր զբաղված` յուր երեխան մահից փրկելու համար: Բայց պառավ Մարթան երկար խոսակցությունից, երկար խորհրդակցությունից հետո – պատվիրեց, որ առավոտյան ժամ և պատարագ անել տան, աղքատներին հաց բաշխեն և շահեն սրբերի կամքը: Այնուհետև դուրս գնաց յուր ծերունի ամուսնու հետ` մաղթելով հիվանդին առողջություն:
Հաջորդ օրվա առավոտյան Ծաղկավանի սուրբ Գրորգ եկեղեցու մեջ հիվանդի համար պատարագ մատուցվելուց հետո, բոլոր ժողովուրդը երեք անգամ «տեր ողորմյա» ասելուց հետո, երբ ժամը դուրս եկավ, բոլոր եկեղեցականները հասարակ ժողովրդի հետ միասին` գնացին Հովասաբենց տունը: Այստեղ տիկին Թարլանը կեսգիշերից հոգացել էր առատ և ճոխ «ժամուհաց»: երբ բոլորը կերան-լիացան, ոտքի ելան, և մի-մի վառած մոմ ձեռքերին բռնած «պաշտում» կատարեցին, և հիվանդին առողջություն խնդրելով, Հովասաբենց ննջեցյալներին հանգիստ, արքայություն և կենդանյացը բարի հաջողություն մաղթելով` դուրս գնացին: Բայց տեր Մարուքը` Հովասաբենց ծխատեր քահանան և մահտեսի Ավետիսը` նրա խնամին, մի քանի ծերերի հետ, մնացին վարպետ Պետրոսի մոտ և նրան մխիթարելու և տխրությունը ցրվելու համար խոսակցում էին այս ու այն դատարկ առարկաների վրա:
Բայց կից սենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, շրջապատված մի քանի հնացած և փտած հասկացողությամբ պառավներով, որոնց թվումն էին Հուրի Խան-Դայան` մահտեսի Ավետիսի մայրը և Մարթան` ծերունի Մկրտիչի կինը – ծանր ու բարակ մոլեռանդ կերպով խոսակցում էին զանազան խնդիրների մասին:
– Աստուծով… այս ավուր «պաշտում՜պատարագը» և մեր զորավոր սուրբ Գևորգը կազատեն Սալբիին հիվանդությունից, – խոսեց պառավ Մարթան:
– Այդ ճիշտ է, – նրա խոսքը կտրեց Հուրի Խան-Դայան. – բայց Ղալ… գյուղի Աղքիլիսան, ասյդ հրաշալի եկեղեցին բոլորից զորավորն է. մի անգամ փոքրիկ Պողոսը հիվանդ էր. Մենք հույս չունեինք նրա կյանքի մասին. բայց ես վերցրի մի խոյ մատաղացու, գնացի նրա դուռը՝ երեխաս հետս տանելով: Մատաղը կտրել տվինք, փառավորվի՛ տեր Օհանը, մատաղի արյունից խաչաձև դրոշմեց երեխիս ճակատին, օրհնեց… և մենք տուն դարձանք, այնուհետև, որպես սատանի չարիքը ձեզանից հեռու, իմ երեխան նույնպես փարատվեցավ ցավից:
– Աղքիլիսայի գործը բոլորովին հրաշք է, – ասաց պառավ Մարթան. – չորս տարի առաջ (ես մի քանի տարի շարունակ հիվանդ էի ջերմախտով), տեր Մինասն էր քահանա այնտեղ. աստված յուր կարգն օրհնե. հատուկ աստուծո մարդ էր: Մի գիշեր «Աղքիլիսան» երազում իմաց է տալիս նրան, որ ես յուր տաճարի համար մի վարագույր կարեմ, և այնուհետև ուխտ գնամ նրա դուռը. և խոստանում է փրկել իմ ջերմախտը: Ես առանց ուշացնելու կատարեցի սրբի հրամանը, և իսկույն փարատվեց իմ ցավը:
– Ինչո՞ւ եք այդ ասում, – ավելացրեց Հուրի Խան-Դայան, գլուխը շարժելով. – ես հասակով բոլորիցդ մեծ եմ, ես անցրել եմ ավելի շատ սև և սպիտակ օրեր, քան թե դուք. ես ավելի շատ բան եմ լսել և տեսել Աղքիլիսայի մասին: Հին օրերում, մի քուրդ գողանալով նրա դրսի գավթի դուռը, յուր շալակն է առնում և սկսում է յուր տունը տանել. հասնելով յուր տունը, երբ կամենում է յուր գողացածը վայր դնել՝ չէ կարողանում, որովհետև դուռը նրա մեջքին կպած լինելով չէ շարժվում: Որքան քաշում և շարժում են, չեն կարողանում դուռը պոկել: Քուրդը ճարահատյալ, մի քանի օրից հետո, դուռը ուսին, մի քանի մատաղ յուր հետ բերելով, գալիս է Աղքիլիսա. մի քանի օր մնում է այնտեղ, կտրում է մատաղները. տերտերը աղոթում է նրա համար, և դուռը պոկ է գալիս նրա քամակից: Է՛հ, նրա հրաշքները անբավ են… Դուք լսել եք, թե ո՜րպես կատաղեցավ այն վայրենաբարո խանը, որ կտրեց այդ եկեղեցու անտառի ծառերից՝ յուր տունը ծածկելու համար. և ա՜յն, որ արյուն էր թորում ծառերի բունից, երբ կտրում էին կացինով:
– Դուք, տիկին Թարլան, ուխտեցեք Աղքիլիսային մի բան Սալբիի համար, – առաջարկեցին հիվանդի մորը:
– Ես խոստացել եմ, – պատասխանեց տիկին Թարլանը. – տասներկու լիտր վառելու ձեթ. բացի դրանից մեր երեք տարեկան երինջի ականջի ծայրը կտրեցի, ուխտելով, որ Սալբին ինքը առողջանալուց հետո տանե նրա դուռը:
Մինչ կանայք տաքացած սնապաշտական ոգևորությամբ խոսում էին սուրբերի, եկեղեցիների և ուխտատեղիների հրաշքների մասին, հանկարծ ներս մտան մի քանի ծեր մարդիկ Հովասաբենց բարեկամներից՝ ինքը վարպետ Պետրոսը, նրա խնամին՝ մահտեսի Ավետիսը, տեր Մարուքը և մի քանի այլ մարդիկ:
Երիտասարդ կանայք իսկույն, որպես դևերը խաչանշանից` փախան, աներևութացան մարդիկը տեսնելով. մնացին մի քանի հնառած պառավներ, որոնք, առանձնանալով սենյակի անկյունում, բոլորը միաժողով նստեցին աչք ու երեսները ծածկելով իրանց սպիտակ լաչակներով:
Եկվորները պատեցին հիվանդի չորս կողմը, ամենքն էլ գդակները վերցրին՝ երբ տեր Մարուքը սկսեց կարդալ «պահպանիչը», այնուհետև բոլորը նստեցին հիվանդի մահճի մոտ:
Հիվանդը անզգա թմրության մեջ էր. նրա թույլ շնչառությունը ցույց էր տալիս, թե նրա դրությունը վատ է: Վարպետ Պետրոսի սիրտը չդիմացավ. նա՝ աչքերը լցված արտասուքով՝ դուրս գնաց:
– Տեր հա՛յր, ծառա եմ աջիդ, – ասաց ծերերից մինը. – իհարկե, «ինչ որ քո ոտքը գիտե, մեր գլուխը չգիտե», բայց և այնպես ներեցեք համարձակությանս… ինձ երևում է, թե հիվանդը վատ դրության մեջ է. լավ չէ՞ր լինի մի փոքր, եթե բժշկության Ավետարան կարդայիք վրան:
– Լա՜վ ես հրամայում, պարոն Թորոս, Ավետարանը և՜ հոգևոր, և՜ մարմնավոր կերակուր է, – պատասխանեց քահանան, ամենևին չհասկանալով յուր սերտած բառերի իմաստը, և հրամայեց յուր տիրացուին, որ բերե Հովասաբենց մեռել-հարույց Ավետարանը:
Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած` ոտքի կանգնեցան: Քահանան ձայն տվեց. – «Ալրմաղը» բերեք. ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները: Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած: Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված. նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա:
Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին` տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա…: Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)` հրամայեց, որ ջուր բերեն: Տիրացուն թասի մեջ ջուր բերեց նրա մոտ: Տեր Մարուքը սկսեց «խաչալվա» անել, վերցրեց փոքրիկ պղնձյա խաչը, որ դրած էր Ավետարանի մոտ, և մի քանի խառնիխուռն աղոթքներ կարդալով` երեք անգամ խաչանիշ արեց օրհնած ջուրը, որից հետո տվեց թասը տիրացուին, որ յուր ձեռքումն բռնելով՝ կանգնեց քահանայի մոտ:
Փառավորվի՛ տեր Մարուքը. առավ պղնձյա խաչը, թաթխեց օրհնած ջրի մեջ և նրանով խաչաձև գծեց հիվանդի ճակատը ասելով. «սա եղիցի բժշկություն և փարատություն ցավոց քոց». երեք անգամ կրկնեց գործողությունը, քահանան «խաչալվա» ջրից սրսկեց հիվանդի երեսի վրա, ապա ասաց բոլորին. – դե, որդիք, դուք էլ մին-մին եկեք, սուրբ Ավետարանը համբուրեցեք և օրհնած ջրին մասնակից եղեք:
Նույն ժամանակ բոլորը մեկ-մեկ առաջ գալով համբուրում էին սուրբ Խաչը և սուրբ Ավետարանը, դնում նրա կազմի վրա արծաթե դահեկաններ. և քահանան տեսնելով մի րոպեի մեջ կիտված արծաթը սուրբ Գրքի վրան` եռանդագին հաճությամբ օրհնած ջրով օծում էր նրանց ճակատները և խմեցնում նրանց:
Երբ ամեն ինչ վերջացած էր, տեր Մարուքը խորին զմայլանքով գրպանը լցնելով սիմոնականության արծաթը և նկատելով հիվանդի ծանր և թույլ շնչառությունը, կասկածեց, թե միգուցե տարաժամ նա մեռներ: Այդ պատճառով հանեց ծոցից մասնատուփը (որ առաջ մի հանգուցյալի քթախոտի տուփն էր, և իբր կողոպուտ հասել էր տեր Մարուքին) և հաղորդեց հիվանդին տիրոջ սեղանի փշրանքով:
Նույն միջոցին վարպետ Պետրոսի աչքերը լցվեցան արտասուքով, տեսնելով, որ տեր-հայրը վատ կարծիք ուներ հիվանդի մասին:
– Հոգս մի անիր, որդի, – ասաց նա վարպետ Պետրոսին. – այդ սրբությունը առողջության գլխավոր դեղն է հիվանդների համար. դա թեթևացնում է ամեն տեսակ ցավեր:
Արդարև, ամենեքյան լցված հոգևոր ջերմեռանդությամբ, սպասում էին, թե ի՜նչ ներգործություն կանեին հիվանդի վրա սուրբ արարողությունները, բայց տեր Մարուքը այդ իրողությանը ամենևին ուշադրություն չդարձրեց. նույն րոպեում նա զբաղված էր մի այլ բանով. նա չկարողանալով արձակ-համարձակ տեսնել խաչահամբույրների հաշիվը, մի ձեռքը գրպանը տարած՝ կամաց կամաց համարում էր արծաթները:
Քահանան վեր կացավ, և բոլոր բազմությունը նրա հետ դուրս գնաց: Հիվանդի մահճի շուրջը պատեցին դարձյալ պառավ իմաստնուհիները և սկսեցին խոսել իրանց առասպելաբանական խորհրդածությունները:
Մի քանի շաբաթից հետո տեր Մարուքի շնորհիվ և աստուծո ողորմոլթյամբ, փոքրիկ Սալբիի տկարությունը հետզհետե ուղղվելով նա բոլորովին առողջացավ ի մեծ ուրախություն յուր ծնողների: